Լիլիթ Գրիգորյան. Նոր սերնդի բանկինգ՝ լավագույն աշխատակիցների հետ

22.11.2021 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Լիլիթ Գրիգորյան #Ինեկոբանկ
Նոյեմբերի 22-ը Հայաստանում նշվում է որպես բանկային համակարգի աշխատողի օր: Տոնին ընդառաջ՝ «casual ուրբաթ» օրը, Banks.am-ը զրուցել է Ինեկոբանկի նորանշանակ Գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Լիլիթ Գրիգորյանի հետ:

Անկեղծ զրույցի ընթացքում անդրադարձել ենք բանկային փակ աշխարհին, ոլորտում սերնդափոխությանն ու զավեշտալի դեպքերին, որոնք անկախ աշխատանքի լրջությունից՝ այստեղ անպայման պատահում են:

- Բանկային ոլորտը հանրությունը հիմնականում խիստ եւ անդեմ է պատկերացնում: Ովքե՞ր, ի՞նչ հատկանիշների տեր մարդիկ են աշխատում կամ կարող են աշխատել Ինեկոբանկում:

- Իրականում բանկերը տնտեսության ամենագործուն շարժիչ ուժերից են, ինչպես սպառողական ոլորտում, այնպես էլ բիզնեսում: ՀՀ տնտեսության զարգացման մեջ իր էական դերակատարումն ունի կայուն ֆինանսական համակարգը, մեր երկրում, մասնավորապես, բանկային համակարգը, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների գերակշիռ մասը։ Տնտեսության ֆինանսավորման տեսանկյունից ՀՀ բանկային համակարգն ունի առաջնային դերակատարում, որի ապացույցն է վերջին տասնամյակում ֆինանսական միջնորդության կայուն աճը, մասնավորապես, վերջին տասնամյակում վարկեր/ՀՆԱ (աղբյուրը ՀՀ ԿԲ) ցուցանիշը աճել է գրեթե 2 անգամ՝ 2020թ-ին կազմելով  63.2%` ի համեմատ 2011թ-ի 33.6%-ի։ Այս ցուցանիշների ետեւում իրական մարդիկ են, որոնք իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով եւ պատասխանատվության մեծ զգացումով նպաստում են դրանց աճին:  Բանկային համակարգում ունենալով արդեն 23 տարվա աշխատանքային փորձ՝ կարող եմ վստահաբար փաստել, որ բանկային ոլորտն ունի ստեղծագործ աշխատանքի մեծ ներուժ, տալիս է քո աշխատանքի արդյունքն արագ շոշափելու հնարավորություն:

Ինեկոբանկում աշխատում են մարդիկ, որոնք ազնիվ ու պատասխանատու են իրենց աշխատանքում, համարձակ են, նորարար, չեն վախենում մարտահրավերներից եւ գործում են միասնական։ Կարծում եմ՝ հենց նման աշխատակիցների նվիրումի եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է Ինեկոբանկը շարունակաբար հանդես գալիս հաճախորդների համար նոր, արագ, պարզ եւ հարմարավետ լուծումներով:
Բանկային ոլորտում առավել կարեւորվում են նաեւ «soft skill»-երով, օրինակ՝ հաղորդակցական հմտություններով աշխատակիցները, մասնավորապես՝ սպասարկման ոլորտում. բանկային գործը սկսվում է հենց այս օղակում, որտեղ ձեւավորվում է մեր ավելի քան 500 000 հաճախորդների վստահությունը:

- Կին բանկային աշխատող, ղեկավար. ինչպիսի՞ առանձնահատկություններ, նրբություններ կան:

- Դուք գիտե՞ք, որ, օրինակ, Ավստրալիայում կա մի առանձին կառույց (WIBF), որը փորձում է խրախուսել կանանց ներգրավվածությունն ու դերի բարձրացումը ֆինանսաբանկային ոլորտում: Չգիտեմ՝ որքանով է այն արդյունավետ գործում այնտեղ, բայց այստեղ իմ փորձով համոզվել եմ, որ աշխատանքում կարեւոր է չդիրքավորվել որպես կին, չակնկալել առանձնահատուկ վերաբերմունք, քանի որ աշխատանքում բոլորը հավասար են իրենց իրավունքներում ու պարտականություններում: Մյուս կողմից, ըստ իս, կանայք եւ տղամարդիկ աշխատանքում ունեն որոշակի բնատուր տարբերություններ, առավելություններ, եւ հմուտ ղեկավարը պետք է աշխատանքի բաժանման ընթացքում կարողանա օգտագործել այն ուժեղ կողմերը, որ յուրաքանչյուրն ունի:



- Ինչպե՞ս է տեղի ունենում սերնդափոխությունը բանկային ոլորտում: Ինչո՞ւ պետք է երիտասարդը ցանկանա աշխատել այս բնագավառում:

- Նոր սերունդը պահանջում է նոր սերնդի բանկինգ, եւ մենք բոլոր ուղիներով ջանում ենք համապատասխանել այդ նշաձողին՝ եւ՛ որպես բանկ, եւ՛ որպես գործատու: Կարծում եմ, ընդհանուր առմամբ, ոլորտում շատ են երիտասարդները, քանի որ տնտեսագիտական եւ ֆինանսական կրթություն ստացած երիտասարդների համար բանկային ոլորտը շատ գրավիչ է՝ պրակտիկ հմտություններ, հետաքրքիր աշխատանք եւ նոր գիտելիքներ ստանալու լայն հնարավորությունների շնորհիվ: Մենք նաեւ բաց ենք այլ ոլորտներում կրթություն ստացած երիտասարդների համար՝ հոգեբանությունից մինչեւ մաթեմատիկա եւ ծրագրավորում:

Օրինակ՝ Ինեկոբանկում մրցութային փուլերը հաղթահարելուց հետո կարելի է շատ արագ աշխատանքի անցնել, քանի որ առկա է ինտենսիվ մասնագիտական ինտեգրման մեծ փորձ եւ հատուկ մշակված ծրագիր: Առ այսօր շուրջ 2000 բանկային աշխատակից իր մասնագիտական ուղին սկսել է մեզ հետ: Իսկ 2019թ.-ից գործում է գերժամանակակից «ԻնեկոԼաբը»՝ առաջին եւ միակ թվային ուսուցման կենտրոնը բանկային համակարգում:

- Ունե՞ք որեւէ խորհուրդ երիտասարդներին, որոնք իրենց աշխատանքային ուղին նախատեսում են սկսել բանկում:

- Կարեւորը չվախենալ նոր փորձ եւ գիտելիքներ ստանալուց, ավելին՝ ունենալ նպատակ, մեծ ձգտում եւ ցանկություն ամեն օր սովորել՝ գիտակցելով, որ ձեր աշխատանքով օգտակար եք դառնում ինչպես մեր հասարակության, այնպես էլ երկրի համար: Լավագույններին սպասում ենք Ինեկոբանկում՝ միասին կերտենք Հայաստանի նոր սերնդի բանկինգը:

- Բանկի աշխատանքն, ինչպես արդեն նշեցինք, հիմնականում փակ է հասարակության համար: Կհիշե՞ք որեւէ հետաքրքիր դեպք բանկային աշխատակիցների կյանքից:

- Իմ հիշողություններում կան տարբեր զավեշտալի պատմություններ կապված հեռախոսային կենտրոնների կամ մասնաճյուղերի սպասարկման հետ, բայց պատմեմ ամենասիրված պատմություններից մեկը: Երբ 2000-ական թվականներին բանկերը սկսեցին քարտեր թողարկել, եւ ի հայտ եկավ գաղտնաբառ հասկացությունը, որը պետք է սահմանվեր հաճախորդի կողմից իր դիմումում, հաճախորդներից մեկը բանկի աշխատակցից խնդրեց հաշվիչ, ինչ-որ թվեր հավաքեց, հետո ընտրեց ինչ-որ ֆունկցիա հաշվիչի վրա եւ ստացված արժեքը գրանցեց դիմումում: Աշխատակցի զարմացած հայացքին ի պատասխան պարզաբանեց՝ այս կերպ իրեն լիարժեք ապահով է զգալու, եւ ոչ ոք չի իմանա իր գաղտաբառը:

- Այս տարի «Ինեկոբանկը» 25 տարեկան է դառնում, ի՞նչ նպատակներ ունեք, որոնց ձգտելու եք ապագայում:

- Նպատակները շատ են, բայց եթե հակիրճ լինեմ, ապա լինել մեր երկրի ամենաարդյունավետ ֆինանսական կառույցը, ՀՀ լավագույն գործատուն եւ առաջարկել լավագույն սպասարկման որակ մեր հաճախորդներին:

Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 44665
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW