Սերգեյ Բալակին. «Հայաստանում ներդրողների համար շատ հետաքրքիր նախագծեր կան»

11.10.2021 | 00:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Վերջերս Երեւանում կայացավ Ռուս-Հայկական բիզնես-ֆորումը, որի ընթացքում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին արդյունավետ լուծումներ կառաջարկի տրանսպորտային, էներգետիկ եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ֆորումում հնչեցրեց Հայաստանում $800 մլն ներդրումներ կատարելու ծրագրերը։ Ի թիվս այլոց քննարկվեցին նաեւ ֆինանսական ոլորտի ծրագրերը, որոնց մասին Banks.am-ը զրուցել է «Ֆորա-Բանկի» վարչության նախագահ Սերգեյ Բալակինի հետ:

- Բիզնես ֆորումի ժամանակ դուք նշել էիք, որ Հայաստանը ֆինանսական ծառայությունների ոլորտում բիզնես վարելու համար բարենպաստ երկիր է: Ի՞նչն է դարձնում Հայաստանը գրավիչ:

- Կարծում եմ, տարբեր գործոնների համադրությունը: Նախ՝ չնայած վերջին տարիների դժվարություններին, Հայաստանի տնտեսական ներուժը շարունակում է մնալ բավականին բարձր մակարդակի վրա, ինչը երկարաժամկետ հեռանկարում բիզնեսի համար լայն հնարավորություններ է բացում: Դրական ազդակներ է տալիս նաեւ աճի դինամիկան. Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից վերջերս թարմացված տվյալների համաձայն, ընթացիկ տարվա համար տնտեսական աճի կանխատեսումը 4.6% -ից բարձրացվել է մինչեւ 5.4%. դրանք բավականին լուրջ ցուցանիշներ են: ԱՄՀ-ն ՀՆԱ-ի աճի էլ ավելի լավատեսական կանխատեսում է անում՝ 6.5% այս տարի: Այս ամենը մեզ հիմք է տալիս Հայաստանում ֆինանսական ծառայությունների շուկան շատ խոստումնալից համարել և, ըստ այդմ, այստեղ պլանավորել մեր բիզնես-նպատակները:

Երկրորդը՝ Հայաստանը ներդրումային մեծ ներուժ ունեցող երկիր է, դա հաստատում են միջազգային վարկանիշները: Բացի այդ, կարեւորագույն գործոն է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկարաժամկետ սերտ կապերը, որը շարունակում է մնալ բիզնեսի համար բարենպաստ գործընկեր երկիր, հատկապես, ռուսաստանցիների համար:

- Ո՞ր գործոններն են ազդում դրա վրա:

- Ֆորումի ընթացքում բազմիցս նշվեց, որ ռուսաստանյան բիզնեսը առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ՝ ներդրումների առումով: Դա ընդհանուր ծավալի մոտ 40%-ն է: Իմ կարծիքով, եւ դա գաղտնիք չէ, բացի երկարաժամկետ ամուր տնտեսական կապերից, մեր երկրները բաց են սերտ գործընկերության համար, այդ թվում `ավանդաբար բարեկամական հարաբերությունների եւ մեր ժողովուրդների միջեւ վստահության բարձր մակարդակի միջոցով: Մեզ միշտ հաջողվել է բավականին հաջող փոխգործակցություն ունենալ: Կարող եմ հաստատել դա «Ֆորա-Բանկի» օրինակի վրա:
 
Ասեմ ավելին՝ մեր երկրների միջեւ համագործակցության ամրապնդումը «Տաշիր» խմբի առաքելության մի մասն է, եւ «Ֆորա-Բանկը», որպես խմբի մաս, նույնպես հավատարիմ է այդ սկզբունքներին:

- «Ֆորա-բանկը» առաջատարներից է Ռուսաստանի բանկային համակարգով միջսահմանային դրամական փոխանցումների շուկայում, որի զգալի մասը կազմում են փոխանցումները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Ինչպիսի՞ն են այս շուկայում բանկի մասնաբաժնի ավելացման հեռանկարները:

- Այո, երկար տարիներ մեր բանկը ԱՊՀ երկրներ դրամական փոխանցումների շուկայի ակտիվ մասնակից է: Այս ուղղությամբ նույնպես գրանցվում է աճ, որը պայմանավորված է համաճարակով եւ ընդհանուր թվային փոխակերպմամբ: Դա կրկնակի արդիական է Հայաստանի համար: Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2021 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումներն աճել էին 5.7%-ով:

Ակնհայտ է, որ այդ ծառայությունները բարելավելու համար անհրաժեշտ է երկրի ֆինանսական էկոհամակարգի լայնածավալ թվայնացում, նոր տեխնոլոգիական լուծումների ներդրում, որոնք թույլ կտան հեշտացնել, էժանացնել եւ արագացնել հաճախորդների սպասարկումը: Մենք դրանում մեծ հնարավորություններ ենք տեսնում եւ մեր ապագա ծրագրերում Հայաստանում միջազգային դրամական փոխանցումների ոլորտում թվային ծառայությունների զարգացումն է:

- Պատրա՞ստ են արդյոք Հայաստանի բնակիչները նման թվայնացման:

- Բանկային ոլորտում թվայնացումը համաշխարհային ֆինանսական շուկայում հիմնական միտումներից է, եւ համաճարակը, ինչպես արդեն նշեցի, միայն արագացրեց այս գործընթացը: Հաճախորդների սպասարկումն ավելի ու ավելի է թվայնացվում, դա գլոբալ միտում է: Այս առումով Հայաստանը բացառություն չի լինի, ես դրանում վստահ եմ:
 
Համաձայնեք, եթե Հայաստանի բանկերի հաճախորդները կարողանան առցանց հաշիվներ բացել, քարտեր պատվիրել հավելվածների միջոցով, ինտերնետով դիմել սպառողական եւ հիփոթեքային վարկերի համար, կառավարել իրենց ֆինանսները եւ բջջային հավելվածից առցանց փոխանցումներ կատարել, դա օգտատերերի փորձը բոլորովին այլ մակարդակի կհասցնի:

- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ դրա համար:

- Քանի որ «Ֆորա-Բանկը» ռուսաստանյան բանկ է, կարող եմ խոսել մեր գործունեության շրջանակի տեսանկյունից: Հետաքրքիր տվյալներ է ներկայացրել «Դելոյթ» ընկերությունը, ըստ որի՝ 2020 թվականին Ռուսաստանը մտավ աշխարհի թվային բանկինգի առաջատար երկրների տասնյակը: Արդեն երկար տարիներ ռուսաստանցիներն ապրում են շարժական բանկային ծառայությունների նոր թվային իրականության մեջ: Իմ կարծիքով, եթե Հայաստանի կառավարությունը պայմաններ ստեղծի մեր երկրների միջեւ հետագա արդյունավետ փոխգործակցության համար, համոզված եմ, որ Ռուսաստանի բանկային հատվածը կկարողանա բազմաթիվ նոր գործիքներ բերել հայկական ֆինանսական շուկա: Մենք պատրաստ ենք քննարկել դա մեր հայաստանյան գործընկերների հետ:

- 2021 թվականի ամռանը դուք ընդլայնեցիք ձեր բջջային փոխանցումների ծառայության ընդգրկումը՝ երեք հայկական բանկերի հետ համագործակցության միջոցով: Մտադի՞ր եք ընդլայնել գործընկեր բանկերի ցանկը:

- Բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան կատարվող փոխանցումների ծավալը 2021 թվականի մայիսի վերջի դրությամբ աճել էր 37%-ով՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ավանդաբար թրանզակցիաների մեծ մասն իրականացվում է Ռուսաստանից: Ինչպես նշեցիք, այս ամառ «Ֆորա-Բանկը» հնարավորություն ստեղծեց գումարներ ուղարկել Հայաստան նաեւ բջջային հեռախոսի համարով: Դա հնարավորություն տվեց նման թրանզակցիաների համար միջնորդավճարը կրճատել 1,5-2 անգամ եւ ամբողջովին թվայնացնել գործընթացը: Մեր գործընկերներն են դարձել երեք հայկական բանկեր՝ IDBank-ը, «Արդշինբանկը», Evocabank-ը: Նախատեսվում է պայմանագրեր կնքել եւս երկու բանկերի հետ:

- Քանի որ «Տաշիր» ընկերությունների խումբը խոշոր ներդրող է Հայաստանում, կարո՞ղ ենք ակնկալել բանկի կողմից նոր քայլեր հայկական շուկայում, մասնավորապես՝ նախագծերի ուղղակի ֆինանսավորում:

- Հայաստանում ներդրողների համար շատ հետաքրքիր նախագծեր կան: Մենք արդեն խոսեցինք երկրի նորարարական մեծ ներուժի մասին: Նաեւ կցանկանայի նշել շինարարության ոլորտը, որը հոգեհարազատ է մեր խմբին՝ կուսումնասիրենք բոլոր հնարավորությունները:

- 2017 թվականին բանկը Ucom օպերատորի հետ գործընկերության համաձայնագիր կնքեց՝ Հայաստանի տարածքում հեռահաղորդակցության ծառայությունների ամբողջական տեսականի ապահովող նախագծերի զարգացման համար: Շարունակվո՞ւմ է այս համագործակցությունը:

- 2017 թվականին մեր բանկը ձեռք բերեց Ucom ընկերության բաժնետոմսերի 10%-ը: Դա օրինակ է, երբ մեր երկրների միջեւ սերտ կապերն ու գործընկերությունը ձեռնտու են բոլոր կողմերին. բանկի համար դա նշանակում է մուտք արտաքին շուկա եւ ոչ պրոֆիլային ակտիվների պորտֆելի դիվերսիֆիկացում, օպերատորի համար՝ նոր բիզնեսի հնարավորություններ, երկրի համար՝ պորտֆելային ներդրումներ տնտեսության մեջ: Արդյունքում պետք է շահի հաճախորդը. եթե նա ստանում է սպասարկման եւ հարմարավետության նոր մակարդակ, նշանակում է, որ ներդրումներն արդարացված են:
Դիտում՝ 59515
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW