Դսեղի «Կաղնի» հյուրանոցը, որ մոտեցնում է թումանյանական բնությանը

06.08.2021 | 11:22 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Կաղնի» հյուրանոց #Վարդան Ներսիսյան #Արծրուն Ներսիսյան
Երեւանից զույգ եղբայրներ Վարդան եւ Արծրուն Ներսիսյանները մեկ ամիս առաջ Լոռիի Դսեղ գյուղում բացել են «Կաղնի» հյուրանոցը: Այն կառուցել են ընդամենը մեկ տարում՝ հաղթահարելով 2020 թվականի մարտահրավերներն ու խոչընդոտները։

Հյուրանոցի արտաքին տեսքը նախագծվել է Դսեղի ամենահայտնի կառույցի՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նմանությամբ՝ ասիմետրիկ երկլանջ տանիքով: Հյուրանոցի ինտերիերը նույնպես պարզ ոճի մեջ է, լայն բացվածքով պատուհաններն էլ հյուրերին հնարավորություն են տալիս ավելի մոտ լինել թումանյանական բնությանը:

Banks.am-ի հետ զրույցում «Կաղնի» հյուրանոցի համահիմնադիր Վարդան Ներսիսյանը պատմում է հյուրանոցի կառուցման ու իրենց մշակած ոչ ստանդարտ առաջարկների մասին:

Գյուղի տուն ունենալու երազանքը

Ես եւ եղբայրս հիմնականում հաշվապահական աշխատանք ենք անում: Բացի այդ, 4 տարի առաջ Կոտայքի մարզում հողատարածքներ էինք գնել ու սկսել գյուղատնտեսությամբ զբաղվել՝ ազնվամորու մշակում, մեղվաբուծություն, ճագարաբուծություն…



Մինչեւ հյուրանոցը մտածում էինք ռեստորան հիմնել, բայց, քանի որ Դսեղ գյուղը շատ էինք սիրում ու ամեն տարի, անպայման ընտանիքով, այցելում էինք, որոշեցինք հենց այդ գյուղում մեր ներդրումն ունենալ ու տուրիզմը զարգացնել: Դսեղում որեւէ հարազատ չենք ունեցել, առհասարակ մենք գյուղերում ապրող բարեկամներ չունենք, բայց գյուղի նկատմամբ մեծ սեր ունենք: Փոքր ժամանակ, երբ Երեւանից բոլոր երեխաներն ամռանը գնում էին գյուղ՝ տատիկ-պապիկի տուն, ես ու եղբայրս բակում միշտ միայնակ էինք մնում ու երազում գյուղում տուն ունենալու մասին:

Դսեղի այս հողատարածքը լրիվ պատահական եղբայրս է գնել 2019-ի վերջին: Գնելուց հետո է ինձ տեղյակ պահել ու առաջարկել միասին որոշել դրա ճակատագիրը: Քանի որ հաշվապահական մեր աշխատանքից նկատում էինք, թե Հայաստանում տուրիզմի զարգացման հետ մեկտեղ որքան արագ է մեծանում հյուրանոցների եւ տուրիստական ընկերությունների աճը, որոշեցինք մենք էլ հյուրանոց հիմնել:

2020-ը

Հյուրանոցը կառուցել ենք ընդամենը մեկ տարում: Օգտագործել ենք փոխառու միջոցներ եւ մեր ունեցած որոշ խնայողություններ:



Կառուցման աշխատանքները սկսել ենք 2020 թվականից ու մեծ դժվարությունների առջեւ ենք կանգնել հենց առաջին ամիսներից: Համավարակի ժամանակ, իհարկե, դժվար էր շինարարական աշխատանքները կառավարելը, բայց մենք այդ մեկ տարվա ընթացքում ընդամենը մեկ շաբաթով ենք կանգնեցրել գործը: Պատերազմի ժամանակ եւս դժվարությամբ էինք ուժ գտնում աշխատելու, սակայն նման գեղեցիկ բնության մեջ հյուրանոց ստեղծելու եւ տուրիզմը գյուղում զարգացնելու մեր նպատակն այնքան մեծ էր, որ չկանգնեցինք ու հասցրինք նույնիսկ 2021-ի ամռանը բացվել:

Չէինք ակնկալում, որ այդքան շատ մարդ կհյուրընկալենք հենց առաջին օրից: Շաբաթ-կիրակիներին այստեղ ընդհանրապես ազատ սենյակ չենք ունենում:



Աշխատում ենք հիմնականում սոցցանցերով, ամրագրումների մեծ մասն անում ենք Facebook-ի միջոցով:

13 սենյակ

Հյուրանոցը շատ գեղեցիկ հարթավայրային տարածքում է գտնվում՝ դաշտի բերան է. սարերն ու Թումանյանի գրած «էն Լոռու ձորը» հենց մեր հյուրանոցից երեւում է:

Ոչ ստանդարտ շինություն է, գրեթե երեք հարկ: Երրորդ հարկում մեծ, բաց պատշգամբ է, որտեղ կարելի է նստել ու սուրճ խմել՝ վայելելով բնությունը: Մեզ հետ համագործակցող ճարտարապետները Թումանյանի տուն-թանգարանից են ոգեշնչվել ու փորձել են հնի եւ նորի համադրություն ստանալ:

Սենյակները 13-ն են, բոլորն ունեն լայն բացվածքով պատուհաններ, որ տեսարանն ամբողջովին երեւա ներսում: Առաջին հարկը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար:



Նախաճաշը մտնում է գնի մեջ, երկու տեղանոց սենյակի գինը սկսում է 24 000 դրամից: Եթե հյուրերը ցանկանում են ընթրել, սենյակի գնին ավելացնում ենք 8000 դրամ (անձը՝ 4000 դրամ) ու ընթրիքի ընթացքում առաջարկում ենք մի քանի տեսակի ուտեստներ: Մթերքի մի մասը օգտագործում ենք մեր գյուղատնտեսությունից ստացված բերքից: Ամեն օր պարտադիր նոր տեսակի ուտեստներ ենք առաջարկում:

Քաղաքից կտրվելու համար

Կաղնին Լոռու մարզի խորհրդանիշն է, այդ պատճառով ենք հյուրանոցը «Կաղնի» անվանել, բացի այդ այն դիտարկում ենք որպես ընտանիքի ամրության խորհրդանիշ:

Պասիվ հանգստի գոտի է, լողավազան ու այլ զբաղմունքներ չունենք: Կանխամտածված՝ սենյակներում նաեւ հեռուստացույց չենք դրել, որ մարդիկ այստեղ փորձեն կտրվել քաղաքի կյանքից եւ բնությանը մոտ լինեն: Քանի որ Դսեղում մշտապես մեղմ ու հով եղանակ է, սենյակներում նաեւ օդափոխության համակարգ չենք տեղադրել. այս կերպ փորձել ենք ամեն կերպ զերծ մնալ տեխնիկայից եւ սարքավորումներից:



Մենք առաջարկում ենք հանգիստ այն մարդկանց համար, որոնք նախընտրում են իրենց ազատ ժամանակն անցկացնել բնության գրկում: Դսեղը Հայաստանի այն բացառիկ գյուղերից է, որ երկու օր կարող ես շրջել ու հետաքրքիր նոր վայրեր բացահայտել՝ լիճ, եկեղեցի, խաչքար, թանգարան…

Խնդիրներ ու առավելություններ

Մեր հիմնական խնդիրը գյուղում ենթակառուցվածքների հետ է կապված՝ հատկապես ջուր եւ էլեկտրականություն: Ջուրը տալիս են 2-3 ժամ՝ ամբողջ օրվա համար: Հենց ջրի խնդրով է պայմանավորված, օրինակ, լողավազանի բացակայությունը, եթե ապագայում խնդիրը լուծվի, մենք էլ կդիտարկենք լողավազանի ու հյուրանոցի տարածքն ընդլայնելու հարցը:



Շատ հաճախ նաեւ հոսանքի տատանումներ ենք ունենում, ինչի արդյունքում մեր հյուրերին անհարմարություն է պատճառվում: Ու չնայած դա մեր խնդիրը չէ, բայց մենք ամեն կերպ փորձում ենք այնպես անել, որ հյուրերն իրենց հանգիստը շարունակեն վայելել ու անհարմար չզգան:

Չենք կարող, իհարկե, նաեւ չնշել Լոռում աշխատելու լավ կողմերը. վերջին տարիներին այս մարզի ճանապարհներն անհամեմատ բարեկարգվել են: Երեւանից մինչեւ մեր հյուրանոց կարելի է սեփական ավտոմեքենայով անվտանգ գալ ու չանհանգստանալ որեւէ բանի մասին: Այս ճանապարհների շնորհիվ է հիմա Լոռին դարձել ավելի ցանկալի ուղղություն:

Դսեղն օր օրի ավելի հայտնի է դառնում

Դսեղում հյուրատները շատ չեն, հաճախ մարդիկ իրենց տներում են հյուրընկալում զբոսաշրջիկներին: Մեծ հյուրանոցներ այստեղ դեռեւս չկան, մերը նույնպես շատ մեծ չէ՝ 13 սենյակ ենք առաջարկում:



Այս պահին շինարարության մեջ գտնվող տարբեր կառույցներ կան, որոնք, հավանաբար, միայն մեկ-երկու տարի հետո պատրաստ կլինեն: Այսօր, իսկապես, Դսեղ գյուղը զբոսաշրջիկների համար համարվում է շատ ցանկալի վայր այցելելու համար:
 
Ես ու եղբայրս էլ շատ ուրախ ենք մեր որոշման ու Դսեղում ներդրում կատարելու համար, քանի որ վերջապես կառուցել ենք մեր երազանքների գյուղի տունը ու զբաղվում ենք մեր սիրած գործով:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ «Կաղնի» հյուրանոցի
Դիտում՝ 12002
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW