«Կոկա-Կոլա»-ի պատասխանատվության շրջանակը. կրթությունից մինչեւ թափոնների կառավարում

09.04.2021 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի hանրային կապերի եւ հաղորդակցության ղեկավար Էլինա Մարգարյանը ՀՊՏՀ ուսանողների համար անցկացրել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը որպես բիզնես գործառությունների մաս» թեմայով առցանց դասախոսություն։


Նա նշել է մի քանի մարտահրավեր, որոնց հաղթահարման հարցում ընկերությունն իր օգնությունն է առաջարկել պետությանը։

«Որոշեցինք մինչեւ կորոնավիրուսի համավարակի վերջը հիվանդանոցներին մատակարարել զովացուցիչ «Բոնակվա» ջուր՝ ե՛ւ բժիշկների, ե՛ւ հիվանդների համար։ Այս ժամանակահատվածում մատակարարվել է 57 հազար լիտր ջուր։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցելով՝ «Կոկա-Կոլա» հիմնադրամը բժշկական շարժական սարքեր գնեց ու տրամադրեց հիվանդանոցներին։ Այդ սարքերը մեր բժիշկներին հնարավորություն տվեցին տարբեր տեղերում օգնություն տրամադրել»,- ասել է Էլինա Մարգարյանը։

«Կոկա-Կոլա»-ն պատասխանատվությամբ է վերաբերվում ջրի օգտագորմանը, քանի որ իր արտադրած ըմպելիքների 98%-ը բաղկացած է հենց ջրից։

«Երբ մենք օգտագործում ենք ջուր, հանձնառու ենք, որ այն վերադարձվի բնությանը, եւ պատասխանատու ձեւով ենք վարում մեր արտադրությունը»,- ասել է Էլինա Մարգարյանը։

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն յուրաքանչյուր տարի իր եկամտի 2%-ն ուղղում է սոցիալական ուղղվածության ծրագրերին՝ 2020 թվականին այդ գումարը կազմել է 34 մլն դրամ։

Ընկերությունը մշտապես ուշադրություն է դարձրել «Աշխարհն առանց թափոնների» ռազմավարությանը, սակայն 2018 թվականին գլոբալ մակարդակով հանձնառություն է ստանձնել հավաքագրել, մշակել առաջացած թափոնները բոլոր այն երկրներում, որտեղ գործունեություն է ծավալում։
 
«Այս հայեցակարգի նպատակն է ներդնել համակարգ, որը հնարավորություն կտա արդյունավետ վերամշակել թափոնները, որովհետեւ յուրաքանչյուր թափոն ունի հավելյալ կյանք եւ կարող է օգտագործվել այլ նպատակներով։ Զարգացող երկրներում ընդհանուր ենթակառուցվածքը դրված է, միջոցառումներն իրականացվում են, աշխատում են նորարարությունների ուղղությամբ, օրինակ, թե ինչպես կարելի է «էկո» շիշ ստեղծել եւ այլն։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր նախագծի ամենակարեւոր մասը մարդկանց կրթելն է։ Երկու տարվա ընթացքում մենք բարձրացրել ենք իրազեկվածությունը։ Կարեւոր է վարքագծի փոփոխությունը»,- դասախոսության ժամանակ ասել է Էլինա Մարգարյանը։

Ընկերությունը համագործակցում է նաեւ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ թափոնների կառավարման բիզնես պլան ստեղծելու համար, որը հիմք կհանդիսանա պիլոտային ծրագրի համար։

Համավարակի պատճառով 2020 թվականին ընկերությունը չի կարողացել կրթական ծրագրեր իրականացնել, բայց այս տարի միջոցառումներ է նախատեսել Հայաստանի 50 դպրոցում։

«Համագործակցում ենք ԿԳՄՍՆ հետ, նախարարությունը եւս հասկանում է «կանաչ դասերի» կարեւորությունը»,- ասել է Էլինա Մարգարյանը։

Անի Խչոյան

Դիտում՝ 6078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai