“Առաջնային խնդիրը սպառողների իրավունքների պաշտպանությունն է օրենսդրական մակարդակով”

23.05.2008 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) Խորհրդի նախագահ, “Պրոմեթեյ Բանկի” վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

- Ինչպիսի՞ առաջնային խնդիրներ են կանգնած այսօր Հայաստանի բանկերի միության առջեւ:

- Հայաստանի բանկային համակարգի զարգացմանը համընթաց ՀԲՄ-ի առջեւ կանգնած խնդիրները նոր ուրվագծեր են ձեռք բերում, եւ դա թելադրում է դրանց լուծման համար որակապես նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտություն: Այսօր մենք հասել ենք այնպիսի մակարդակի, երբ բանկային ծառայությունների շուկան` անցնելով կայացման որոշակի փուլեր, ինքն է թելադրում բանկային ոլորտի հետագա զարգացում ապահովող միջազգային փորձի եւ չափանիշների ներդրման պահանջներ:

Այսօր մեր առջեւ կանգնած առաջնային խնդիրը սպառողների իրավունքների պաշտպանությունն է օրենսդրական մակարդակով: ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի հետ համատեղ մշակվել է եւ խորհրդարանին է ներկայացվել տվյալ ոլորտը կարգավորող օրինագծերի փաթեթ` “Սպառողական վարկերի մասին”, “Ավանդների ներգրավման մասին”, “Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին”: Մենք առաջարկներ եւ դիտողություններ ենք ներկայացրել, որոնք տեղ են գտել օրենսդրական փաթեթի վերջին տարբերակում, որը, հուսով եմ, կընդունվի մինչեւ 2008թ. աշունը:

Վերջին շրջանում լուրջ աշխատանք է տարվել ACRA վարկային բյուրոյի կայացման ուղղությամբ` բոլոր բանկերի մասնակցությամբ: Մենք մեծ նշանակություն ենք տալիս վարկային պատմությունների ռեգիստրի ստեղծմանը, որը շահեկան է ինչպես վարկատուների, այնպես էլ փոխառուների համար: Ներկայումս տարվում են նաեւ վարկային սքորինգի ներդրման աշխատանքներ, որը թույլ կտա ընդհանուր գնահատական տալ հաճախորդների վարկային ռիսկերին:

- Ի՞նչ նպատակով է ստեղծվում ֆինանսական հաշտարարի ինստիտուտն ու արդյո՞ք այն չի կրկնօրինակի ՀԲՄ-ին առընթեր գործող միջնորդ դատարանի գործունեությունը:

- Միանգամից նշեմ, որ միջնորդ դատարանն այլեւս չի գործում, քանի որ ըստ էության դարձել էր ավելորդ օղակ հայցվորի եւ պատասխանողի փոխհարաբերություններում: Բանն այն է, որ այդ դատարանի որոշումները կատարողական ուժ չունեին եւ հետագայում գործերը փոխանցվում էին տարբեր ատյանների դատարաններ:

Ֆինանսական հաշտարարի ինստիտուտի հիմնադրմամբ, որը կունենա ոչ դատական մարմնի կարգավիճակ եւ բաղկացած կլինի 7 անդամներից` կայացված որոշումները կլինեն վերջնական, կստատան օրենքի ուժ եւ պարտադիր պետք է ի կատար ածվեն: Այդ մարմնի հիմնական դերը կլինի սպառողների իրավունքների պաշտպանությունը:

Ցավոք, այսօր հանդիպում ենք սպառողների իրավունքների խախտման տարբեր դեպքերի հետ: Օրինակ` բանկերը հայտարարելով 0% տոկոսադրույքով սպառողական վարկերի տրամադրման մասին, պայմանավորվում են առեւտրային օբյեկտի հետ գների բարձրացման վերաբերյալ` արդյունքում ստանալով միջնորդավճար սահմանված հավելավճարի չափով: Կամ էլ հաճախ խանութները ընդհանրապես հրաժարվում են սպասարկել պլաստիկ քարտերով, կամ համաձայնում են անկանխիկ գործարքի, սակայն` ավելի բարձր գնով:

Հաճախ խախտվում են սպառողների իրավունքներն այս կամ այն վարկի ձեւակերպման ժամանակ. բանկը չի բացահայտում բոլոր այն չնախատեսված ծախսերը, որոնք հայտնաբերվում են վարկը ստանալու ժամանակ: Ասածիս օրինակն է վերջերս Կենտրոնական բանկի կողմից անցկացված ավտովարկավորման շուկայի մոնիտորինգը:

Վստահ եմ, որ վերոնշյալ օրենսդրական փաթեթի ընդունմամբ այդ ուղղությամբ կհասնենք զգալի առաջընթացի:

- Անցած տարի կայացած ՀԲՄ տարեկան ժողովում հայտարարվեց, որ Հայաստանում տոկոսադրույքի ամենաբարձր սփրեդը բանկերի կողմից ներգրավվող միջոցների եւ նրանց տեղաբաշխման տոկոսադրույքների միջեւ տարբերությունն է: Կցանկանայինք լսել ձեր կարծիքն այդ մասին:

- Ես այդ կարծիքի հետ համաձայն չեմ եղել, եւ դիրքորոշումս չի փոխվել: Վերջերս մասնակցեցի Վիեննայում կայացած ԱՊՀ երկրների բանկային ֆորումին եւ կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում տոկոսադրույքի սփրեդն ավելի ցածր է, քան Վրաստանում եւ Ադրբեջանում: Եթե համեմատենք ԱՊՀ-ի ընդհանուր պատկերի հետ, ապա մենք գտնվում ենք գրեթե հավասար դիրքերի վրա, եւ կարծում եմ, մեզ չարժե համեմատվել Եվրոպայի եւ Ամերիկայի հետ:

Այս խնդիրը հարկավոր է ուսումասիրել այն զարգացումների համատեքստում, որոնք տեղի են ունենում մեր տնտեսության այլ ոլորտներում: Հայկական խոշոր ընկերությունների տարեկան շահույթը տատանվում է 100-200% մակարդակի վրա, փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունների համար այդ ցուցանիշը կազմում է 50-60%: Իսկ բանկերը լավագույն դեպքում ապահովում են մինչեւ 10% չափի տարեկան շահույթ` այնպես որ դատեք ինքներդ:

Անկասկած, բանկային համակարգը պետք է դառնա տնտեսության լոկոմոտիվը, սակայն այդ լոկոմոտիվը չպետք է հիմնական կազմից կիլոմետրերով առաջ անցնի:

- Հայաստանի առեւտրային բանկերի մեծամասնությունը գրանցում է ֆիզիկական անձանց ավանդների աճ: Սա կապվա՞ծ է բանկային համակարգի հանդեպ բնակչության վստահության աճով, թե՞ պարզապես բնակչության բարեկեցության աստիճանական բարելավման հետեւանք է:

- Ցանկացած ավանդատուի համար վստահության գործոնը զգալի դեր է խաղում, եւ նա պետք է տեսնի այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ապահովել իր ներդրումներն անկանխատեսելի իրավիճակներից: Այդ առումով Ավանդների երաշխավորման հայկական հիմնադրամը դարձավ հենց այդպիսի մեխանիզմ:

Բանկային ավանդների ծավալներն աճում են միջին խավի հաշվին եւ Հիմնադրամի կողմից սահմանված ավանդների երաշխավորման առավելագույն չափը համապատասխանում է ավանդատուների շահերին:

Սակայն բանկերն ավելի երկարաժամկետ ներդրումների կարիք ունեն ` քաղաքացիները դեռեւս ավանդները ձեւակերպում են կարճ ժամանակով, առավելագույնը մեկ տարով, ինչը հիմնականում կապված է արտարժույթի շուկայի անկայունության հետ:

- Արդարացվա՞ծ է բանկերի այսպիսի քանակը Հայաստանի դեպքում: Տեսնու՞մ եք դրանցից մի քանիսի միաձուլման հեռանկար մոտ ապագայում:

- Եթե բանկն աշխատում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ դաշտի շրջանակներում, ապահովում է շահույթ, ստեղծում է բարձր վարձատրվող աշխատատեղեր, իսկ նրա ապրանքատեսակները մրցունակ են եւ պահանջված են հաճախորդի կողմից, ապա շուկայում նրա ներկայությունը միանգամայն արդարացված է: Բոլոր 22 բանկերն առանց բացառության համապատասխանում են նշված չափորոշիչներին:

Այսօր բանկերն աշխատում են կոշտ մրցակցության պայմաններում, ինչը հանգեցնում է տոկոսադրույքների նվազեցմանը, բանկային նոր ապրանքատեսակների ներդրմանը, ինչը վերջնական արդյունքում համապատասխանում է հաճախորդների շահերին եւ պաշտպանում է շուկան մենաշնորհային դրսեւորումներից:

Սակայն դրա հետ մեկտեղ գոյություն ունի երկրի տարածքում բանկային ներուժի ավելի հավասարակշռված բաշխման խնդիրը: Հայաստանում կան շրջաններ, որտեղ գրեթե բացակայում է մրցակցությունը մասնաճյուղային ցանցի մակարդակում: Դա բերում է նրան, որ միեւնույն բանկը կարող է Երեւանում վարկ տրամադրել 14%-ով, իսկ շրջանում այդ տոկոսադրույքը բարձրացնել մինչեւ 24%:

Ինչ վերաբերվում է ձեր հարցի երկրորդ մասին, ես չեմ տեսնում ոչ մի բանկ, որը կգնար միաձուլման ճանապարհով:

- Դուք բանկային մրցակցությունը բնութագրեցիք որպես կոշտ, իսկ որքանո՞վ արդար է այն:

- Վստահեցնում եմ, որ մրցակցության տեսանկյունից մենք որեւէ խնդիրներ չունենք` այն արդար է եւ առողջ: Բանկային համակարգը թերեւս Հայաստանում բիզնես-գործունեության այն սակավաթիվ ոլորտներից է, որտեղ գործում են ազնիվ խաղի կանոններ: Այստեղ յուրաքանչյուրը պատասխանատու է իր համար եւ առաջարկում է այն, ինչ ունի, իսկ ընտրությունը հաճախորդինն է:

- Վերջում կցանկանայինք լսել ձեր կարծիքը երկու հեռանկարների վերաբերյալ. Հայաստանը ներկայացրել է տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու հայտ, իսկ Դիլիջանը դիտարկվում է որպես ֆինանսական կենտրոն Հայաստանի համար:

- Սկսեմ Դիլիջանից. բոլորին պարզ է, թե ինչու է ընտրվել հենց այս քաղաքը. սահմանամերձ շրջանների զարգացումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Առաջինը, ինչն անհրաժեշտ է անել, հարկավոր է այդ շրջանում լայն մասնաճյուղային ցանց հիմնելուն ուղղված ակտիվ աշխատանքներ տանել: Մեր կողմից նաեւ կողջունվի որոշ բանկերի գլխավոր գրասենյակների տեղափոխումը Երեւանից Դիլիջան:

Ի դեպ, մինչեւ մայիսի վերջ Դիլիջանում կկայանա ՀԲՄ արտագնա նիստը` երկրի ղեկավարության մասնակցությամբ, որի ժամանակ մենք կփորձենք տեղում կողմնորոշվել մեր հետագա քայլերի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու հեռանկարին, ապա դա երկարաժամկետ հեռանկար է: Սակայն արդեն այսօր տեսանելի են հիմնական բաղադրիչ մասերը, որոնց հաշվին այն կարող է իրագործվել` բանկային հատվածի կայուն աճ (2006 թ.-ին վարկային ներդրումների մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում կազմել էր 8.6%, 2007 թ.-ին այդ ցուցանիշը հասել է 13%-ի), արդար եւ կոշտ մրցակցություն, պրոֆեսիոնալ անձնակազմ, թափանցիկ բանկային օրենսդրություն եւ ինչը շատ կարեւոր է` մեր սփյուռքի ներուժը:

Դիտում՝ 6851
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW