Արմինե Ենգիբարյանը «Մեգա ֆուդ» ընկերության կոմերցիոն տնօրենն է։ «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող սննդամթերքի այս խոշոր ներկրողն ու դիստրիբյուտորը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է մոտ 30 ապրանքանիշ՝ մուտք գործելով հայ ընտանիքներ բազային պարենամթերքից մինչեւ սիրված քաղցրավենիք։ Այդ ապրանքանիշների թվին են պատկանում ռուսական շուկայի առաջատար «Объединённые Кондитеры» հոլդինգը, որը միավորում է «Красный Октябрь», «Бабаевский», «Рот Фронт», «Конти» հայտնի ապրանքանիշը, մսամթերքի ռուսական շուկայի առաջատար «Мираторг» ընկերությունը, համաշխարհային ճանաչում վայելող «Heinz»-ը՝ իր կետչուպների ու սոուսների տեսականիով եւ այլ հանրահայտ բրենդեր։ - Ի՞նչը Ձեզ ուղղորդեց դեպի «Գալաքսի»։ Ինչպե՞ս աշխատանքի ընդունվեցիք «Մեգա ֆուդում»։- Աշխատանքի շուկայում հայտնի արտահայտություն կա. «ոչ թե մասնագետներն են ընտրում «Գալաքսին», այլ «Գալաքսին» է ընտրում իր մասնագետներին ու ղեկավար կազմին»։ Իմ դեպքում էլ այս բանաձեւն աշխատել է։ «Մեգա ֆուդում» մասնագիտական ճանապարհս շարունակելու, ղեկավար պաշտոն ստանձնելու առաջարկը ընդունել եմ մեծ սիրով, քանի որ հասկացել եմ, որ ընկերության զարգացման մասին ունեցած իմ տեսլականն ամբողջությամբ համընկնում է խմբի համահիմնադիրների տեսակետներին։Սա եզակի աշխատավայր է, որտեղ հրահանգներ չեն հնչում։ Այստեղ կարեւոր է յուրահատուկ ձեռագիրը, ոճը, ստեղծագործ միտքն ու նորամուծություններ իրականացնելու ցանկությունը, դրանք ընկերության ռազմավարության հետ համադրելու ունակությունը։- «Մեգա ֆուդը» սննդամթերքի եւ հրուշակեղենի խոշոր ներմուծող է, եթե ոչ՝ ամենախոշորը։ Ինչպե՞ս եք հասել դրան:- Մեր հաջողության գլխավոր գրավականը թիմային աշխատանքն է։ Թիմի ներսում բոլորը գիտակցում են, որ դիստրիբյուցիոն ընկերության առաջխաղացումը կախված է վաճառքներից, իսկ դրանք ապահովվում են քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ճիշտ գործիքների տրամադրման, թիմային արդյունավետ աշխատանքի եւ նորարարական քայլեր մշակելու շնորհիվ ենք մենք շարունակում «Մեգա ֆուդի» հաջողության արշավը։ Արմինե Ենգիբարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս պահին սպասարկում ենք 3 500 վաճառակետ։ 2020 թվականի կարեւոր ձեռքբերումներից էր բիզնեսի որոշ գործառույթներն առցանց կառավարելը՝ համավարակով պայմանավորված:Հպարտությամբ կարող եմ ասել, որ այս ամիսներին չենք ունեցել ոչ աշխատակիցների, ոչ էլ նրանց աշխատավարձերի կրճատումներ։ Ավելին՝ Covid 19-ի բարդագույն ժամանակահատվածում մենք շատ սահուն ինքնակազմակերպվել ենք, անցում կատարել հեռավար աշխատանքի, իսկ սպասարկող, մատակարարման եւ վաճառքի թիմերը ապահովվել են անվտանգության պահպանման բոլոր անհրաժեշտ միջոցներով։ - «Գալաքսիի» հիմնադիրների հանդեպ իրականացվող քրեական հետապնդումները ի՞նչպես են անդրադառնում ընկերության գործունեության վրա։- Բնականաբար լարվածություն է առաջացնում, բայց «Գալաքսիի» հիմնադիրների եւ ղեկավար կազմի կամային որոշումն է շարունակել պահպանել բիզնեսի շարունակականությունը, գործել բիզնես էթիկայի կանոններին համապատասխան եւ աշխատակիցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից։ Հենց դրա շնորհիվ էլ «Մեգա ֆուդի» հիմքը շատ ամուր է, եւ նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ վնասել այն։ Ցանկացած դժվարություն կարող է բացասական ազդեցություն ունենալ բիզնեսի վրա, բայց ճիշտ աշխատանքի, ճիշտ ռազմավարության դեպքում, խնդիրները հաղթահարելի են։ Լուսին Մկրտչյանը զրուցում է Արմինե Ենգիբարյանի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հիմնադրման պահից ընկերությունը հայ սպառողի համար բացահայտում է նոր բրենդեր։ Այսօր որոշ ընկերություններ, օգտվելով «Մեգա ֆուդի» անվան շուրջ տիրող ոչ հարթ իրավիճակից, նախընտրում են դիմել տարբեր շահարկումների, աշխատելու եւ նոր բրենդեր հայտնի դարձնելու փոխարեն, փորձում են ներկայացնել «Մեգա Ֆուդի» կողմից ճանաչելի դարձրած բրենդը, կայանալ՝ մեր ընկերության տարիներ շարունակ կատարած աշխատանքի արդյունքի հիման վրա։ Մենք ամեն ինչ լավ տեսնում ու հասկանում ենք, բայց մեզ երբեք թույլ չենք տա գործել իրենց պես, դա մեր արժեքներին դեմ է։ Ապրանքը արտերկրից Հայաստան ներկրելը, սպառողին մատուցելը, սպառողի կյանքի մաս դարձնելը, ճանաչվածության ապահովումը բարդ ճանապարհ է։ Այդ ամենը պատրաստ վերցնելն ու սեփական ճանապարհը շարունակելը՝ ամենահեշտ, բայց էթիկապես տգեղ ձեւն է։- Ինչպե՞ս եք արձագանքում նման դեպքերում:- Որպես ընկերություն, որն ունի գործընկերների շատ լուրջ բազա, մենք կայունությամբ ու հաստատակամությամբ ենք շրջանցում մեծ խնդիրները։ Օրինակ, «Ռոշեն» ընկերությունն ու «Մեգա ֆուդը» տարիներ շարունակ նույնականացվում էին շուկայում։ Բրենդը շուկայում առաջինը եւ շուրջ 15 տարի շարունակ ներկայացրել էր «Մեգա ֆուդը», ստեղծել կոնֆետի՝ ցուցափեղկային ներկայացվածության նոր լուծումներ, սպառողի համար ձեւավորել կիլոգրամով տարբեր տեսակի կոնֆետներ ձեռք բերելու մշակույթը։ Այսօր «Ռոշենն» այլեւս մեր պորտֆելում չէ։ Մենք այս փաստը ցավագին չենք ընդունում, հասկանալով, որ բիզնեսում նաեւ այդպես է պատահում։ Շարունակում ենք աշխատել եւ ձեռք բերել նոր գործընկերներ։ Դու կարող ես վերցնել բրենդը, բայց չես կարող վերցնել գիտելիքը՝ ապրանքը ճանաչելի ու սիրված բրենդ դարձնելու։ Մենք վստահ ենք մեզ վրա, քանի որ ունենք այդ փորձն ու գիտելիքը։ Արմինե Ենգիբարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեզ համար կարեւոր է այն փաստը, որ արտասահմանյան ընկերություններն են դիմում մեզ, որպեսզի ներկայացնենք իրենց արտադրանքը։ Սա խոսում է վստահության մասին։- Վերջին մեկ տարում «Մեգա ֆուդը» նոր ընկերությունների հետ գործակցե՞լ է։ - Վերջին ամիսների ընթացքում «Մեգա ֆուդը» հայ սպառողին է ներկայացրել Ռուսաստանի առաջատար մսամթերք արտադրող «Միրատորգ» բրենդը, «Կոմիլի» հրուշակեղենի ընկերությունը եւ կաթնամթերք արտադրող «Սավենցիա» ֆրանսիական խոշոր ընկերությունը եւ այլն։ - Վերջին շրջանում, երբ «Գալաքսի»-ի անունը ավելի հաճախ է հայտնվում մամուլի հրապարակումներում, ձեր արտասահմանյան գործընկերներն ինչպե՞ս են արձագանքում։- Ցանկացած բիզնեսի անվան շուրջ տարածվող ցանկացած շահարկում անհանգստության առիթ է։ Այս ընթացքում մեր մրցակիցները ջանքեր չեն խնայել արտասահմանյան մեր գործընկերներին փոխանցելու մամուլի հրապարկումները, մեր անվան շուրջ պտտվող իրադարձությունները կամ ապատեղեկատվությունը։Սակայն, մեր այն գործընկերները, որոնք գիտեն մեր ձեռագիրը, վստահում են մեզ, շարունակում են գործակցել մեզ հետ եւ ցանկացած հարցադրում մեզ հղելու պարագայում ստանում են ազնիվ եւ սպառիչ պատասխան։ Հարկ կա նշելու, որ «Գալաքսիի» մասին մամուլի հրապարակումների գերակշռող մասը ընկերությունների խմբի նախագծերի եւ ազդեցության մասին է, ինչը նաեւ մեր գործընկերներին է վստահություն տալիս, որ Հայաստանի տնտեսության կարեւոր մի դերակատարի հետ են առնչվում։ - «Մեգա ֆուդի» «պարանոցի» շուրջն այս պահին սեղմօղակ կա՞, թե՞ ոչ։ - Մենք ամեն ինչ անում ենք, որ սեղմօղակ չգոյանա եւ բիզնեսի վրա որեւէ կերպ չանդրադառնա, աշխատում ենք այնպես, ինչպես նախկինում, կատարում ենք մեր ամենօրյա աշխատանքը: - Դուք մարքեթինգի գծով առաջատար պաշտոններ եք զբաղեցրել մի շարք խոշոր ընկերություններում։ Ասացեք, խնդրեմ, ո՞րն է հայկական մարքեթինգային ամենամեծ խնդիրը։Որպես ոլորտի մարքեթինգային ամենամեծ խնդիր կարող եմ առանձնացնել վաճառքի թիմի եւ մարքեթինգի համագործակցության ճիշտ սինխրոնիզացիան, համահունչ աշխատանքի կազմակերպումը։ Վաճառքի թիմը ընկերության առաջնային օղակն է շուկայում, որը պետք է ունենա ամուր հիմք՝ մարքեթինգի թիմի տեսքով։ Նրանց գործունեությունը պետք է լինի համատեղ, փոխկապակցված ու նպատակային։Մեր ոլորտում թույլ է զարգացած նաեւ մարքեթինգային նոր առաջարկների կազմումն ու առաջխաղացումը։ Քանի որ կազմակերպությունը դիստրիբյուցիոն է եւ ոչ արտադրական, ապա ոչ միշտ է, որ հնարավորություն է լինում կատարված վերլուծությունների, ուսումնասիրությունների եւ գործընկերներին ներկայացված առաջարկների հիման վրա ստանալ ցանկալի արդյունքը՝ ապրանքի տեսքով։ Արմինե Ենգիբարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մենք զբաղվում ենք ներմուծմամբ, գործ ունենք կայացած, պատրաստի ապրանքի հետ եւ առանց շուկայի ուսումնասիրությունների անհնար է աշխատելը։ Շարունակական բանակցությունների արդյունքում տարբեր ընկերություններից ստացվող առաջարկները հարմարեցնում ենք հայաստանյան շուկային։ Շուկայի վերահսկողության նոր գործիք ենք ներդրել, որի շնորհիվ մեր գործունեությունն էլ ավելի թափանցիկ է դարձել։ Սրա շնորհիվ ավելացել են առաջարկները, եւ շատ շուտով ընկերությունը մի քանի նոր բրենդային նորություններ կներկայացնի։Մեր ռազմավարությունն ուղղված է սպառողի կարիքների շարունակական բացահայտմանը, նորարարական գործիքների ներմուծմանը։ Անընդհատ իրականացվող հետազոտությունների միջոցով պարզում ենք, թե սպառողն այս դինամիկ, փոփոխվող շուկայում ի՞նչ կարիքներ ունի։ Դրանց միջոցով ենք մենք կողմնորոշվում, թե արտասահմանյան գործընկերներին ինչ նոր առաջարկներ եւ գաղափարներ ներկայացնենք։ Սա անվերջ ու ամենօրյա գործընթաց է։Զրուցել է Լուսին ՄկրտչյանըԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 45430