Հայկ Շեկյան. էլեկտրական տրանսպորտի զարգացումը հեռանկարային է Հայաստանի համար

23.12.2020 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Հայկ Շեկյան #էլեկտրական տրանսպորտ #«Շտիգեն»
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, շատ երկրներում, այդ թվում Հայաստանում նշվում էր Էներգետիկի օրը։ Այդ կապակցությամբ Banks.am-ը զրուցել է 2011 թվականից Հայաստանում գործող արեւային էներգետիկայի ոլորտի հիմնադիր եւ առաջատար ընկերություններից մեկի՝ «Շտիգեն»-ի հիմնադիր Հայկ Շեկյանի հետ:

- Պարոն Շեկյան, Ձեր ղեկավարած ընկերությունը շուրջ 10 տարի զբաղվում է արեւային էներգիայով։ Վերջերս որոշել եք նաեւ էլեկտրական տրանսպորտի ոլորտ մտնել, որը, կարծես, մեծ ծավալներ չունի երկրում։ Ինչո՞վ է պայմանավորված որոշումը:

- «Շտիգեն» ընկերության մասնագիտացումը էներգետիկ նոր տեխնոլոգիաների լայն սպեկտորն է, եւ էլեկտրական տրանսպորտի ոլորտ մտնելը շատ բանով չի տարբերվում սրանից 10 տարի առաջ արեւային էներգետիկայի ոլորտ մտնելու որոշումից։ Նպաստող հանգամանքներից էին օրենսդրության բարելավումները (մաքսատուրքերի, ԱԱՀ-ի հետ կապված արտոնություններ), տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը եւ մի շարք այլ գործոններ:

- Որքանո՞վ է էլեկտրական տրանսպորտի ոլորտի զարգացման խնդիրն ակտուալ այսօրվա Հայաստանում՝ քաղաքական ու տնտեսական անկայունության պայմաններում։

- Պատերազմի հետեւանքները լուրջ հարված են տնտեսության բոլոր ճյուղերի եւ տնտեսվարողների սպասումների վրա, այդ թվում եւ նոր ձեւավորվող էլեկտրական տրանսպորտի ոլորտում։ Սակայն ինչքան էլ խոչընդոտները մեծ լինեն, միանշանակ է, որ 21-րդ դարի մեքենան էլեկտրական մեքենան է։ Հենց այսօր մարդկանց այլ հարցեր են մտահոգում, սակայն ես կարող եմ վստահորեն պնդել, որ էլեկտրական տրանսպորտի զարգացումը մեր երկրի համար կարեւորագույն հեռանկարային ուղղություն է, որը պետք է հետեւողական եւ էական պետական աջակցության արժանանա։


Էլեկտրական տրանսպորտն ունի տնտեսության բոլոր արժեշղթաներում հանածո վառելիքներից կախվածությունը նվազեցնելու հսկայական ներուժ։ Տրանսպորտային ծախսերի բաղադրիչի մեծ կշիռը թույլ չի տալիս մեզ մի շարք ոլորտներում մրցունակ լինել տարածաշրջանում, այդ պատճառով ծախսերի կրճատումն ու ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնելը տնտեսական զարգացման լուրջ խթան կհանդիսանան։ Բնականաբար կա նաեւ շրջակա միջավայրի վրա դրական ազդեցության հանգամանքը, որին, ցավոք, հայաստանյան սպառողը պակաս ուշադրություն է դարձնում։

- էլեկտրամոբիլը շատ հաճախ ասոցացվում են Տեսլայի հետ: Ի՞նչ մակնիշի էլեկտրամոբիլներ է ներկրում Ձեր ընկերությունը:

- Աշխատում ենք չինական Hozon ավտոկոնցերնի հետ, որն առաջին տարին չէ ոլորտում եւ ունի հետաքրքիր տեսականի՝ սկսած մարդատար մեքենաներից մինչեւ բեռնատարներ ու քաղաքային տրանսպորտ: Այս պահին տեղում ներկայացրել ենք Neta N01 եւ Neta U մարդատարները: Առաջինը շատ հարմար է քաղաքներում առաքման, սուրհանդակային ծառայությունների, ընկերությունների մենեջերների, տաքսի ծառայությունների համար: Neta U-ն կոմպակտ «քրոսովեր» տեսակի մեքենա է, ունի մեկ լիցքավորմամբ 500 կմ վարելու ունակություն: Մոտ ապագայում նախատեսում ենք ներկայացնել նաեւ էլեկտրական բեռնափոխադրող մեքենաներ, սակայն դրա համար խիստ կարեւոր է այդ դասի տրանսպորտի մաքսատուրքից ու ԱԱՀ-ից ազատումը պետության կողմից, ինչպես արվել է մարդատար տրանսպորտի դեպքում։


Տեսլայի հետ ասոցացնելը բնական է, ինչպես որ լուսապատճենն ասոցացնում են Xerox-ի հետ, ինչն ամենեւին չի նշանակում, որ հենց դա է լավագույն առաջարկը: Բնականաբար, մենք որեւէ բացասական բան չենք կարող ասել Տեսլայի մասին։ Այն հեղափոխական եւ մեծ ծավալի աշխատանք է կատարել, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է մեր պահանջարկը, կարիքները, հնարավորությունները համադրել առաջարկի հետ:

- Էլեկտրական մեքենաներն արդյոք տարբերվո՞ւմ են ներքին այրման շարժիչով մեքենայից, թե՞ միջին վիճակագրական վարորդի համար դրանք նույն փոխադրամիջոցն են։

- Էլեկտրական մեքենան այսօր մեխանիկական բարդ սարք լինելուց բացի՝ նաեւ ավելի շատ գաջեթ է։ Շատ կարեւոր է, որ այդ գաջեթը ժամանակին ստանա ծրագրային թարմացումները, բոլոր ծրագրային առանձնահատկությունները լինեն հասանելի եւ այլն։ Պատկերացրեք, օրինակ, որ ձեր հեռախոսի ինչ-որ մի գործառույթ ձեր տարածքում չի գործում։ Հավատացեք՝ էլեկտրական մեքենայի դեպքում նման խնդրից առաջացող անհարմարությունն ավելի տհաճ է ու վտանգավոր:


Էլեկտրական մեքենան կոնկրետ շուկայում, կոնկրետ աշխարհագրական տարածքում տեղի կարգաբերումներով աշխատող սարք է: Ասենք, եթե բացակայում է Հայաստանի քարտեզը կամ մեքենայի կարգաբերումները փոխելու, ուղղելու, ծրագրային ապահովումը թարմացնելու հնարավորությունը, ապա այն դառնում է բարձր կարգի սայլակ: Այս առումով մենք շեշտադրումը դրել ենք հենց սպասարկման կարողությունների զարգացման վրա ու հենց այդ պատճառով Տեսլան չենք դիտարկում մեր շուկայում հեռանկարային մակնիշ, քանի որ, ցավոք, մեր շուկայում արտադրողը չի ապահովում վերը նկարագրված հնարավորությունները։


Իհարկե, մեզ մոտ կան մարդիկ, ովքեր սպասարկում են էլեկտրամոբիլներ, այդ թվում Տեսլա, բայց որքան էլ այդ մարդիկ արհեստավարժ լինեն, միեւնույն է, արտադրողի հետ ուղիղ կապի բացակայությունը թույլ չի տա ապահովել բարձր մակարդակով սպասարկում եւ հաճախորդի բավարարվածություն: Մենք նաեւ չենք դիտարկում երկրորդային շուկայից էլեկտրամոբիլներ ներմուծելու եւ վերավաճառելու տարբերակը։ Դա այս նոր շուկայի զարգացման հեռանկարային ուղղություն չէ:

- Իսկ հաճախորդները որքանո՞վ են պատրաստ անցնել էլեկտրական մեքենաների, չէ՞ որ չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

- Ոլորտի զարգացումը հետեւյալ խնդիրների լուծում է պահանջում՝ 1) որակ եւ հարմարավետություն առաջարկող մեքենաների տեսականի, 2)մատչելի եւ հասանելի տեխսպասարկում, 3) զարգացած լիցքավորման ցանց, 4) մատչելի վարկավորման հնարավորություններ, 5) խրախուսող օրենսդրական միջավայր։

Անցնող տարվա ընթացքում մենք ստեղծել ենք սեփական տեխսպասարկման կետ, որտեղ այսօր կարող ենք մատուցել բոլոր անհրաժեշտ ծառայությունները: Պարբերաբար դասընթացներ ենք անցկացնում պոտենցիալ հեռանկարային վարպետների համար, լավագույններին աշխատանք առաջարկում։

Իմիջիայլոց, հերթական դասընթացը նախատեսված է դեկտեմբերի 25-26-ին։ Ցանկացողները կարող են մասնակցել՝ լրացնելով մեր սոցիալական մեդիայի էջերում տեղադրված գրանցման ձեւանմուշը։ Վստահաբար կարող եմ ասել, որ արագ լիցքավորման ցանցի հարցը Հայաստանում կլուծվի 2-3 տարվա ընթացքում:


Մենք աշխատում ենք պետական մարմինների ու բանկերի հետ օրենսդրական դաշտի բարելավման եւ մատչելի վարկավորման պայմանների ստեղծման ուղղությամբ։ Անհրաժեշտ է կտրուկ ակտիվացնել պետության աջակցության ծրագրերն այս ոլորտի զարգացման համար՝ ներգրավելով «Կանաչ» ֆինանսավորման ռեսուրսներ վերը նշված 5 խնդիրների լուծման համար։ Պետք է ամբողջական օրենսդրական փաթեթ ներդրվի, որը պարունակի ֆիսկալ գործիքներ՝ մաքսային, հարկային արտոնություններ, պետգնումներ եւ այլն, հանրային իրազեկման ծրագրեր, վարպետների վերապատրաստում, մեքենայի «կանաչ» համարներ, լիթիումային մարտկոցների թափոնների կառավարում ու վերամշակում, ավանդական ավտոտրանսպորտի աճի սահմանափակում, մինչեւ 2019-ի ավարտը ներմուծված եւ փողոցներում ժանգոտող օգտագործված եւ այսօր դեռ շահագործվող հնացած հսկայական քանակության պարկի հարցի լուծում։

- Մարդը, որը տարիներ շարունակ ներքին այրման շարժիչով մեքենա է վարում, ինչո՞ւ պետք է դուրս գա իր հարմարավետության գոտուց եւ անցնի էլեկտրական մեքենայի։ Կամ ինչո՞ւ պետք է ավտոպարկ ունեցող կազմակերպությունը նոր ներդրումներ անի՝ հրաժարվելով ավանդական մեքենաներից՝ հաշվի առնելով նաեւ շուկայում առկա մեծ քանակությամբ օգտագործված մեքենաները, որոնք մատչելի են։

- Արդեն առաջիկա 2-3 տարվա ընթացքում աքսիոմատիկ է դառնալու այն միտքը, որ նոր մեքենա գնելու դեպքում պետք է դիտարկել էլեկտրականը։ Դա պարզապես տնտեսապես ավելի ձեռնտու է լինելու: Եթե մարդիկ այսօր լսում են, որ էլեկտրամոբիլի արժեքն է $25-35 000, եւ ասում են՝ մի քանի տարվա օգտագործած եվրոպական կամ ամերիկյան բրենդի մեքենա կգնենք, ապա մոռանում են, որ համեմատում են օգտագործվածը նորի հետ։ Սակայն ոչ ոք չի համեմատում ավանդական նոր մեքենան 10 տարի օգտագործվածի հետ։


Հավելեմ, որ ավանդական մեքենայի մատակարարման, շահագործման եւ սպասարկման արժեշղթաները խաթարվելու են էլեկտրականի մուտքին զուգընթաց, ինչը բերելու է առաջինների արագացված բարոյական արժեզրկման։ Ո՞վ է այսօր պատրաստ մեծ գումարներ վճարել ավանդական տպող, կարող կամ, օրինակ, լուսանկարող սարքերի համար՝ միայն սիրահար կոլեկցիոներները: Միգուցե այդ ամենն այսօրվա Հայաստանում մշուշոտ է երեւում, սակայն մարդիկ ու ձեռնարկատերերը, ովքեր լինում են Չինաստանում եւ այլ տնտեսապես զարգացած երկրներում, դա արդեն որեւէ կասկածի տակ չեն դնում։

- Ներկայումս ինչպիսի՞ն է Հայաստանում էլեկտրական մեքենաների շուկայի ծավալը եւ ի՞նչ կանխատեսումներ ունեք:

- Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 2015 թվականից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստան է ներկրվել մոտ 600 էլեկտրական մեքենա։ Զարգացման այս փուլում, կարեւորը այս թվերը չեն, այլ այն որոշումները, որ պետությունն ու բիզնեսը կկայացնեն լուծելու վերը նշածս խնդիրները։ Համապատասխան առաջարկի ստեղծումը, խրախուսող օրենսդրությունն ու հաճախորդներին շահեկան պայմանների տրամադրումը կարող է մոտակա տարիներին թռիչքաձեւ աճ ապահովել այս ոլորտում։

- Խոսենք նաեւ ավանդական դարձած արեւային էներգիայի մասին։ Ո՞ւր ենք հասել այս ոլորտում։ Որքանո՞վ է այսօր Հայաստանը իրացրել արեւի ներուժը։

- Արեւային աղբյուրից ապահովվում է երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի 2-3%-ը: Վերջերս հրապարակվել է ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչեւ 2040թ.), որում թիրախային 15%-ի չափով պետք է լինի արեւային էներգիայի արտադրությունը: Ընդ որում՝ պետք է լինի ընդհանուր արտադրության եռապատիկ աճի պարագայում: Վստահ եմ, որ շատ ավելի մեծ բաժին կարելի է եւ անհրաժեշտ է ստանալ: Պատերազմի արդյունքում տեղի է ունեցել էներգետիկ հզորությունների եւ ենթակառուցվածքների որոշակի ոչ շահեկան փոփոխություն։ Անհրաժեշտ է եւ Արցախում, եւ Հայաստանի Հանրապետությունում ապահովել կայուն եւ մատչելի էներգամատակարարում։

Հայկ Շեկյանը

Արդեն այսօր ՀԾԿՀ-ն քննարկում է էլեկտրաէներգիայի սակագնի աճի հարցը: Ամենայն հավանականությամբ՝ սակագինը կաճի։ Այս առումով խիստ կարեւոր է արեւային էներգետիկայի ծավալային շեշտակի աճի ապահովումը, ինչպես նաեւ տեխնիկական նոր լուծումների ներդրումը, որոնք կապահովեն քաղաքացու, ձեռնարկության, համայնքի եւ պետության էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Մենք «Շտիգեն»-ում ասում ենք՝ «Արեւը կհաղթի նավթին»։ Օրերս հաճախորդներից մեկը հետաքրքրվեց՝ իսկապես հավատո՞ւմ ենք դրան։ Պատասխանս միանշանակ էր՝ «եթե նույնքան ներդրում արվի արեւի մեջ, կասկած չկա»։

- Մեր ընթերցող գործարարներին ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ գործոնների առկայության դեպքում է իմաստալից անցումը արեւային էներգիայի։

- Մի քանի տարի առաջ մեր ընկերությունում սիրում էինք կրկնել, որ արեւային էներգիան չօգտագործելը անտրամաբանական է։ Այսօր նույնիսկ համոզելու կարիքը չկա: Ներդրումը, որը կատարվում է, 3-4  տարում հետգնում է ապահովում, եւ առաջիկա 25-35 տարում մարդն ունենում է անվճար էներգիա: Այդ համակարգերն ինքնուրույն աշխատում են, անկախ նրանից պատերազմ է, թե գործադուլ։ Դա նույնիսկ բանկային ավանդից ավելի ապահով է։

Բացի խնայողություններից՝ սա նաեւ կայունություն է տալիս, քանի որ ծախսերը նվազեցնելը բարձրացնում է մրցունակությունը եւ ապագան ավելի տեսանելի է դարձնում, ինչը շատ կարեւոր է այսօրվա անորոշ իրականության մեջ:

Ինձ թույլ կտամ Ձեր բոլոր ընթերցողներին հորդորել վերանայել այս օրերին նկատվող պահպանողական վարքագիծը արեւային տեխնոլոգիաների նկատմամբ։ Այս ուղղությամբ Ձեր կատարված ներդրումներն ավելի արդարացված են հենց այսօր եւ օգնելու են խնայել՝ օգտագործելով ավելի շատ էներգիա։

Հայկ Շեկյանի հետ զրուցել է Արփի Ջիլավյանը
Լուսանկարները՝  Էմին Արիստակեսյանի և անձնական արխիվ
Դիտում՝ 32619
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW