ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ` դեկտեմբերի 4-ը սահմանվել է որպես Բանկերի միջազգային օր: Բանկերի վերարժեւորման, բանկ-հասարակություն հարաբերությունների, թվային աշխարհի մարտահրավերներին դիմակայելու եւ ճգնաժամերը հաղթահարելու մասին զրուցել ենք ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանի հետ: - Գիտենք, որ, ստեղծելով հատուկ հիշարժան օրեր, ՄԱԿ-ը նպաստում է որոշակի խնդիրների վերաբերյալ միջազգային իրազեկմանն ու գործողությունների ձեռնարկմանը: Բանկերի համաշխարհային օրվա հռչակումը դրանց ամբողջովին նոր հարթության վրա է դնում: Ինչո՞ւ հենց այսօր կարեւորության այսպիսի մակարդակում դիտարկվեցին բանկերը:- Բանկն այն կառույցներից է, որի առողջությունից է կախված նաեւ երկրի տնտեսական առողջությունը: Մարդկային զարգացման նպատակների իրականացման ճանապարհն ու վեկտորն անցնում են հենց բանկերի «միջով»: Այսօր նույնիսկ ոչ ֆինանսական գործակալություններն են եկել այն եզրահանգմանը, որ ժամանակակից բանկը, շնորհիվ ֆինանսական գլոբալացման եւ նորարարական բանկային տեխնոլոգիաների, դարձել է հանրային կառույց եւ մտել յուրաքանչյուրիս կյանք. ժամանակակից բանկն ինքնին սոցիալական պատասխանատվություն է: ՄԱԿ-ը, բանկերի միջազգային օր հռչակելով, ճանաչում է բանկի առանցքային դերն ու նշանակությունը գլոբալ կայուն զարգացման եւ կյանքի որակի բարելավման գործում։ Այսօր բանկային գործունեությունն ամբողջությամբ հիմնված է հաճախորդների եւ հասարակության վստահության ու այն ակնկալիքի վրա, որ բանկը պետք է աշխատի իրենց իսկ շահերից բխող պատասխանատու գործելաոճով: Բանկային համակարգի հաջողությունը, կայունությունն ու իրացվելիությունը պայմանավորված են հասարակության երկարաժամկետ բարեկեցությամբ, քանի որ բանկը գոյություն ունի հասարակության շնորհիվ. բանկի միջոցները հասարակությանն են եւ պետք է ծառայեն դրա շահերին ու զարգացմանը: Տեղեկանք Գրիգոր Յուրիի Հովհաննիսյան ԱրարատԲանկի խորհրդի նախագահ Ծնվել է 1971թ.-ի հունվարի 26-ին, Երեւանում:1992թ.-ին ավարտել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, 1993թ-ին՝ Բեյրութի Հայկազյան Համալսարանը։ 2001թ.-ին սովորել եւ ավարտել է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչեր դիվանագիտության եւ իրավունքի դպրոցը, ունի Մագիստրոսի կոչում։ Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական կոչում: 1994-1996թթ. Եղել է «Շելթր» ծրագրի Համակարգող ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակում։ 1996-1998 թթ. աշխատել է Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում (Ռուանդա, Զաիր, Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա) ՄԱԿ-ի Հատուկ Առաքելության Հատուկ Համակարգողի խորհրդական ծրագրերի եւ հանրային կապերի գծով։ 1998-2000թթ. ղեկավարել է Կոնգոյի Դեմոկրատական եւ Կոնգոյի հանրապետություններում ՄԱԿ-ի քարտուղարության համակարգող գրասենյակը։ 2001-2003թթ. Նշանակվել է Մերձավոր Արեւելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ-ի Հատուկ Համակարգողի գրասենյակի (UNESCO) խմբի ղեկավար եւ արտակարգ իրավիճակների պլանավորման կոորդինատոր (Երուսաղեմ ՝ Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա, Լիբանանա, Հորդանան): 2002-2003թթ. աշխատել է Պաղեստինյան ինքնավարությունում ՄԱԿ-ի քարտուղարության Համակարգող (Արեւմտյան Ափ եւ Գազայի հատված): 2004թ. եղել է ՄԱԿ-ի առաքելություն (UNAMI) գլխավոր խորհրդական Իրաքում (Հորդանան-Կատար), 2006թ-ին՝ ՄԱԿ-ի արտակարգ առաքելության Սայդայի տարածաշրջանային համակարգողը Լիբանանում: 2005-2008 թթ. դասախոսել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնում:2007-2009թթ. Զբաղեցրել է «Շուշիի Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: 2009-2013թթ. Եղել է ՀՀ գլխավոր հյուպատոսը Լոս Անջելեսում: 2013-2016 թթ. զբաղեցրել է ՀՀ դեսպանի պաշտոնը Մեքսիկական Միացյալ Նահանգներում: 2014-2016թթ. համատեղության կարգով աշխատել է ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում: 2016-2018թթ. եղել է ՀՀ դեսպանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 2018թ. դեկտեմբերի 28-ի ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։2020 թվականի մայիսից ԱրարատԲանկ ԲԲԸ Խորհրդի նախագահն է :Տիրապետում է անգելերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներին:Ամուսնացած է, ունի երկու դուստր: - Պարոն Հովհաննիսյան, ունեք դիվանագիտական մեծ փորձառություն, իրականացրել եք բազմաթիվ կարեւոր առաքելություններ տարբեր երկրներում, եղել եք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, զբաղեցրել եք ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը: Կտրուկ անցում եք կատարել դեպի բանկային համակարգ: Ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր ունեցած փորձը տեղայնացնել ֆինանսական ոլորտում: - Իմ մասնագիտական գործունեության ընթացքում հաճախ են փոփոխություններ եղել, եւ հիմնականում կտրուկ։ Վերջինը հասունացավ բեղմնավոր եւ հաջողություններով լի դիվանագիտական կարիերայիս 11-րդ տարում։ Կարծում եմ, ողջունելի, նաեւ խիստ անհրաժեշտ է, երբ հանրային ոլորտի փորձը ներդրվում եւ արդյունավետորեն կիրառվում է մասնավոր հատվածում՝ ամբողջացնելով պատասխանատու եւ հանրային շահին միտված գործունեությունը: Իմ ընկալմամբ, բանկը հիբրիդային կառույց է՝ մասնավոր եւ հանրային հատվածների բնութագրերով։ Բանկային համակարգը սեփականության իր ձեւերով, անշուշտ, մասնավոր հատված է, սակայն ֆինանսական միջնորդության իր դասական գործառույթն իրականացնելիս դառնում է «հասարակական պայմանագիր», որի հաջողությունը բխում է թե´ բանկի, թե´ պետության եւ թե´ հանրության շահերից։ Գրիգոր Հովհաննիսյանը Լուսանկարը՝ ԱրարատԲանկ Հանրային շահն ինձ համար մշտապես առաջնային է եղել, իմ մասնագիտական ամբողջ գործունեության ընթացքում փորձել եմ ծառայել հօգուտ դրա, ԱրարատԲանկում էլ շարունակում եմ աշխատել նույն առաքելությամբ: Բանկի Խորհուրդն այն մարմինն է, որը մասնավոր կառույցում ներկայացնում է հանրության շահը: ԱրարատԲանկում Խորհրդի անդամներն ու ես՝ որպես Խորհրդի նախագահ ձգտում ենք բանկի ռազմավարությունում ինտեգրել հանրության սպասելիքներին ու ակնկալիքներին համապատասխան նախագծեր: Եվ, անշուշտ, իմ միջազգային փորձառությունն ինձ հնարավորություն է տալիս օգտակար լինել բանկին միջազգային կապերի ընդլայնման, ամրապնդման ու զարգացման տեսանկյունից: Պետք է նշեմ, որ ԱրարատԲանկը միջազգային ֆինանսական հաստատությունների հետ հարաբերություններում բավականին կայացած պատմություն ունի, եւ մենք նպատակ ունենք պահպանել մեր դիրքերը: Այսօր մենք աշխատում ենք մի քանի ուղղություններով. ներգրավել միջազգային ֆինանսական ռեսուրսներ եւ մեր հաճախորդներին ներկայանալ ավելի մրցունակ, ավելի երկարատեւ եւ հասանելի պայմաններով, ԱրարատԲանկի գործընկեր բանկերի միջոցով մեր քաղաքացիների համար հասանելի դարձնել միջազգային շուկաներում տարբեր տեսակի գործարքները: Մեկ բան է խնայողություններ ունենալը, մեկ այլ բան է դրանք ճիշտ տեղաբաշխելն ու օգտագործելը, ուստի փորձում ենք ինչ-որ առումներով նաեւ կրթել ու օգնել մեր հաճախորդներին իրենց միջոցներն արդյունավետ օգտագործելու եւ սոցիալապես պատասխանատու նախաձեռնություններում կիրառելու հարցում: Օրերս ԱրարատԲանկը նմանատիպ համագործակցություն է մեկնարկել Նիդերլանդների «Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերության հետ եւ 3 մլն եվրոյի երկկողմ վարկային պայմանագիր կնքել՝ Հայաստանում տեղական բիզնեսներին հետագայում աջակցություն ցուցաբերելու նպատակով։ 09.12.2020 | 14:18 «Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ»-ը ԱրարատԲանկին €3 մլն է տրամադրել Կանաչ վարկավորման եւ կին ձեռներեցների աջակցման ծրագրերին ուղղված այս վարկն ԱրարատԲանկին հնարավորություն կտա ընդլայնել ՓՄՁ հաճախորդների կարիքներին ու պահանջներին համապատասխան մշակված պրոդուկտներն ու ծառայությունները, ինչպես նաեւ կնպաստի այս կարեւոր հատվածի զարգացմանը։ - ԱրարատԲանկը տնօրինում է հայերիս համար շատ արժեքավոր ու հարազատ բրենդ: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ էր մինչ օրս արդյունավետ օգտագործվել այս առավելությունը եւ ի՞նչ նոր գաղափարներ կան այն ավելի արդյունավետ դիրքավորելու համար:- ԱրարատԲանկը կրում է համայն հայության կարեւորագույն խորհրդանշի անունը, որը մեծ պատիվ եւ պատասխանատվություն է: Արարատը խորհրդանշում է ամրություն, կայունություն, վստահելիություն, նպատակների եւ ձգտումների իրականացում, որն արտացոլված է մեր բանկի կորպորատիվ մշակույթի, փիլիսոփայության եւ գործունեության մեջ: Գրիգոր Հովհաննիսյանը Լուսանկարը՝ ԱրարատԲանկ ԱրարատԲանկի պատասխանատվության տիրույթում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Մենք գլոբալ, համաշխարհային լայն ցանց ունեցող ազգ ենք, ուստի ԱրարատԲանկը հավակնություն ունի ժամանակի ընթացքում դառնալու համահայկական ծրագրերի օժանդակող գործընկեր կազմակերպություն եւ աջակցելու համայն հայության գաղափարների իրականացմանը: Այսօր ունենք շատ հայրենադարձներ, որոնց համար ԱրարատԲանկը հատուկ պայմաններով ծրագրերի մշակման ակտիվ փուլում է, եւ առաջիկայում դրանք ներկայացնելու առիթ կունենանք: Մենք պատրաստակամորեն կանգնած ենք մեր սփյուռքի հայրենակիցների կողքին եւ պատրաստ ենք օգնելու նրանց ինտեգրվել եւ մնալ Հայաստանում, իրենց ապագան կապել Հայաստանի հետ:- Թվային փոխակերպումը բանկերի համար դարձել է առաջնահերթություն: Գլոբալ շուկաներում առաջադեմ մոտեցումներն ուղղվում են ոչ միայն ֆինանսապես կայացած հաճախորդներին, այլեւ միլենիալներին եւ զումերներին։ Ի՞նչ գաղափարներ ունեք ֆինտեխ հատվածի զարգացման հետ կապված:- Ի թիվս հայաստանյան այլ բանկերի, ԱրարատԲանկը եւս սկսել է թվային փոխակերպման գործընթացը, ինչի վկայություն են առցանց եւ մոբայլ բանկինգի միջոցով իրականացվող գործարքների եւ օգտատերերի տարեցտարի արձանագրվող շեշտակի աճը: Բանկի Խորհրդում մենք հստակ գիտակցում ենք, որ ֆինտեխի զարգացումը ֆինանսական հաստատությունների կենսունակության գրավականներից է: Համավարակով պայմանավորված թվային տեխնոլոգիաներն առավել քան երբեւէ ձեռք բերեցին մեծ պահանջարկ, եւ արդեն մենք հայտնվել ենք բացարձակ նոր իրականությունում: Թե´ միլենիալները, թե´ զումերները եւ թե´ իմ՝ X-սերունդի հաճախորդները, ոչ միայն ցանկանալու են իրենց գումարները ստանալ եւ փոխանցել անհպում, անկոնտակտ եղանակով, այլ նաեւ անմիջապես, ապակենտրոնացված եւ թափանցիկ եղանակով ստանալ հաճախորդակենտրոն ֆինանսական ծառայություններ, իրականացնել ավելի բարդ ֆինանսական գործարքներ: Այսուհետ՝ հաճախորդակենտրոնությունը բարձր տեխնոլոգիան է. օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները՝ բանկերն այսօր կարողանում են կանխատեսել հաճախորդի վարքագիծը, գնահատել կարիքները եւ մատուցել դրանց համապատասխան ծառայություններ եւ պրոդուկտներ: Այսօր ԱրարատԲանկն իր գործունեության մեջ ֆինտեխի զարգացման եւ առաջնային կիրառման ռազմավարությունն է որդեգրել՝ ավելի մատչելի ու հասանելի ֆինանսական ծառայություններ մատուցելու համար։ - Իրար հաջորդող ճգնաժամերի շղթա էր 2020-ը: Յուրաքանչյուր ճգնաժամ որքան էլ անկանխատեսելի է, այնուամենայնիվ ունի իրավիճակային լուծումներ: Որն է բանկերի դերն այսպիսի իրավիճակներում եւ որո՞նք են ճգնաժամերի հաղթահարման Ձեր մոտեցումներն ու տեսլականը: - 2020-ը, իսկապես, բարդ մեկնարկեց եւ այդպես էլ ընթացավ: Բայց մենք ունենք մի բանկային համակարգ, որը բավականին կայուն է եւ ունակ դիմակայելու ցնցումներին ու հարվածներին: ԱրարատԲանկը մինչ օրս էլ շարունակում է իր բնականոն, անխափան աշխատանքը, ամբողջությամբ կատարել եւ կատարում է իր առջեւ դրված խնդիրները:Ճգնաժամերը տարբեր առիթներով ու պատճառներով են լինում, բայց դրանք ունեն ցիկլեր եւ երբեք հարատեւ չեն: Տնտեսության սրընթաց աճին ու զարգացմանը պետք է պատրաստվել հենց ճգնաժամի ժամանակ: Բոլոր վերլուծությունները կանխատեսում են համաշխարհային տնտեսության մեծ տեմպերով աճ, որոշ տեղերում նույնիսկ կայծակնային զարգացումներ են սպասվում: Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք այդ տեմպին զուգահեռ ընթանալուն: Պետք է նախապատրաստվենք ֆինանսավորելու տնտեսության նոր ճյուղեր ու ուղղություններ, իրականացնել լուրջ ներդրումներ հեռանկարային ոլորտներում, սկսել երիտասարդների, ստարտափերի հետ երկարաժամկետ համագործակցություններ, մշակել առանց գրավի վարկավորման արդյունավետ ծրագրեր, խթանել տեխնոլոգիական զարգացմանը եւ հետեւելու գլոբալ տենդենցներին: Այս փուլում առավել քան երբեւէ, կարեւոր է վստահել բանկային համակարգին, քանի որ դրանով իսկ մեզանից յուրաքանչյուրը մասնակցում է տնտեսության կայունացման գործին:Ճգնաժամից հետո կայծակնային զարգացումն անխուսափելի է, եւ դա չի շրջանցելու նաեւ Հայաստանին, ուրեմն պետք է նախապատրաստվել: Tweet Դիտում՝ 40649