ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Մհեր Անանյանի հարցազրույցը Banks.am-ին - Պարոն Անանյան, հիմա բոլորի ուշադրության կենտրոնում դարի արագ զարգացող ու կատարվող փոփոխություններն են: Այս համատեքստում խոսենք նոր ժամանակի բանկից: Ըստ Ձեզ, ի՞նչ է փոխվել հատկապես բանկային համակարգում, ի՞նչ մարտահրավերներ եւ հեռանկարներ կան այսօր: - Բանկն այն համակարգերից է, որն անընդհատ փոխակերպվում է եւ պետք է մշտապես հետեւի համաշխարհային միտումներին, երբեմն էլ հենց ինքը թելադրի իր կանոնները: Նորույթներն ամեն օր են եւ ամեն ոլորտում, միանգամայն տարբեր են պահանջներն ու մարտահրավերները. պետք է հասցնել քայլել ժամանակին համահունչ:Նորարարությունների այս դարաշրջանում թռիչքաձեւ զարգանում են թվային բանկերը, որոնք ձգտում են կրճատել մարդկանց ֆիզիկական գործողություններն ու բոլոր տեսակի ծառայությունները մատուցել մեկ՝ թվային հարթակում: Համավարակն էլ իր հերթին արագացրեց բանկային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների տեմպը եւ ստիպեց, որպեսզի մենք եւս մեկ անգամ վերանայենք մեր պլաններն ու երկարաժամկետ ծրագրեր կազմելու մեր սովորությունները: Նկատե՞լ եք, որ մենք գրեթե դադարել ենք կանխիկ գումարով վճարումներ կատարել կամ մեզ մոտ դրամ պահել: Ե´վ առողջության, եւ´ մեր միջոցների պահպանման անվտանգության տեսանկյունից՝ քարտերից ու online banking-ի հավելվածներից օգտվելը հիմա ակտուալ է առավել քան եբրեւէ: ԱրարատԲանկն էլ 2018թ.-ին ներդրել եւ մեծ հաջողությամբ գործարկել է mobile banking-ի համակարգը, եւ հիմա էլ շարունակում ենք աշխատել դրա կատարելագործման ուղղությամբ: Սա´ է նոր ժամանակի հրամայականը: Բայց մյուս կողմից պետք է ընդունել, որ այս նորարարությունները գերադասողների կողքին կան նաեւ կոնսերվատիվ մարդիկ, ովքեր նախընտրում են ավանդական բանկային համակարգն ու ծառայությունները: Ինքս էլ մեծ կարեւորություն եմ տալիս դեմ առ դեմ շփման մշակույթը պահպանելուն: Եվ այս պայմաններում պետք է անել հնարավորն ու անհնարինը, որ բանկում յուրաքանչյուր տարիքի, սեռի ու նախասիրության անհատի համար լինի հարմարավետ միջավայր, հաճախորդը պետք է վստահ լինի, որ ցանկացած հարցով բանկ դիմելիս ստանալու է լիարժեք օգնություն եւ խորհրդատվություն: 21-րդ դարի թելադրանքներից մեկն էլ ռազմավարությունների փոփոխությունն է. եթե նախկինում որեւէ ծառայություն մշակվում էր 5-7 տարի գործածելու տեսլականով, ապա հիմա այդ ժամանակահատվածը կրճատվել է մինչեւ 1-3 տարի: Այսօր բոլորիս ամենակարեւոր ռեսուրսը դարձել է ժամանակը: Սրընթաց փոփոխությունների այս շրջանում մենք հասկացանք, որ ամենաբարդ իրավիճակն այն է, երբ քո որոշումից շատ բան է կախված: Բանկերն այժմ կրկնակի պատասխանատու պետք է լինեն բազմաթիվ հարցերում. մենք հստակ գիտակցում ենք, որ երբեմն պետք է արագ, մտածված ու արդյունավետ որոշումներ կայացնել, կարեւորել ժամանակի գինը, որովհետեւ, գուցե, «այո»-ն ու «ոչ»-ն ամենակարճ բառերն են, բայց երբեմն, ինչպես պոետն է ասում, պետք է մի ամբողջ կյանք ապրել դրանք արտաբերել կարողանալու համար: - Պարոն Անանյան, շուրջ 30 տարի գործունեություն ծավալելուց եւ հայաստանյան բանկային համակարգում ուրույն տեղ գրավելուց հետո ԱրարատԲանկը ներկայանում է արդեն վերաբրենդավորված ու նոր կարգախոսով: Ո՞րն է նոր բրենդի խորհուրդը:- Մեզ համար պատիվն ու պատասխանատվությունը սկսվում են հենց մեր անվանումից: ԱրարատԲանկի իմիջը գույները կամ տառերի շարվածքը չեն. համայն հայության համար փարոս ու կարեւորագույն խորհրդանիշի անունը կրելով՝ արդեն իսկ պարտավորվում ենք լինել արժանի կառույց՝ համապատասխան արժեքներով եւ սկզբունքներով: Այս տարիների ընթացքում մեր առաջնային նպատակներից է եղել նպաստել Հայաստանում բանկային յուրահատուկ մշակույթի ձեւավորմանը եւ խթանել մարդակենտրոն, հաճախորդի ու աշխատակցի նկատմամբ հոգատար գործելաոճի զարգացումը: Այժմ մենք համախմբվում ենք նոր բարձունքներ նվաճելու նպատակի շուրջ եւ միավորում ենք բոլորին՝ թիմ, հաճախորդներ, ղեկավար կազմ, գործընկերներ ու պետություն, իսկ «միասին»-ի կոնցեպտը ներդնում ենք բոլոր հարաբերություններում: Բոլորիս էլ ամբողջ կյանքում ուղեկցում է բարձրանալու ձգտումը, եւ մենք ԱրարատԲանկի վերաբրենդավորումը կառուցել ենք «Բարձրանում ենք միասին» գաղափարախոսության հիման վրա:Ամեն ինչ սկսվում է փոխվստահությունից, որը միասնության մեկ այլ ձեւակերպում ու դրսեւորում է: Ցանկացած համագործակցություն մեկնարկելուց առաջ պետք է համոզված լինել, որ քո կողքին վստահելի ուղեկից է, եւ եթե միասնության օղակում որեւէ մեկը շեղվի, ապա կխախտվի ամբողջ համակարգը, իսկ առանց միմյանց ձեռք մեկնելու բարձրանալ հնարավոր չէ: Վստահության տեսանկյունից շատ կարեւոր են բանկ-հաճախորդ փոխհարաբերությունները, որոնք մենք հիմա «ազատում ենք» ամեն տեսակ բաժանարարներից: ՀաՃախորդը պետք է վստահ լինի, որ բանկն իր կողքին է ցանկացած պարագայում, պետք է իմանա, որ իր ընտրած բանկում կան արժեքներ, որոնք գնահատվում են, առաջնային են եւ անփոխարինելի: Բանկային համակարգում ամենակարեւոր առանձնահատկություններից մեկը լսել կարողանալն է: Մեր հաճախորդը պետք է համոզված լինի, որ այստեղ կարողանում են խորությամբ ընկալել խնդիրը, պատրաստակամ են օգնելու։ Սկզբունքները, որոնցով հիմա առաջնորդվում եմ աշխատանքում, կյանքում էլ կարեւոր եւ մշտապես ուղեկից են եղել, որովհետեւ դեռեւս մանկուց դաստիարակվել եմ որոշակի արժեքներով: Հայրս միշտ ասում էր, որ մեր օրն ապրենք այնպես, ասես դա ամենապատասխանատուն կամ ամենավերջինն է: Ինձ ու եղբայրներիս սովորեցրել է, որ կյանքում առանց ձախողումների վեր չես բարձրանա: Մեր արժեհամակարգի ու սովորույթների վրա էլ կառուցել ենք մեր սեփական կյանքը, թե´ պատանեկության, թե´ երիտասարդության եւ թե´ արդեն հասուն շրջանում կատարել կարեւոր քայլեր, ընդունել որոշումներ: Մեզ համար ընդունված մոդելը եղել է մեր ընտանիքը, փորձել ենք չկտրվել մեր ակունքներից, բարին ու չարը, ճիշտն ու սխալը տարբերակելու ունակությունից: Ընտանիքի մոդելն առավելագույնս լավ դրսեւորվում է հենց բանկ-թիմ հարաբերություններում: Ինչպես ընտանիքում, այստեղ էլ միշտ պետք է խրախուսել, քաջալերել միմյանց, հնարավորություն տալ ինքնադրսեւորվելու, ավելի լավը դառնալու եւ կատարելագործվելու: Թիմում էլ յուրաքանչյուրը պետք է զգա, որ ընդունված է, գնահատված ու կարեւոր: Երբ աշխատակցին գոնե մեկ հնարավորություն ես տալիս վեր բարձրանալու, հավատացեք, հետ ես ստանում կրկնակին. նա ուզում է ցույց տալ, որ իրեն վստահելն ու դեպի բարձունք ուղղելն արդարացված որոշում էր: Ինքս էլ կյանքում իմ առաքելությունը համարում եմ նաեւ ապրեցնելը, որովհետեւ միայն քեզ համար ապրելը, ինչ-որ առումով, էգոիզմի դրսեւորում է: Վստահեցնում եմ, որ չկա ավելի մեծ բերկրանք, երբ կարողանում ես ապրել ու ապրեցնել, բարձրանալ ու բարձրացնել: Սա, երեւի թե, իմ կառավարման յուրահատկություններից մեկն է, ինչը ձեռք եմ բերել տարիների փորձառության արդյունքում: Գուցե կնմանվեմ շատերին, ասելով, որ ոչինչ հեշտ չի տրվել ինձ, բայց իրականությունը դա է: Երիտասարդ տարիքում բանկային համակարգում եմ աշխատել. 28 տարեկան էի, սակայն արդեն 142 հոգանոց թիմ էի ղեկավարում: Այդ ժամանակ որոշումներ կայացնելիս ավելի կտրուկ էի, իսկ հիմա կարեւոր եմ համարում ասելիքը լիարժեք տեղ հասցնելը՝ առանց ավելորդ սուր մտքերի կամ քայլերի. էմոցիաները լավագույն զգացողություններ են, բայց միանշանակ՝ ոչ լավագույն բարեկամները: Իմ կյանքում տեղի են ունեցել ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության տարբեր դեպքեր: Բայց ցանկացած պարագայում համոզված եմ եղել, որ ամեն ինչ նոր մեկնարկի, դեպի լավը տանող նոր ուղի հարթելու եւ ավելի վեր բարձրանալու համար է։ - Իսկ այս տեսանկյունից ո՞րն է պետության դերը «Բարձրանում ենք միասին» գաղափարախոսությունում. չէ՞ որ բանկերը երկրի ֆինանսական կայունությունն ապահովող կարեւոր կառույց են:- Բանկը երկրի զարգացումն ապահովող հիմնասյուներից է, եւ մեր միասնությունը թերի կլիներ առանց բանկ-պետություն, երկիր եւ տնտեսություն օղակի: Բանկերի հիմնական գործառույթը տնտեսության չշրջանառվող միջոցները ներգրավելն ու դրանց կարիքն ունեցող ճյուղերում ներդնելն է: Այսինքն՝ բանկը սեփական ռիսկով պատասխանատվություն է ստանձնում, որպեսզի այդ միջոցներն օգտագործվեն արդյունավետորեն եւ ըստ անհրաժեշտության: Արդյունքում շահում են բոլոր օղակները՝ ավանդատուն, բանկը, պետությունը, որովհետեւ հարկեր վճարողները հենց շղթայի բոլոր մասնակիցներն են: Հետեւաբար, բարձրանալով, մեզ հետ միասին վեր ենք տանում նաեւ բանկի հետ առնչվող բոլոր կառույցներին ու համակարգերին: Այդ համակարգերի հաջողության մի մասն էլ բանկերն են, սակայն մեր հասարակությունում ձեւավորված կարծրատիպերի հիման վրա հաճախ քննադատում, մեղադրում են բանկերին: Երբեմն էլ բանկերից «նեղանում են» վարկեր մերժելու, միջոցներ չտրամադրելու պատճառով, սակայն չեն էլ գիտակցում, որ բանկը նրանց պարզապես զերծ է պահում հավանական ձախողումներից: ԱրարատԲանկում յուրաքանչյուր հաճախորդի անհատական մոտեցում է ցուցաբերվում, եւ մենք միշտ խորությամբ ուսումնասիրում, գնահատում ենք հաճախորդի կարիքները, ռիսկերը, անում որոշակի կանխատեսումներ: Այդ ամենի արդյունքում էլ հասկանում ենք, որ մերժելով հաճախորդին հետ ենք պահում մի նոր փորձությունից, քանի որ մեր նպատակը միայն բանկի շահութաբերությունն ապահովելը չէ. մենք գիտակցում ենք, որ հաճախորդները մեր կորպորատիվ մշակույթի մի մասն են, եւ ոչ մի բարձունք հաղթահարելի չէ առանց նրանց: Մենք միավորվում եւ բարձրանում ենք միասին՝ հաղթահարելով բոլոր տեսակի մարտահրավերներն ու կոտրելով կարծրատիպերը:Համագործակցության տեսանկյունից, եթե ուզում եք վստահելի միջավայր, ապա բանկն այդ կառույցն է, եթե ուզում եք զարգանալ, առաջ գնալ, ապա բանկն այդ կառույցն է, եթե ուզում եք հեռանկարային աշխատանք, միշտ մոտիվացված թիմ, ապա բակն այդ կառույցն է, եթե ուզում եք բարձունքի ճանապարհի վստահելի գործընկեր, ապա բանկն այդ կառույցն է: Պետության համար էլ բանկերն ամենակարեւոր ինստիտուտներն են, որովհետեւ դրանք են շարժիչ ուժը թե´ ֆինանսական կայունության, թե´ տնտեսության զարգացման եւ թե´ ֆինանսավարկային քաղաքականության իրականացման համար: Բանկն այն կառույցն է, որի շնորհիվ միտքն ու գաղափարը դառնում են իրականություն: Մենք բարձրանալու ենք միասին, եւ մեր միասնության մեջ տեղ ունեն բոլորը: Tweet Դիտում՝ 46384