Հովնան Շահբազյան. Հայկական բանկերի մարդակենտրոն ինտերիերի գաղտնիքները

04.09.2020 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Վերջին տասնամյակում միջազգային տարբեր ընկերություններ բիզնեսում մարդակենտրոնությունը սկսել են կարեւորել նաեւ ինտերիերի դիզայնի տեսանկյունից: Հաճախորդի համար առավելագույնս հարմարավետ եւ մտերմիկ միջավայր ստեղծելու այս միտմանը բանկային ոլորտը եւս հետեւում է, որի օրինակներն արդեն իսկ կան նաեւ Հայաստանում:

Թեմայի շուրջ Banks.am-ը զրուցել է Futuris Architects ընկերության տնօրեն Հովնան Շահբազյանի հետ:

- Պրն Շահբազյան, միջազգային ընկերություններում ինտերիերի դիզայնը տարիների ընթացքում ինչպիսի՞ փոփոխության է ենթարկվել, հատկապես բանկային ոլորտում:

- Ընդհանուր առմամբ բոլոր տեսակի մեծ կառույցներում, որտեղ առկա է ուղիղ շփում հաճախորդի հետ, վերջին 10-15 տարվա ընթացքում փոխվել է հաճախորդի հանդեպ վերաբերմունքը: Բանկային համակարգում եւս շատ ընկերություններ ավելի հաճախորդակենտրոն են դարձել, այսինքն՝ աշխատում են հաճախորդին գոհացնելու, նրա կարիքները հոգալու եւ նրան գործընկեր դարձնելու ուղղությամբ:

Մոտ 15 տարի առաջ, երբ մտնում էինք բանկ, միջավայրը շատ ավելի չոր էր: Ինտերիերի ձեւավորումն արված էր այնպես, որ մարդիկ ավելի զգաստացած լինեն: Հետզհետե միջազգային մի քանի խոշոր բանկեր, որ եղանակ են ստեղծում աշխարհում, սկսեցին նորարարական դիզայնի տարրեր մտցնել ինտերիեր՝ դարձնելով այն ավելի հետաքրքիր: Ավելի ուշ, դա դարձավ սովորական միտում, որին հետեւեցին ռեբրենդինգ անող բոլոր բանկերը:


Հայաստանում այս փոփոխությունը սկսվեց Evocabank-ից, որն իր ռեբրենդինգից հետո մեզ կոնկրետ հանձնարարություն տվեց՝ ստանալ շատ ավելի հանգիստ, թեթեւ միջավայր: Եթե նկատել եք, հաճախորդն ու բանկի աշխատակիցը այս բանկի մասնաճյուղերում նույն հարթության վրա են, այսինքն՝ կանգնած հաճախորդ չկա: Դա հենց բանկի առաջարկներից էր, որն ավելի է մոտեցում հաճախորդին եւ բանկի ներկայացուցչին:

- Ձեր ընկերությունը բանկային ոլորտում մարդակենտրոն ինտերիերի ստեղծման օրինակներ արդեն իսկ ունի: Արդյոք կա՞ որոշակի արձագանք առ այն, թե որքանով է դիզայնը հաջողված:

- Պատասխան արձագանք առկա է մշտապես: 3-4 տարի առաջ Evocabank-ի գլխամասի դիզայնն անելուց հետո շարունակում ենք կապ պահել բանկի հետ, քանի որ այն պարբերաբար այլ մասնաճյուղեր է վերանորոգում կամ բացում: Հաշվի առնելով առկա փորձը՝ որոշ փոքր փոփոխություններ ենք անում, օրինակ, հաճախորդների սպասարկման դաշտում՝ փորձելով հասկանալ, թե ինչպիսի տարածքներում է ավելի հեշտ սպասելը: Գործընթացն անդադար կատարելագործվող է:


Շատ հաճախորդներ իրենց բնակելի տարածքների ինտերիերի դիզայնի համար դիմել են մեզ՝ IDBank-ի ֆլագմանային գրասենյակը տեսնելուց հետո: Սա եւս խոսում է այն մասին, որ կարողացել ենք ստանալ հարմարավետ միջավայր:

Հիմա բանակցություններ ենք վարում արտասահմանյան մեծ բանկի հետ: Հուսանք՝ կկարողանանք մեր ջիղն ու եռանդը նաեւ արտահանել:  

- Ի՞նչ հիմնական սկզբունքներով եք առաջնորդվում, որպեսզի հաճախորդի համար ստեղծեք մտերմիկ միջավայր:

- Արվեստին մոտ կանգնած ցանկացած ոլորտ ունի իր արտահայտվելու լեզուն: Դիզայնի դեպքում այդ լեզուն կաղապարներն են, լուսավորությունը եւ ընտրված նյութերը: Հանգիստ միջավայր ստեղծելու ու լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է օգտագործել բնությունից վերցված նյութեր, որոնց հետ շփումը սառնություն չի հաղորդի:

10 եւ ավելի տարի առաջ բոլոր բանկերն ունեին պրես գրանիտե կամ քարե հատակներ: Դա նպաստում էր զգաստության զգացողությանը, որը ժամանակի պահանջն էր: Քանի որ մարդիկ դուրս են գալիս նման ձեւաչափից, դրան զուգահեռ դիզայնի նյութերը եւս փոխվում են:


Այժմ քարից անցում է կատարվում վինիլային հատակներին, որովհետեւ այն փափուկ ու տաք նյութ է, քայլելիս աղմուկ չի առաջացնում: Եթե նախկինում պատերը եւս երեսպատվում էին քարերով, այժմ օգտագործվում են փայտային նյութեր, դեկորատիվ պանելներ: Ամեն ինչ արվում է այնպես, որ մարդն իրեն ավելի հանգիստ զգա:

Նախկինում սառը սպիտակ լույսն ընտրվում էր աշխատակցին զգաստ վիճակում պահելու համար եւ մոռացության էր մատնվում այն հանգամանքը, որ աշխատակցի հետ նույն միջավայրում գտնվում է նաեւ հաճախորդը, որի մեջ եւս լարվածություն է մտնում:


Այժմ մեր նախագծերում օգտագործում ենք այնպիսի լուսավորություն, որը մոտ է արեւի լույսին, քանի որ մարդը նման լույսի տակ իրեն հանգիստ է զգում:

- Այս դեպքում այցելուի համար հանգիստ միջավայրի ստեղծումը ինչպե՞ս է անդրադառնում աշխատակցի վրա:

- Միայն դրական: Ի վերջո՝ լինի այցելու, թե աշխատակից, մարդիկ մեծ մասամբ կենսաբանորեն նույն տեսակի են: Այսինքն՝ եթե ստեղծել ես այնպիսի միջավայր, որտեղ հաճախորդը իրեն լավ է զգում, ապա նույն միջավայրում իրեն լավ է զգում նաեւ քո թիմակիցը:

Այս առումով եւս որոշակի մոտեցումներ են փոխվել: Նախկինում բիզնեսի կառավարման մոդելն ավելի մոտ էր գերմանական հիերարխիկ մոտեցմանը, որ Հայաստանը Խորհրդային Միությունից էր ժառանգել: Հիմա ուղղությունը փոխվում է դեպի ճապոնական ու ամերիկյան մոդելները, այսինքն՝ ընկերություններն աշխատում են այսպես կոչված «տափակ կառավարման» ոճով, որտեղ բոլորը հավասար են եւ պայքարում են մեկ նպատակի համար:


Իսկ նման միջավայրում զգաստություն եւ «սոլիդություն» պահանջելն անիմաստ է: Աշխատակցին պետք է թողնել հնարավորինս ազատ, որպեսզի նա կարողանա ինքնադրսեւորվել:

- Ինտերիերի դիզայնն ինչպե՞ս է ազդում մարդու վրա զգացմունքային առումով:

- Պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ դիզայներներս կարող ենք կտրուկ տարբեր ազդեցություններ թողնել մարդու վրա: Այցելուն մի միջավայրում գտնվելիս գուցե չհասկանա՝ ինչու է անհարմարավետություն զգում, թեպետ իր աթոռը շատ հարմարավետ է, կամ ինչու չի կարողանում քնել մի սենյակում, որտեղ ամեն ինչ արված է ըստ իր ճաշակի:

Մեր թիմն իր առջեւ նպատակ դնելիս առաջնահերթ կարեւորություն է տալիս մարդու զգացմունքային դաշտին: Փորձում ենք հասկանալ՝ ինչ զգացողություն ենք ցանկանում փոխանցել մարդուն, որ գտնվելու է այդ ինտերիերում:


Որոշ մարդիկ կարծում են, թե դիզայնը միայն պատերի գույնն է, բայց իրականում այն շատ ավելի խորը գիտություն է: Երբ աշխատանքին մոտենում ես հոգեբանության տեսանկյունից, գործը շատ ավելի հետաքրքիր է դառնում: Հասկանում ես, որ կարող ես ազդել մարդու կյանքի վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով: Ելնելով այդ հանգամանքից՝ առավել մեծ պատասխանատվությամբ ես սկսում վերաբերվել գործին: Օրինակ՝ եթե X բանկի մասնաճյուղ մտնելու է օրական 2000-3000 մարդ, ապա դու պատասխանատու ես այդքան մարդու տրամադրության համար:

- Արդյոք տարբերվու՞մ է հարմարավետ դիզայնը ըստ բիզնեսի ոլորտների:

- Իհարկե: Մեզ մոտ անգամ թիմերն են բաժանված են ըստ ոլորտների: Այն աշխատակիցը, որը զբաղվում է բանկային ոլորտի դիզայնով, ամբողջապես պատկերացնում է բանկի ներքին կառուցվածքը:

Ես փորձում եմ մեր ընկերությունում ներդնել դիզայն մտածողություն, որը ենթադրում է հետեւյալը. մենք ոչ միայն փորձում ենք օգնել պատվիրատուին մեր սահմանափակ պատասխանատվության սահմաններում, այլեւ տվյալ բիզնեսը դիտարկել ներսից: Փորձում ենք հասկանալ, թե օրինակ, ռեստորանային ոլորտում հաճախորդը ո՞ր դեպքում է իրեն ավելի լավ զգում, ի՞նչ է ուզում տեսնել, ի՞նչ զգացողություն է ուզում ունենալ, ո՞ր դեպքում ավելի երկար կմնա տվյալ տարածքում եւ այլն: Այսինքն՝ բիզնեսի խորքային ուսումնասիրության հիմքով սկսում ենք ստեղծել համապատասխան դիզայներական միջավայր:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 27132
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW