«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հարցազրույցը- Պարոն Երեմյան, արդեն մի քանի օր է, ինչ նոր ռեստորան եք գործարկել: Նման քայլը բավականին համարձակ ու ռիսկային է այս պայմաններում, երբ շատերը փակում են եղածները կամ էլ փոփոխում գործունեության ուղղությունը։ Ինչո՞վ է պայմանավորված նոր ռեստորանն այս օրերին բացելու Ձեր որոշումը: - Համաձայն եմ, որ դրա մեջ ռիսկ կա, բայց մենք դեռ 2019-ին էինք հայտարարել, որ 2020-ին պետք է ավարտին հասցնեինք կիսատ թողած ծրագրերը եւ գործարկեինք 4 նոր ռեստորան: Մենք նպատակ ունեինք տարբեր երկրների խոհանոցներն ու ավանդույթները Հայաստանում ներկայացնել մեր կազմակերպության ոճով, ձեռագրով ու մոտեցումներով: Casa Nostra-ն մեր նոր երազանք էր՝ իտալական համ ու հոտով, դա այն ռեստորանն էր, որի բացումն առաջինն էինք նախատեսում: Արդեն ամեն ինչ պատրաստ էր բացման համար: Սակայն համավարակով պայմանավորված շատ ծրագրեր՝ այդ թվում նաեւ Casa Nostra –ի մեկնարկը հետաձգեցինք: Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Համավարակի այս պայմաններում իտալական Casa Nostra-ի բացումն էլ ավելի խորհրդանշական դարձավ: Քանի դեռ սահմանները փակ են, տարբեր երկրներ՝ այդ թվում հենց Իտալիան էլ շարունակում է պայքարը վարակի դեմ, մենք մեր հայրենակիցներին իտալական խոհանոցով, ավանդույթներով, մթնոլորտով առաջարկում ենք Հայաստանում իրենց զգալ ինչպես իրական իտալական փոքրիկ մի գյուղաքաղաքում, ասենք՝ արեւային Տոսկանայում: Սա նվեր է մեր քաղաքին, մեր բնակիչներին ու հյուրերին: - Ինչու՞ հենց իտալական։ Ո՞րն է իտալական խոհանոցի գրավչության գաղտնիքը։- Իտալական խոհանոցն ամբողջ աշխարհում ամենահայտնիներից է, եւ այդ ուտեստները՝ ռիզոտտո, ռավիոլի, տարատեսակ պիցցաներն ու պաստաները սիրում են բոլորը, հայերը՝ նույնպես: Երեւի թե սա բացատրվում է նրանով, որ իտալական ու հայկական խոհանոցներն ունեն որոշակի նմանություններ: Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Իտալական ու հայկական խոհանոցի «միավորողն» այստեղ միմիայն թարմ ու որակյալ մթերքի կիրառումն է: Եվ ասեմ՝ համային առումով էլ շատ չեն տարբերվում՝ արեւային, մոտ կլիմայական պայմաններում աճող տեսակներ են։ Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Որոշակի նմանություններ կան նաեւ խոհարարական մոտեցումների տեսանկյունից։ Մեր խոհարարներից յուրաքանչյուրն էլ իր փոքրիկ գաղտնիքն ունի, որեւէ շտրիխ, որն առանձնացնում է իրեն մյուսներից: Իտալացի խոհարարներն էլ մեր խոհարարների նման իրական գուրմաններ են, ովքեր նախընտրում են ներկայացնել հին ավանդույթներով, մայրիկ-տատիկների գաղտնի բաղադրատոմսերով պատրաստած ուտեստները։ Casa Nostra-ի բացումը որոշակի առումով հնարավոր դարձավ նաեւ մեր Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի շնորհիվ, որի շրջանավարտներն են աշխատում այստեղ։ Ի դեպ, Ակադեմիայում իտալական խոհանոցին նվիրված մի շարք դասընթացներ ունենք, որոնք գրեթե միշտ ամենապահանջվածներն են։ Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Casa Nostra-ն ընդարձակ, բաց խոհանոց ունի, եւ այդ հարթակում բոլորի աչքերի առջեւ մեր խոհարարները ներկայացնելու են իրենց մասնագիտական հմտությունները՝ իտալական ուտեստների պատրաստման յուրահատուկ, գեղեցիկ ընթացքը: Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» - Բազմիցս կարծիքներ են հնչել, որ ռեստորանային ոլորտն ամենատուժածներից մեկն է եւ դեռ երկար ժամանակ, գուցե, ոտքի չկանգնի: Այս պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում ոլորտի հետագա զարգացումը:- Casa Nostra-ն բացելուց առաջ երկար մտածեցինք ու եկանք այն եզրահանգման, որ հենց հիմա է պետք գործել: Մենք չենք հիասթափվել ու հուսահատվել, մենք այս քայլով, այս պայմաններում ռեստորան բացելով ուզում ենք նաեւ ոգեւորել մեր գործընկերներին՝ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի իրենք էլ չհանձնվեն ու թույլ չտան երկար տարիների քրտնաջան աշխատանքով վաստակածը, սերն ու վստահությունը կորչի: Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Ռեստորանային ոլորտն այն գործն է եղել, որին նվիրվել ենք անմնացորդ՝ մեր մտքերով, հոգով-սրտով, պատասխանատվության անմարդկային բեռով ու արդյունքների բերկրանքով եւ հպարտությամբ։ Գործ, որի արգասաբերության եւ արդյունավետության պտուղները արդեն իսկ սկսել էինք տեսնել, հատկապես՝ վերջին տարիներին: Այս համավարակը սկսվեց հենց այն ժամանակ, երբ մենք բոլորս դեռ նոր պետք է տեսնեինք ու վայելեինք զբոսաշրջիկների տարեց տարի աճող հոսքը։ Ռեստորանային ինդուստրիայի սրընթաց զարգացումն ավելացրել էր նոր աշխատատեղեր, կյանքի որակն էր փոխել, նոր մշակույթ էր ձեւավորել։ Բայց այսօր ի՞նչ ունենք։ Հուսաթափ մի իրավիճակ, երբ մարդիկ խուսափում են այցելել ռեստորաններ, հրաժարվում են իրենց սովորույթներից, ոլորտի մասնագետները ստիպված թողնում են իրենց սիրելի աշխատանքը եւ տարիների կուտակած փորձն ու գիտելիքները մի կողմ դնում, որ ինչ-որ ապրուստ հայթայթեն։ Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Ես չեմ ուզում, որ մենք հուսահատվենք։ Ուզում եմ, որ մեր աշխատանքով ապացուցենք, որ այս ոլորտը պետք է զարգանա, հենց մենք ու մեր գործընկերները պետք է զարգացնենք այն՝ նոր ու համարձակ նախագծերով: Մենք բոլորից լավ գիտենք այս գործի նրբերանգները, գիտենք՝ ինչ է պետք, որպեսզի արդեն փորձառու եւ կայացած մասնագետները չլքեն ոլորտը, որպեսզի քաղաքացիների կողմից սիրված, քաղաքի խորհրդանիշը դարձած սիրելի ու ջերմ վայրերը չփակեն իրենց հյուրընկալ դռները։ Հիմա չենք կարող կորցնել այն, ինչ ստեղծել ենք տարիներով՝ քարը-քարին դնելով. եթե բաց թողնենք այն ժամանակը, երբ կարող ենք ինչ-որ բան փոխել, մենք 0-ից սկսելու ու ամուր հիմքեր կառուցելու խնդրի առջեւ ենք կանգնելու: Քանդելը շատ հեշտ է, կորցնելը՝ դյուրին, բայց այս ամենը մի օր ավարտվելու եւ տուրիզմը վերականգնվելու է, ու մեծ հույսեր ունեմ, որ այդ բաղձալի օրը հեռու չէ: Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Մենք ստեղծող, արարող, երբեք չհանձնվող տեսակ ենք: Մենք ոչինչ չենք փակել՝ մենք նոր ռեստորան ենք բացել։ Այս ռեստորանով կշարունակենք մեր սկսած գործն ու մեր առաքելությունը: Casa Nostra թարգմանաբար նշանակում է «մեր տունը»։ Տնական կամ ընկերական ռեստորանի ջերմ ու խաղաղ մթնոլորտը, հին ավանդույթներով, իտալացի մայրիկ-տատիկների գաղտնի բաղադրատոմսերով պատրաստած համեղ ուտեստները՝ դա հրավեր է հյուրերին. համեցե՛ք մեր հյուրընկալ տունը, մեր ընտանեկան համեղ անկյունը, համեցե՛ք մեր պատկերացրած Իտալիա, այն այստեղ է՝ ձեր կողքին: Բարի գալուստ մեր տուն։ Tweet Դիտում՝ 37659