Արտաշես Վարդանյան. «Կանաչ» շենքի կառուցումը մեծ պատասխանատվություն է քաղաքի հանդեպ

20.07.2020 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արտաշես Վարդանյան #«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ»
2020  թվականի փետրվարին «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության եւ  ամերիկյան Global Capital Investment Fund-ի միջեւ ստորագրվել է ներդրումային պայմանագիր` Երեւանում էներգախնայող եւ էկոարդյունավետ, բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու նպատակով: Ներդրումային ծրագրի մասին Banks.am-ը զրուցել է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանի հետ:

- Պարոն Վարդանյան, այս դժվարին իրավիճակում՝ օր օրի ավելի խորացող տնտեսական  ճգնաժամի պայմաններում «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն մեկնարկում է նոր  նախագիծ եւ խոշոր ներդրումներ է ներգրավում: Կպատմե՞ք՝ կառուցապատման ինչ նախագծի մասին է խոսքը:

- Այս նախագիծն իրականացնելու գաղափարն արդեն մի քանի տարի է, ինչ մտքումս էր: Նախկինում, երբ հաճախ էի անցնում Ազատության պողոտայով, աչքիցս երբեք չէր վրիպում այնտեղ գտնվող ամայի մի հատված, որն անհասկանալի կերպով տարիներ շարունակ անուշադրության էր մատնված, չնայած, որ շրջակայքը  բավականին բանուկ է՝  կից կան այլ կառույցներ, բնակելի շենքեր, զվարճանքի վայրեր, բիզնես կենտրոններ: Միշտ մտածում էի՝ չէ՞ որ  սա մեր քաղաքի  համար նաեւ մուտք ու ելք է, եւ որ մեր բնակիչները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները մայրաքաղաք մուտք գործելիս պետք է տպավորվեն ակնահաճո տեսարանով, քաղաքի խնամված եւ բարեկարգ ճարտարապետական դիմագծով, տեսնեն գեղեցիկը, գրավիչը եւ հետո շարունակեն իրենց ճանապարհը դեպի քաղաքի կենտրոն:

Ավելի ու ավելի էր հասունանում ցանկությունը մշակելու ներդրումային մի նախագիծ, որը  հնարավորություն կտա կառուցապատել այդ տարածքը, բարեկարգել այն, «շունչ հաղորդել» ամայացված տեղանքին՝ պահպանելով ճարտարապետական ներդաշնակությունը  հարակից կառույցների հետ:

Շատ արագ համախոհների խումբ հավաքվեց, ձեւավորեցինք թիմ, գաղափարը զարգացրեցինք եւ որոշեցինք, որ այստեղ ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելը կլինի լավագույն լուծումը: Այս տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը կունենա մի շարք առավելություններ. այն քաղաքի կենտրոնում չէ եւ կնպաստի տվյալ վարչական շրջանում կյանքի աշխուժացմանը, ինչպես նաեւ քաղաքային համաչափ զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը:

Այսպես, սկսեցի հետաքրքրվել տեղանքով՝ լքված, վաղուց չգործող, քանդված վիճակում ջրավազան է եղել: Նախկինում այդ ջրավազանը հանդիսացել է Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի սեփականություն եւ ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 1997թ. մարտի 10-ի թիվ 11 որոշմամբ հաստատված համայնքի սեփականությունը հանդիսացող գույքերի ցանկում: Համայնքն այն ավագանու որոշմամբ օտարել է 2007թ., իսկ մեր ընկերությունն այդ գույքը ձեռք է բերել 2019թ. մայիսին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ վճարել բոլոր հարկերը:

Հատուկ այս նախագծի համար արդեն ձեւավորված թիմով ստեղծեցինք «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, որը զբաղվելու է կառուցապատման նախագծով եւ իրականացնելու է այս խոշոր ներդրումային ծրագրի կառավարումը: Այնուհետեւ դիմեցինք համապատասխան մասնագետների, կատարեցինք ուսումնասիրություններ, կազմեցինք ներդրումային ծրագիրը եւ արդեն 2019 թվականի մարտից սկսեցինք բանակցությունները պոտենցիալ ներդրողների հետ:

2020 թվականի փետրվարի 1-ին «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության եւ այս  ծրագիրը ֆինանսավորողների միջեւ կնքվեց ներդրումային պայմանագիրը:

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության այս նախագիծը ֆինանսավորվում է ներդրողների խմբի կողմից՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան: Ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել է կոնսորցիում, որի անդամներն են ամերիկյան Global Capital Investment Fund-ն ու Հայաստանի ֆինանսական շուկայում առաջատար «Առաջին հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (ԱՄՆ -Հայաստան):

Համավարակով պայմանավորված՝ մեր աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել էինք, հիմա արդեն վերսկսել ենք եւ ակտիվ նախագծման փուլում ենք:

- Իսկ ի՞նչ չափի ներդրումների մասին է խոսքը եւ ինչպե՞ս հաջողվեց ներգրավել խոշոր չափով ներդրումներ նախագիծը կյանքի կոչելու համար:

- Երբ նախագիծը ներկայացրեցինք, ներդրողներն այն դրական ու հեռանկարային գնահատեցին: Ներդրողների ուշադրությունը հատկապես գրավեց տարածքի ընտրությունը եւ էսքիզային նախագիծը, նրանց հավանությանն արժանացավ նախագծի իրականացման հիմքում դրված՝ քաղաքի ճարտարապետական դիմագիծը բարեկարգելու գաղափարը, քանի որ իրենք էլ էին կարեւորում տարածքային զարգացումը, կանաչապատումը եւ բարելավումը: Ինչ վերաբերում է ներդրումների չափին. նախագծի  ընդհանուր ֆինանսավորումը կազմում է մոտ 10 մլրդ ՀՀ դրամ, որի մեծ մասն ուղղակի օտարերկրյա ներդրում է, ինչն այսօր մեր տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է: Կառուցապատման փուլում վճարվելու է մոտ 2 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ: Բուն շինարարական աշխատանքների սկսելուն պես ստեղծելու ենք նոր աշխատատեղեր, ներգրավելու ենք նոր աշխատակիցների եւ շարունակելու ենք կատարել ներդրումային ու հարկային բոլոր պարտավորությունները:  

- Կառուցելու եք բազմաֆունկցիոնալ համալիր: Ինչո՞վ է տարբերվելու այս նախագիծը նմանատիպ այլ նախագծերից, որո՞նք են լինելու առավելությունները:

- Գիտեք, այս նախագծի կյանքի կոչումն ինձ համար կարեւոր է ոչ միայն որպես նախագծի ղեկավարի. ես ունեմ նաեւ իմ սուբյեկտիվ շարժառիթները: Հայրս՝ Վահան Վարդանյանը, երկար տարիներ ղեկավարել է կառուցապատման նախագծեր, եւ նրա օրոք Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կառուցվել են մի շարք բնակելի շենքեր, որոնք մինչ օրս շահագործվում են։ Ես էլ դեռ մանկուց միշտ եղել եմ մեր տանը մայրաքաղաքին վերաբերող քննարկումների մասնակիցը, եւ այդ ամենն իմ մեջ սերմանել է մեր քաղաքի հանդեպ մեծ սեր ու պատասխանատվություն։

Այո, կառուցելու ենք բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր. ամբողջ տարածքը շուրջ 3000 քմ է: Ծրագրով նախատեսվում է նաեւ առեւտրի կենտրոն, գրասենյակային տարածքների կառուցումը եւ, իհարկե՝ մատչելի բնակարաններ, որոնք հասանելի կլինեն նաեւ երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով: Նույնիսկ նպատակ ունենք շենքից դեպի Երազ այգի կապող կամուրջ՝ վերգետնյա անցում կառուցել: Չնայած մեր նախագծի շուրջ արդեն տարածված ասեկոսեներին՝ տարածքում նախատեսված «երկու 25 հարկանի երկնաքերերի մասին պտտվող լեգենդներին», նշեմ, որ  դա չի համապատասխանում իրականությանը. լինելու է մեկ շենք եւ այդ շենքը դեռեւս նախագծման փուլում է, եւ դեռ հստակ չեմ կարող ասել, թե վերջնական քանի հարկ կունենա այն, որովհետեւ վերջնական որոշումը Երեւանի քաղաքապետարանինն է լինելու, բայց հաստատ չի գերազանցի 17 հարկը: Տարածքն ամբողջովին բարեկարգվելու է, կառուցվելու է մոտ 200 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը մեր քաղաքի համար պարզապես անհրաժեշտություն է: Մեր գլխավոր նպատակներից է նաեւ տարածքի կանաչապատումն ու բուսաշատ տարածքների ավելացումը:

Պատահական չէ, որ մեր ընկերությունը կոչվում է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ»։ Մենք կառուցելու ենք ժամանակակից, «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան, որը լինելու է էներգախնայող, էկոարդյունավետ, շրջակա միջավայրի համար անվտանգ: Այս գործում մեր ընկերությունն ունի ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP) տեխնիկական աջակցությունը: Շենքի նախագծումն ու կառուցապատումն իրականացվելու է քաղաքաշինական եւ ճարտարապետական բոլոր նորմերին համապատասխան: Համալիրի ճարտարապետական մասի աշխատանքները կատարում է «Էլոյան Արքիտեքտս» ընկերությունը: Նախագծում ներգրավված են մասնագետներ նաեւ արտերկրից: Մենք աշխատում ենք Մեծ Բրիտանիայի այս ոլորտի առաջատար կազմակերպություններից HOP Consulting Civil and Structural Engineers ընկերության հետ, որն էլ իրականացնելու է մեր նախագծի կոնստրուկտիվ ժամանակակից լուծումների մասով տեխնիկական աջակցությունը: Այդ գործակցության շրջանակում մեր թիմից համապատասխան մասնագետներ մեկնելու են Մեծ Բրիտանիա՝ փորձի փոխանակման, որպեսզի թե՛ նախագծման, թե՛ կառուցապատման գործում կարողանան հմտորեն կիրառել կառուցապատման օպտիմալ ու ժամանակակից մեթոդաբանություն:

Միջավայրը փոխվելու է, ավելի ճանաչելի է լինելու տեղանքն ու բարձրանալու է այդ տարածքի շենքերի նշանակությունը: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ մեզ համար մեծ անակնկալ եւ նույնիսկ ցավալի էր լսել, որ մեր տարածքի հարեւանությամբ գործունեություն ծավալող ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ Դեղագործական Քիմիայի Գիտատեխնոլոգիական Կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) որոշ գիտնականներն անհանգստացած են եւ կարծում են, որ այս նախագիծը վտանգ է ներկայացնում Կենտրոնի համար: Մենք էլ անակնկալի եկանք նմանատիպ հայտարարություններից, որովհետեւ մեզ հետ այդ հարցով որեւէ մեկը չեր կապվել, ոչ մի հարց չեն ուղղել, եւ արդյունքում թյուր պատկերացումներ են ձեւավորվել: Մեր ընկերությանը մեղադրում են  գոյություն չունեցող արարքների մեջ, մինչդեռ հողատարածքը ձեռք բերելուց մինչեւ նախագծման եւ շինարարական աշխատանքների ավարտը բոլոր գործողությունները եղել եւ լինելու են իրավաչափ ու օրենքի տառին համապատասխան:

Կցանկանայի անդրադառնալ նաեւ մամուլում շրջանառվող մեկ այլ հարցի եւս: Մեր կողմից նախատեսվող համալիրի հարեւանությամբ գտնվող լաբորատորիան առանձնացված տարածք է, այնտեղ կողմնակի անձինք չեն կարող մուտք գործել: Բացի դա, տվյալ լաբորատորիայում չեն կատարվում այնպիսի աշխատանքներ, որոնք վնաս են բնությանը կամ առավել եւս մարդկանց առողջությանը: Հակառակ դեպքում Կառավարությունն ու պատկան մարմինները թույլ չէին տա դրա գործունեությունը քաղաքի ներսում, թույլ չէին տա նաեւ հարակից բազմաբնակարանային շենքերի, ժամանցի վայրերի եւ կառույցների շինարարությունը, որոնք մոտավորապես 60 մետր հեռավորության վրա են գտնվում:

- Հարցի լուծմանն ուղղված ինչպիսի՞ մոտեցում ունեք, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:

- Մենք աշխատում ենք բաց եւ թափանցիկ: Մեր ընկերության ներկայացուցիչները վերջերս հանդիպումներ են ունեցել ինստիտուտի տնօրինության եւ որոշ աշխատակիցների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են կառուցապատման նախագծի հիմնական նպատակները եւ առաջարկվել է մշակել փոխադարձ համագործակցության ծրագիր: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաեւ հետագա հանդիպումների եւ քննարկումների համար: Հույս ունենք, որ մեր առաջարկությունները կընդունվեն, քանի որ դրանք միտված են ինստիտուտի եւ գիտության զարգացմանը:
Մենք կառուցելով  չենք խոչընդոտում, մենք  կառուցելով աջակցում  ենք, մեր միակ ցանկությունը քաղաքի համար լավագույնը ստեղծելն է:

- Ե՞րբ են մեկնարկելու կառուցապատման աշխատանքները եւ ե՞րբ է նախատեսվում  ավարտին հասցնել:  

- Հիմա մեր թիմն աշխատում է շենքի նախագծման վրա, որի ավարտից հետո այն  ներկայացնելու ենք Երեւանի քաղաքապետարանի քննարկմանը: Նախագիծը, անցնելով քաղաքաշինական, ճարտարապետական եւ համալիր փորձաքննություն, կարծում ենք՝ այս տարվա ընթացքում կհաստատվի եւ կտրամադրվի շինարարության թույլտվություն: Դրանից հետո միայն կսկսենք կառուցապատման աշխատանքները: Կարծում եմ՝ համալիրը շահագործման կհանձնվի արդեն 2023 թվականի վերջում:

Ի վերջո, մեր նպատակը կառուցելն է, կառուցելով մեր երկիրը շենացնելն ու բնակչությանն աջակցելը:
Դիտում՝ 14964
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW