«Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանի հարցազրույցը Banks.am-ին - Պարոն Ազատյան, անխուսափելիորեն՝ զրույցը սկսենք կորոնավիրուսի համավարակից: Telcell-ն ինչպե՞ս ընդունեց COVID 19-ի հետեւանքով ստեղծված իրավիճակը: - Տարեսկզբից մենք հետեւում էինք աշխարհում տիրող իրավիճակին: Հայաստանում վարակման առաջին դեպքից հետո արդեն պատրաստ էինք անվտանգության միջոցների համալիր կիրառմանը: Ամենասեղմ ժամկետում ընկերության գրասենյակային աշխատակազմն անցավ աշխատանքի հեռահար ռեժիմի, սպասարկող անձնակազմը բաժանվեց մի քանի խմբի՝ բացառելով փոխշփումները: Օրական մի քանի անգամ ախտահանվում են աշխատանքային տարածքներն ու տրանսպորտային միջոցները, աշխատակիցներն ապահովված են սանիտարահիգիենիկ կանխարգելիչ բոլոր պարագաներով։Ընդհանուր առմամբ՝ վստահ կարող եմ ասել, որ մեր ողջ թիմի ջանքերի շնորհիվ կարողացանք լիովին ապահովել ամբողջ համակարգի անխափան աշխատանքը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել մեր բոլոր աշխատակիցներին՝ կազմակերպվածության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար։ - Ճգնաժամը ի՞նչ ազդեցություն ունեցավ ընկերության զարգացման վրա:- Կորոնավիրուսի պարտադրած իրավիճակը ազդեցություն է ունեցել ողջ մարդկության վրա՝ ներգործելով համաշխարհային տնտեսության բացառապես բոլոր ոլորտների վրա: Մեկ բան արդեն հստակ կարելի է ասել. աշխարհն այլեւս նույնը չի լինի առաջիկա մի քանի տարում: Այդ առումով բացառություն չէ նաեւ Հայաստանի ֆինանսական հատվածը: Տնտեսական գործընթացների խոր փոխկապվածության հետեւանքով հնարավոր չի լինի խուսափել բացասական արդյունքներից: Մյուս կողմից՝ ցանկացած ճգնաժամ բացում է նոր հնարավորություններ: 2017թ. սկսած՝ մենք ակտիվ իրականացնում ենք առցանց հատված անցնելու ռազմավարություն՝ շարունակաբար զարգացնելով մեր Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակը: Հաշվի առնելով ճգնաժամը՝ մենք ճշգրտումներ ենք կատարել մեր ծրագրերում եւ լիովին պատրաստ ենք նոր մարտահրավերների:- Նախքան նոր պրոդուկտներին անդրադառնալը՝ հայացք նետենք անցյալին: 2020թ. «Թել-Սել» ընկերությունը կբոլորի գործունեության 13 տարին: Թեեւ տարին հոբելյանական չէ, միեւնույն է՝ լավ առիթ է խոսել անցած ուղու մասին: Ներկայացրեք, խնդրեմ, այս ընթացքում ընկերության զարգացման հիմնական փուլերը:- Մենք գործունեությունը սկսել ենք հեռավոր 2007 թվականին: Այն ժամանակ վճարային տերմինալները նորամուծություն էին, վերալիցքավորման քարտերի, փոստային բաժանմունքներում ու բանկերում հերթերի այլընտրանք: Այսօր Telcell տերմինալային ցանցում կա ավելի քան 3 500 միավոր՝ սպասարկում ապահովելով Հայաստանի ողջ տարածքում եւ Արցախում: Աննախադեպ ընդլայնվել են Telcell համակարգին ինտեգրված ծառայությունների շրջանակն ու տեսականին: Այսօր մեր համակարգը ամսական սպասարկում է ավելի քան 7 մլն գործարք: Տարեկան շրջանառությունը հատել է 350 մլրդ դրամի սահմանագիծը: Հաջողությամբ գործառնում են մեր մասնաճյուղային ցանցը, դրամական արագ փոխանցումների Telcell Transfer համակարգը: Telcell Wallet-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 100 հազարը: Ընկերությունն ունի ավելի քան 250 աշխատակից: «Թել-Սելը» ընդգրկված է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում: Դժվարանում եմ ընկերության զարգացումը կոնկրետ փուլերի բաժանել: Հսկայածավալ աշխատանք է իրականացվում զուգահեռաբար բոլոր ուղղություններով, եւ վստահ եմ, որ մեր միասնական թիմը օգոստոսի 4-ին կտոնի Telcell-ի 13-ամյակը՝ որպես Հայաստանի էլեկտրոնային վճարումների շուկայի բացարձակ առաջատար:Ի դեպ՝ արտակարգ իրավիճակի ավարտից հետո մեր թիմը բնականոն աշխատանքի կվերադառնա ընկերության նոր ժամանակակից գրասենյակում, որտեղ ստեղծված են աշխատանքի ու հանգստի բոլոր պայմանները: Լուսանկարը՝ Telcell - Պարոն Ազատյան, ընկերությունը ղեկավարում եք արդեն 12 տարի, ենթադրում եմ՝ Telcell-ի հետ միասին Դուք եւս փոխվել եք: Պատմեք, խնդրեմ, ընկերությունում Ձեր աշխատանքի առավել նշանակալի դրվագների մասին, որոնք միշտ կհիշեք:- Իմ կյանքի ճիշտ մեկ երրորդ մասը կապված է «Թել-Սելի» հետ: Ընկերությունում իմ ուղին սկսել եմ հիմնադրման օրվանից՝ 2007թ. ամռանը, որպես վաճառքի մենեջեր: Իսկ մեկ տարի անց նշանակվեցի ընկերության տնօրեն: 2014-ից նաեւ Տնօրենների խորհրդի անդամ եմ:«Թել-Սելը» յուրահատուկ միջավայր է, որտեղ գնահատում են մտածողության ազատությունը եւ մարդկային կապիտալը: Ընկերության կառավարող միջուկը միմյանց հետ աշխատում է արդեն 10 տարի: Համախոհների թիմով մենք իրականացրել ենք հետաքրքիր տարբեր նախագծեր, եւ անհնար է անցած ուղու մասին խոսել մեկ հարցազրույցի ձեւաչափով:Ամենանշանավոր նախագծերից մեկը «Մեգա Պանտերայի» (MegaPay) ձեռքբերման գործարքն էր, որ իրականացրինք 2011-12թթ.: Այն ժամանակ ամեն բան կատարվեց կայծակնային արագությամբ: Հիմա, երբ ետ եմ նայում, գիտակցում եմ՝ որքան ծավալի աշխատանք է իրականացրել երիտասարդ նվիրյալների մեր թիմը: Եվս մեկ նշանակալի հանգրվան էր Telcell-ի 10-ամյակը, երբ մենք հայտարարեցինք Telcell Wallet-ի թողարկման մասին: Հոբելյանական միջոցառումն անցկացրինք բաց երկնքի տակ՝ մեր օգտատերերից ավելի քան 10 000-ի մասնակցությամբ:- Ո՞րն է Telcell Wallet-ի գլխավոր առավելությունը, եւ որքա՞ն ակտիվ է այն զարգանում:- Telcell Wallet-ի գլխավոր առավելությունը բազմակողմանիությունն է եւ ֆինանսական ծառայությունների թողարկման գծի խորությունը: Հավելվածը օգտատերերին հնարավորություն է տալիս ոչ միայն ավանդական վճարումներ կատարել ավելի քան 400 տարբեր ծառայությունների դիմաց, այլեւ առցանց դրամ փոխանցել հավելվածի այլ օգտատերերի, ժամանակի իրական ռեժիմում ստանալ դրամական փոխանցումներ, ակնթարթային փոխանցումներ կատարել քարտից քարտ եւ բանկային ցանկացած հաշվեհամարի, ծանուցում ստանալ ՃՈ տուգանքների մասին, վճարել ինտերնետ խանութներում գնումների համար, տեղեկատվություն ստանալ հիմնական կատեգորիաներում կատարած ծախսերի վերաբերյալ, պարբերական վճարումների խմբեր ստեղծել եւ օգտվել շատ այլ ծառայություններից: Մենք նաեւ ներդրել ենք անհպում վճարման Scan and Pay տեխնոլոգիան, որը գործում է ավելի քան 200 խանութներում ու հյուրանոցառեստորանային հատվածում: Օգտատերերը կարող են իրենց Telcell Wallet-ին կցել կուտակային քարտեր ու հետեւել կուտակվող միավորներին:Telcell-ի էլեկտրոնային դրամապանակի զարգացման տեմպերը գերազանցում են մեր սպասելիքները, ինչը վճարման առցանց հատված անցնելու մեր հաճախորդների պատրաստակամության վկայությունն է: Telcell Wallet-ը արդեն մի քանի ամիս է App Store-ում եւ Play Store-ում հայաստանյան շուկայի ամենաշատ ներբեռնված հավելվածներից է: Մյուս կողմից էլ կորոնավիրուսի համավարակային իրավիճակն է նպաստում ֆինանսական հեռավար էլեկտրոնային պրոդուկտի զարգացմանը:- Փոքր-ինչ մանրամասն խոսենք Scan and Pay-ի մասին: - Դա տարբեր վաճառակետերում վճարումների ընդունման ժամանակակից տեխնոլոգիա է՝ QR կոդի սկանավորմամբ: Այս վճարամեթոդի կիրառումը լիովին բացառում է գնորդի եւ գանձապահի ֆիզիկական շփումը, ինչը խիստ արդիական է կորոնավիրուսային ներկա իրավիճակում: Այս տեխնոլոգիան հարմար է եւ՛ փոքր բիզնեսի ու առաքման ծառայության համար, եւ՛ սուպերմարկետների ու հյուրանոցների-ռեստորանների մեծ ցանցերին: Այս գործիքը միացնելու համար բիզնեսը կառավարողները կարող են ներբեռնել Telcell Bussines հատուկ հավելվածը կամ անցնել հատուկ ինտեգրում ու տեղադրել ժամանակակից սկաներ, որը մենք սիրով կտրամադրենք: Արդեն այսօր կարող եք Scan and Pay-ի հարմարավետությունը գնահատել SAS սուպերմարկետների ցանցում, Mr. Gyros արագ սննդի ցանցում եւ սպասարկման այլ վայրերում: Ծրագրում ենք տարեվերջին հասնել Scan and Pay տեխնոլոգիան կիրառող գործընկերների թվի 2000 ցուցանիշին:Համավարակի ճգնաժամի պայմաններում մենք բերել ենք մի քանի հազար սկաներներ, միասնականացրել ենք միացման գործընթացը՝ բիզնեսին հնարավորություն տալով անկանխիկ վճարումների ընդունում կազմակերպել հաշված օրերում: Լուսանկարը՝ Telcell - Կարելի՞ է այսուհետ ասել, որ Telcell-ը ավելի շատ «թվային» ընկերություն է, քան վճարումների օպերատոր:- Telcell-ը բազմակողմանի համապարփակ համակարգ է, որը ծառայություններ է մատուցում շուկայի բացառապես բոլոր հատվածներում: Մենք մեզ դիրքավորում ենք որպես վճարումների ազգային օպերատոր: Այսօր մեր պրոցեսինգային կենտրոնին միացած են վճարային տերմինալները, մասնաճյուղերը, Telcell Wallet եւ Telcell Business հավելվածները, դրամական արագ փոխանցումների Telcell Transfer համակարգը: Մենք տրամադրում ենք ինտերնետ խանութներում, մանրածախ առեւտրի կետերում, ռեստորաններում ու սրճարաններում, վառելիքի լցակայաններում անկանխիկ վճարումների կազմակերպման պրոդուկտների ամբողջական տեսականի: Մենք նաեւ ծառայությունների ամբողջական տեսականի ենք տրամադրում՝ բանկային համակարգում վճարումների ընդունման ու դրամական փոխանցումների կազմակերպման համար: Անշուշտ, վերոթվարկյալ բոլոր պրոդուկտները բացառապես «թվային» են: Ռազմավարական հետագա զարգացման տեսանկյունից մենք շեշտը դնում ենք էլեկտրոնային փողի զարգացման վրա:- Ինչպիսի՞ն է Հայաստանի էլեկտրոնային վճարումների շուկայի իրավիճակը ներկայում, ի՞նչ խնդիրներ ու նաեւ հնարավորություններ եք Դուք տեսնում:- Այսօր տերմինալների քանակը հասել է շուկայի գերհագեցման սահմանին: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում տեղադրված է շուրջ 6 000 վճարային տերմինալ, ստացվում է՝ 500 բնակչին ընկնում է 1 տերմինալ: Համեմատության համար նշեմ, որ նույն ցուցանիշը ԱՊՀ տարբեր երկրներում տատանվում է 1000-1500 բնակչին՝ 1 տերմինալ սահմաններում:Մյուս կողմից՝ ակտիվ զարգանում է էլեկտրոնային փողի շուկան: Այսօր կան անկանխիկ վճարումների շուրջ 20 տարբեր ծառայություններ ու հավելվածներ: Վճարահաշվարկային համակարգերից զատ, տարբեր ձեւերով շուկայի մասնակից են նաեւ բանկերն ու բջջային կապի օպերատորները: Եվ շուկայում ծավալվում է բավական կոշտ մրցակցություն:Շուկայի զարգացման հիմնական նախադրյալներից մեկը միասնական ենթակառուցվածքի ստեղծումն է եւ էլեկտրոնային փողի օգտագործման միասնական ստանդարտների սահմանումը: Օրինակ՝ խանութում գնումների համար քարտով վճարելիս կարեւոր չէ, թե որ բանկի հաճախորդ եք, եւ որ բանկի POS տերմինալն է տեղադրված դրամարկղում: Ձեր վճարումը կընդունվի, եւ գործարքի բոլոր մասնակիցներն իրենց օգուտը կքաղեն: Էլեկտրոնային փողի պարագայում իրավիճակը հակառակն է, եւ լուծման ուղիներից մեկը QR կոդերի միասնական ստանդարտի ներդրումն է ու սակագնային քաղաքականության կարգավորումը:Մեր գնահատականներով՝ շուկայում արդեն կան «դասական» էլեկտրոնային դրամապանակների ավելի քան 250 հազար ակտիվ օգտատերեր, եւ էլեկտրոնային փողը կարելի է համարձակորեն համարել ֆինանսական շուկայի ամենաարագ զարգացող հատվածներից մեկը: Վաղ թե ուշ շուկան կգնա միասնական մոդելների, եւ այստեղ շատ կարեւոր են գլխավոր կարգավորիչի դերն ու օրենսդրական հենքը ժամանակին փոփոխելը: Լուսանկարը՝ Telcell - Հայաստանին պե՞տք է արդյոք անկանխիկ վճարումների մասին առանձին օրենք, եթե այո՝ ի՞նչ դեր ունեն գլխավոր կարգավորիչն ու պետական այլ կառույցները:- Անշուշտ, ցանկացած դաշտ, ցանկացած հարաբերություն պետք է կարգավորվի օրենսդրությամբ եւ իրավական այլ ակտերով: Գործող եւ արդյունավետ իրավահարաբերություններ հաստատելու համար հարկ է ճշգրիտ գնահատել ծառայությունը մատուցողի եւ ծառայությունը սպառողի առկա հնարավորությունները, հաշվի առնել ոլորտի ու շուկայի զարգացման ներկա մակարդակը, տնտեսական այլ գործոնների ազդեցությունը տվյալ իրավահարաբերությունների իրացման գործում:Ներկայում քննարկվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ուղղված է տնտեսության մեջ կանխիկ դրամի շրջանառության կրճատմանը: Դա բնական ու հասկանալի գործընթաց է՝ համաշխարհային միտումներին համահունչ: Սակայն անկանխիկ վճարումների ներքո հաճախ ենթադրվում են ավանդական բանկային քարտերը: Մինչդեռ էլեկտրոնային դրամապանակների քանակը կազմում է քարտերի թողարկման ընդհանուր ծավալի (շուրջ 2 մլն քարտ) ավելի քան 12%-ը: Պլաստիկ քարտերով գործարքների տարեկան ծավալը 2.5 տրլն դրամից քիչ ավելի է, սակայն այդ գումարի 75%-ը կազմում են բանկոմատներից կանխիկացման գործարքները: Այսինքն՝ առցանց գնումների պլաստիկ քարտերով գործարքների ծավալը (ներառյալ արտասահմանյան քարտերը) կազմում է տարեկան շուրջ 600 մլրդ դրամ: Էլեկտրոնային դրամապանակների միջոցով ապրանքների եւ ծառայությունների գնման գործարքների ծավալը 2020թ. կկազմի մոտ 200 մլրդ դրամ:- Ինչպիսի՞ն են Հայաստանում էլեկտրոնային փողի զարգացման հեռանկարները:- 21-րդ դարում հաղորդակցության լեզուն թվայինն է: Տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը եւ փողի թվայնացման արագացումը իդեալական պայմաններ են ձեւավորել՝ ստեղծելու մի աշխարհ, որտեղ վճարումները եւ ֆինանսական ծառայությունները պարզ են, արագ, մատչելի, բոլորին հասանելի ու հասկանալի եւ ամենակարեւորը՝ առավել անվտանգ ու թափանցիկ: Փողի «վերաիմաստավորման» ներկա ժամանակներում նախընտրելին միանշանակ էլեկտրոնային վճարամիջոցն է՝ էլեկտրոնային փողը:Աշխարհն այսօր անշեղ ընթանում է տնտեսության մեջ կանխիկ դրամի շրջանառության կրճատման ուղիով: Հայաստանը չի կարող աշխարհին համաքայլ չընթանալ, եւ մենք այլընտրանք չունենք, քան էլեկտրոնային փողի շուկայի զարգացումը: Պետք է ձեւավորենք վճարային ծառայությունների մատուցման միջազգային ստանդարտներ, որոնք հնարավորություն կտան դրանք ֆինանսական փոխհաշվարկների մեխանիզմից վերածել պետության գլոբալ մրցունակության ապահովման գործոնի: Պատահական չէ, որ արտասահմանյան շատ մասնագետներ ընդգծում են, որ երկրները պետք է էլեկտրոնային ֆինանսները դիտեն որպես գլոբալ ստանդարտների հասնելու միջոց:Այս գործում անելիք ունեն եւ՛ շուկայի մասնակիցները, եւ՛ պետական կառույցները: Tweet Դիտում՝ 9055