Տեխնոթրենդեր, որ փոխում են բիզնես աշխարհը․ DataArt-ի փորձը

13.03.2020 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Տեխնոթրենդեր #DataArt
Ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt ընկերությունը, հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման վտանգները, որոշել է փոխել «Տեխնոլոգիական միտումները՝ ֆինանսների ոլորտում» հանդիպում-քննարկման ձեւաչափը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո կազմակերպված միջոցառմանը, որը պետք է կայանար մարտի 12-ին, հրավիրված են եղել բանկային, ֆինանսավարկային, ապահովագրական ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Կառավարության անդամներ։

Արսեն Բաղդասարյանը

«Կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով մի գիշերվա ընթացքում փոփոխություններ եղան, նամակներ ստացանք հրավիրվածների մի մասից։ Մենք՝ որպես լուրջ համբավ ունեցող կազմակերպություն, որոշեցինք չեղարկել հանդիպումը՝ հաշվի առնելով, որ կարող են բացասական հետեւանքներ լինել։ Այս քայլով եւս մեկ անգամ ցույց տվեցինք, որ մենք մարդակենտրոն ենք, եւ մեզ համար առաջին տեղում ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ գործընկերների անվտանգությունն ու առողջությունն է»,- Banks.am-ին ասել է DataArt Armenia-ի տնօրեն Արսեն Բաղդասարյանը։

DataArt-ը պանելային քննարկումն անցկացրել է փակ ռեժիմով՝ DataArt Armenia-ի գրասենյակում։ Բանախոսներն էին DataArt ընկերության Տվյալների վերլուծության բաժնի ղեկավար Ալեքսեյ Ուտկինը, DataArt-ի Բլոկչեյն գերազանցության կենտրոնի ղեկավար Դենիս Բարանովը, DataArt-ի ֆինանսական գծով գլխավոր խորհրդատու Օլեգ Կոմիսարովը, DataArt-ի ֆինանսական գծով ավագ փոխնախագահ Պետեր Վայհանսկին։ Քննարկումը վարել է DataArt-ի բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով փոխնախագահ Սուրեն Ազատյանը։


Պանելային քննարկման ողջ ընթացքը տեսաձայնագրվել է եւ առաջիկայում կփոխանցվի հանդիմանը հրավիրվածներին ու այն մարդկանց, ովքեր գրանցված են եղել եւ ցանկություն են ունեցել մասնակցել հանդիպմանը։

«Տեսաձայնագրությունը կհրապարակվի նաեւ օնլայն հարթակում, այդ թվում՝  DataArt Armenia-ի ֆեյսբուքյան էջում։ Այսպիսով՝ մենք ցույց ենք տալիս, որ կազմակերպությունը հավատարիմ է «IT without borders» («ՏՏ՝ առանց սահմանների») կարգախոսին։ Այս իրավիճակում մենք կարողացանք բիզնես եւ մարդկային շահերը ճիշտ օգտագործել ու ցույց տվեցինք, որ կարող ենք անգամ Լուսնից աշխատել»,- ասել է Արսեն Բաղդասարյանը։

DataArt-ի բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով փոխնախագահ Սուրեն Ազատյանն էլ Banks.am-ին ասել է, որ քննարկման հիմնական թեման եղել են տեխնոլոգիական զարգացումները ֆինանսական ոլորտում։

Սուրեն Ազատյանը

«Մեր գործընկերները, որոնք DataArt-ում բարձր պաշտոններ են զբաղեցնում գլոբալ տվյալների վերլուծության ուղղության մեջ, ոչ միայն տեսական թեմաների մասին են խոսել, այլեւ գործնական օրինակներ են բերել իրական կյանքից»,- ասել է նա։

Խոսելով նման քննարկումների կարեւորության մասին, Սուրեն Ազատյանն ասել է, որ փորձի փոխանակումը սովորելու մեծ ուղղություն է։

«Հայաստանը՝ լինելով փոքր շուկա, իր տեղն ունի միջազգային ասպարեզում։ Հայ մասնագետները կարեւոր ու բարձր պաշտոններ են զբաղեցնում մի շարք մեծ կազմակերպություններում, ինչը ցույց է տալիս, որ եթե մեր շուկան փոքր է, ապա չի նշանակում, որ հետաքրքիր չէ միջազգային մասնագետների համար։ Միջազգային հյուրերի հրավերը փորձի փոխանակման օպտիմալ ձեւաչափ է՝ նոր հմտություններ սովորելու, այդ ամենը մեր շուկայում ներդնելու, ավելի զարգացնելու համար»,- ասել է նա։

Ֆինանսներ եւ ՏՏ․ հիմնական թրենդերը

DataArt-ի ֆինանսական գծով ավագ փոխնախագահ Պետեր Վայհանսկին Banks.am-ին պատմել է պանելային քննարկման հիմնական թեմաների մասին։

Պետեր Վայհանսկին

DataArt-ն աշխատում է բազմաթիվ առաջատար ֆինանսական կազմակերպությունների, բանկերի, բորսաների եւ այլ ընկերությունների հետ, որոնք ակտիվ մոդեռնացնում են իրենց տեխնոլոգիաները։ Այդ պատճառով՝ մենք ունենք հնարավորություն հետեւելու, թե որ ուղղությամբ է զարգանում տեխնոլոգիաների էվոլյուցիան։ Այդ թրենդերից մի քանիսը մեր պանելային քննարկման օրակարգում էին։

Թրենդերից ամենանշանակալին տվյալների վերլուծության համատարած ներդրումն է (այն ինչ կոչվում է «big data» եւ «analytics»), եւ այն, թե ինչ կերպ է այդ տվյալների վերլուծությունը փոխում որոշումների կայացման ու բիզնես գործընթացները ֆինանսական հատվածի տարբեր կազմակերպություններում եւ տարբեր ոլորտներում։      

Մեկ այլ մեգաթրենդ է ամպային համակարգերի ներդնումը։ Ամպային համակարգերը պարադիգմա են, որոնք հսկայական մասշտաբների փոփոխություններ են բերում։ Այդ գործընթացները երեկ չեն սկսել, մոտ տասը տարի է՝ ինչ ամպային համակարգերը ներմուծվում են աստիճանաբար։ Շատ մեծ փորձ են կուտակել այն կազմակերպությունները, որոնք սկսել են այդ ամենով զբաղվել ավելի վաղ, այսօր արդեն ավելի ու ավելի մեծ թվով ընկերություններ են կարողանում հաղթահարել մտավախությունները, որոնք հնարավոր է, նախկինում խանգարել են այդ տեխնոլոգիաներից օգտվելուն։ Ոչ միայն տեխնոլոգները, այլեւ բիզնես մենեջերներն ու ղեկավարները պետք է հասկանան, թե ինչ է դա, թե այդ թրենդի հետեւում ինչ բիզնես արժեքներ են թաքնված եւ ինչու պետք է դրանով զբաղվել։

Պետեր Վայհանսկին եւ Արսեն Բաղդասարյանը

Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ ամպային համակարգն այն «գործվածքն» է, որի վրա ձեւավորվում են «նախշերը»՝ տվյալների վերլուծությունը, մեքենայական ուսուցումը, արհեստական բանականությունը... Ամպերը միավորում են այս ուղղությունները եւ հնարավոր դարձնում, օրինակ, բիզնես բանականությունը (business inteligance)` բիզնես վերլուծությունն ու տվյալների մշակումը։

Կա նաեւ մի քիչ ավելի «էկզոտիկ» թրենդ՝ բլոկչեյն տեխնոլոգիաները, որի մասին նույնպես խոսում է ողջ աշխարհը։ Ինչպե՞ս գլուխ հանել դրանից, ի՞նչ է դա, արժե՞, արդյոք, դրանով զբաղվել եւ ինչի՞ համար։ Վերջին երկու-երեք տարվա ընթացքում բավական փորձ է կուտակվել, մենք ոչ միայն խոսում ենք այդ մասին, այլեւ զբաղվում բլոկչեյնով։ Մեր բավական խոշոր հաճախորդներ ունեն արտադրության համակարգեր, աշխատում են այդ տեխնոլոգիաներով, եւ շատ բան ունենք այդ թեմայով պատմելու։

Մյուս թրենդը, որի մասին բոլորը խոսում են, արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումն են։ Բոլորը ցանկանում են ինչ-որ բան անել այդ ոլորտում, բայց գրեթե չգիտեն՝ ինչպե՞ս։ Այս ուղղությունը հսկայական պոտենցիալ ունի եւ կտրուկ փոխում են բիզնես գործընթացները։ Այս ուղղությամբ եւս շատ բան կարող ենք պատմել՝ ինչ ընկերություններ են օգտվում դրանցից, ինչպես են օգտագործում այդ տեխնոլոգիաները, ինչպես են դրանց օգնությամբ բարձրացնում իրենց արդյունավետությունն ու գումար վաստակում։

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 21258
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW