«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հարցազրույցը Մեդիամաքսին - Պարոն Երեմյան, «Երեմյան Փրոջեքթս»-ը 2019-ն ամփոփեց՝ սպասարկելով տարվա 1,5 միլիոներորդ հյուրին: Ի՞նչպիսին էր անցյալ տարին Ձեր ընկերության համար, ի՞նչ նոր ձեռքբերումներ եղան:- 1,5 միլիոներորդ հյուրն իսկապես հաճելի ու մի կողմից էլ շատ խորհրդանշական ամփոփում էր մեր համար բուռն ու ակտիվ 2019 թվականի։ Ի դեպ, այդ 1,5 միլիոնից մոտ 650 հազարն հյուրեր են արտերկրից, ինչն էլ ավելի կարեւոր է դարձնում այս թվի հնչեցումը։ Պետք է խոստովանեմ, որ դեռ տարեսկզբին մտածում էի, որ 2019 թվականը լինելու է, այսպես ասած, «հանգստի տարի»: Ունեինք որոշակի ծրագրեր, որոնք պետք է հետեւողականորեն իրագործեինք ու մի փոքր «շունչ քաշեինք» 2018-ի սրընթաց ռիթմից։ Սակայն ստացվեց ճիշտ հակառակը` տարին շատ բուռն եւ արդյունավետ էր՝ հագեցած յուրահատուկ, տարբեր ոլորտների առնչվող ծրագրերով, համարձակ նախագծերով եւ, իհարկե, նոր երազանքներով: Վստահաբար կարող եմ ասել, որ գերակատարել ենք մեր առջեւ դրված նպատակները եւ արդեն իսկ սահմանել նորերը, իրականացրել ենք մեր երազանքները ու արդեն ունենք նոր՝ ավելի համարձակ երազանքներ:- 2019 թվականը նաեւ խոշոր ներդրումների տարի էր ձեր ընկերության համար:- Այո, ընդհանուր առմամբ մենք 2019 թվականին 8 մլն դոլարի ներդրում ենք իրականացրել՝ նոր ծրագրերը կյանքի կոչելու նպատակով։ Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Նախ և առաջ` խոսքը վերաբերում է «Սերմից՝ սեղան» (From seed to table) մեր զարգացման նոր հայեցակարգն իրագործելուն։ Դեռեւս 2017 թվականին «Լավաշ» ռեստորանը բացելուց մեկնարկեցինք մի կոնցեպցիա՝ «Գյուղից՝ սեղան» (From farm to table), գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետ բացեցինք Արագածոտնի մարզի Ավան գյուղում, որն ունի մոտ 900 բնակիչ, շուրջ 220 տնտեսություն, եւ սկսեցինք համագործակցել այս գյուղի հետ։ Բազմիցս եմ այս մասին խոսել, պատմել եմ դժվարությունների մասին, բայց արդյունքներն առավել քան տպավորիչ են։ 2018 թվականին ազդարարեցինք մեր նոր՝ ֆերմերային տնտեսության ծրագրի մեկնարկը՝ նպատակ ունենալով զարգացնել մոտեցումը եւ հիմք դնել նոր բիզնես-հայեցակարգի: Եվ արդեն 2019-ին մեր ընկերությունն անասնապահության ոլորտում երկու խոշորագույն նախագիծ է իրականացրել: Դիլիջանում խոզաբուծական ֆերմա ենք բացել, Հայաստան բերել կանադական մաքրացեղ խոզատեսակներ՝ լանդրաս, յորկշիր, դյուրոկ: Ջերմուկում նույնպես գործարկել ենք անասնաֆերմա, որտեղ պահվում են մաքրացեղ ֆլեգվի, հոլշթեյն եւ անգուս տեսակի խոշոր եղջերավոր կենդանիներ: Ֆերմաները համապատասխանեցված են արտադրության եւ որակի միջազգային սահմանված բոլոր չափանիշներին:Անասնաբուծական ֆերմաներ բացելու նախագիծը մի քանի կարեւորագույն նպատակ ունի. 1․վերահսկել մսամթերքի որակը 2. Հայաստանում ստեղծել օրինակելի տնտեսություն, որը ֆերմերային տնտեսությունների զարգացման համար կարող է օրինակ եւ խթան լինել եւ, իհարկե, զարգացնել տեղական արտադրանքը:Մեր երկրում մի խոչընդոտող կարծրատիպ կա, որ գյուղատնտեսությունն անընդհատ ծախս պահանջող եւ ոչ եկամտաբեր բիզնես է։ Մենք մեր երկու ֆերմաների օրինակով, ըստ էության, հակառակն ենք ապացուցում։ Շնորհիվ արդյունավետ մենեջմենթի, ճիշտ հաշվարկների եւ աշխատանքի խիստ կազմակերպման մենք այսօր արդեն լուրջ արդյունքներ ենք գրանցում։ Կերաղացի գործարկումը եւս շատ կարեւոր գործընթաց էր. արդեն վստահ ենք, որ ֆերմաներ մատակարարվող կերը էկոլոգիապես մաքուր է, ճիշտ բաղադրիչներից ընտրված, հատուկ վերամշակում անցած: Այսինքն՝ մենք կարողանում ենք հենց սերմից ստանալ ուտեստ ռեստորանում: Սա մի մոդել է, որն այնքան էլ տարածված չէ, եւ աշխարհում շատ քիչ կազմակերպություններ են նման մոտեցմամբ առաջնորդվում:Կցանկանայի, որ տեղական մյուս ընկերություններն էլ գիտակցեին այս գործընթացի առավելությունները եւ իրենց պրակտիկայում կիրառեին այս օգտակար տեխնոլոգիան: Այսօր մենք մեր ռեստորանների մթերքի 20% -ն ապահովում է Ավան գյուղը, մյուս՝ 80%՝ մեր ֆերմաները։Անցած տարվա ընթացքում խոշոր ու կարեւոր ծրագիր ենք սկսել «Արցախ» մեծ խոհանոց-արտադրությունում։ Մենք այն ամբողջովին վերակառուցում ենք ու նորացնում։ Խոհանոց-գործարանի տարածքին ավելացրել ենք 3000 քմ. տարածք, հիմնել ու գործակցել ենք 3 նոր արտադրամաս՝ կաթի, երշիկեղենի եւ պահածոների։ Մենք ձգտում ենք որակով սնունդ մատակարարել մեր զինծառայողներին։ Ավելացրել ենք նաեւ աշխատակիցների քանակը՝ մոտ 50-100 նոր հաստիքներ։ Այս նախագծերն ընդհանուր առմամբ 5 մլն դոլարի ներդրում պահանջեցին, բայց արդյունքն անգնահատելի է՝ մենք, ըստ էության, գործարկեցինք մեր կազմակերպության հետագա գործառնության նոր բիզնես-մոդելը՝ ապահովելով ամբողջական փակ ցիկլ։2019-ի մեր ամենապահանջված, հետաքրքիր նախագծերից էր «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիան՝ մեր երազանքների շարունակությունը։ Մենք միշտ էլ ցանկանում էինք ստեղծել կրթական հաստատություն տարիների ընթացքում մեր կուտակած փորձը սերունդներին փոխանցելու նպատակով:Այստեղ հավաքել ենք պրոֆեսիոնալ ու նվիրումով աշխատող թիմ, մարդկանց, որոնց օգնությամբ գիտելիք ու հմտություններ ենք փոխանցում երիտասարդներին, որոնք լինելու են մեր այցեքարտն ու դեսպանները, ներկայացնելու են հայկական խոհանոցն արտասահմանում: Ակադեմիան, համագործակցելով մեր բացառիկ գործընկեր, Մեծ Բրիտանիայի City of Oxford College-ի հետ, հնարավորություն է տալիս կրթելու եւ վերապատրաստելու սպասարկման ու խոհարարության ոլորտի մասնագետներին՝ վերափոխելով մեր հասարակության՝ խոհանոցի եւ սպասարկման ոլորտի մասին պատկերացումները: Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Ակադեմիան իր դռները բացեց 2019 թվականի գարնանը, եւ հիմա արդեն մենք մի քանի ծրագրերի շրջանավարտներ ունենք։ Ակադեմիան իր տեսակով բացառիկ է տարածաշրջանում, ու մենք ունենք բավականին համարձակ ու հավակնոտ նպատակ՝ Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիան դարձնել տարածաշրջանում գերազանցության կենտրոն եւ հնարավորություն ընձեռել մեր տարածաշրջանի մասնագետներին մասնակցել մեր վերապատրաստման դասընթացներին:- Այս ամենի հետ մեկտեղ 2019 թվականին «Երեմյան Փրոջեքթս»-ի ընտանիքը համալրվեց երկու նոր անդամներով:- Իսկապես, ինչպես եւ խոստացել էինք, 2019 թվականին գործարկեցինք 2 միմյանցից տարբեր եւ բացառիկ ռեստորանային նախագիծ: Դրանք բացառիկ էին ոչ միայն այն պատճառով, որ խստորեն տարբերվում էին միմյանցից, այլեւ՝ տարբերվում էին մեր մինչ այդ իրականացրած բոլոր ռեստորանային նախագծերից։ Նախ խոսեմ Սմոքինգ Շեֆ-ի մասին: Նմանատիպ կոնցեպտով ռեստորան ունենալու միտքը վաղուց կար. ունեինք մեր տեսլականն ու գաղափարները, իսկ Սմոքինգ Շեֆ-ը քաղաքի լավագույն ստեյք-հաուսներից էր: Հատկանշական է, որ առաջին անգամ մեր պրակտիկայում ստանձնեցինք արդեն պատրաստի ռեստորան՝ պահպանելով դրա կոնցեպտուալ ուղղվածությունն առանց ձեւաչափային կտրուկ փոփոխությունների: Բայց ամբողջությամբ փոխեցինք աշխատանքային մոտեցումները, շատ արագ դասավորվեցինք, կազմակերպվեցինք եւ արդեն մեր կարգ ու կանոնով, մեր մենեջմենթի սկզբունքներով սկսեցինք գործել։ Արդյունքն էլ սպասված էր ու շատ հաճելի՝ մարդիկ գնահատեցին այդ փոփոխությունները եւ ամեն երեկո Սմոքինգ Շեֆ -ում կարելի է տեսնել քաղաքի սթեյքի ամենահավատարիմ սիրահարներին։ Մենք նաեւ ստանձնեցինք պարտավորություն տարածելու սթեյքի մշակույթը եւ մարդկանց սովորեցնել, թե ինչպես ընտրել եւ ուտել սթեյքը։ Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Այսօր ուրախությամբ եմ արձանագրում, որ Սմոքինգ Շեֆ-ը դարձել է քաղաքի հյուրերի եւ բնակիչների սիրելի վայրերից մեկը: Թե՛ միջավայրը, թե՛ բարձրակարգ սպասարկումը, եւ թե՛ համեղ ու յուրօրինակ խոհանոցը ռեստորանի այցեքարտն են:Մենք պարբերաբար խոսում ենք մեր երազանքների մասին, որոնցից ծնվել են «Երեմյան Փրոջեքթս»-ի բոլոր նախագծերը, եւ որոնցից շատերն անիրական էին թվում սկզբում: Լիվինգսթոնը՝ բարձր թռչելու մեր նոր երազանքն է: Բարձր խոհանոց, բարձրակարգ սպասարկում, բարձրաճաշակ երաժշտություն: Ահա այն ամենը, ինչը պակասում էր մեր քաղաքին, եւ ինչն առաջարկում է Լիվինգսթոնը: Լիվինգսթոնն իր թռիչքով ժամանցի եւ հանգստի նոր մշակույթ է բերել: Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Մենք փորձեցինք մեր ուժերը նաեւ այս ձեւաչափում, մեր խոհարարներն ու սպասարկողները կարողացան ապահովել բարձր խոհանոցի ներկայանալիությունը, բացառիկությունը։ Բայց Լիվինգսթոնն այդպիսինը չէր լինի առանց իր երաժշտական հատվածի։ «Լիվինգսթոն» բենդը՝ Մաեստրո Երզնկյանի գլխավորությամբ միավորել է հանրապետության լավագույն երաժիշտներին եւ երգիչներին։ - «Երեմյան Փրոջեքթս»-ն ամեն տարի քաղաքի, ոլորտի զարգացման համար հետաքրքիր ու յուրահատուկ միջոցառումներով է հանդես գալի։ Ինչպիսի՞ն էր 2019 թվականն այդ տեսանկյունից։ - Նախորդ տարի էլ ենք շարունակել արդեն ավանդույթ դարձած տպավորիչ ու հիշվող նախագծեր իրականացնել, որոնց նպատակն է թե՛ մեր քաղաքի կյանքն ավելի հետաքրքիր ու գունեղ դարձնել, թե՛ մեր ոլորտի հանդեպ հանրային ուշադրություն գրավել։Բազմիցս խոսել եմ մեր երկրում խոհարարների մասնագիտության, խոհարարական արվեստի հեղինակությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին։ Ըստ էության, տարիներ շարունակ տարբեր գործիքներ, մեթոդներ եւ մեխանիզմներ կիրառելով, ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ։ «Թեժ խոհանոց» հեռուստանախագիծն էլ նման մի մեխանիզմ էր ու բավականին արդյունավետ։ Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» «Թեժ խոհանոցը» բացառիկ հնարավորություն էր բարելավելու հասարակության պատկերացումները խոհարարների մասին, կոտրել կարծրատիպերը եւ բարձրացնել խոհարարի մասնագիտության հեղինակությունը։ Ասեմ, որ հաղորդումը, որ մենք նկարահանել ենք մեր գործընկեր «Շարմ Հոլդինգի» հետ, բավականին սիրվեց լսարանի կողմից, ինչի մասին վկայում են բարձր վարկանիշները, ինչպես նաեւ այն, որ հաղորդման հետքերով շատ երիտասարդներ դիմեցին «Երեմյան ակադեմիա» խոհարարական կրթություն ստանալու նպատակով։ 2019-ին բոլորը քննարկում են Հայաստան այցելած տուրիստների թվի աննախադեպ աճը։ Մենք էլ մեր ներդրումն ունենք այդ գործում։ Ուզում եմ առանձնացնել զբոսաշրջության եւ գաստրոտուրիզմի զարգացման տեսանկյունից շատ կարեւոր ծրագիր: Ապրիլին մենք Հայաստան հրավիրեցինք 20-ից ավելի միջազգային ԶԼՄ-ների՝ շատ հայտնի ու հեղինակավոր, եւ նրանք շատ գունեղ եւ գեղեցիկ հոդվածներ հրապարակեցին Հայաստանի, մեր երկրի տեսարժան վայրերի, մեր համեղ խոհանոցի ուտեստների եւ, իհարկե, մեր ռեստորանների մասին։ 53 հրապարակում՝ արդյունքը կարծում եմ բոլորս տեսանք։ Ամռանը թե՛ «Լավաշ»-ում, թե՛ «Շերեփ»-ում եւ «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցում հայերեն լեզվով խոսողները փոքրամասնություն էին։ Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Անցած տարի մենք եւս ունեցանք մեր ամենահամեղ, ամենաքաղցր միջոցառումը՝ «Աշխարհի ամենամեծ գաթան», որը նվիրեցինք մեր քաղաքի տոնին։ Ու էլի գերազանցեցինք մեզ ու մեր ռեկորդը։ Գաթան արդեն 410 կգ էր ու 68 մետր։ Խոսք ենք տվել շարունակենք այնքան, մինչեւ չշրջապատենք ամբողջ Կարապի լիճը մեր գաթայով։Եվ առանձնահատուկ կցանկանամ նշել այս նախագիծը։ Բացելով «Լիվինգսթոնը»՝ մենք շատ համարձակ հայտ էինք ներկայացրել բարձր խոհանոց ունենալու, այդ կոնցեպտի շրջանակում նախաձեռնեցինք, կարծում եմ, Երեւանի ամենագեղեցիկ միջոցառումներից մեկը՝ GastrօCouture-ը։ Նման բան աշխարհում դեռ ոչ ոք չէր արել... Մենք միավորեցինք բարձր խոհանոց եւ բարձր նորաձեւություն հասկացությունները։ Եվ «Հարմոնի Երեւան» նորաձեւության տան հետ կազմակերպեցինք նորարարական ու շատ գեղեցիկ ցուցադրություն՝ հայկական արքայական խնջույքի մոտիվներով՝ մեր ուտեստները, մեր խոհանոցը ոգեշնչել էին ստեղծելու նորաձեւ զգեստերի շքեղ հավաքածու։ Այս իրադարձությունն արժանացավ թե՛ տեղական, թե՛ միջազգային ԶԼՄ-ների ուշադրությանը։ Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» - 2019 թվականին «Երեմյան Փրոջեքթս» իր մասնակցությունն ունեցավ նաեւ նոր ձեւաչափով զինծառայողների սննդի կազմակերպմանը:- Լսելով ՊՆ կողմից հայտարարված մրցույթի մասին, անմիջապես որոշում կայացրեցինք մասնակցել զորամասերում սննդի կազմակերպման ծրագրին: Խոսքը մեր բանակի մասին էր եւ անտարբեր մնալ չէինք կարող: Մենք լավ հասկանում ենք, որ զինվորի սննդակարգը պատշաճ ապահովելը մեր երկրի առաջնային խնդիրներից է: Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Բանակի սննդամատակարարման ծրագրի մասին կարող եմ շատ ու շատ երկար խոսել։ Դա 2019 թվականի մեր մեծագույն ձեռքբերումն էր, մեր հպարտությունը։ - Ի՞նչ ծրագրեր եւ ի՞նչ երազանքներ ունեք 2020 թվականի համար: - Հաստատ կարող եմ ասել, որ չենք նվազեցնելու մեր տեմպերը։ Այս տարվա համար նույնպես շատ ծրագրեր ունենք։ Թե՛ նոր ռեստորանային նախագծերի, թե՛ կրթության, թե՛ գյուղատնտեսական ծրագրերի առումով։ 2020-ը լինելու է փոփոխությունների տարի։ Tweet Դիտում՝ 67189