«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանի հարցազրույցը- Դուք վերջերս եք ստանձնել Հայբիզնեսբանկի վարչության նախագահի պաշտոնը: Նոր ղեկավար ունենալը ենթադրում է որոշակի փոփոխություն ցանկացած կառույցի կառավարման քաղաքականության, առաջնահերթությունների դասակարգման մեջ: Փոխվելո՞ւ է արդյոք Հայբիզնեսբանկի ռազմավարությունը, ինչ առաջնահերթ ուղղություններ են շեշտադրվելու։- Քաղաքականության կտրուկ փոփոխություն չի լինելու, սակայն շեշտադրությունն ավելի է ուժեղանալու մանրածախ եւ փոքր բիզնեսի հատվածի զարգացման վրա: Մենք ակտիվորեն զարգացնելու ենք պրոդուկտները փոքր բիզնեսի համար: Դրանք ոչ միայն վարկային պրոդուկտներ են, այլ նաեւ տարբեր ծառայություններ, որոնցից մեկը ստարտափ նախագծերին աջակցելն է: Մեզ համար կարեւոր է, որպեսզի փոքր բիզնեսի հաճախորդները միշտ իմանան, որ ի դեմս բանկի նրանք ունեն մշտական եւ հուսալի ֆինանսական գործընկեր: Դա մեր մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարության հիմնական տարրերից մեկն է: Ես կարծում եմ, որ բանկն ունի անվիճելի առավելություններ այս հատվածի զարգացման համար՝ բավականին զարգացած մասնաճյուղային ցանց, մանրածախ հաճախորդների մեծ բազա, մեր հանդեպ բնակչության վստահության բարձր մակարդակ: Կարճ ժամանակում մենք բավականին նոր պրոդուկտներ ենք մշակել, նոր ակցիաներ իրականացրել: Մենք փորձում ենք մտածել յուրահատուկ պրոդուկտներ, որոնք հարմար կլինեն հաճախորդների յուրաքանչյուր սեգմենտի համար:Վերանայվել են նաեւ ներքին կառուցվածքները եւ գործընթացները՝ բանկի հենահարթակը մանրածախ սեգմենտի զարգացման պահանջներին (ներառյալ փոքր բիզնեսը) համապատասխանեցնելու համար:Այս պահին բանկը գտնվում է պրոակտիվ ՏՏ որոշումների ներդրման փուլում՝ վարկային հայտերի դիտարկման կենտրոնացում, խնդրահարույց ակտիվների աշխատանքներ, քարտային հաշիների սպասարկում, հաճախորդների սպասարկում կոնտակտային կենտրոնների միջոցով եւ այլն:- Ըստ Moody’s–ի, սպառողական վարկերի արագ աճը պարունակում է երկարաժամկետ ռիսկ Հայաստանի բանկային համակարգի, մասնավորապես, ակտիվների որակի համար։ Ո՞ր մակարդակի վրա է ձեր բանկի ռիսկերի կառավարումն ու գնահատումը։ Որքա՞ն է չաշխատող ակտիվների մասնաբաժինը։ - Բանկի գործունեության հետ առնչվող բոլոր ռիսկերը կառավարելի են եւ մշտապես գտնվում են ղեկավարության անմիջական վերահսկողության ներքո: Վարկային ռիսկի արդյունավետ կառավարումը բանկի հիմնական առաջնահերթություններից է: Բանկի վարկային պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինը վերջին հաշվետու ժամանակաշրջաններում տատանվում է 4%-ի սահմաններում: Ինչ վերաբերում է սպառողական վարկերի պորտֆելի աճի բարձր տեմպին, ապա նշեմ, որ Հայբիզնեսբանկը սպառողական վարկերի գծով ունի ցածր ռիսկի ախորժակ, խուսափում է վարկավորել արդեն իսկ ծանրաբեռնված, վարկային բեռ ունեցող հաճախորդներին, ուստի պորտֆելի գծով ռիսկը լիարժեք կառավարելի է: Հարկ եմ համարում նշել նաեւ, որ սպառողական վարկերի աճի բարձր տեմպերի հետ կապված վերջերս իր մտահոգությունն է հայտնել նաեւ ՀՀ Կենտրոնական բանկը, որը նախատեսում է որոշակի նոր կարգավորումներ սպառողական վարկերի տրամադրման ոլորտում, ինչը կսահմանափակի հաճախորդների վարկային բեռի աճը եւ կնպաստի սպառողական վարկավորման ոլորտում բանկերի ագրեսիվ քաղաքականության զսպմանը: - Որքա՞ն է այսօր հաճախորդների ներգրավվածությունը Հայբիզնեսբանկի դիջիթալ պրոդուկտներում։ Որքա՞ն հեռանկարային է այս ուղղությունը բանկի համար։ - Այսօր հաճախորդների ներգրավվածությունը բանկի թվային պրոդուկների մեջ շատ չէ, այն կազմում է ֆիզիկական անձանց ընդհանուր բազայի 4%-ը, սակայն տվյալ ուղղությունը առաջնային է բանկի համար: Բանկում ստեղծվում է առանձին ստորաբաժանում տվյալ պրոդուկների զարգացման համար (ինտերնետ-բանկինգ, մոբայլ-բանկինգ, էլեկտրոնային դրամապանակ):Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բոլոր այն տեխնոլոգիաները, որոնք մենք այժմ ներդնում ենք՝ համընթաց լինեն շուկայի թարմացած պահանջներին: Առաջիկայում արդեն հնարավոր կլինի խոսել թվային պրոդուկտներում հաճախորդների ներգրավվածության նկատելի ակտիվացման մասին:- Այս ամենին զուգընթաց, աչքի է զարնում նաեւ Հայբիզնեսբանկի հոգածությունը ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցների նկատմամբ, քաղաքականությունը շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ…- Այո, կուզեի հիշեցնել, որ Հայբիզնեսբանկի Նալբանդյան փողոցի վրա գտնվող Գլխամասային գրասենյակն արդեն իսկ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի արժեքավոր ճարտարապետական հուշարձան է՝ այստեղ է ժամանակին տեղակայվել Արքունական պալատն ու նահանգական գանձատունը, այս շենքում են գտնվել Առաջին հանրապետության ֆինանսների նախարարությունը, տարբեր վարչական կառույցներ: Վերջերս Հայբիզնեսբանկը ընդլայնել է Գլխամասային գրասենյակի տարածքը՝ ներառելով նաեւ հարակից շենքը, որը նույնպես ոչ պակաս հարուստ պատմություն ունի եւ վերջերս է վերանորոգվել։Մենք ջանք չեն խնայում, որպեսզի պահպանելով հին արժեքները՝ ստեղծվեն բարենպաստ պայմաններ բարձրակարգ սպասարկման եւ բանկային այլ ծառայությունների մատուցման համար: Նաեւ, որ մայրաքաղաքի դիմագծի մեջ իր ուրույն տեղը գրավող շենքերը այսուհետ եւս ներկայանան անխաթար ճարտարապետական տեսքով եւ նույնքան գեղեցիկ դիտվեն նաեւ ապագայում:Մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ տարբեր համայնքներով սփռված մեր մասնաճյուղերի շրջակա տարածքների բարեկարգմանը: Դա հենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաղադրիչներից մեկն է եւ լայն իմաստով, հենց այստեղից է սկսվում մշակույթը: - Բանկային համակարգը մեր երկրի կայացած ոլորտներից է: Սակայն, քիչ են այն բանկերը, որոնք հենց անկախության առաջին տարիներից մուտք գործելով ոլորտ՝ կարողացան դիմակայել մրցակցությանն ու իրենց կայուն տեղը գրավել ոլորտում: Այսօր ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայբիզնեսբանկը Հայաստանի բանկային համակարգում, ինչպես է դիմակայում մրցակցությանը, ինչ գնահատական կտայիք առ այսօր ունեցած ձեռքբերումներին: - Իսկապես, Հայբիզնեսբանկը մեր նորաստեղծ պետության տարեկիցն է եւ դա ինչ-որ տեղ խորհրդանշական է: Ստեղծման պահից բանկը նկատելի տեղ է զբաղեցրել Հայաստանի ֆինանսական համակարգում: Բանկի առաքելությունն է եղել մեր երկրի զարգացմանը նպաստելը, մեր երկրում գործող տնտեսվարող սուբյեկտներին աջակցելը: Այսօր արդեն, շուրջ 30 տարվա ճանապարհ անցնելով, Հայբիզնեսբանկը հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը՝ ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների ցուցանիշներով, իսկ ավանդային պորտֆելի ծավալով շուկայում զբաղեցնում է առաջին տեղը: Սա, անշուշտ, խոսում է Հայաստանի բնակչության վստահության բարձր մակարդակի մասին, սակայն այս բոլոր դրական ցուցանիշներով հանդերձ, մենք աշխատում ենք աճը շարունակական դարձնել, ինչը մինչ այժմ մեզ հաջողվել է: Դաշտում մրցակցությանը դիմակայելու եւ հաստատատուն տեղ ունենալու գրավականը՝ մեր հաճախորդների համար հնարավորինս հարմարավետ եւ շահավետ պայմաններ ստեղծելն է եւ այս ուղղությամբ անընդհատ աշխատանք է տարվում: Հարցազրույցը տրամադրել է բանկի մամուլի ծառայությունը Tweet Դիտում՝ 14398