Հայբիզնեսբանկն անկախության շրջանի, այսպես կոչված, «առաջին ալիքի» բանկերից է: Մինչ այսօր՝ գրեթե 30 տարվա ընթացքում, բանկն ակտիվ գործունեություն է ծավալել բանկային ոլորտում: Հայբիզնեսբանկն ունիվերսալ ֆինանսավարկային կազմակերպություն է, որն առաջարկում է բանկային ապրանքների եւ ծառայությունների ամբողջական ցանկ՝ կորպորատիվ, միջին, փոքր բիզնեսի եւ ֆիզիկական անձանց համար:Հայբիզնեսբանկի Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի բացառիկ հարցազրույցը Banks.am-ին:- Շուրջ 30 տարի դիմակայելով լուրջ մրցակցությանը՝ Հայբիզնեսբանկն այսօր ներկայանում է որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը: Փոխվե՞լ է արդյոք բանկի ռազմավարությունը վերջին շրջանում: - 2018թ. վերջին բանկի խորհուրդը որդեգրեց նոր ռազմավարություն, որի համաձայն՝ բանկն ակտիվորեն սկսեց զարգացնել մանրածախ բիզնեսի հատվածը: Այս ուղղությամբ բանկի ռազմավարությունը պատահական չէ ընտրված. Հայբիզնեսբանկն ունի մանրածախ հատվածի ակտիվ զարգացման բոլոր նախադրյալները. խոշոր մասնաճյուղային ցանց, մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ մեծ թիմ եւ, ամենակարեւորը, հաճախորդների մեծ բազա, որը բանկի ծառայությունների եւ պրոդուկտների կարիք ուներ:- Դուք նշեցիք, որ Հայբիզնեսբանկը մասնաճյուղային մեծ ցանց ունեցող խոշորագույն բանկերից մեկն է: Նախատեսվո՞ւմ է արդյոք առավել ընդլայնել մասնաճյուղային ցանցը, եւ ի՞նչ նորարարություններ են սպասվում այստեղ:- Իսկապես, մեր բանկն ունի 63 մասնաճյուղից բաղկացած լայն ցանց, ինչը հնարավորություն է տալիս սպասարկել հաճախորդներին Հայաստանի եւ Արցախի գրեթե ամբողջ տարածքում: Այո՛, մենք էական փոփոխություններ ենք ակնկալում ինչպես մեր մասնաճյուղերի տեղակայման բարելավման ուղղությամբ, այնպես էլ դրանց հարմարավետության ու արտադրողականության առումով:Այս պահին ոչ միայն նորաբաց, այլեւ բոլոր մասնաճյուղերում տարածքի բարելավման հետ կապված աշխատանքներ են տարվում՝ սպասարկման գոտիների առանձնացման օպտիմալացման ուղղությամբ: Այն մասնաճյուղերը, որոնց դիրքը կամ տարածքը հարմար չէ հաճախորդների լիարժեք սպասարկման համար, ըստ առաջնահերթության, տեղափոխվում կամ ընդլայնվում են հարակից տարածքների հաշվին:Նոր մասնաճյուղերը հագեցած են նաեւ հաճախորդների հետ հանդիպումների համար նախատեսված սենյակով, ինչը հնարավորություն կտա առավել հարմար պայմաններում բանակցություններ վարել բանկի հաճախորդների եւ գործընկերների հետ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մասնաճյուղերի շրջակա տարածքների բարեկարգմանը: Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ Մասնաճյուղերի վերակառուցման ծրագրի շրջանակում, համապատասխան ժամանակացույցի համաձայն, բանկի բոլոր մասնաճյուղերում ներդրվում է հերթերի կառավարման համակարգ, նախատեսվում է ունենալ հաճախորդներին դիմավորող սրահի աշխատակից (meeter-greeter), որը կընդունի յուրաքանչյուր հաճախորդի, կօգնի խորհուրդներով եւ կուղղորդի համապատասխան աշխատողի մոտ: Մասնաճյուղերը համալրվելու են բազմաֆունկցիոնալ վճարային տերմինալներով, կանխիկ գումարի մուտքագրման, կանխիկացման եւ արժույթի փոխանակման ունիվերսալ մեքենաներով:Նոր բացվող մասնաճյուղերի տարածքում նախատեսվում է ունենալ 24/7 ռեժիմով գործող շուրջօրյա սրահներ, որոնք հագեցած կլինեն հաճախորդների ինքնասպասարկումը ոչ աշխատանքային ժամերին ապահովելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Իսկ այն բոլոր գործարքները եւ գործառնությունները, որոնք հնարավոր չէ իրականացնել Երեւան քաղաքի ինքնասպասարկման սրահներում, կարվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում շուրջօրյա գործող «Զվարթնոց» մասնաճյուղում:Հարկ է նշել, որ առաջիկայում մենք կբացենք նոր ձեւաչափի 8 մասնաճյուղ, որոնք կհամապատասխանեն բանկային համակարգի բոլոր միջազգային ստանդարտներին:- Ի՞նչ կարող է այսօր Հայբիզնեսբանկն առաջարկել իր մանրածախ հատվածի հաճախորդներին, բանկի պրոդուկտներից ո՞րն է հատկապես պահանջված այսօրվա շուկայում: - Մոտ ապագայում բանկը ֆիզիկական անձանց կարող է առաջարկել մի շարք հետաքրքիր, շահավետ պրոդուկտներ եւ ծառայություններ՝ վարկային ապրանքատեսակներ, հաշիվների բացում, շատ բարենպաստ պայմաններով ավանդներ, պահատվության ծառայություններ, արժեթղթերով գործարքներ իրականացնելու հնարավորություն, էսքրոու հաշիվներով ծառայություններ, յուրահատուկ դիզայնով եւ մի շարք առավելություններով դեբետային պլաստիկ քարտեր: Քանի որ Հայբիզնեսբանկն ունի սեփական պրոցեսինգային կենտրոն, դա մեզ հնարավորություն կտա մոտ ապագայում պլաստիկ քարտերի քարտապաններին տրամադրել տարբեր ընտրանքային հնարավորություններ եւ բոնուսային միավորներ, որոնք նրանք կարող են փոխանակել տարբեր նվերներով:Ինչ վերաբերում է մեր վարկային ապրանքատեսականուն, ապա վստահ կարելի է ասել, որ այն բազմազան է եւ կարող է վարկային պրոդուկտներ առաջարկել հաճախորդների՝ գրեթե ցանկացած տիպի եւ հատվածի համար:Վերջին մեկ տարվա ընթացքում վիթխարի աշխատանք է տարվել վարկային ապրանքատեսակների պայմանների օպտիմալացման, բարելավման եւ նոր վարկային ապրանքատեսակների ներդրման ուղղությամբ: Բարելավվել եւ օպտիմալացվել են ոսկու գրավով վարկի պայմանները, ինչը մեր հաճախորդներին հնարավորություն է տվել հաշված րոպեների ընթացքում ստանալ գրավի մինչեւ 150%-ի չափով գումար: Բանկի կողմից վերանայվել եւ կատարելագործվել են նաեւ հիփոթեքային վարկի պայմանները, ինչը նաեւ հնարավորություն է տվել հաճախորդներին բնակարան ձեռք բերել ավելի ցածր տոկոսադրույքով եւ, որ ամենակարեւորն է՝ առանց նախնական կանխավճարի: Բարելավվել են նաեւ տրանսպորտային միջոցների ձեռքբերման վարկավորման պայմանները վարկի սահմանաչափի ավելացման, մարման ժամկետի երկարաձգման, արտերկրից մեքենաների ներկրման նպատակով վարկերի տրամադրման եւ գործող տոկոսադրույքի նվազեցման միջոցով:Որոշ պրոդուկտների համար բանկը կատարել է կոմերցիոն վերակառուցում, ինչի կապակցությամբ մենք ներդրել ենք «վարկային արձակուրդ» հասկացությունը, եւ որը բավականին դյուրացրեց մեր հաճախորդների ֆինանսական վիճակը վարկի մարումների մասով:Ներդրվել են այնպիսի նոր ապրանքատեսակներ, ինչպես օրինակ՝ նախապես հաստատված ցուցակի հիման վրա վարկային գծերի տրամադրումը Հայբիզնեսբանկի առկա եւ պոտենցիալ նոր հաճախորդներին: Գործարկվել է էլեկտրոնային սարքավորումների, կահույքի եւ այլ իրերի ձեռք բերման նպատակով POS-վարկավորման նոր ծառայություն: Հատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդներին: Այդ նպատակով մենք ներդրել ենք մի շատ հետաքրքիր ապրանքատեսակ, ինչը ուսանողներին հնարավորություն է տալիս դեռ ուսանողական տարիներից ստեղծել իրենց վարկային պատմությունը եւ հետագայում լիարժեք օգտվել բանկային ծառայություններից: Նման հնարավորությունների ապահովումը կհանգեցնի երիտասարդ պոտենցիալ հաճախորդների բազայի ձեւավորմանը, որոնք հետագայում կշարունակեն օգտվել բանկի այլ պրոդուկտներից եւ արդյունքում կձեւավորեն երկարատեւ եւ կայուն գործարար հարաբերություններ բանկի հետ:Բանկը պարբերաբար ակցիաներ է իրականացնում նաեւ տարբեր պրոդուկտների մասով, ինչը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս մասնակցել տարբեր անվանակարգերով մրցույթների, ստանալ արժեքավոր մրցանակներ եւ նվերներ, դրամային պարգեւներ եւ մեծ զեղչերով ձեռք բերել բանկային պրոդուկտներ:- Ի՞նչ առաջարկներ ունի բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: - Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, համաշխարհային տնտեսության մեջ գերակշռող դիրք գրավող երկրները բնակչության կենսամակարդակը բարձրացրել են փոքր բիզնեսը եւ մասնավոր ձեռներեցությունը զարգացնելու միջոցով: 2018-ին Հայբիզնեսբանկը որդեգրեց փոքր բիզնեսի զարգացման քաղաքականությունը, որպեսզի յուրաքանչյուրը հնարավորություն ունենա կառուցել հուսալի ապագա իր հայրենիքում:Հատուկ պատրաստված թիմը կապ կհաստատի պոտենցիալ հաճախորդների հետ, կառաջարկի ֆինանսական պրոդուկտների եւ ծառայությունների բավականին լայն տեսականի, կծանոթացնի բանկի տոկոսադրույքին, կներկայացնի վարկավորման եւ ծառայությունների բոլոր շահավետ կողմերն ու պայմանները, ինչպես նաեւ խորհուրդ կտա, թե վարկային որ պրոդուկտներն են առավել հարմար կոնկրետ բիզնես ծրագրի համար:Փոքր բիզնեսի ոլորտում մեր հիմնական խնդիրն էր ստեղծել առաջարկներ, որոնք յուրաքանչյուր ձեռնարկատիրոջը հնարավորություն կտան ի դեմս բանկի գտնել իր գործընկերոջը: Առաջին քայլը՝ մինչեւ 7 մլն ՀՀ դրամի չափով փոքր բիզնեսի վարկավորման տեխնոլոգիայի գործարկումն էր, երբ բանկը վարկավորման որոշումը կայացնում է մի քանի ժամվա ընթացքում, ընդ որում՝ վարկառուից գրավ չպահանջելով: Սքորինգային մոդելի շնորհիվ բանկը կարող է ճշգրտորեն գնահատել պոտենցիալ վարկառուի վճարունակությունը: Դրանից հետո մենք գործարկել ենք մինչեւ 50 մլն ՀՀ դրամի չափով փոքր բիզնեսի վարկավորման դասական մոդելը:Այնուհետեւ, ուսումնասիրելով շուկան եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչների պահանջները, մենք գործարկեցինք եւս մի քանի պրոդուկտ, որոնք, սկզբունքորեն, ընդգրկում են բիզնեսի կարիքների ամբողջ տեսականին:Արդյունքում, մի քանի ամսվա ընթացքում մենք հասել ենք գլխապտույտ հաջողությունների՝ ամեն ամիս ապահովելով պորտֆելի կայուն աճ: Ուրախալի գործոններից մեկն այն է, որ այս ոլորտում բանկն արդեն իսկ ֆինանսավորել է ավելի քան 400 բիզնես ծրագիր Հայաստանում եւ Արցախում, իսկ մեր առկա հաճախորդների հետ ճիշտ կառուցված գործարար հարաբերությունների արդյունքում՝ փոքր բիզնեսի վարկային ապրանքատեսականու ամբողջ պորտֆելը հավասարակշռված վարկային պորտֆել է:Բանկի 2019-2021 թվականների զարգացման ռազմավարության իմաստով փոքր բիզնեսին աջակցելը եւ սպասարկելը բանկի կողմից դիտարկվում է որպես թիրախային ոլորտ: 2019 թվականի ընթացքում ներգրավված հաճախորդների թիվը գերազանցել է 400-ը, մինչեւ այս տարվա վերջ կանխատեսում ենք ունենալ 40% վարկային պորտֆելի աճ:Այսպիսով, մեր նպատակն է դառնալ կարեւոր դերակատար երկրի փոքր բիզնեսի շուկայում:- Այժմ շատ նորաձեւ է թվայնացման մասին խոսելը: Ի՞նչ է առաջարկում Հայբիզնեսբանկը նորարարական տեխնոլոգիաների եւ թվային պրոդուկտների ոլորտում:- Ժամանակակից աշխարհում շատ կարեւոր է ստեղծել այնպիսի նորարարական լուծումներ, որոնք կբարձրացնեն հաճախորդների սպասարկման որակը եւ կնպաստեն նրանց ժամանակի խնայողությանը: Մեզ համար սա նաեւ զարգացման առանցքային ճյուղերից մեկն է. հասկանալի է, որ մեր հաճախորդները նաեւ հեռահար սպասարկման կարիք ունեն եւ մեր ծառայությունները պետք է համապատասխանեն ժամանակակից բոլոր պահանջներին:Որպես սկիզբ՝ հաճախորդների հարմարավետության եւ նրանց ժամանակը տնտեսելու նպատակով բանկը ներդրել է հերթերի կառավարման համակարգ, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու նախապես գրանցվել իրենց նախընտրած մասնաճյուղում՝ ցանկալի ժամին: Բացի այդ, հերթերի կառավարման համակարգը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատել մեր բանկի աշխատակիցների սպասարկման որակը: Մասնաճյուղային ցանցի բեռնաթափման եւ սպասարկման որակի բարձրացման նպատակով բանկը նախատեսում է գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում ներդնել վճարային տերմինալներ, որպեսզի հաճախորդները կարողանան ինքնուրույն կերպով կատարել փոխանցումներ հաշիվներին, կատարել կոմունալ վճարումներ եւ մոտավորապես 400 այլ տեսակի վճարումներ, ինչպես նաեւ մարել իրենց վարկերը, որոնք սպասարկվում են Հայբիզնեսբանկի եւ այլ բանկերի կողմից:Ինչ վերաբերում է Մոբայլ Բանկինգ հավելվածին, կարող եմ վստահ ասել, որ այն մեր հաճախորդներին թույլ է տալիս կատարել մի շարք կարեւոր բազմաֆունկցիոնալ բանկային գործառնություններ աշխարհի ցանկացած կետից: Մոբայլ Բանկինգ հավելվածի հնարավորությունների ընդլայնումը եւ օգտագործման հարմարավետության բարձրացումը մշտապես գտնվում են բանկի ուշադրության կենտրոնում: Մոտ ժամանակներս բանկը նախատեսում է ներդնել մի շարք նոր ծառայություններ, որոնք հաճախորդներին հնարավորություն կտան հավելվածի միջոցով պատվիրել Mastercard կամ Visa պլաստիկ քարտ եւ ստանալ այն իրենց համար հարմար մասնաճյուղից, կատարել քարտից քարտ փոխանցում, ստանալ ավանդ բացելու, կենսաթոշակի քաղվածքը դիտելու հնարավորություն եւ այլն: Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի բանկը մշտապես հասանելի լինի մեր հաճախորդներին աշխարհի ցանկացած կետից, որտեղ էլ նրանք գտնվեն: - Որքանո՞վ է դյուրին Հայբիզնեսբանկի հաճախորդի համար ցանկացած ժամի կապ հաստատել բանկի աշխատակցի հետ եւ ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: - Մեր հաճախորդները կարող են ստանալ իրենց հարցերի սպառիչ պատասխաններն արդեն բավականին արագ եւ հեշտ: 2019թ. սեպտեմբերից գործում է Հայբիզնեսբանկի Զանգերի կենտրոնը, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ նպատակ ունի բարձորակ սպասարկում ապահովել մեր բանկի հաճախորդների համար՝ շուրջօրյա, աշխարհի ցանկացած կետից: Այսօր զանգահարելով Հայբիզնեսբանկի Զանգերի կենտրոն՝ մեր հաճախորդը կարող է ստանալ տեղեկատվություն բանկային հաշիվների, վարկերի, պլաստիկ քարտերի (արգելափակման եւ ապաարգելափակման) վերաբերյալ, ստանալ խորհրդատվություն բանկի կողմից առաջարկվող ծառայությունների եւ ապրանքների մասին, ինչպես նաեւ ստանալ աջակցություն այլ գործառնական եւ տեխնիկական հարցերի դեպքում: Զանգերի կենտրոն ստեղծելու նպատակը դեռ վաղուց է եղել օրակարգում, սակայն զրոյից նման կենտրոն գործարկելը բավականին բարդ խնդիր է: Դրա լուծման համար պահանջվում են առանձնահատուկ գիտելիքներ եւ հմտություններ, ինչպես նաեւ զգալի ներդրումներ: Նախկինում հաճախորդների զանգերին եւ հարցերին պատասխանում էին տարբեր մասնաճյուղերում եւ ստորաբաժանումներում, դա հանգեցնում էր մուտքային զանգերի ապակենտրոնացմանը: Արդյունքում մուտքային զանգերի մի մասն անպատասխան էր մնում: Այդ ժամանակահատվածը մեզ համար արժեքավոր փորձ հանդիսացավ այն առումով, որպեսզի հասկանանք, թե Զանգերի կենտրոնի ներդրումը եւ հաճախորդների հետ առցանց ռեժիմով աշխատելը որքանով էր կարեւոր մեզ համար: Մոտ ժամանակներս մենք պլանավորում ենք գործարկել նաեւ հեռախոս-բանկ համակարգը, որը, վերոնշյալ ծառայությունները տրամադրելուց բացի, հնարավորություն կտա նաեւ իրականացնել անկանխիկ գործարքներ, առանց տնից դուրս գալու ստանալ դրամական փոխանցումները քարտային հաշվին՝ պարզապես զանգահարելով մեր Զանգերի կենտրոն:Բանկի Զանգերի կենտրոնի հեռահար նպատակը Վիրտուալ մասնաճյուղ դառնալն է, որի գործունեության շրջանակում ենթադրվում է մեր բոլոր պրոդուկտների եւ ծառայությունների մատուցումը, բացառությամբ՝ կանխիկ դրամով կատարվող գործարքները:- Նախատեսվո՞ւմ է արդյոք անցնել պրոդուկտների վարկավորման գործընթացի կազմակերպման նոր մակարդակի, երբ հաճախորդը շատ արագ կտեղեկանա իր վարկը հաստատվել է, թե ոչ, եւ ինչ գումարի չափով: - Միանշանակ՝ այո՛: Ի դեպ, ֆիզիկական անձանց համար նախատեսված մի քանի ապրանքների մասով մենք արդեն ունենք ակնթարթային լուծումներ: Բայց դա դեռ այն ամբողջը չէ, ինչին ձգտում ենք:Մեր օրերում ցանկացած ժամանակակից բանկ պետք է ունենա ունիվերսալ ծրագրային ապահովում՝ իր ապրանքների բիզնես գործընթացների ավտոմատացման համար: Այնպիսի գործիքի ներդրումը, ինչպիսին վարկային հոսքագիծն է, օգնում է պահպանել բանկի մրցունակությունը եւ թույլ է տալիս շուկային առաջարկել օպտիմալացված բիզնես-գործընթացներով նորանոր ապրանքներ: Մեզ համար հոսքագծի ներդրման կարեւոր նպատակներից մեկը հաճախորդների բոլոր դիմում-հայտերի «հոսքային» մշակումն է կյանքի բոլոր փուլերում:Իր բանկային ծառայությունները եւ ապրանքները զարգացնելու նպատակով բանկն այս պահին ներդնում է ժամանակակից տեխնոլոգիական լուծում՝ վարկային հոսքագիծ, եւ հաջորդ տարի մենք կկարողանանք մեր հաճախորդներին ներկայանալ նոր, ընդլայնված հնարավորություններով:Բանկում այս գործիքի առկայությունը թույլ կտա կրճատել դիմում-հայտերի ուսումնասիրման ժամանակը եւ կայացնել որոշում հաշված րոպեների ընթացքում: Սա թափանցիկ համակարգ է, որը հնարավորություն է տալիս վերահսկել ինչպես վարկային հայտերի հոսքը, այնպես էլ յուրաքանչյուր կատարողի ծանրաբեռնվածությունը: Այստեղ կենտրոնացված է տեղեկատվություն յուրաքանչյուր հայտի կարգավիճակի եւ մշակման ժամկետների մասին, յուրաքանչյուր հաճախորդի մասով (դիմում-հայտեր, պայմանագրեր, փաստաթղթեր): Մենք իրականացնում ենք հայտերի ուսումնասիրման կենտրոնացման գործընթաց եւ ավտոմատացնելու ենք մեր բիզնես գործընթացները՝ պրոդուկտը պրոդուկտի հետեւից՝ միաժամանակ պահպանելով մեր հաճախորդների սպասարկման որակը եւ ճկունությունը:- Զարգացման այսպիսի դինամիկայի դեպքում բանկերը սովորաբար ակնկալում են նաեւ խնդրահարույց պարտավորությունների աճ: Եթե հաճախորդի մոտ դժվարություններ են առաջանում վարկի սպասարկման գծով, ինչպե՞ս է բանկը արձագանքում նման իրավիճակում: - Դուք ճիշտ եք, բիզնեսի ընդլայնվելու հետ, բնականաբար, բացարձակ թվերով կարող են աճել նաեւ խնդրահարույց պարտավորությունները: Բարեբախտաբար, մինչ այժմ մեզ հաջողվում է ոչ միայն մնալ Ռիսկերի կառավարման կողմից սահմանված ռիսկի նկատմամբ ախորժակի սահմաններում, այլ՝ նույնիսկ ավելի ցածր: Այսպիսի որակ մենք ստացել ենք մի քանի կարեւոր փաստերի շնորհիվ. - Մեծ եւ որակյալ հաճախորդային բազա, որը ձեւավորվել է բանկում տարիների ընթացքում, որի վրա էլ մենք կառուցեցինք մեր նոր վաճառքները, - Գլխամասային գրասենյակի մակարդակով դիմում-հայտերի որակյալ մշակում կենտրոնացված ձեւաչափով, ինչը թույլ է տալիս համոզվել ճիշտ ընտրված վարկավորման տեխնոլոգիայի մեջ, - Վճարման ուշացման դեպքում արագ արձագանքման կարողություն: Վճարումն ուշանալու դեպքում Հայբիզնեսբանկը հաճախորդներին ներկայանում է բացառապես բարեկրթության դիրքերից: Մենք փորձում ենք կառուցել գործընկերային հարաբերություններ: Երբ հաճախորդը բախվում է ֆինանսական դժվարությունների եւ ուշացնում է վարկի վճարումը, բանկն առաջին հերթին ուսումնասիրում է վարկի պատմությունը, մարման ժամանակացույցը, զանգահարում է հաճախորդին` փորձելով պարզել վճարման ուշացման պատճառը: Հասկանալով ուշացման պատճառը՝ մենք փորձում ենք օգնել հաճախորդին: Խնդիրներ կարող են առաջանալ տարբեր պատճառներով, բայց, ամեն դեպքում, բանկի խնդիրն է ելք գտնել ստեղծված խնդրահարույց իրավիճակից եւ օգնել հաճախորդին խուսափել հետագա խնդիրներից: - Փորձենք ասվածն արտահայտել թվերով, ի՞նչ արդյունքներ կստացվեն:- Տարվա 11 ամիսների արդյունքներով արդեն տեսանելի է, որ Հայբիզնեսբանկում մանրածախ պրոդուկտների վարկերի ընդհանուր պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճելու է ավելի քան 45%-ով՝ պայմանավորված հիմնական վարկերի պորտֆելների աճով: 2019 թվականի 11 ամիսների ընթացքում նոր թողարկված քարտերի քանակը հասել է ավելի քան 40 հազարի, իսկ տարին դեռ չի ավարտվել: Վարկային պրոդուկտների մասով նոր ֆիզիկական անձ-հաճախորդների թիվը 2019 թվականի այս ժամանակահատվածի համար հատել է 10 հազարի շեմը: 2020 թվականին մենք նախատեսում ենք ունենալ մանրածախ պրոդուկտների վարկերի ընդհանուր պորտֆելի 44% աճ:Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայբիզնեսբանկը, հանդիսանալով առաջատար բանկ ժամկետային ավանդների ներգրավման գծով, շարունակում է ապահովել ժամկետային ավանդների պորտֆելի աճ, ինչը վկայում է բանկի նկատմամբ բնակչության մեծ վստահության մասին: Մենք գնահատում ենք այդ վստահությունը, այն թանկ է մեզ համար եւ պարտավորեցնող: - Եվ այնուամենայնիվ, ո՞րն եք համարում բանկի ամենակարեւոր ձեռքբերումը, ամենից շատ ինչո՞վ եք հպարտանում:- Մեր թիմով: Մեր ռազմավարության մեջ նման անդրադարձ կա. «Հայբիզնեսբանկում պետք է ցանկանան աշխատել բոլորը, բայց կաշխատեն միայն ամենատաղանդավորները»:Այս համատեքստում մենք անընդհատ փնտրում ենք աշխատակիցներ բոլոր ուղղություններով: Շատ կարեւոր է, որ մենք փնտրում ենք տաղանդներ ներսում եւ նպաստում ենք նրանց առաջխաղացմանը: Սա այն թիմն է, որը չի սահմանափակվում միայն իր ֆունկցիոնալ պարտականություններով, այլ մարդիկ են, որոնք հանուն բանկի նպատակների պատրաստ են շատ ավելին անել, աշխատել ոչ կանոնավոր գրաֆիկով, նորը որոնելիս նույնիսկ անձնական ժամանակի հաշվին մասնակցել որոշ ընդհանուր միջոցառումների եւ, ամենակարեւորը, անկեղծորեն ուրախանալ բանկի ընդհանուր հաջողությամբ:Ընդամենը մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 19-ին, մեր թիմի մարդկանցից բաղկացած մի փոքրիկ խումբ մանրածախ բիզնեսի ոլորտում գործարկեց այսպես կոչված retail sales force վաճառքի նոր համակարգը, իսկ այսօր արդեն այդ թիմը ցույց է տալիս մանրածախ պորտֆելի եւ եկամուտների գրեթե 50% աճ մանրածախ բիզնեսի գծով: Ես կարծում եմ, որ բանկը զարգացնելու մեր բոլոր ջանքերը հաջողությամբ կպսակվեն, քանի որ մեր ամբողջ թիմը նպատակաուղղված է հաջողության:Այո΄, ես վստահաբար կարող եմ ասել, որ հպարտանում եմ Հայբիզնեսբանկի հաջողակ, համախմբված եւ արհեստավարժ թիմով:- Ամփոփելով զրույցը՝ ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք, հետագայում ինչո՞վ է Հայբիզնեսբանկն ուրախացնելու իր հաճախորդներին: - Փոքր բիզնեսի եւ ֆիզիկական անձանց հատվածի զարգացումը բանկի 2019-2021 թթ. ռազմավարական ուղղությունն է: Հայբիզնեսբանկի զարգացումն առավել ժամանակակից եւ արդյունավետ դարձնելու, նոր հաճախորդներ ներգրավելու եւ առկա հաճախորդների հավատարմության ինդեքսը բարձրացնելու համար մշտապես կօպտիմալացվի բանկի ապրանքատեսականին, կբարելավվեն պայմանները, կներդրվեն նոր պրոդուկտներ, կիրականացվեն ակցիաներ տարբեր պրոդուկտների գծով:Հայբիզնեսբանկի ղեկավարությունը վստահ է, որ հաճախորդներին հնարավորինս պարզեցված եղանակով ծառայություններ մատուցելը, բյուրոկրատական քաշքշուկների ու ընտրության բարդ չափանիշների բացակայությունը հնարավորինս դրական ազդեցություն կունենան հաճախորդների տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ ամուր եւ երկարատեւ համագործակցության հաստատելու վրա: Կարեւորելով նաեւ երիտասարդ, շնորհալի եւ աշխատասեր երիտասարդ կադրերի դերն ու նշանակությունը հայաստանյան բանկային շուկայում՝ Հայբիզնեսբանկը մշտապես իրականացնելու է քաղաքականություն, որն աջակցում է երիտասարդ սկսնակ մասնագետներին:Ամփոփելով, կարելի է վստահաբար ասել, որ Հայբիզնեսբանկը հավատարիմ է մնում իր կարգախոսին եւ հետագայում հաճախորդներին կմատուցի ձեռքբերման եւ օգտագործման առումով մատչելի եւ պարզ պրոդուկտներ, որոնք կբարձրացնեն նրանց ֆինանսական կայունությունը եւ կստեղծեն բոլոր պայմանները սեփական տանը հուսալի ապագա կառուցելու համար: Tweet Դիտում՝ 37595