Դոլարը դանդաղորեն ուժեղանում է

12.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Հայոց Աշխարհ”հունվարի 12,2008 թ.

Ամանորյա տոներից հետո Հայաստանի արժութային շուկայում սովորաբար դրսեւորվող անկայունությունն այս անգամ չնկատվեց:

Ակնհայտ է, որ վերջին մեկ-երկու տարիներին նախատոնական ֆինանսական ակտիվ տեղաշարժերը կտրուկ ազդեցություն չեն ունենում արժութային շուկայի փոխարժեքների վրա: Տարեմուտի դրսեւորումները վկայում են, որ դեկտեմբերին դրամի եւ դոլարի հարաբերակցությունը գրեթե չփոխվեց: Ավելին, կարելի է ասել, ամբողջ տարվա ընթացքում արձանագրված արժեւորումից հետո նկատվեց դրամի նույնիսկ մի փոքր թուլացում նոյեմբերի վերջի համեմատ:

Իհարկե, տարեվերջին արժութային շուկայում դրսեւորվող հարաբերական կայունությունն ամենեւին չի նշանակում, թե նվազել են արտարժութային հոսքերը:
Պատահական չէ, որ դեկտեմբերին կտրուկ ավելացան փողի ցուցանիշները: Միայն այդ ամսին փողի բազան ավելացել է շուրջ 55 մլրդ դրամով: Կանխիկ դրամի աճը եղել է 24 միլիարդ: Սա նշանակում է, որ Կենտրոնական բանկը փորձել է բավարարել շուկայում գոյություն ունեցող դրամի պահանջարկը:

Տարեվերջին փողի բազան հասավ աննախադեպ բարձր ցուցանիշի (427 մլրդ դրամ), ինչը որոշակի ռիսկեր է պարունակում դրամի թուլացման, հետեւաբար գնաճի համար: Պատահական չէ, որ ԿԲ-ն արդեն սկսել է իրականացնել դրամի, այսպես կոչված, սեղմողական քաղաքականություն: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում փողի բազան կրճատվել է 14 մլրդ դրամով, 8 միլիարդով նվազել է նաեւ շրջանառության մեջ առկա կանխիկը:

Հետտոնական պասիվ ֆինանսական եւ տնտեսական շրջանում այս միջոցառումները նպատակ ունեն թույլ չտալ դրամի կտրուկ թուլացում: Այնուամենայնիվ վերջին օրերին նկատվում է տարադրամի որոշակի ուժեղացում: Մի բան, որ պայմանավորված չէ միջազգային ֆինանսական շուկաներում նկատվող երեւույթներով:

Ինչպես հայտնի է, հետտոնական շրջանում համաշխարհային շուկայում դոլարը արժեւորման որոշակի նշաններ է ցույց տալիս: Ընդ որում, ոչ միայն եվրոյի, այլեւ ճապոնական իենի եւ բրիտանական ֆունտ ստեռլինգի նկատմամբ: Թե այս միտումները որքան կշարունակվեն, դժվար է ասել: Բայց փաստ է, որ համաշխարհային շուկայի տեղաշարժերը սովորաբար ավելի ուշ են հասնում Հայաստան: Առավել եւս, որ դեռեւս հայտնի չէ. այդ միտումները կպահպանվե՞ն, թե՞ ոչ:

Ամեն դեպքում, կարելի է ասել, որ Հայաստանի արժութային շուկայում նկատվող վերջին թույլ դրսեւորումները հիմնականում ներքին գործոնների հետեւանք են: Տարեսկզբի համեմատ դոլարի փոխարժեքը երկու-երեք դրամով արժեւորվել է: Այսօր այն տատանվում է 308-311 դրամի սահմաններում:

Դոլարի ուժեղացումը նկատելի է նաեւ արժութային բորսայում անցած երեք օրերին իրականացված առք ու վաճառքի գործարքների արդյունքում: Եթե հունվարի 8-ին դոլարի միջին փոխարժեքն այստեղ եղել է 307,01, ապա հունվարի 10-ին` 308,2 դրամ: Սա նշանակում է, որ տեղի է ունենում դոլարի թանկացում:

Ընդ որում, անցած երեք օրերին արժութային բորսայում իրականացվել են բավական ակտիվ գործարքներ: Ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 12 մլրդ դոլարի առք ու վաճառք, որին, անշուշտ, մասնակցում է նաեւ Կենտրոնական բանկը: Մեզ չհաջողվեց ճշտել` այդ օրերին ԿԲ-ն դոլար է գնե՞լ, թե՞ վաճառել:

Այնուհանդերձ, կարելի է ենթադրել. տեղի է ունենում ավելցուկային դրամական միջոցների ներքաշում, ինչը, բնականաբար, նշանակում է, որ ԿԲ-ն սկսել է դոլար վաճառել: Պարզապես տարեվերջին արձանագրված փողի բազայի կտրուկ ընդլայնման հետեւանքով դա չի հանգեցնում ամերիկյան արժույթի արժեզրկման:
Այնպես որ, արժութային շուկայում դոլարի ուժեղացման միտումը դեռեւս պահպանվում է: Ենթադրվում է, որ հանդարտ տեմպով դա կշարունակվի նաեւ առաջիկայում:

Որքան էլ վերջին տարիներին Հայաստանի արժութային շուկայում արձանագրվող միտումներն ունեն երկակի նշանակություն տնտեսության տարբեր հատվածների համար, այնուհանդերձ, պետք է ասել, որ այն դրականորեն է անդրադարձել ֆինանսական համակարգի վրա: Հատկապես անցած տարի աննախադեպ` 72 տոկոսով, ավելացել է առեւտրային բանկերի վարկային պորտֆելը, որն ուղղակիորեն կապված է ներգրավվող ֆինանսական միջոցների հետ:

Ինչպես բանկերի, այնպես էլ ընդհանրապես Հայաստանի ֆինանսական շուկայի նկատմամբ նկատվում է միջազգային կազմակերպությունների հետաքրքրության մեծացում: Միայն անցած տարվա ընթացքում օտարերկրյա հայտնի չորս նոր բանկ է մուտք գործել Հայաստանի ֆինանսական տարածք, իսկ բանկերին հաջողվել է դրսից ներգրավել շուրջ 82 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ:

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Դիտում՝ 6380
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW