Գալիպ Օնար. Մենք ամեն օր ենք նորարարություն անում

14.10.2019 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Գալիպ Օնարը «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի»-ի ռազմավարությունների, նորարարությունների եւ առեւտրային լուծումների գծով տնօրենն է։ Նախորդ շաբաթ նա այցելել էր Երեւան՝ մասնակցելու ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT-2019)։ Այցի ավարտին Գալիպ Օնարը զրուցել է Banks.am-ի հետ:

- Ինչո՞ւ էր «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի»-ի համար կարեւոր WCIT-2019-ին մասնակցելը։

- Մեր ընկերությունը Հայաստանում է արդեն 25 տարի։ Մենք ծանոթ ենք Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկային, գիտենք մարդկանց ներուժը եւ տեղյակ ենք, թե որքան ընդունակ են նրանք։

Նման մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպումը շատ կարեւոր է հյուրընկալող երկրի համար, քանի որ հնարավորություն է տալիս ներկայացնել տեղական ընկերություններն ու ընդգծել դրանց ներուժը։

Ես կարծում եմ, որ Հայաստանը մեծ ներուժ ունի հատկապես ՏՏ ոլորտում: Դուք ունեք շատ լավ ենթակառուցվածք եւ մրցակցային մասնագետներ: Ցանկացած երկրում հաջողության հասնելու համար տեխնոլոգիան առանցքային բաղադրիչ է։

- Ի՞նչ է նշանակում լինել նորարարությունների գծով տնօրեն մեծ ընկերությունում։

- Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ աճում է ներուժը, եւ սկսում են տարբեր հրաշալի գաղափարներ ծնվել։ Որպես ընկերություն՝ մենք մեր աշխատակիցներին եւ բոլոր շահագրգիռ կողմերին թույլ ենք տալիս մտածել ոչ ստանդարտ, լինել ստեղծարար եւ նորարար։ Տեխնոլոգիան այն հարթակն է, որը թույլ է տալիս անելու դա։

Գալիպ Օնարը

Նորարարությունն ամենուր է, եւ մեզ համար իսկապես կարեւոր է ճիշտ շեշտադրել առաջնահերթությունները՝ հասկանալով բիզնեսի պահանջներն ու նորարարության ազդեցությունը բիզնեսի բոլոր կողմերի վրա՝ վերեւից ներքեւ։ Տեխնոլոգիական նորարարության անբաժանելի մաս կազմելը թեեւ մարտահրավեր է, սակայն չափազանց լավ մարտահրավեր է։

- Ի՞նչ եք կարծում՝ վերջին հինգ տարվա ընթացքում ո՞րն է ձեր ընկերության ամենակարեւոր եւ հետաքրքիր նորարարությունը։

- Մենք բավական շատ նորարարություններ ունենք: Ամենակարեւորներից մեկը «Կոկա-Կոլա»-ի սառնարանների տվյալներն արժեքավոր բիզնես տեղեկատվության վերածելն էր: Մենք շատ ջանքեր ենք գործադրել այս ուղղությամբ:

Մեր բոլոր շուկաներում արդեն չորս միլիոն միացված սառնարան ունենք եւ մինչեւ տարեվերջ կունենանք այդ տեղեկատվության 500 000 օգտագործող։ Սա մեզ թույլ կտա իրականում շփվել մեր սպառողների հետ՝ «մտերմացնելով շուկան»։ Մենք նաեւ ավելի լավ պատկերացում կունենանք շուկայի մասին՝ վստահ լինելու համար, որ մեր հաճախորդներին սպասարկում ենք լավագույն կերպով:

Սա հրաշալի տեխնոլոգիական նորարարություն է: Այլ տեխնոլոգիաներ եւս ներմուծում ենք. ձայնային օգնականը, blunt chain տեխնոլոգիաները, մինչեւ «վերջին մղոն» առաքումը ռոբոտների միջոցով, ռոբոտային գործընթացի ավտոմատացումը:

Ապագայի տեխնոլոգիան իսկապես շատ հետաքրքիր է, եւ նորն արարելու համար Coca-Cola-ն աշխատում է շահագրգիռ կողմերի, մեր ռազմավարական գործընկերների այնպիսի շուկաներում, ինչպիսին Հայաստանն է։

- Լեգենդի համաձայն՝ «Կոկա-Կոլա»-ն տարբեր երկրներում տարբեր համ ունի։ Սա նորարարական PR- է, թե՞ ճշմարտություն։

- Դա ճշմարտություն է։ Թեեւ «Կոկա-Կոլա»-ի պատրաստման համար օգտագործվող հիմնական բաղադրիչները եւ գործընթացը նույնն է բոլոր երկրներում, մարդիկ, սակայն, համը տարբեր կերպ են ընկալում։

Գալիպ Օնարը

Այդ համը կախված է տարբեր գործոններից, ինչպես օրինակ, թե ինչ ջերմաստիճանում է այն սպառվում, ինչ մթերքների հետ է օգտագործվում եւ թե մինչեւ սպառումն ինչ ջերմաստիճանում է այն պահվում։

- Ամեն օր նոր ծառայություններ եւ ապրանքներ են հայտնվում շուկայում։ Ինչպե՞ս են մեծ ընկերությունները հարմարվում այս մարտահրավերներին։

- Մենք նորարարությամբ զբաղվում ենք ամեն օր: Ամեն օր մտածում ենք այն մասին, թե ինչպես ավելի լավ ծառայենք մեր սպառողներին: Նրանց պահանջները մենք հասկանում ենք տվյալների միջոցով, եւ տեխնոլոգիան օգնում է ստուգել այդ տվյալներն ու ստեղծել նոր գաղափարներ։

Գալիպ Օնարը

Տեխնոլոգիական նորարարությունն ու ապրանքների նորարարությունը շատ լավ խառնուրդ է իրականում, որը մեզ պարտադրում է հասկանալ բոլոր այն շուկաների սպառողների պահանջները, որտեղ մենք ներկայացնում ենք մեր ապրանքն ու զարգացնում այն՝ նրանց պահանջներին համապատասխան։

Գալիպ Օնարի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 36723
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW