Էդգար Կարապետյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության եւ ինովացիաների գծով տնօրենն է: Սթենֆորդի համալսարանի շրջանավարտը մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել միջազգային ֆինանսական կազմակերպություններում, 15 տարի դասախոսում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։Պատմելով «Գալաքսի» ընկերությունների խմբում իր աշխատանքի մասին՝ Էդգար Կարապետյանն ընդգծում է. «Ամենակարեւորը, որ աշխատանքիդ արդյունքում տեսնում ես տնտեսության զարգացումը եւ Հայաստանում բիզնես միջավայրի զարգացման վրա թողած ազդեցությունը»։ Banks.am-ը նրա հետ զրուցել է ընկերությունների ռազմավարությունների մշակման, կրթության ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների մասին։Երկրաշարժ ներսում եւ դրսում«Շատ փոքր տարիքում երկրաշարժն ինձ միանգամից հասունացրեց։ 6 տարեկանում սարսափելի է գիտակցել, որ քո դասընկերները շուտով վերադառնալու են տուն եւ ծնողներին այլեւս ողջ չեն տեսնելու»։Էդգար Կարապետյանը Գյումրիից է, Երեւան է տեղափոխվել երկրաշարժից հետո։ Դեկտեմբերի 7-ը հիշում է ամենայն մանրամասնությամբ։ Էդգար Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մայրս մի կերպ էր կարողացել ինձ գտնել դպրոցի բակում։ Տուն էինք վերադառնում իմ դասընկերներից մեկի հետ։ Նրանք 9-հարկանի շենքում էին բնակվում։ Երբ մոտեցանք մեր բակին եւ հեռվից նայեցինք նրանց շենքին, հասկացանք, որ մեր 5-հարկանի շենքը կա, իսկ այդ տղայի շենքը չկա։ Սարսափելի մեծ ցնցում էր այդ պահին գիտակցելը, որ այդ տղան այլեւս ծնողներ չունի։ Երբ սկսում ես հասկանալ կյանքի եւ մահվան սահմանագիծը, միանգամից հասունանում ես»,- ասում է Էդգար Կարապետյանը։Ողբերգությունը մասնագիտության ընտրության հիմքում «Այդ ողբերգությունը թողեց իր ազդեցությունը։ Ես սկսեցի կյանքից ակնկալել «անսպասելի զարգացումների» ցանկացած տարբերակ»։Ըստ Էդգար Կարապետյանի, երբ կյանքից սպասում ես իրադարձությունների անսպասելի «տարբերակներ», սկսում ես մշակել ռազմավարություն, քննարկել ռազմավարական տարբերակներ եւ չբացառել որեւէ սարսափելի իրավիճակ։ «Գալաքսի»-ի ռազմավարության եւ ինովացիաների գծով տնօրենի կարծիքով՝ դա թույլ է տալիս ավելի իրատեսական գնահատել այն միջավայրը, որտեղ գործունեություն ես ծավալում»։ Էդգար Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Սովորաբար մարդը միշտ փորձում է տեսնել ու մտածել միայն դրականի մասին։ Երբ բիզնես կամ նոր ուղղություն է զարգացնում, ուզում է վստահ լինել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Սակայն նա պետք է պատրաստ լինի նաեւ հնարավոր բացասական սցենարներին, որոնք չես կարող բացառել։ Ինձ մոտ այս գիտակցումը երկրաշարժի ազդեցությունն է»։Արտերկրում սովորելու եւ աշխատելու առավելությունները«Փոքր տարիքում, երբ հեռուստացույց էինք դիտում՝ մուլտֆիլմ կամ ֆիլմ, լուսագրերում միշտ փորձում էինք հայկական ազգանուն գտնել։ Սա հայերիս՝ «փոքր ազգ»-ի մտածելակերպն է։ Մենք փորձում ենք ինքներս մեզ հավատացնել, որ ավելի «մեծ» ենք, քան իրականում կանք»։ Էդգար Կարապետյանն ասում է, որ մի կողմից դա լավ է, որովհետեւ մենք ձգտում ենք ավելիին, մյուս կողմից այն մեզ խանգարում է, երբ հայտնվում ենք դրսում եւ աշխատում այլազգիների հետ։«Երբ շրջապատված ես այլ ազգերի ներկայացուցիչներով եւ տեսնում ես, որ ոչ բոլորը գիտեն, թե ովքեր են հայերը, ապշում ես։ Չէ՞ որ դու մանկուց լսել ես, որ հայերը մեծ ներդրում ունեն քաղաքակրթության զարգացման գործում, եւ մեծացել ես այն պատրանքով, որ քո ազգը յուրահատուկ տեղ ունի աշխարհում։ Ազգային գաղափարների տեսանկյունից սա շատ լավ է, ազգապահպան դեր ունի, բայց դա երբեմն խանգարում է մեզ` օտարազգիների հետ հարաբերությունների կառուցման հարցում»։ Էդգար Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Կարապետյանն այն կարծիքին է, որ հայերի մտածելակերպում փոփոխություն է անհրաժեշտ: Պետք է հասկանալ, որ որպես հայ դու կարող ես քո յուրօրինակ դերն ունենալ աշխարհում, բայց պետք չէ շարունակ անցյալին նայել, անցյալով ապրել, , այլ անցյալից անհրաժեշտ է պատմության դասեր քաղել։«Ռազմավարության տեսանկյունից պետք է նայել ապագային եւ հասկանալ՝ որտեղ ենք հիմա, ուր ենք ուզում գնալ եւ որտեղ ենք ուզում հայտնվել»,- հիմնավորում է Էդգար Կարապետյանը։Որտե՞ղ ենք ուզում լինել««Որտե՞ղ է ուզում լինել Հայաստանը 10-20 տարի հետո» հարցն ու պատասխանը չունեն անգամ հանրային կառավարման ոլորտում։ Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանը պետք է իր ուրույն տեղը գտնի տարածաշրջանում ոչ թե քաղաքական տեսանկյունից, այլ տնտեսական»։Էդգար Կարապետյանն ասում է, որ գլոբալ քաղաքականության մեջ Հայաստանն «օբյեկտ» է, ոչ « սուբյեկտ», եւ միայն տնտեսության հզորացմամբ կարելի է դառնալ «սուբյեկտ»։ Դրա համար անհրաժեշտ է ժամանակին համընթաց քայլել։«Հայկական պահպանողական միջավայրում հաճախ են ասում, որ գլոբալիզացիան բացասական երեւույթ է եւ պետք է դրանից խուսափել։ Ես կարծում եմ, որ գլոբալիզացիան իրականում օբյեկտիվ իրականություն է և այն նման է գնացքի։ Եթե չես նստում այդ գնացքը կայարաններից որեւէ մեկում, ուրեմն դու այդ գնացքի հետեւից պետք է անընդհատ վազես»։«Գալաքսի»-ի ռազմավարության եւ ինովացիաների գծով տնօրենը «World internet report»-ի վերջին տվյալներն է օրինակ բերում. 10 տարվա համաշխարհային միտումները ցույց են տալիս, որ գլոբալացման արդյունքում աշխարհը փոխվել է, եւ մենք վաղուց ապրում ենք 4-րդ ինդուստրիալ հեղափոխությունը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Օրինակ՝ 2009-ին աշխարհում համացանց օգտագործողների քանակը մոտավորապես 24% էր։ 2018-ին այդ թիվը հասել է 51 %-ի։ Հայաստանում այդ ցուցանիշը 15% էր 2009-ին եւ 72%՝ 2018-ին։ Մենք մեծ թռիչք ենք արձանագրել։ Համացանցի հասանելիությունը էականորեն փոխել է բիզնես իրականությունը։ Ի հայտ է եկել էլեկտրոնային կոմերցիան: ԱՄՆ-ում առեւտրի 16 %-ը իրականացվում է էլեկտրոնային կոմերցիայի միջոցով, առցանց։ Դրա աճի տեմպը տարեկան 15% է, այն դեպքում, երբ 2-3 % է ավանդական առեւտրի աճի տեմպը։ Այսինքն՝ եւս մի քանի տարի, եւ էլեկտրոնային կոմերցիան կլինի գերակա ուղղություն առեւտրի ոլորտում»։Կարապետյանի որակմամբ՝ սա փոխում է ոլորտների, բիզնեսի վարման և կառուցման սկզբունքները: Այլ տվյալներ է մատնանշում. ԱՄՆ-ում համացանցի օգտագործումը կազմում է 90%, Եվրոպայում՝ 80 %, Աֆրիկյան երկրներում 30 %։ Հայաստանը գտնվում է 70 %-ի շեմին՝ զիջելով ԱՄՆ-ին եւ Եվրոպային։Իսկ ահա «Global innovation index»-ի տվյալներով՝ բիզնեսի կողմից ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից Հայաստանը միջին ցուցանիշ ունի՝ 113-ն է, այն դեպքում, երբ Ադրբեջանը 62-ն է, Վրաստանը՝ 103-ը, Ռուսաստանը՝ 98-ը։«Մենք էականորեն զիջում ենք բիզնեսը տեխնոլոգիաներին ադապտացնելու հարցում։ Սովորական բիզնեսները՝ փոքր ու մեծ խանութները, արտադրությունները, նորագույն տեխնոլոգիաների օգտագործման հարցում շատ ցածր դիրքերում են։ Հայկական բիզնեսը և հանրային ոլորտը շատ դժվար են հարմարվում նոր փոփոխություններին։ Փոխվել է նաեւ մարդու վարքագիծը։ Պետք է հաշվի առնել, որ ժամանակակից մարդն այսօր չի կարող պետական ապարատի հետ առնչվելու համար գնալ պետական հիմնարկ։ Սա հին ձեւաչափ է, եւ մարդը պետք է առցանց, օրինակ իր հեռախոսից կարողանա առնչվել պետության հետ, պետք է իր տնից ստանա լիցենզիաներ, տեղեկանքներ եւ իրականացնի այլ անհրաժեշտ գործողություններ»։Ինչպե՞ս է «Գալաքսին» փորձում օգտակար լինել այս հարցում«Մենք կարծում ենք, որ տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը պետք է լինի թվային: Առաջին հերթին մենք մեր բիզնեսներում փորձում ենք ադապտացնել նոր տեխնոլոգիաները»։Էդգար Կարապետյանը բացատրում է, որ «Գալաքսի»-ն առաջնորդվում է «Blue Ocean»՝ «Կապույտ օվկիանոս» ռազմավարությամբ։ Լուսին Մկրտչյանը զրուցում է Էգդար Կարապետյանի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Բիզնեսների կառավարման ռազմավարությունները Հարվարդի համալսարանի պրոֆեսորներից մեկը բաժանում է կապույտ եւ կարմիր օվկիանոսների։ «Կարմիր օվկիանոս»-ը ներառում է այն բիզնեսները, որտեղ շատ ուժեղ մրցակցություն կա։ «Կապույտ օվկիանոս»-ում դու ես ստեղծում քո շուկան եւ ձեւավորում պահանջարկը, նման ռազմավարություն ունի, օրինակ, «Apple»-ը։ Նրանք առաջարկում են այնպիսի արտադրանք, որի շուկան գոյություն չուներ մինչ այդ»,- ասում է Կարապետյանն ու հիշում, որ երբ Ucom-ը մտավ հեռահաղորդակցության շուկա՝ ինտերնետի արագությունը շատ ցածր էր, IP-հեռուստատեսություն եւ հեռախոսակապ էլ գրեթե չկար։Կարապետյանի գնահատմամբ՝ ռազմավարական տեսանկյունից Ucom-ն ինքն է ձեւավորել իր շուկան։ Ասում է, որ ռազմավարության նպատակը հենց դա է՝ բացատրել, թե որտեղ ես ուզում լինել չորս-հինգ տարի հետո եւ ինչ առավելություններ ունենալ քո մրցակիցների հանդեպ։ «Այդ առումով «Գալաքսի»-ն անընդհատ նոր շուկաներ է ստեղծում։ Եվ մեր ամենաթարմ օրինակը Ինովացիայի եւ տեխնոլոգիաների պարկի նախագիծն է, որն ուղղված է խթանել բիզնեսի եւ թվային հարթակի գործակցությունը։ Այն բազմաֆունկցիոնալ բիզնես պարկ է, որտեղ շնորհիվ յուրահատուկ ինովացիոն էկո-համակարգի, տարբեր բիզնեսներ, IT ընկերությունների եւ ստարտափների հետ կարող են կիսվել իրենց խնդիրներով եւ նրանցից ստանալ լուծումներ։ Եվ դա մեզ թույլ կտա թվային լուծումները բերել առօրյա կյանք։ Այստեղ էական է, որ կառավարությունն էլ իր որոշիչ դերն ունենա, համընթաց քայլի ժամանակի հետ եւ ինքն էլ մասնակցելով այս գործընթացներին, թվային տեխնոլոգիաները կիրառի հանրային գործունեության ոլորտներում։ Դա մեր տեսլականն է մոտակա հինգ տարվա համար, եւ մենք փորձում ենք այդ ծրագրի միջոցով ներգրավել բիզնեսներին, որպեսզի հետ չմնանք գլոբալ միտումներից»։Ռազմավարությունների մշակումը դրսում եւ այստեղ«Արտերկրի բիզնեսների համեմատ հայաստանյան բիզնեսների հիմնական խնդիրը եւ տարբերությունն այն է, որ դրսում բիզնեսները պլանավորում են շատ երկար ժամանակահատվածների համար։ Հայաստանում, ելնելով քաղաքական եւ տնտեսական անկանխատեսելիությունից, շատ դժվար է բիզնեսը պլանավորել 2-3 տարուց ավելի հորիզոնով»։Էդգար Կարապետյանի վերլուծությամբ՝ խնդիրներից մեկը Հայաստանում վերլուծական տեղեկատվության բացակայությունն է տնտեսության, շուկաների, գերակա ուղղությունների երկարաժամկետ զարգացման մասին։«Որպես ներդրող՝ ուզում ես հասկանալ, որ եթե ներդրում անես այս կամ այն ուղղության մեջ, արդյոք այն տնտեսության զարգացման գերակա ուղղություն կմնա՞, եւ արդյոք չե՞ս շեղվի հիմնական ռազմավարությունից՝ «խաղի կանոնների» փոփոխության հետեւանքով»։Խոսելով «Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության հիմնական գործիքների մասին՝ Կարապետյանը պնդում է, որ ի տարբերություն «կարմիր օվկիանոսների», որտեղ գնային պատերազմներ են ընթանում, իրենք «կապույտ օվկիանոսում» են մշակում ռազմավարությունը, եւ հաճախորդն է ձեւավորում գնային քաղաքականությունը` իր պատրաստակամությամբ վճարելու որոշակի գին շուկայից տարբերվող ապրանքի կամ ծառայության դիմաց։Բիզնեսը կրթական համակարգում չկա «Մեզ մոտ բիզնեսի ներգրավվածությունը կրթության ոլորտում շատ քիչ է, բայց դա գերանհրաժեշտ է, որ կարողանանք կրթել որակյալ մասնագետներ, պատասխանատու քաղաքացիներ, օգտատերեր եւ սպառողներ»։Էդգար Կարապետյանն այն կարծիքին է, որ կրթությունը պետք է լինի բիզնեսի սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը: Եվ եթե բիզնեսներն իրենք ձեւավորեն իրենց կարիքներին համապատասխան մասնագետներ, ապա դա կվերափոխի նաեւ կրթական համակարգը։ Լուսին Մկրտչյանը զրուցում է Էգդար Կարապետյանի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մեր կրթական համակարգը առաջին հերթին պետք է համընթաց քայլի ժամանակակից պահանջների հետ։ Թվային դարաշրջանում չի կարելի կրթել այնպես, ինչպես կրթում էին 1890-ականներին եւ 1990-ականներին։ Մեր երկրում կրթական մոդելը վերջին հարյուր տարվա ընթացքում չի փոխվել։ Մեր երեխաները նստած են սեղանների մոտ գրքով ու տետրով, գրում են գրատախտակին, ինչպես մեկ դար առաջ։ Հայկական կրթությունը չի հարմարվել համակարգային փոփոխություններին»։Էդգար Կարապետյանը պնդում է, որ կրթական համակարգը պետք է հարմարվի ժամանակակից փոփոխություններին, այլապես ավանդական կրթությունը կփոխարինվի այլ միջոցներով։ Երեխան ավելի հաճույքով կսովորի կրթության առցանց միջոցներով, քան դպրոց կհաճախի։«Եվ այս տեսանկյունից արդեն վատ միտում կա Հայաստանում։ Շատ մասնագիտությունների դեպքում համալսարանական կրթությունը փոխարինվում է առցանց կրթությամբ եւ նույն IT մասնագետները հետաքրքրված չեն այցելել դասաժամերի, որովհետեւ այն, ինչ այնտեղ դասավանդվում է, արդեն արդիական չէ, եւ դա հնարավոր չէ կիրառել աշխատանքում»։ Այս տեսանկյունից, ժամանակակից բիզնեսը պարտավոր է ունենալ մեծ դերակատարություն արդի կրթական համակարգի ձևավորման գործում»։Լուսին Մկրտչյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 44354