Հրաչ Ջաբրայան. Հավանական ներդրողները մտահոգված են Ամուլսարի խնդրով

08.11.2018 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Հրաչ Ջաբրայան #Ամուլսար #Լիդիան
Banks.am-ի հարցազրույցը AGAPE (Armenian Gas and Power Enterprises) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Dundee Precious Metals ընկերության նախկին փոխնախագահ Հրաչ Ջաբրայանի հետ:

- Հանքարդյունաբերության թեման այսօր Հայաստանում շատ է քննարկվում: Մեր տնտեսության մեջ հանքարդյունաբերությունն ի՞նչ դեր ունի: Կարծես անխուսափելի է, որ այն պետք է մնա Հայաստանի տնտեսության զարգացման շարժիչ ուժերից մեկը։

- Ներկա տնտեսական իրավիճակի պայմաններում հանքարդյունաբերությունը լուրջ դեր պետք է ունենա։ Ունի՞, թե՞ չունի, կարող ենք քննարկել: Կարծում եմ՝ ունի եւ պետք է շարունակի ունենալ, քանի որ այն երկրի հարստությունն է եւ երբ նայում ենք Հայաստանի ամենախոշոր հարկատուների ցուցակը, տեսնում են հանքարդյունաբերության հսկաների անուններ։

Հայաստանն առանց հանքարդյունաբերության ինձ համար մի քիչ խորթ է: Աշխարհում չկա երկիր, որ բնական պաշարի հարստություն ունենա եւ չմշակի։ Ինչո՞ւ Հայաստանը, լինելով փոքր երկիր, չդառնա առաջատար՝ որպես պատասխանատու հանքարդյունաբերական երկիր։

- Վարչապետը վերջերս անդրադարձել էր հանքարդյունաբերության թեմային եւ ասել, որ Հայաստանից հիմնականում հումք է արտահանվում եւ պետք է փորձել պատրաստի արտադրանք արտահանել՝ հավելյալ արժեքով: Իրատեսակա՞ն է առաջիկա տարիներին նման փոփոխություն ակնկալելը:

- Կարող է իրատեսական լինել, բայց լուրջ աշխատանքի կարիք կա։ Մոտ 7 տարի առաջ մենք այս հարցն արծարծել էինք այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ առաջարկելով ձուլարան կառուցել ու այստեղ արտադրված պղնձի խտանյութը արտահանելու փոխարեն՝ այն մշակել Հայաստանում եւ արտադրել պղինձ։

Մեր ընկերությունը՝ Dundee Precious Metals-ը, մասնագետներ բերեց Աֆրիկայից, որտեղ մեծ ձուլարան ուներ։ Նրանք այցելեցին Ալավերդի, հանդիպումներ ունեցան տեղացի մասնագետներ հետ: Հայաստանում ձուլարան կառուցելու ծրագիրը մոտ $600 մլն ներդրում էր պահանջում։ Մենք պատրաստակամություն հայտնեցինք մասնագիտական օգնություն տրամադրել՝ առանց գումար վերցնելու:

Բայց հարցը միայն գումարը չէ: Ձուլարանի արտադրած թունավոր նյութերը շատ ավելի շատ են, քան հանքինը։ Այսինքն՝ եթե ձուլարան կառուցենք Հայաստանում, առաջանում է երկրորդական արտադրանք (by-product), որը թունավոր է, իսկ մենք այն թափելու կամ վաճառելու տեղ չունենք։

Մյուս հարցն այն է, որ նախնական հաշվարկներով՝ Հայաստանն այսօր բավական պղնձի խտանյութի արտադրություն չունի, որպեսզի ձուլարանի կառուցումը տնտեսապես արդարացված լինի։

- Այսօր մեր հասարակության վերաբերմունքը հանքարդյունաբերության հանդեպ ոչ միանշանակ է, իսկ որոշ դեպքերում՝ ընդգծված բացասական: Պատճառներից մեկն այն է, որ տասնամյակների ընթացքում ոլորտը ոչ թափանցիկ է եղել՝ անհասկանալի մարդիկ անհասկանալի կերպով հանքեր են գնել, վաճառել, շահագործել՝ բնապահպանական նորմերի վրա ուշադրություն չդարձնելով։  Արդյունքում կարծրատիպ է առաջացել, որ հանքարդյունաբերությունը կարող է միայն այդպիսին լինել։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անեն ոլորտի ներկայացուցիչները, որ հասարակության ընկալումը փոխվի։

- Դժբախտաբար, ձեր նկարագրածը ճիշտ է։ Բավական երկար ժամանակ «քավոր-սանիկ» հարաբերություններով էր կարգավորվում հետախուզական, արտահանման, արտադրության լիցենզիաների տրամադրումը: Էներգետիկայի նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Մովսիսյանն առաջինն էր, որ այս հարցը բարձրացրեց եւ ասաց՝ պետք է արմատախիլ անենք այն պրակտիկան, երբ այս կամ այն պաշտոնյայի բարեկամները կամ հովանավորյալները հետախուզական աշխատանքների լիցենզիաներ էին ստանում այն դեպքում, երբ ոչ հանքարդյունաբերությունից են հասկանում, ոչ էլ այդ աշխատանքները կատարելու նյութական հնարավորություններ ունեին։


Բնականաբար, այս ամենը բացասական ազդեցություն է թողել նաեւ այն ընկերությունների վրա, որոնք աշխատում են օրենքի տառին համապատասխան: Երբ Dundee Precious Metals-ը դարձավ Կապանի հանքավայրի սեփականատերը, մարդիկ պարզապես հրաժարվում էին հավատալ, որ մենք հայաստանցի գործընկեր չունենք։ Անընդհատ հարցնում էին՝ «ո՞վ փայ ունի դրա մեջ»։

Մյուս կողմից, շատ սխալ է նույն աչքով նայել պատասխանատու հանքարդյունաբերող ընկերություններին, որոնք միջազգային ստանդարտներ են բերում Հայաստան եւ ցանկանում են դրանցով աշխատել։

- Օրինակ, Լիդիան ընկերությունը փաստացի տուժում է նրա համար, որ թափանցիկ է գործել:

- Ես քաջատեղյակ եմ Լիդիանի ծրագրին, ծանոթ եմ նրանց նախկին ու ներկա ղեկավարությանը, անձնապես ստուգել եմ նրանց մասնագիտական թղթաբանությունը։ Համոզված եմ, որ այսօր Հայաստանում Լիդիանի մակարդակի հանքարդյունաբերող ընկերություն չկա։ Շահառու չեմ, Լիդիանը ինձ երբեք որեւէ գումար չի վճարել։ Որպես այս ոլորտի օբյեկտիվ մասնագետ՝ կարող եմ պնդել, որ այն մակարդակը, որ իրենք բերեցին Հայաստան, այսօրվա դրությամբ բացառիկ է։

Ամեն անցնող օրվա հետ Լիդիանը հավելյալ պարտքեր է կուտակում։ 1 000 մարդ աշխատանք է կորցրել: Տուժում է նաեւ Հայաստանի տնտեսությունը՝ Լիդիանը 2019 թվականին կարող էր դառնալ ամենամեծ հարկատուն։ Արդեն քանի ամիս է, ինչ Լիդիանը հարկ չի վճարել։ Տարբեր պատճառաբանություններ կարող են լինել, բայց տուժողը ժողովուրդն է:

Եթե այսօրվա իշխանությունը ինչ-ինչ բացթողումներ է վերագրում է նախկին իշխանությանը, դա Լիդիանի մեղքը չէ։ Կարծում եմ՝ շինարարական աշխատանքները պետք է շարունակվեին ու եթե նոր իշխանությունը ցանկանար  վերստուգման ենթարկեր այդ ամենը, իրենց իրավունքն է, թող նոր մասնագետներ հրավիրեին։ Բայց անօրինական ձեւով ճանապարհներ փակելը ու թույլ տալը, որ այդ անօրինականությունը շարունակվի, շատ մտահոգիչ է ներդրողի համար։

Իմ գործերից մեկն այս պահին Հայաստան ներդրող բերելն է, սփյուռքահայերին ու օտարներին համոզելը, որ գումարներ ներդնեն։ Վերջերս Եվրոպայում, Հյուսիսային, Հարավային Ամերիկաներում, Միջին Արեւելքում հանդիպել եմ մարդկանց, որոնք ներդրումներ անելու լուրջ հնարավորություններ ունեն, սակայն բոլորի մտահոգությունը Ամուլսարի ճակատագիրն է։ Ասում են՝ գանք, միլիոնավոր դոլարների ներդրում անենք, բայց Հայաստանի իշխանությունն այսօր երաշխիք չի տալիս, որ անօրինականությունը կկասեցնեն։ Բնականաբար, որպես հայ՝ մենք պաշտպանում ենք մեր երկիրը, փորձում ենք արդարացնել ներկա իրավիճակը, բայց եթե անկեղծ խոսենք, սա իսկապես մտահոգիչ երեւույթ է։

- Ամուլսարի խնդրի հանգուցալուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։

- Հանգուցալուծումը վաղուց պետք է լիներ։ Եթե Կանադայում ճանապարհների նման անօրինական փակում լիներ այսպես կոչված «բնապահպանների» (չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց չեմ հավատում, որ այդ մարդիկ բնապահպանության համար են մտահոգ) կողմից, ապա Լիդիանը դատարանի միջոցով պետք է ճանապարհները բացելու որոշում ստանար: Զարմանում եմ, որ նման բան տեղի չի ունենում: Նաեւ զարմանում եմ, որ իշխանությունը թույլ է տալիս ճանապարհների անօրինական փակումը։ Եթե ես Լիդիանի ներդրողներից մեկը լինեի, այսքան համբերատար չէի լինի, արդեն միջազգային արբիտրաժ դիմած կլինեի։

Եթե ընտրություններից հետո կասեն՝ «ստուգեցինք, լավ էր ամեն ինչ», կսկսեն աշխատել, կհաստատվի, որ քաղաքական հարց էր: Եթե այս վիճակը շարունակվի, պարզ կդառնա, որ սրա հետեւում այլ երեւույթներ կան։ Ամեն դեպքում ցավում եմ այս իրավիճակի համար, երբ մեր երկրում 400 մլն դոլար գումար են ներդնում եւ այսպիսի խնդիրների առաջ կանգնում։ Սա անընդունելի է։

Հրաչ Ջաբրայանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Դիտում՝ 49369
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW