Հայաստանի դերն ու հեռանկարներն Առեւտրի միջազգային պալատում

30.07.2018 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Րաֆֆի Սեմերջյան #Առեւտրի միջազգային պալատ
Հայաստանն այս տարվա մայիսին պաշտոնապես անդամակցեց Առեւտրի միջազգային պալատին (ԱՄՊ)՝ հիմնելով ԱՄՊ Հայաստանի ազգային կոմիտեն։ Վերջինի գործադիր տնօրեն, «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը Banks.am-ի հետ զրույցում ներկայացնում է ԱՄՊ-ին անդամակցելու դրդապատճառները, Հայաստանին ընձեռված հնարավորություններն ու կոմիտեի առաջիկա անելիքները։
 
ԱՄՊ-ի առաքելությունը
 
1919թ. Ֆրանսիայում հիմնադրված Առեւտրի միջազգային պալատի առաքելությունն է նպաստել միջազգային առեւտրի զարգացմանը, բիզնեսի արդյունավետ ղեկավարմանը, ինչպես նաեւ միազգային գործարար ոլորտի ներկայացուցիչների համագործակցությանը։
 
Պալատը բաղկացած է մի շարք հանձնաժողովներից եւ ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ՝ բանկային համակարգից մինչեւ զբոսաշրջություն:
 
Կառույցն ունի ներքին օգտագործման համար մշակված էթնիկական կոդեր, որոնք դյուրացնում են անդամների համագործակցությունը։
 
Գործում է նաեւ ԱՄՊ ակադեմիա, որի առցանց դասընթացներին մասնակցելու հնարավորություն ունեն բոլոր անդամները:  
 
Պալատն առաջարկում է բիզնես միջավայրի զարգացման լայն հնարավորություններ՝ բազմամյա փորձի եւ գործարար համայնքի լայն շրջանակի շնորհիվ:
 
ԱՄՊ-ն անդամներ ունի ավելի քան 130 երկրում։

Րաֆֆի Սեմերջյանը (ձախից երկրորդը)՝ ԱՄՊ գործընկերների հետ

Հայաստանի ուղին՝ դեպի ԱՄՊ
 
Հայաստանն ԱՄՊ-ին անդամակցելու մտադրություն ունեցել է 2016-ից, իսկ ավելի ուշ՝ 2018թ. մայիսին, բացվել է ԱՄՊ Հայաստանի ազգային կոմիտեն, որի հիմնադիր խորհրդի կազմում ընդգրկվել է 11 գործարար։
 
Կոմիտեի խորհրդի նախագահը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն է: Հիմնադիր անդամներից են «Գրանդ հոլդինգի» համասեփականատեր Միքայել Վարդանյանը, ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը եւ այլք։
 
Նոր հնարավորություններ
 
ԱՄՊ-ն միջազգային բիզնես ոլորտում ապահովում է երկրի տեսանելիությունը։ Ակնկալվում է, որ անդամակցությունն այս կառույցին կխթանի միջազգային ներդրումները, որոշակի ազդեցություն կունենա զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա։ Բացի այդ, Հայաստանի բիզնես ոլորտի ներկայացուցիչները միջազգային բիզնես կապերի հաստատման գիտելիքներ կստանան։
 
ԱՄՊ Հայաստանի ազգային կոմիտեի հիմնական նպատակն է ներդրումներ բերել Հայաստան, որի համար պետք է համապատասխան դաշտ ստեղծել եւ պատրաստ լինել հնարավոր ներդրողներ ընդունելու համար։ Այս նպատակին հասնելու համար ընդլայնվում է գործընկերների շրջանակը։ Առեւտրի միջազգային պալատում Հայաստանի ներգրավվածությունն այդ հարցում օգնում է, քանի որ գործարար միջավայրում վստահություն է ձեւավորում։

Րաֆֆի Սեմերջյանը՝ ԱՄՊ գլխավոր քարտուղար Ջոն Դենտոնի հետ

ԱՄՊ Հայաստանի ազգային կոմիտե ներկայացնում է երկրի հզոր կողմերը, օրինակ՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտը, գյուղատնտեսությունը, սննդի արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, թվային մարկետինգը, տուրիզմը եւ այլն։
 
Ընդ որում, կոմիտեի առաքելություն է զարգացնել ոչ միայն տեղական, այլեւ համահայկական  բիզնեսը, օրինակ, եթե տեղեկություն է ստացվում, որ Մալթայում կա հայերին պատկանող ընկերություն, ապա կոմիտեն անմիջապես պետք է կապ հաստատի նրանց հետ եւ օգնի դուրս գալ միջազգային բիզնես միջավայր:

Հեռանկարներ
 
Առեւտրի միջազգային պալատում Հայաստանի նկատմամբ արդեն բավական մեծ հետաքրքրություն կա, ինչը պայմանավորված է երկու հանգամանքով՝ ԱՄՊ-ին Հայաստանի նոր անդամակցությամբ եւ երկրում տեղի ունեցած վերջին փոփոխություններով։
 
ԱՄՊ Հայաստանի ազգային կոմիտեն, օգոստոսից սկսած, տարբեր միջոցառումների, հանդիպումների միջոցով փորձելու է կապ ապահովել շահագրգիռ բոլոր կողմերի հետ։
 
Պալատը հնարավորություն է ընձեռում երկկողմ մակարդակով բիզնես կապեր հաստատել 130-ից ավելի երկրների հետ։ Երեք-չորս պետությունների հետ արդեն իսկ երկխոսություն է ծավալվում։
 
Կոմիտեն, Ռուսաստանից բացի, մեծ ուշադրություն է դարձնելու մերձավորարեւելյան եւ եվրոպական երկրների հետ համագործակցությանը։
 
Հայաստանն ԱՄՊ մյուս անդամներին հրավիրելու է նաեւ Հայաստան՝ տեղում ծանոթանալու երկրի տնտեսական հնարավորություններին։
 
ԱՄՊ Հայաստանի ազգային կոմիտեի գրանցած արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել արդեն առաջիկա տարվա ընթացքում։
 
Րաֆֆի Սեմերջյանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը
Լուսանկարները՝ անձնական արխիվից
Դիտում՝ 7313
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW