Դմիտրի Սմիրնով. Մեծ սպասումներ ունենք Հայաստանում Oracle Cloud Day-ից

25.06.2018 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Դմիտրի Սմիրնով #Oracle
Վերջերս Երեւանում անցկացվեց Oracle Cloud Day համաժողովը՝ ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների համար: Համաժողովի շրջանակում Banks.am-ը զրուցել է Oracle-ի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դմիտրի Սմիրնովի հետ։

- Պրն Սմիրնով, որո՞նք են համաժողովի հիմնական նպատակները եւ ի՞նչ սպասումներ ունեք Oracle Cloud Day-ից:

- Համաժողովի հիմնական խնդիրը մեր պատվիրատուներին եւ գործընկերներին Oracle-ի առաջարկած ժամանակակից տեխնոլոգիաներին ծանոթացնելն է: Աշխարհը թեւակոխել է թվային դարաշրջան, որտեղ խոշոր տվյալները, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, իրերի ինտերնետը, կանխատեսելի վերլուծությունն ու ամպային հաշվարկները կոտրում են ավանդական բիզնես մոդելների գործընթացների եւ լուծումների վերաբերյալ կարծրատիպերը: Ընդամենը մի քանի շաբաթ է տարբերությունն այն ժամանակահատվածների միջեւ, երբ Oracle-ի հիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Լարի Էլիսոնը հայտարարեց Oracle Autonomous Database տեխնոլոգիայի գործարկման մասին եւ մենք այդ մասին պատմեցինք Հայաստանում:

Համաժողովից մեր ակնկալիքները բավական մեծ են: Առաջին հերթին, ծանոթացնում ենք մեր պատվիրատուներին նոր տեխնոլոգիաների եւ ծառայությունների հետ, որոնք տրամադրում ենք «ամպերում»: Ցանկանում ենք նրանց մոտ հետաքրքրություն առաջացնել, եւ համապատասխանաբար, լսել նրանց կարծիքները, հասկանալ նրանց ակնկալիքները մեր պրոդուկտներից:

Ինչպես արդեն նշեցի համաժողովի իմ ելույթի ժամանակ, «ապագան արդեն այսօր է», իսկ ամպային լուծումները հենց այն են, ինչը հնարավորություն է տալիս «ապագան դարձնել այսօր»:

- Ի՞նչ կազմակերպությունների հետ է Oracle-ը համագործակցում Հայաստանում: Ո՞ր ոլորտներն են ներկայացնում այդ ընկերությունները:

- Հայաստանում մենք շատ կազմակերպությունների, խոշոր ընկերությունների հետ ենք համագործակցում: Կարելի է ասել, որ Oracle-ի տեխնոլոգիաները կիրառում ենք գտել Հայաստանի շուկայի բոլոր հատվածներում: Առաջին հերթին, դրանք հեռահաղորդակցության եւ բանկային ոլորտի ընկերություններ են, եւ, իհարկե, պետական հատվածը:

- Ի՞նչ լուծումներ եւ պրոդուկտներ է Oracle-ն առաջարկում բիզնեսին:

- Մենք տրամադրում ենք Oracle-ի տեխնոլոգիաների ամբողջ շարքը՝ սկսած տվյալների բազայից, կապող տեխնոլոգիաներից, բիզնես հավելվածներից մինչեւ ծրագրային-ապարատային համալիրներ: Եվ առաջին տեղում ամպային ծառայություններն են:

Oracle Cloud Day-ի խնդիրներից մեկն է քննարկել եւ գտնել այն ուղղություններն ու լուծումները, որտեղ ամպային տեխնոլոգիաներն առավել արդյունավետ եւ պահանջված են աշխարհում: Այստեղ հարկ է առանձնացնել արհեստական բանականությունը, բլոկչեյնը, չատ-բոտերը եւ տեղեկատվական անվտանգության լուծումները, կիբերհարձակումներից պաշտպանությունը:

Այս տարի մենք մտադիր ենք տեղական շուկայում առաջ մղել նորագույն՝ Oracle Database 18c տվյալների բազաների կառավարման համակարգի առաջատար հնարավորությունները եւ հեղափոխական նորույթը՝ ավտոնոմ տվյալների բազան:

- Ունե՞ք արդյոք Big Data-ի վերլուծության ոլորտի հետաքրքիր նախագծեր հայաստանյան շուկայում:

- Մենք հուսով ենք, որ Big Data-ի ոլորտում նոր լուծումները, որոնք հնարավորություն են տալիս տեղեկատվության մեծ ծավալները պահպանել եւ մշակել, ավելի էժան են ու արագ, քան նախկինում, ինչպես նաեւ Հայաստանում մեր պատվիրատուներին հետաքրքիր կլինեն Business Intelligence ոլորտի եւ վիզուալ վերլուծության նորույթները:

Big Data-ի ոլորտի նախագծերը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից: Առաջին հերթին, դա Big Data-ն «ամպերում է», երբ ընկերությունը, որպես ծառայություն, օգտվում է մեծ տվյալների՝ ամպային մոդելով մշակման եւ վերլուծության հնարավորությունից ու միջոցներ չի ծախսում ենթակառուցվածքների ստեղծման վրա:

Երկրորդ, դրանք Oracle Big Data Appliance ծրագրային-ապարատային համալիրի հնարավորություններն են, որոնք կարելի է զարգացնել հենց ընկերության դատա կենտրոնում եւ օգտագործել: Հայաստանյան շուկայում նման լուծումների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա:

Մենք Երեւանում անցկացնում ենք Oracle Cloud Day համաժողովը, որպեսզի փորձագետները կարողանան բացատրել, ինչպես են աշխատում նոր լուծումները, ինչ են տալիս դրանք բիզնեսին եւ ՏՏ-ին: Հուսով ենք, որ փորձի փոխանակումը եւ կենդանի բանավեճերը հնարավորություն կտան մեր պատվիրատուներին ճիշտ ընտրություն կատարել՝ հօգուտ մեր ինովացիոն լուծումների:

- Ո՞րն է Oracle-ի մրցակցային առավելությունը եւ որքանո՞վ է մրցակցությունը թեժ շուկայում:

- Մենք հաջող մրցակցություն ենք ծավալում եւ այսօր մի շարք ուղղություններով հանդիսանում ենք առաջատար: Դա մոտ 50 տեխնոլոգիական եւ ճյուղային հատվածներ են: Մենք մեծ առավելություն ունենք մեր մրցակիցների նկատմամբ: Առաջին հերթին, ներդրումների շնորհիվ, որոնք մենք ներդնում ենք նոր պրոդուկտների մշակման մեջ: Այդ գումարը տարեկան գերազանցում է $5 մլրդ-ը:

Հարկ է նշել, որ Oracle կորպորացիան միակն է ամպային մատակարարների թվում, որ առաջարկում է ամպային տեխնոլոգիաների կիրառման երեք տարբեր եղանակ: Դրանք կարող են զարգացվել հանրային ամպերում կամ պատվիրատուի հարթակում, ինչպես նաեւ Oracle Cloud at Customer մոդելի օգնությամբ, երբ հաճախորդը ստանում է ամպային ծառայությունների բաժանորդագրության բոլոր առավելությունները՝ սեփական դատա կենտրոնում աշխատելու դեպքում: Հատկապես կարեւոր է, որ այս տեխնոլոգիաները կախված չեն զարգացման մոդելից. դա հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում դրանք հեշտությամբ փոխանցել ամպից պատվիրատուի հարթակ եւ ընդհակառակը:

Oracle Autonomous Database Cloud ավտոնոմ տվյալների բազան, որը մենք ներկայացրել ենք երեւանյան համաժողովի ընթացքում, նորագույն տեխնոլոգիա է, որը դեռ որեւէ ընկերություն չունի: Oracle-ը հենց հայտնի է որպես տվյալների բազաների կառավարման համակարգի համաշխարհային առաջատար: Եվ այժմ, տեխնոլոգիաների զարգացման նոր շրջափուլում Oracle-ը մշակել է ավտոնոմ տվյալների բազա, որի նշանակությունը շուկայի համար համեմատում են ինտերնետի ի հայտ գալու հետ:

- Ի՞նչ եք կարծում՝ ՏՏ ոլորտի զարգացման ո՞ր թրենդներ առավել ակտուալ կլինեն մոտ ապագայում:
 
- Առաջին հերթին, դա այն ամենն է, ինչ վերաբերում է ամպային լուծումներին: Փորձագետների գնահատականներով՝ մինչեւ 2020թ. տվյալների պահպանման եւ մշակման գործառնությունների 80-85%-ը տեղի կունենա «ամպերում»: Այս կապակցությամբ Oracle-ն իրականացնում է շարք մշակումներ, որոնք թույլ կտան մոտեցնել այդ օրը:

Հաջորդ թրենդն արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներն են: Դրանք արդեն հասունացել են, եւ, ըստ վերլուծաբանների կանխատեսումների, հանդիսանում են այն բեկումնային նորարարությունները, որոնք իրենց ազդեցությունը կունենան բոլոր շուկաների վրա եւ ներկայում էլ արդեն ունեն:
 
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ՏՏ ներուժը՝ համաշխարհային ՏՏ ոլորտի առաջանցիկ աճի լույսի ներքո:

- Հայտնի է, որ խորհրդային առաջին մեքենաներից մեկը՝ «Նաիրի»-ն, մշակվել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից: Տեխնոլոգիաների զարգացման հիմքը Հայաստանում դրվել է դեռ Խորհրդային Միությունում, այդ իսկ պատճառով ՏՏ ոլորտը Հայաստանում շատ լավ է զարգանում: Համաշխարհային առաջատար շատ ընկերություններ, այդ թվում՝ Oracle-ը, Հայաստանում ունեն իրենց մշակման կենտրոնները: Մասնավորապես, Oracle-ն այսօր Հայաստանում մշակում է ամպային պրոդուկտներ:

- Պրն Սմիրնով, եւ վերջում, կխնդրեմ կիսվել Հայաստանից ստացած Ձեր տպավորություններով:  

- Հայաստանում ես առաջին անգամ եմ, եւ ինձ շատ հաճելի է այստեղ գտնվել: Մարդիկ շատ բարյացակամ են, մենք մեզ զգում ենք ինչպես տանը եւ ծրագրում ենք հաջող զարգացնել բիզնեսը՝ տեղի ձեռնարկությունների համար նոր տեխնոլոգիաներով եւ նախագծերով Հայաստան վերադառնալու համար:

Դմիտրի Սմիրնովի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը
Դիտում՝ 21002
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW