Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիան օրերս բաց հրապարակում էր հասցեավորել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով արդար ու թափանցիկ ընտրությունների լուծում բլոկչեյնի միջոցով: Առաջարկի մանրամասները Banks.am-ը փորձել է բացահայտել Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանի օգնությամբ: - Պրն Առուշանյան, Ձեր առաջարկը վերաբերում է բուն քվեարկությա՞նը, թե՞ ընտրություններին նախորդող կազմակերպչական աշխատանքներին՝ ընտրողների ցուցակներ, դրանց նույնականացում եւ այլն:- Նախատեսում ենք քննարկել մի քանի տարբերակ՝ ելնելով ընտրական համակարգում առկա խնդիրներից: Առաջին հերթին, կիրառությունը վերաբերում է բուն քվեարկության գործընթացին՝ բացառելով կրկնակի քվեարկությունները: Համակարգն իրական ժամանակում բոլոր ընտրատեղամասերում ստուգելու է՝արդյոք նույնականացումն անցած ընտրողն արդեն քվեարկել է:Այս տեխնոլոգիայի ընձեռած գլխավոր առավելությունը թափանցիկությունն ու հետին ժամանակով փոփոխությունների անհնարինությունն է: Ուստի հաջորդ փուլում՝ քվեները հաշվելիս, բլոկչեյնն անհնարին է դարձնում մանիպուլյացիաները քվեարկած ընտրողների ձայների հետ (հեռացում կամ այլ թեկնածուի օգտին գրանցում) կամ նոր ձայների ավելացումը քվեարկության վերջնաժամկետից հետո:Պետք է նշեմ, որ բլոկչեյնն ապահովում է գործընթացերի թափանցիկությունը եւ ոչ թե տվյալների հասանելիությունը բոլորի համար: Տվյալները պաշտպանված են, եւ, օրինակ՝ ոչ ոք, բացի քվեարկողից, չի կարող տեսնել, թե ում օգտին է նա իր ձայնը տվել: Սակայն բոլոր շահագրգիռ անձիք հնարավորություն են ունենալու հետեւելու, որ ամեն ինչ կատարվում է ըստ օրենքի: 30.04.2018 | 17:06 Nooor-ն առաջարկում է ընտրությունները կազմակերպել բլոկչեյնի միջոցով - Ինչպե՞ս սա կարող է իրագործվել՝ բլոկչեյնի վերաբերյալ ազգաբնակչության լայն շերտերի մոտ իրազեկվածության բացակայության պարագայում:- Հաշվի առնելով, որ քվեաթերթիկների եւ քվեատուփերի աշխարհում ընդունված մեխանիզմն ամենապարզն ու հասկանալին է ժողովրդի համար, ընթացքը չբարդացնելու միտումով առավել արդյունավետ կլինի հիբրիդային մոդելի կիրառումը: Այսինքն, ընտրողի տեսակետից փոփոխություններ չեն լինի. քաղաքացին սովորականի պես ընտրատեղամաս կներկայանա անձը հաստատող փասթաթղթով, կանցնի նույնականացումը եւ կքվեարկի, որից հետո տվյալները կմշակվեն եւ կգրանցվեն բլոկչեյնում: Ուստի՝ ամենեւին պարտադիր չէ տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկված լինել ընտրությանը մասնակցելու համար:- Ձեր առաջարկում նշվում էր Սիերա Լեոնեի՝ բլոկչեյնի հիման վրա դիտորդական խմբի օրինակը նախագահական ընտրություններում: Կմանրամասնե՞ք այս փորձը, եւ որքանո՞վ է այն կիրառելի հայաստանյան ընտրություններում:- Սիերա Լեոնեում մարտի 7-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ բլոկչեյնի հիմքով քվեարկությունների վրա մասնագիտացած մի շվեյցարական ընկերություն հավաստագրվել էր որպես դիտորդ երկրի ազգային ընտրական հանձնաժողովի կողմից: Սիերա Լեոնեի Արեւմտյան նահանգում (4 վարչական շրջաններից ամենափոքրն ու խիտ բնակեցվածը) ընկերության աշխատակիցները ընտրությունների ընթացքում ձեռքով գրանցել են ընտրողների ձայները մասնավոր փակ (կարդացեք՝ թույլտվություն պահանջող) բլոկչեյնում: Այս գործընթացը նրանք անցկացրել են 11 200 ընտրատեղամասերից 280-ում՝ մշակելով 400 000 քվե: Բլոկչեյն համակարգն այստեղ կառուցված էր այնպես, որ մուտքագրելու իրավունք ունեին մի շարք հանրահայտ դիտորդ կազմակերպություններ, իսկ մնացածն ունեին տվյալները կարդալու իրավունք:Արդյունքում փորձն արձանագրեց բլոկչեյնի կիրառելիությունն այս մակարդակի ընտրություններում: Սիերա Լեոնեի օրինակը, ուստի, հեշտությամբ կիրառելի է հայաստանյան ընտրություններում: Սա առավել հեշտ եւ արագ իրագործվող տարբերակն է, բայց ըստ իս՝ մենք կարող ենք ավելի առաջ շարժվել՝ ավտոմատացնելով պրոցեսներն այնպես, որ առավելապես բացառվի մարդկային գործոնի ազդեցությունը՝ միաժամանակ չդժվարացնելով գործընթացն ընտրողների համար:- Սահմանափակ ժամանակային ռեսուրսների դեպքում՝ որքանո՞վ է հնարավոր իրագործել Ձեր կողմից առաջարկվող մեխանիզմները: Պարզ ասած, գործնականում որքա՞ն ժամանակում կարելի է նախապատրաստվել ընտրություններին: - Մենք ունենք մշակած մի քանի հավանական մոդելներ, որոնց տեխնիկական նկարագրությանը չեմ անդրադառնա, բայց նշեմ, որ կենտրոնացել ենք այն տարբերակների վրա, որոնք գործնականում կիրառելի են արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների համար սահմանված ժամանակահատվածում: Հարկ է նշել, որ օրենսդրությունում պահանջվող փոփոխությունների գործոնը նույնպես ենթակա է դիտարկման յուրաքանչյուրի դեպքում: Այնուամենայնիվ, սահմանափակ ժամանակային ռեսուրսների պարագայում պետք է հաշվի առնել, որ հիմնովին փոփոխություն ընտրական մոդելում չի սպասվում: Օրինակ՝ հաշվարկները ավտոմատացված եղանակով կատարման դեպքում արդյունքները պարզ են լինելու իրական ժամանակում, սակայն օրենքը պահանջելու է հաշվողական հանձնաժողովի առկայություն, որոշակի ուղեցույցներ՝ կապված ժամանակի եւ ընթացակարգի հետ, եւ այլն: Այս պարագայում իրատեսականը հիբրիդային մոդելներն են, որոնք կարելի է տրված ժամանակում ներդնել, եւ որոնք հնարավորությունների լայն դաշտ են բացելու հետագա ընտրությունների համար:Վիգեն Առուշանյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը Tweet Դիտում՝ 24698