Հայկ Հովհաննիսյան. Չպետք է վախենալ հավակնոտ ազգային տեսլականներից

16.03.2018 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Հայկ Հովհաննիսյան #Շվեյցարիա
Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի հարցազրույցը Banks.am-ին

- Պրն Հովհաննիսյան, տարեսկզբին 3 տարի ժամկետով նշանակվեցիք Շվեյցարիայում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ: Ի՞նչ գործառույթներ եւ պարտականություններ է ենթադրում նոր պաշտոնը:

- Հայաստանի կառավարությունը առեւտրական ներկայացուցիչների առջեւ դնում է խնդիրների բավականաչափ լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի եւ դեսպանընկալ պետության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացում, ՀՀ պետական առեւտրատնտեսական շահերի պաշտպանություն, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջեւ գործարար կապերի հաստատում եւ զարգացում:

Այս խնդիրների լուծումը պահանջում է ստեղծարար մոտեցումներ, բազմաթիվ գործառույթների իրականացում, ներառյալ՝ մեր գործընկեր երկրի համապատասխան պետական եւ տեղական մարմինների, առեւտրային ընկերությունների, առեւտրատնտեսական ոլորտում ներգրավված այլ մարմինների հետ կառուցողական շփումների հաստատում, երկու երկրների գործարարների միջեւ հետաքրքրությունների ընդհանուր եզրերի որոնում, նրանց կամրջելու ուղղությամբ նախաձեռնողական քայլերի իրականացում եւ այլն:
 
Կարծում եմ՝ այստեղ հարկ է մի փոքր ծավալվել տնտեսվարող սուբյեկտների միջեւ կապերի ստեղծմանն ու զարգացմանը, պոտենցիալ ներդրողների ներգրավմանն ուղղված մոտեցումների շուրջ: Քանի որ խոսքն ուղղակիորեն բիզնեսի հետ շփման մասին է, ուստի այդ մոտեցումներն ավելի շատ պատկերացնում եմ գործարար եզրույթների մակարդակում:

Առաջինը առեւտրային շփումների ստեղծումը եւ զարգացումն է: Սա, առեւտրական ներկայացուցչի պարագայում, կմեկնաբանեի որպես իր տիրույթում գտնվող երկրի շուկայի ուսումնասիրության ու ճանաչման արդյունքում պոտենցիալ գործընկերների բացահայտում, նրանց հետ կապի հաստատում եւ հարաբերությունների խորացում` հայաստանյան բիզնեսի համապատասխան ոլորտը, ապրանքը, ծառայությունը, ներդրումային ծրագիրը պատշաճ ներկայացնելու, համապատասխան հայաստանյան տնտեսվարողի կամ պետական կառույցի հետ կապ ստեղծելու միջոցով: Բնականաբար, ցանկալի է, որ այս գործողությունների եւ շահառուների հետագա բանակցությունների հանրագումարը հանգեցնի հաջողությամբ ավարտված գործարքի կամ երկարատեւ փոխշահավետ համագործակցության:

Հայկ Հովհաննիսյանը՝ աշխատանքային գործընթացում

Երկրորդը տվյալ երկրի գործարարների եւ հանրության իրազեկումն է Հայաստանի բարենպաստ գործարար եւ հարկային միջավայրի, աշխարհատնտեսական բացառիկ դիրքի եւ բազմակողմ հարաբերությունների, բարձր որակավորում ունեցող եւ մատչելի մասնագիտական ներուժի, տնտեսության հաջողությամբ զարգացող ճյուղերի, ֆինանսաբանկային համակարգի զարգացման եւ կայունության բարձր մակարդակի, ճամփորդական գրավչության, անհատի անվտանգության եւ այլ առավելությունների վերաբերյալ: Այլ խոսքով` մարքեթինգ:

Այո, պետություններն առեւտրային ընկերություններ չեն, բայց այս բնագավառում, դիվանագիտական էթիկայի շղարշի ներքո, նրանց միջեւ գրեթե շուկայականի նմանվող մրցակցություն կա՝ ո՞վ ավելի շատ կապիտալ կներգրավի, ո՞վ ավելի շատ ներգնա զբոսաշրջիկ կունենա, ո՞ւմ ապրանքն ավելի ճանաչված կլինի, եւ կես-կատակով ասեմ, նույնիսկ ո՞ւմ խոհանոցն է ավելի համեղ: Եվ սա հաճախ դիտվում է որպես զրոյական գումարով խաղ, այսինքն, օրինակ, այս ամառ Թունիս մեկնող զբոսաշրջիկը նա է, ով չի գնա Թուրքիա, կամ Հայաստանում օտարերկրյա ներդրմամբ հիմնված կարի արտադրամասը նույն այն արտադրամասն է, որ կարող էին հիմնել Պակիստանում, բայց չարեցին եւ այլն:

Նման պայմաններում, քո երկրի հնարավորությունների ու գրավչության մասին պետք  է անընդհատ պատմես, բացատրես, հիշեցնես, այլ կերպ ասած՝ ռադարից չկորես: Եվ իսկապես, օտարերկրյա գործընկերներին ներկայացնելու ցայտուն փաստեր ունենք: Օրինակ, անցած տարվա տպավորիչ տնտեսական ցուցանիշները, կամ Moody’s վարկանշային կազմակերպության կողմից օրերս մեր երկարաժամկետ սուվերեն վարկանիշի հեռանկարի վերանայումը դեպի «դրական» (ինչը նշանակում է վստահություն մոտակա մեկ-մեկուկես տարվա մեր տնտեսական հեռանկարի նկատմամբ):

Կամ էլ, նայեք մեր տարածաշրջանի չորսկողմի քաղաքական ռեժիմներին եւ ներքաղաքական ալեկոծություններին: Մեր քաղաքական համակարգը մեզ դարձրել է կայունության կղզյակ, եւ վստահ եմ, որ այս կարգավիճակն էլ ավելի կամրապնդվի նոր խորհրդարանական կառավարման կարգի շնորհիվ:

- Ապրիլի 12-ին կազմակերպելու եք «Հայաստան. բացահայտեք գործարար հնարավորությունները» խորագրով գործարար համաժողովը: Ի՞նչ է այն ենթադրում:

- Որոշ պետություններ, հատկապես բնական պաշարներով հարուստ, մարքեթինգային միջոցառումների վրա հսկայական գումարներ են ծախսում: Դա ինքնանպատակ չպիտի լինի, ես դրա արդյունավետության աստիճանը լավ չեմ պատկերացնում, քանի որ դժվար չափելի է: Կարելի է նախաձեռնել թիրախային, շատ ավելի մատչելի մարտավարություն: Այսպես՝ օրինակ, վերջերս Ժնեւի առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավարության հետ հանդիպում խնդրեցի, Հայաստանի եւ մեր տնտեսական հեռանկարների մասին ընդհանրական պրեզենտացիա կազմակերպեցի: Հայաստանը նրանց հետաքրքրեց եւ առաջարկեցին իրենց միջոցառումների սրահում ապրիլի 12-ին կազմակերպել միջոցառումը:

Միջոցառմանը պալատն արդեն հրավիրում է իր անդամներին, ԶԼՄ-երի, գովազդում այն իր էլեկտրոնային ու տպագիր տեղեկատվական միջոցներով (այս ամենը՝ անվճար): Մենք էլ մեր հերթին, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի, այլ գործընկեր պետական կառույցների, Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության, հայաստանյան մասնավոր սեկտորի եւ տեղի որոշ սփյուռքահայ գործարարների ու կառույցների համատեղ ջանքերով աշխատում ենք կազմակերպել մեր երկրի մրցակցային առավելությունների եւ տնտեսության զարգացող ճյուղերի պատշաճ մակարդակով ներկայացում:

Նշեմ, որ սա Շվեյցարիայի ամենահին առեւտրաարդյունաբերական պալատն է, ունի շուրջ 2500 անդամ եւ բավական ազդեցիկ կառույց է Շվեյցարիայի ֆրանսախոս մասի գործարար շրջանակներում: Այս առիթն օգտագործելով՝ պալատի անդամների շրջանում տարածում ենք Հայաստանի առավելությունները խորությամբ հասկանալու համար անհրաժեշտ որոշ նյութեր, օրինակ՝ Գերմանական աութսորսինգի ասոցիացիայի կողմից մեր ՏՏ ոլորտի վերաբերյալ վերջերս հրապարակված լայնածավալ ուղեցույցը (որը պարունակում է հայաստանյան բազմաթիվ ընկերությունների մասին տեղեկություններ եւ կոնտակտային տվյալներ), KPMG-ի «Հայաստան. հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ» զեկույցը, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի պատրաստած գեղեցիկ հոլովակը, հայաստանյան Ազատ տնտեսական գոտիների եւ ներկայանալի ձեռնարկությունների մասին գովազդային նյութեր: Այս ամենը պետք է անենք այն նպատակով, որ մեր գործարարը մի օր առավոտյան իր էլեկտրոնային փոստում գտնի համագործակցության առաջարկ իր շվեյցարացի կոլեգայից, զարգացնի այդ կապը եւ հաջողությամբ ավարտիn հասցնի գործարքը:

Համաժողովի շրջանակում ֆրանկոֆոն Շվեյցարիայի եւ Հայաստանի գործարար շրջանակների կապերի սերտացմանն ուղղված՝ Ժնեւի առեւտրաարդյունաբերական պալատի եւ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության միջեւ նախատեսվում է գործընկերության վերաբերյալ փոխհամաձայնության հուշագիր ստորագրել:

- Ձեր նոր պաշտոնում որքանո՞վ եք տեղ հատկացնում Սփյուռքի հետ համագործակցությանը:

- Բնականաբար, Հայաստանի առեւտրական ներկայացուցչի աշխատանքում մեծ ուշադրություն պետք է հատկացվի տեղի հայկական Սփյուռքի հետ աշխատանքին:

Թե՛ տեղում Սփյուռքի ներուժն է Հայաստանի համար շատ կարեւոր, եւ թե՛ Հայաստանը Սփյուռքի համար շատ հետաքրքիր է տնտեսական առումով: Առաջին դեպքում, փորձը ցույց է տալիս, որ գրեթե միշտ հնարավոր է գտնել ազգասեր հայրենակցի, որը կարող է առեւտրական ներկայացուցչի համար անհրաժեշտ ընկերության դուռը բացել կամ առնվազն՝ արժեքավոր խորհրդով օգնել: Երկրորդ, աշխարհի տնտեսական հզորության առանցքը հետզհետե դեպի արեւելք է սահում եւ, դրան զուգընթաց, արեւմտյան գործարար շրջանակներում մշտապես ավելանում է հետաքրքրությունը մեր տարածաշրջանի երկրների նկատմամբ:

Հայաստանը, գտնվելով Արեւելքի կարեւորագույն տնտեսական բլոկներից մեկի՝ ԵԱՏՄ-ի, Միջին Արեւելքի եւ Իրանի առանցքում, սփյուռքահայ գործարարի համար անխուսափելիորեն դառնալու է շատ հետաքրքիր, ավելին՝ անփոխարինելի: Այսօր արդեն այդ միտումն ամենօրյա աշխատանքում տեսնում ենք:

PwC-ի կողմից անցած տարի հրապարակվեց «Ինչպես է փոխվելու աշխարհի տնտեսական կարգը 2050 թվականին» հետազոտությունը, որտեղ կանխատեսվում է աշխարհի հզորագույն տնտեսությունների դասակարգման լուրջ փոփոխություններ: Oրինակ, կանխատեսվում է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն (փոխարժեքների շուկայական մակարդակով հաշվարկված` GDP at MERs), մինչեւ 2050-ն աճելու է գրեթե 3,2 անգամ, Իրանինը՝ 5,5 անգամ, ի տարբերություն ասենք Գերմանիայի՝ 1,7 անգամ, կամ Ֆրանսիայի՝ 1,8 անգամ:

Անհամեմատ թեթեւ է նաեւ Հայաստանի հարկային բեռը արեւմտյան երկրներից շատերի համեմատ, եւ ըստ այդմ, Հայաստանում հոլդինգային ընկերություններ հիմնադրելը, ֆիզիկական անձանց հարկային ռեզիդենտություն հաստատելը, հայկական ԱՏԳ-ներում եւ դրանցից դուրս գործունեություն հիմնելը գնալով ավելի գրավիչ են դառնում:

Հայկ Հովհաննիսյանը՝ Ժնեւի առեւտրաարդյունաբերական պալատում

Ի դեպ, ինչպես տեսնում ենք, 4-միլիոնանոց Հայաստանի տեսլականը կյանքի կոչելու համար անհրաժեշտ նախապայմաններն ամբողջությամբ տեղում են՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում: Ուղղակի, չպետք է վախենալ մեծ ու հավակնոտ ազգային տեսլականներից, չպետք է վախենալ դրանք իրար ու աշխարհին ներկայացնելուց (չէ՞ որ՝ «Ի սկզբանե բանն էր...»): Հակառակը, պետք է հավատալ, միասնական, համերաշխ ու հետեւողական աշխատանք տանել դրանց իրականացման համար: Յուրաքանչյուրս մեր ներուժն առավելագույնի չափ պիտի ծառայեցնենք այդպիսի հավակնոտ տեսլականների իրականացմանը:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Շվեյցարիա բիզնես համագործակցության ներկայիս վիճակը:

-2017թ. ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը Շվեյցարիայի հետ նախորդող տարվա համեմատ աճել է 3 անգամ` հասնելով $366,8 մլն-ի, ընդ որում` առեւտրի հաշվեկշիռն այդ երկրի հետ Հայաստանի համար դրական է եւ կազմում է շուրջ $172 մլն:

Ավելին, դեպի Շվեյցարիա կատարված $269,4 մլն արտահանումը կազմել է ՀՀ ընդհանուր արտահանումների դրամական արժեքի 12%-ը: Այս միտումը շատ դրական է եւ պետք է աշխատել, որ դա լինի շարունակական: Սակայն, եթե հաշվի առնենք, որ Հայաստանից Շվեյցարիա արտահանվող ապրանքների շատ լայն տեսականու (այդ թվում` արդյունաբերական եւ գյուղատնտեսական) վրա տարածվում է GSP արտոնությունների ընդհանրացված համակարգը, ապա հնարավորություն ունենք մեր արտահանվող ապրանքատեսականին էլ ավելի դիվերսիֆիկացնել, ծավալներն էլ՝ ավելի մեծացնել:

Ի դեպ, յուրաքանչյուր հայ գործարար իր արտադրանքի նկատմամբ Շվեյցարիայում կիրառվող մաքսային դրույքաչափերի վերաբերյալ կարող է այստեղ ստանալ մանրամասն տեղեկատվություն, իսկ պարզաբանումների եւ խորհրդի համար՝ դիմել ՀՀ առեւտրական ներկայացուցչի գրասենյակ: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Շվեյցարիան տարիներ շարունակ ՀՀ արտաքին ներդրումների աղբյուր հանդիսացող երկրների ցանկում զբաղեցնում է պատկառելի դիրքեր, բայց այստեղ էլ աշխատելու ասպարեզ ունենք:

- Արդյոք տեսնո՞ւմ եք երկու երկրների միջեւ հարաբերությունների չիրագործված ներուժ, որը մոտ ապագայում հնարավոր կլինի իրականություն դարձնել:

- Այդ ներուժը կա, եւ կան, այսպես ասած, բավական ցածր կախված պտուղներ: Այդպիսին է օրինակ, Շվեյցարիայից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի ավելացումը: Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում շվեյցարացիների համար, մասնավորապես՝ միջին եւ բարձր տարիքի զբոսաշրջային սեգմենտի, որին գրավում են Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, քրիստոնեական մշակույթի «բացօթյա թանգարան» լինելու հանգամանքը, արշավային եւ հեծանվային տիպի շրջագայությունների հնարավորությունները, բարձրագույն մակարդակի հասած մեր ռեստորանային եւ խոհարարական մշակույթը: Այստեղ կուզեի ավելացնել նաեւ մեր առողջապահական, հատկապես, ատամնաբուժական «տուրիզմի» գրավչությունը: Հայաստանյան ժամանակակից կլինիկաները հնարավորություն են տալիս, օրինակ, բարձրորակ իմպլանտավորում անել` եվրոպականից, ու հատկապես շվեյցարականից, զգալիորեն ավելի մատչելի գներով:

Մեկ այլ օրինակ է ՏՏ եւ այլ «սոֆթ» ծառայությունների ոլորտը՝ շվեյցարական ընկերությունների կողմից Հայաստանում աութսորսինգը, ծրագրավորումը, տարբեր բնույթի նախագծային ու դիզայներական աշխատանքների իրականացումը, կազմակերպությունների ներքին ծրագրային համակարգերի ստեղծումը եւ հեռակա կառավարումը:

Հայկ Հովհաննիսյանը՝ Արցախում

Վերջերս կազմակերպեցինք նման ծառայությունների «արտահանում» շվեյցարական կազմակերպության նախագծային եւ 3D դիզայնի կարիքների սպասարկման համար, ինչպես նաեւ, խոշոր ընկերության մարդկային ներուժի կառավարման համակարգի տեղադրման եւ սպասարկման համար: Վերջին դեպքում, հայաստանյան ընկերությունն իրականացրեց մասնագիտական խորհրդատվություն, օրերի ընթացքում մատակարարեց անհրաժեշտ սարքավորումները, պատվիրատուի համար ստեղծեց մարդկային ներուժի կառավարման ներքին համակարգ եւ շարունակական սկզբունքով Հայաստանից պետք է իրականացնի համակարգի ծրագրային սպասարկում եւ թարմացում: Եվ այդ ամենն իրականացվեց առանց որեւէ գործուղման, առանց մեկ մասնագետ Հայաստանի սահմաններից դուրս ուղարկելու:

Հայ մասնագետների տաղանդը եւ Հայաստանի գործարար միջավայրի ազատությունը մեզ թույլ է տալու այս բնագավառներում գրավել զգալի միջազգային շուկա: Այստեղ փակ սահմանները, ծով չունենալն ու այլ պատճառաբանությունները չեն աշխատում: Շուկադ աշխարհն է, աշխարհն էլ բաց է, ինչպես ապացուցում են ՏՏ ոլորտի մեր տասնյակ հաջողակ ընկերություններ:

- Ի՞նչ առաջարկներ ունեք շվեյցարական կապիտալի ծավալը հայաստանյան շուկայում ավելացնելու առումով:  

- Շվեյցարիայում կա ապահով ներդրումային հանգրվան փնտրող կապիտալի զգալի կենտրոնացում: Եվրոպայում, եւ առանձնապես Շվեյցարիայում, ձեւավորված է ցածր շահութաբերության եւ բացասական բանկային դրույքների մթնոլորտ: Սա ներդրումային ֆոնդերին, ընտանեկան գրասենյակներին (Family Office) եւ անհատներին դրդում է խնայողությունների ու ներդրումային ակտիվների համար ավելի գրավիչ շուկաներ որոնել: Հայաստանը կարող է օգտվել այս իրավիճակից: Մենք ունենք իր կայունությամբ եւ ապահովությամբ, ինչպես նաեւ ավանդների եւ կորպորատիվ արժեթղթերի շահութաբերությամբ աշխարհի մակարդակով օրինակելի բանկային համակարգ: Փորձելու ենք այն ավելի ճանաչելի դարձնել ինստիտուցիոնալ եւ անհատ ներդրողների շրջանում:

Իրական հատվածում ցանկալի է, որ հայաստանյան ընկերությունների շրջանում գտնենք բարձրակարգ եւ թափանցիկ կառավարման համակարգ ունեցող եւ աճելու ճանապարհներ փնտրող կազմակերպություններ, որտեղ, օրինակ, «պասիվ» ներդրումային հնարավորություն որոնող օտար կապիտալը վստահորեն կվերցնի փոքր կամ մեծ մասնաբաժին՝ կախված իր ռազմավարությունից, եւ զարգացման համար անհրաժեշտ միջոցներին զուգահեռ կբերի օտար շուկաներ ներթափանցելու համար անհրաժեշտ փորձ, կապեր ու եռանդ: Այս առումով Հայաստանն իր հաջող փորձը կարող է օրինակ բերել ֆինանսական հատվածում, ՏՏ ոլորտում, վերականգնվող էներգետիկայում, հանքարդյունաբերությունում:

Հայկ Հովհաննիսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
Դիտում՝ 18223
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW