Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Գործարարության աջակցման գրասենյակն այսօր հրապարակել է «ՓՄՁ հարկային դաշտի վերլուծություն 2016» զեկույցը:Այս առիթով Banks.am-ը զրուցել է զեկույցի հեղինակ, գրասենյակի տնտեսագետ-խորհրդատու Հովսեփ Պատվականյանի հետ:- Պրն Պատվականյան, ո՞րն է ՓՄՁ-ների վերաբերյալ այս վերլուծության նպատակը, ի՞նչ հարցերի եք անդրադարձել զեկույցում: - ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակը ՓՄՁ ոլորտի վերաբերյալ այս վերլուծությունն իրականացնում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Վերջինիս նպատակն է ներկայացնել համապարփակ տեղեկատվություն Հայաստանի տնտեսության զարգացման մեջ ՓՄՁ-ների դերի վերաբերյալ։ Զեկույցում անդրադարձ ենք կատարել ոլորտի օրենսդրական կարգավորումներին, հարկային համակարգում այս ընկերությունների նշանակությանը, ինչպես նաեւ դրանց զարգացման դինամիկային՝ ոլորտային եւ մարզային բաշխվածության տեսանկյունից։Պետք է փաստել, որ ՓՄՁ ոլորտում վիճակագրությունը բավական աղքատիկ է, եւ նման հետազոտություններն օգտակար են պետական, ոչ պետական, ինչպես նաեւ միջազգային կառույցների համար, որոնք զեկույցի տվյալներն օգտագործում են իրենց ռազմավարությունն ու հետագա ծրագրերը մշակելիս:ՓՄՁ-ների մասին խոսելիս սովորաբար անտեսվում է մի կարեւոր հանգամանք: Բանն այն է, որ առկա է զգալի շեղում պետական ռեգիստրում գրանցված ՓՄՁ-ների եւ իրականում գործունեություն ծավալող, ակտիվ գործող ՓՄՁ-ների թվի միջեւ: Այսպես, պետռեգիստրում 2016թ. վերջի տվյալներով՝ գրանցված է 176 հազ. ընկերություն, այն դեպքում, երբ դրանցից միայն 101 հազ-ն են ակտիվ հարկատուներ (57,4%): Ակտիվ հարկատու ասելով՝ նկատի ունենք այն ընկերություններին, որոնք վերջին 2 եռամսյակում ներկայացրել են հարկային հաշվետվություն: Նման անհամապատասխանության պատճառն այն է, որ Հայաստանում իրավաբանական անձանց լուծարման գործընթացը բավական բարդացված է, ինչը դրդում է ընկերություններին գործունեությունը դադարեցնելու փոխարեն սառեցնել այն՝ շարունակելով գրանցված մնալ պետռեգիստրում: Սա էլ հենց հանգեցնում է տվյալների խեղաթյուրման: Մենք հաշվի ենք առել այս հանգամանքը հետազոտության մեջ, ինչը բարձրացրել է դրա ճշգրտության աստիճանը: - Որո՞նք են ՓՄՁ-ների վերաբերյալ հետազոտության հիմնական եզրահանգումները:- Հետազոտության հիմնական «մեխն» այն է, որ չնայած ՓՄՁ-ների դերը հարկային եկամուտների ապահովման գործում բավական համեստ է (շուրջ 20%), այդուհանդերձ, դրանք տնտեսության համար լուծում են կարեւորագույն խնդիր, ապահովում են մասնավոր հատվածի զբաղվածության շուրջ 64,7%-ը: Բացի այդ, ՓՄՁ-ներն ապահովում են ՀՆԱ-ի շուրջ 33%-ը: Հետազոտության մեջ փորձել ենք նաեւ ցույց տալ վերջին շրջանում հարկային դաշտում կատարված բարեփոխումների ազդեցությունը, որոնց մասնակից է եղել նաեւ մեր գրասենյակը: Կուզենայի հատկապես շեշտել ընտանեկան ձեռնարկությունների, ՏՏ ոլորտի ստարտափների եւ սահմանամերձ բնակավայրերում ձեռնարկությունների կարգավորումների վերաբերյալ իրականացված բարեփոխումները՝ տրամադրելով վերջիններիս մի շարք հարկային արտոնություններ։ Այսպես, վերոնշյալ հարկային արտոնությունների արդյունքում գրանցել ենք մի շարք դրական միտումներ։ Ընտանեկան ձեռնարկությունների թիվը 2016թ. աճել է 876%-ով՝ 156-ից հասնելով 1553-ի, ավելացել է նաեւ սահմանամերձ վայրերում գործող ձեռնարկությունների թիվը՝ 287-ից հասնելով 813-ի (կամ 183%-ով): Միեւնույն ժամանակ, վավերացում անցած ՏՏ սկսնակ ընկերությունների թիվն աճել է 20-ից մինչեւ 170 (կամ 750%-ով)։- ՓՄՁ-ների հիմնական մասը կենտրոնացած է Երեւանում: Ի՞նչ կասեք այս ընկերությունների տարածքային եւ ոլորտային բաշխվածության, եւ դրա հետ կապված խնդիրների մասին:- Իսկապես, Երեւանում կենտրոնացած է ՓՄՁ-ների 51,8%-ը՝ բնակչության 35,1% մասնաբաժնի պարագայում: Մարզերում իրավիճակը լրիվ այլ է: Օրինակ՝ Շիրակի մարզն ընդգրկում է ՀՀ բնակչության 8,3%-ը, սակայն այստեղ գործում է ՓՄՁ-ների 5%-ը: Սա նշանակում է, որ առկա է ՓՄՁ-ների տարածքային անհամաչափ բաշխվածություն, որը կարող է պայմանավորված լինել զարգացվածության պատշաճ մակարդակի վրա գտնվող ենթակառուցվածքների բացակայությամբ, ինչպես նաեւ բնակչության ցածր վճարունակությամբ: Հետեւաբար, շատ կարեւոր է մարզերում եւ, հատկապես, սահմանամերձ շրջաններում հավելյալ հարկային արտոնություններ կիրառել՝ ՓՄՁ-ների համաչափ տարածքային բաշխվածությանը նպաստելու նպատակով:Նմանատիպ մոտեցումներ արդեն իսկ կիրառվում են հարկային համակարգում սահմանամերձ համայնքների համար, ինչը զգալի արդյունքներ գրանցեց: Կարծում ենք՝ այս մոտեցումները պետք է շարունակական լինեն: Ինչ վերաբերում է ոլորտային բաշխվածությանը, ապա ՓՄՁ-ները հիմնականում ներգրավված են մանրածախ եւ մեծածախ առեւտրում: Երկրորդ տեղում արտադրությունն է, այնուհետ՝ այլ ծառայությունների ոլորտն ու շինարարությունը:Եվ չնայած հարկային եկամուտներում ՓՄՁ ներդրումը դեռեւս տատանվում է 19-20%-ի սահմաններում, ուրախալի է, որ ՓՄՁ-ների դերը գնալով մեծանում է զբաղվածության ապահովման տեսանկյունից: Հիմք ընդունելով կատարվող բարեփոխումները՝ մեր գրասենյակը շարունակելու է հանդիպումներն ու քննարկումները ՓՄՁ ներկայացուցիչների հետ՝ փորձելով իր ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում: Հովսեփ Պատվականյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 18640