«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն նոյեմբերի 23-ին պարտատոմսերի նոր տեղաբաշխում կիրականացնի: Տեղաբաշխման մանրամասների եւ ՀՀ կապիտալի շուկայի ընդհանուր իրավիճակի շուրջ Banks.am-ը զրուցել է «Գլոբալ Կրեդիտ»-ի պարտատոմսերի մարքեթ մեյքեր հանդիսացող «Ռենեսա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանի հետ:- Պրն Սարոյան, ի՞նչ պայմաններով է իրականացվելու «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը:- Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2017թ. նոյեմբերի 23-ին՝ 2 տրանշով՝ դոլարային եւ դրամային: Առաջին տրանշով կտեղաբաշխվի 1 000 000 դոլար ընդհանուր ծավալով, 7% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով, 100 (մեկ հարյուր) դոլար անվանական արժեքով 10 000 (տասը հազար) հատ անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Երկրորդ տրանշով կտեղաբաշխվեն 300 000 000 դրամ ընդհանուր ծավալով, 10% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 1 տարի շրջանառության ժամկետով, 10 000 դրամ անվանական արժեքով 30 000 հատ անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Հարկ եմ համարում նշել, որ պարտատոմսերի տեղաբաշխումը լինելու է միայն մեկ օր, այն է՝ նոյեմբերի 23-ին, տեղաբաշխումն իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում՝ եվրոպական աճուրդի անցկացման միջոցով: - Պրն Սարոյան, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերը երրորդ անգամ եւս տեղաբաշխելու է Ձեր ղեկավարած «Ռենեսա» ներդրումային ընկերությունը: Ո՞րն է երկու ընկերությունների հաջող գործակցության գրավականը: - «Ռենեսա»-ն ներդրումային ընկերությունների շարքում զբաղեցնում է առաջատար դիրք, միաժամանակ՝ հանդիսանում մի շարք այլ թողարկողների արժեթղթերի շուկա ստեղծող: Միգուցե այդ գործառույթների հաջող իրականացմամբ էլ հենց պայմանավորված է մարքեթ մեյքերի եւ տեղաբաշխման կազմակերպչի ընտրությունը: Գաղտնիք չէ նաեւ, որ «Ռենեսա» ներդրումային ընկերությունը եւ «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հանդիսանում են փոխկապակցված իրավաբանական անձիք, սակայն կարծում եմ, որ մեր երկու ընկերությունների երկարատեւ համագործակցության ամենակարեւոր գրավականը նախեւառաջ մեր աշխատակիցների բարձր արհեստավարժությունն է, պատրաստակամությունը, աշխատասիրությունն ու բավական բարձր մակարդակի պատրաստվածությունը: - «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերով գործարքների ծավալները բավական մեծ են: Կցանկանայի մանրամասնեիք՝ արդյոք դա պայմանավորվա՞ծ է այն հանգամանքով, որ ընկերությունը տեղաբաշխումից հետո հանդես է գալիս որպես տեղաբաշխված պարտատոմսերի շուկա ստեղծող, թե՞ պարտատոմսերի գրավչությունն ու եկամտաբերությունն են պատճառը: - Ես չէի բացառի Ձեր նշած բոլոր պատճառները: Իհարկե, տեղաբաշխումից հետո պարտատոմսերի բարձր իրացվելիության ապահովման նպատակով մարքեթ մեյքերի առկայությունը բավականին կարեւոր գործոն է: Բացի այդ, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի եկամտաբերությունն ու գրավչությունը բավական բարձր մակարդակի վրա են շուկայի ներկայիս պայմաններում: Սակայն ես ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաեւ այն փաստի վրա, որ պոտենցիալ ներդրողների ակտիվությունը յուրաքանչյուր առաջին եւ հաջորդ թողարկումների ժամանակ զգալիորեն աճում է «Գլոբալ Կրեդիտ»-ի կողմից պարտավորությունների պատշաճ եւ ժամանակին կատարելու գործընթացի ֆոնին: Բացի այդ, մեր ընկերությունը, ֆինանսական շուկայում լինելով շուրջ 17 տարի, վերջին շրջանում մեր եւ մեր գործընկերների, ինչպես նաեւ մեր աշխատակիցների քրտնաջան աշխատանքի շնորհիվ բավական բարձրացրել է ներդրողների մոտ դրական կարծիքը եւ վստահությունն ավանդներին այլընտրանք հանդիսացող պարտատոմս գործիքի նկատմամբ:- Ի՞նչ ակնկալիքներ ունեք «Գլոբալ Կրեդիտ»-ի երրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումից: Կա՞ արդյոք ՀՀ կապիտալի շուկայում հետաքրքրվածություն ընկերության պարտատոմսերի նկատմամբ:- Նույնիսկ դեռ լայնածավալ գովազդ չծավալած՝ նկատվում է բավական լուրջ հետաքրքրվածություն ընկերության նոր թողարկվելիք պարտատոմսերի նկատմամբ, ինչպես ընկերության հավատարիմ հաճախորդների, այնպես էլ, ինչը շատ ուրախալի է, բազմաթիվ նոր հաճախորդների կողմից: Ակնկալում ենք, որ ինչպես նախորդ թողարկումների ժամանակ, այնպես էլ այժմ պարտատոմսերի պահանջարկը 1,5-2 անգամ կգերազանցի առաջարկը:- Իսկ ինչպիսի՞ երկրորդային շուկա են ձեւավորել «Գլոբալ Կրեդիտ»-ի նախորդ թողարկումների պարտատոմսերը: - Ուշագրավ է, որ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի նախորդ թողարկումների պարտատոմսերը ձեւավորել են բավականին ակտիվ երկրորդային շուկա: Այդ են վկայում ընկերության պարտատոմսերով բորսայում կնքված գործարքների քանակն ու ծավալները: Այսպես, մինչեւ 2017թ. սեպտեմբեր ընկերության նախորդ թողարկումների դոլարային պարտատոմսերով կնքվել է 88 գործարք՝ $1 149 375 ծավալով, իսկ դրամային պարտատոմսերով՝ 21 գործարք 59 585 766 դրամ ընդհանուր ծավալով: Այս տարի նույնպես տեղաբաշխումից անմիջապես հետո մեր ընկերությունը կհանդիսանա թողարկված արժեթղթերի մարքեթ մեյքեր՝ բորսայում իրականացնելով ամենօրյա գնանշում՝ դրանով իսկ ապահովելով շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը: - Ի՞նչ ծառայություններ է մատուցում «Ռենեսա» ներդրումային ընկերությունը ՀՀ կապիտալի շուկայում, հաճախորդների հետ համագործակցության ինչպիսի պայմաններ է այն առաջարկում, եւ արդյոք բա՞րձր է մրցակցության մակարդակն այս ոլորտում: - «Ռենեսա» ներդրումային ընկերությունը գործում է 2001-ից՝ իրականացնելով գլխավորապես դիլերային գործունեություն, միաժամանակ մատուցելով բրոքերային ծառայություն, արժեթղթերի հետ կապված խորհրդատվական եւ արժեթղթերի թողարկման տեղաբաշխման ծառայություններ: Ընկերությունն իրականացնում է նաեւ շուկա ստեղծողի գործառնություններ եւ արդեն մի քանի տարի շարունակ հանդիսանում է «Արարատբանկ» ԲԲԸ-ի եւ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի թողարկած պարտատոմսերի մարքեթ մեյքեր: 2018թ. նախատեսում ենք ընդլայնել ծառայությունների շրջանակը՝ մատուցելով նաեւ արժեթղթերի փաթեթի կառավարման եւ պահառության ծառայություններ: Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում շուկայում, 2017թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ակտիվները գերազանցել են 17 մլրդ դրամը, սեփական կապիտալը կազմել է 2,4 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթը՝ 556,7 մլն դրամ: - Պրն Սարոյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կապիտալի շուկայի հագեցվածության աստիճանը, առաջարկի եւ պահանջարկի ծավալները: - ՀՀ կապիտալի շուկայի ցուցանիշները բավական տպավորիչ են: Այսպես, 2017թ. առաջին երեք եռամսյակի արդյունքներով՝ կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծավալը դրամային թողարկումների դեպքում կազմել է 9,450 մլրդ դրամ, իսկ դոլարայինի դեպքում՝ $77 մլն: Նման բարձր ցուցանիշներն ակնհայտորեն վկայում են շուկայում բավական բարձր պահանջարկի առկայության մասին: Երկրորդային շուկան եւս շատ ակտիվ է, ինչն ապահովում է թողարկված պարտատոմսերի բարձր իրացվելիությունը` տալով թողարկված արժեթղթերին որակական ավելի բարձր մակարդակ եւ ավելի մեծ պահանջարկ: 2017թ. առաջին երեք եռամսյակի արդյունքներով` կորպորատիվ պարտատոմսերով կատարված գործարքների ծավալները դրամային պարտատոմսերի դեպքում կազմել է 2,355 մլրդ դրամ, իսկ դոլարայինի դեպքում՝ $14,3 մլն: Վաղինակ Սարոյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 35365