Արեն Նալթակյան. Ինեկոբանկի հաջողությունը ռեֆորմների եւ ՏՏ ներդրումների արդյունք է

01.09.2017 | 07:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Ինեկոբանկ #Արեն Նալթակյան
Banks.am-ը զրուցել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի տնօրեն, տնօրինության անդամ Արեն Նալթակյանի հետ:

- Պրն Նալթակյան, 2017թ. առաջին կիսամյակի արդյունքներով` Ինեկոբանկն առաջատար է շահույթով։ Ո՞րն է եղել բանկի հաջողության բանաձեւը։

– Մեր հաջողությունը պայմանավորված է եղել հիմնականում երկու գործոններով՝ լայնածավալ բարեփոխումների ծրագիր եւ ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումներում:

Հաջողությամբ ավարտին ենք հասցրել դեռեւս 2016-ին սկսած բարեփոխումների ծրագիրը, որի նպատակն էր տարիների ընթացքում բանկի օրգանական աճի արդյունքում ունեցած ներուժի օպտիմալ կառավարումն ու առավելագույն արդյունքի ստացումը։ Մի շարք առանցքային փոփոխություններ ենք կատարել ինչպես գործընթացային, այնպես էլ բանկի կառուցվածքային մակարդակում։

- Ինչո՞վ էր պայմանավորված բարեփոխումների ծրագրի իրականացման անհրաժեշտությունը:

– Լուիս Քերոլը ժամանակին ասել է. «Ստիպված ես վազել ամբողջ ուժով, որ ընդամենը մնաս միեւնույն տեղում: Իսկ որպեսզի ուրիշ տեղ հասնես, պետք է վազես կրկնակի արագ»:

Ինքներդ եք ականատես եղել այնպիսի հզոր կազմակերպությունների անկմանը, ինչպիսիք են «Կոդակ»-ը, «Նոկիա»-ն, «Համեր»-ը, «Բլեքբերի»-ն։ Այդ բոլորի անկման հիմնական պատճառը մեկն էր՝ ժամանակին չադապտացվելը դինամիկ շուկայի պահանջներին։ Մարդկանց նախասիրություններն ու սպառողական վարքագիծը սկսել են շատ արագ փոխվել, եւ այսօրվանից պետք է սկսել աշխատել մի քանի տարի հետո ցանկալի վիճակին հասնելու համար։

Միեւնույն ժամանակ, շատ բարդ է փոփոխել մի համակարգ, որի մի մասն ես կազմում ավելի քան 10-15 տարի։ Մեզ շատ օգնեցին Մեծ Բրիտանիայից հրավիրված խորհրդատուների խումբը, որի անդամները երկար տարիներ բարձրագույն օղակի ղեկավարներ են եղել միջազգային խոշորագույն բանկերում եւ ունեն հետխորհրդային երկրների ֆինանսական համակարգերում խորհրդատվության հարուստ փորձ։ Շատ օգտակար էր լսել մասնագետների կարծիքը կողքից։ Արդյունքում, կդժվարանամ նշել բանկում որեւէ ոլորտ կամ գործընթաց, որը որոշ չափով չի բարելավվել։

Համատեղ աշխատանքի արդյունքն, ինչպես տեսնում եք, իրեն երկար սպասեցնել չտվեց։

– Ի՞նչ փոփոխություններ են կատարվել բարեփոխումների ծրագրի շրջանակում։

- Օպտիմալացրել ենք բանկի կազմակերպչական կառուցվածքը, ինչը հրամայական էր մեր՝ բավականին հավակնոտ ռազմավարությամբ նախանշված արդյունքներին հասնելու համար։

Մասնաճյուղային ցանցում առանձնացրել ենք բիզնեսի ու անհատների համար նախատեսված մասնաճյուղերը։ 2017-ին արդեն կունենանք ավելի հարմարավետ նորաբաց երեք մանրածախ եւ մեկ բիզնես մասնաճյուղ։

Միեւնույն ժամանակ, բիզնես գործընթացների զգալի մասը կենտրոնացվել է՝ մասնաճյուղերից տեղափոխվելով գործառնական բլոկ, ինչն էլ ավելի որակյալ է դարձրել հաճախորդների սպասարկումը մասնաճյուղերում։

Էականորեն բարելավել ենք վարկային ռիսկերի կառավարման համակարգը՝ թե՛ ավտոմատացված, թե՛ մասնագետների կողմից կառավարվող ռիսկերի մասով։
 
– Խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում ավտոմատացված ռիսկերի կառավարումը եւ ի՞նչ առավելություն է այն տալիս։

– Նախ եւ առաջ, այն տալիս է որոշումների կայացման արագություն, միեւնույն ժամանակ, ավելի հաշվարկված ու հիմնավոր որոշումներ կայացնելու հնարավորություն։

Ֆիզիկական անձանց վարկավորման որոշումների զգալի մասը կայացնում է մեր կողմից ստեղծված ավտոմատ սքորինգային համակարգը, ինչի արդյունքում հնարավոր է դարձել ակնթարթային արագությամբ հաշվարկել հաճախորդի անհատական ռիսկի գնահատականն ու անմիջապես ստանալ վարկի տրամադրման որոշումը։ Համակարգը տարեցտարի կատարելագործում ենք՝ վերլուծելով նախորդ տարիների մեծաքանակ տվյալների բազան։

Վերջին՝ 2017-ի կատարելագործմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայից մեր գործընկերները, որոնք տարբեր միջազգային հայտնի բանկերում իրականացրել են սքորինգային համակարգերի մշակում։ Փոփոխություններից հետո համակարգն ավտոմատ որոշում է հաճախորդի ռիսկայնության աստիճանն ու տալիս անհատական սակագնի առաջարկ՝ կախված հաճախորդի ռիսկայնությունից։

Ռիսկերի կառավարման մեր համակարգն այսօր ամենաարդիականներից է, եւ դրա ապացույցն է դասակարգված վարկերի ծավալի (NPL) բանկային համակարգի միջինից մոտ 20% ավելի ցածր ցուցանիշը։

– Որպես հաջողության գրավական՝ նշեցիք նաեւ ներդրումները ՏՏ լուծումներում։ Որքանո՞վ են արդյունավետ այս ուղղությամբ ներդրումները:

– Այսօր մեր ունեցած տեխնոլոգիաներն ապահովում են ճկունություն եւ հաճախորդներին հարմարավետ սպասարկելու ազատություն։ Այս արդյունքին մենք հասել ենք երկարատեւ եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ, որտեղ բանկը մշտապես կարեւորել է բարձր տեխնոլոգիաների դերը։

Բանկի ստեղծման օրվանից մինչ օրս ունենք բավական ուժեղ ՏՏ թիմ, որը մշտապես ներգրավված է եղել բանկի հեռանկարային զարգացման ծրագրերում եւ կրել է իր մեջ բանկի զարգացման տեսլականը։ Կարող եմ վստահ ասել, որ Ինեկոբանկի սեփական ՏՏ թիմն այսօր բանկին տալիս է ռազմավարական մրցակցային առավելություն։ Որպես օրինակներ` կարող եմ նշել.
    
- 2009-ին առաջինը Հայաստանում ներդրել ենք տեղում ապառիկ առեւտրի վարկավորման համակարգը՝ ապրանքների ապառիկ գնման ժամանակը 3-4 օրից հասցնելով մի քանի րոպեի։

- «Ապառիկ՝ տեղում» ծառայության շնորհիվ բանկը ֆինանսավորել է մեր քաղաքացիների ավելի քան 500 հազ. գնում։

- 2012-ին առաջիններից մեկն ենք ներդրել Online Banking եւ Mobile Banking ծառայությունները, որոնցով այսօր մեր հաճախորդները 24/7 ռեժիմով գործարքներ են կատարում։

- Մեր Online եւ Mobile Banking-ի հիմնական առավելություններից մեկը կայանում է նրանում, որ գործարքներն իրական ժամանակում են տեղի ունենում։ Այսինքն՝ հնարավոր է վճարել, օրինակ, վարկի կամ ապառիկի գումարը շաբաթ երեկոյան, եւ ոչ մի ուշացում չի լինի, քանի որ գործարքը կկատարվի անմիջապես։

Ի դեպ, 2017-ին, նախորդ տարվա համեմատ, 3 անգամ ավելի շատ գործարք է կատարվել Online/Mobile Banking-ով, իսկ InecoMobile հավելվածի օգտատերերի քանակն այսօր գերազանցում է 50 հազ-ը։

– Ապագային ի՞նչ ծրագրեր ունի Ինեկոբանկը: Ո՞րն է բանկի ռազմավարությունը, ինչպես նաեւ հաջորդ քայլը՝ թվայնացման ճանապարհին։

– Մեր հիմնական բիզնես ուղղությունները շարունակելու են մնալ ՓՄՁ եւ մանրածախ սեգմենտները: Մեծ կարեւորություն ենք տալու հատկապես թվային ուղիներով առաջարկվող մեր լուծումներին` այս ուղղությամբ արդեն իսկ ունենք ավարտին հասնող նախագծեր, որոնք թույլ կտան առանց բանկ այցելության սպասարկել հաճախորդին՝ մատուցելով հաշվի բացումից մինչեւ վարկավորման ծառայություններ:

Ինչ վերաբերում է թվայնացմանը, ապա այսօր արդեն սկսել ենք նախագծեր, որոնց հիմքում ընկած են լինելու Big Data-ի եւ AI-ի (արհեստական բանականություն) կիրառումը։ Դա հետագայում մեզ հնարավորություն կտա հաճախորդներին տրամադրել անհատական առաջարկներ՝ իրենց հարմար պահին, վայրում եւ ուղիով:

Արեն Նալթակյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 92706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW