Գինու համտեսի սենյակներ. նոր բիզնես մշակույթ Հայաստանում

15.08.2017 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#One Armenia #Semina Consulting #գինի

One Armenia-ն՝ Semina Consulting գինեգործության խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ, դրամահավաք է նախաձեռնել՝ Վայոց ձորում անհատ խաղողագործներին աջակցելու եւ գինեգործությունը զարգացնելու նպատակով: Ծրագրի նպատակների եւ դրամահավաքի ընթացքի շուրջ Banks.am-ը զրուցել է One Armenia-ի ղեկավար Անահիտ Գալստյանի եւ Semina Consulting-ի գործադիր տնօրեն Վահե Քեուշգուերյանի հետ:

«Լուսանցքում» մնացած խաղողագործները

«Оne Armenia-ն ցանկանում էր գինեգործության հետ կապված ինչ-որ ծրագիր անել, որպեսզի ավելի շատ ֆերմերներ ներգրավվեն Հայաստանում գինեգործության մեջ»,- Banks.am-ի հետ զրույցում պատմում է Անահիտ Գալստյանը:

Համագործակցության առաջարկով դիմել են Semina Consulting ընկերությանը. պարզվել է, որ այն եւս նմանատիպ ծրագիր իրականացնելու գաղափար ունի:

Semina Consulting-ի գործադիր տնօրենը մեզ հետ զրույցում հիշեցնում է, որ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, անկախ խաղողագործները մնացին «լուսանցքում», քանի որ չունեին որակյալ գինի պատրաստելու հմտություններ: Հետեւաբար՝ տարիներ շարունակ նրանք ստիպված են եղել ցածր գներով խաղողը մթերել խոշոր գործարաններին, մինչդեռ կարող էին մի քանի անգամ ավելի շատ եկամուտ ստանալ՝ պատրաստի, շշալցված գինի վաճառելով:

Համտեսի սենյակներ

Ծրագրի համար ընտրվել է Վայոց ձորի մարզը՝ որպես գինեգործության ավանդույթների կենտրոն: Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակում կընտրվի երեք շահառու, որոնց կտրամադրվեն աջակցություն եւ խորհրդատվություն խաղողագործության եւ մարկետինգի հարցերում, ինչպես նաեւ համտեսի սենյակներ (Wine Cube)՝ հյուրեր ընդունելու եւ սեփական արտադրանքը վաճառելու համար:

«Շահառուների ընտրության հարցը վստահել ենք Semina Consulting-ին, քանի որ նրանք ավելի շատ փորձ ունեն տեղի ժողովրդի հետ աշխատելու: Միաժամանակ, ցանկանում ենք այնպիսի մարդիկ ընտրվեն, որոնք ձեռնարկատիրական բնավորություն կունենան, որոնք կփորձեն տարիներին ընթացքում ոչ թե մնալ նույն մակարդակի վրա, այլ հետագայում էլ աճ ապահովել արդեն սեփական միջոցներով»,- ասում է Անահիտ Գալստյանը:

Այս պահին արդեն ընտրվել է երկու խաղողագործ Արենիում եւ Աղավնաձորում, երրորդ համտեսի սենյակը նախատեսվում է կառուցել Արենի գյուղի բանուկ խաչմերուկի տարածքում:

Բիզնես համագործակցություն՝ արտոնություններով

Չնայած համտեսի սենյակների նախնական ներդրումն արվում է ծրագրի կողմից՝ վերջինիս հեղինակները միաձայն պնդում են՝ «Սա բարեգործություն չէ»: Ավելին, Անահիտ Գալստյանի խոսքով, սա բացառիկ բիզնես համագործակցություն է, երբ բիզնեսն օգնում է փոքր ձեռնարկատերերին կայանալ:


Շահառուների հետ պայմանագիր ստորագրելուց հետո Semina Consulting-ը Երեւանի գինու ակադեմիայի հետ համագործակցությամբ նրանց կսովորեցնի աճեցնել որակյալ խաղող: Բերքահավաքից հետո, յուրաքանչյուր ֆերմերից կմթերվի շուրջ 2 տոննա խաղող, որից նախատեսվում է ստանալ 2000-3000 շիշ գինի եւ վերադարձնել ֆերմերին: One Armenia-ն էլ, իր հերթին, աջակցություն կտրամադրի բրենդների ձեւավորման, մարկետինգի եւ մատակարարման կազմակերպման հարցերում:

Արդյունքում, Վահե Քեուշգուերյանի խոսքով, նախնական փուլում շահառուից պահանջվում է միայն ապահովել որակյալ խաղող եւ համտեսի սենյակի համար անհրաժեշտ մաքրություն:

«Համտեսի սենյակը մենք տալիս ենք ժամանակավոր, գինին պատրաստում ենք, տուրիստներ բերում ենք, գյուղացուն էլ ասում ենք տե՛ր կանգնեք, վաճառե՛ք գինին, ու եթե ցանկանում եք 2-3 տարի հետո համտեսի սենյակը ձերը լինը, այդ ընթացքում աստիճանաբար ձեր վաճառքից որոշակի գումար վճարեք, որպեսզի ծրագիրը շարունակական լինի»,- ասում է Վահե Քեուշգուերյանը՝ հավելելով, որ աջակցությունը հետագայում կարող է վերածվել որոշակի արտոնություններով բիզնես համագործակցության:

Եթե ֆերմերը չի ցանկանում գնել համտեսի սենյակը, երկու տարի անց այն հանձնվում է այլ շահառուի, որով էլ ապահովվում է ծրագրի շարունակական բնույթը:

Անահիտ Գալստյանն էլ, հիշելով նախորդ ծրագրերի փորձը, փաստում է, որ բարեգործությունը հաճախ երկարաժամկետ օգուտ չի տալիս՝ մարդիկ իրենց անվերադարձ տրվածի արժեքը չեն գիտակցում:

Կանխելով արտագաղթը

Ծրագրի իրականացման դեպքում հեղինակներն ակնկալում են, որ Հայաստանում կզարգանա շուրջ մեկ դար ընդհատված գինու մշակույթը, կավելանա գինեգործության ոլորտում փոքր արտադրողների թիվը: Բացի այդ, գինեգործության զարգացումը կարող է գրավիչ լինել նաեւ զբոսաշրջիկների համար, որոնք Վայոց ձորի տեսարժան վայրերից բացի, կարող են հետաքրքրվել հենց խաղողի այգիներով, Հայաստանում գինեգործության պատմությամբ:


«Մյուս կողմից, գյուղացին երբ փող է աշխատում, դա իրեն ստիպում է դուրս չգալ երկրից: Մենք ուզում ենք, որ գյուղացին մնա գյուղում, փող աշխատի, մեքենա առնի, բոլորը տեսնեն, իրենք էլ ոգեւորվեն,- ասում է Վահե Քեուշգուերյանը՝ որպես օրինակ բերելով 80-ականներին Իտալիայի Պիեմոնտ քաղաքի փորձը: -Այն ժամանակ բոլոր գյուղացիները խաղողը վաճառում էին 3-4 մեծ գործարանի: Հետո մի քանի գյուղացի գնացին Ֆրանսիա, տեսան Բուրգունդիայում ինչ են անում, եկան մի քանի տակառ գնեցին, գինի սարքեցին, ու այդտեղից սկսվեց հեղափոխությունը: Հիմա եթե գնաս այդ շրջանը, բոլոր հողագործները թանկարժեք մեքենաներով են շրջում, քանի որ խաղողը մեկ եվրոյով վաճառելու փոխարեն վաճառում են պատրաստի գինի՝ 24 եվրոյով»:

Ծրագրի հեղինակները հույս ունեն, որ համտեսի սենյակների առկայությունը տարբեր համայնքներում կարող է նախադեպ հանդիսանալ եւ խրախուսել համայնքի մյուս բնակիչներին՝ դառնալու իրենց ծրագրի շահառուն:

Դրամահավաք

Ծրագրի իրականացման համար հունիսի 8-ից մեկնարկել է դրամահավաք, որով նախատեսվում է հավաքել $61,515: Գումարը կուղղվի շահառուների դասընթացներին, համտեսի սենյակների կառուցմանն ու կահավորմանը:

Շուրջ 2 ամսվա ընթացքում հավաքվել է ավելի քան $22 հազ. (ընդհանուր գումարի 37%-ը): Ուշագրավ է, որ հանգանակությանը մասնակցությամբ առաջին տեղում ԱՄՆ-ն է (միջինը՝ $100), հետո՝ Հայաստանը (միջինը՝ $20): Նախատեսվում էր, որ հանգանակությունը կշարունակվի մինչեւ օգոստոսի վերջ, սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այն կարող է երկարաձգվել:

One Armenia-ի ղեկավարի խոսքով՝ բացի մեկնարկած դրամահավաքից՝ իրենք աշխատում են գտնել առանձին գործընկերներ եւ համագործակցում են տեղական բիզնեսների հետ:

Սահմանված գումարը գերազանցելու դեպքում նախատեսվում է, որ կավելացվի շահառուների կամ նրանց մատուցվող ծառայությունների թիվը:

«Եթե նպատակին չենք հասնում, դադար ենք տալիս, ինչքան որ հավաքվել է՝ օգտագործում ենք, իսկ դրամահավաքը կարող ենք վերկսկսել ավելի ուշ»,- ասում է Անահիտ Գալստյանը՝ հավելելով, որ երբեմն դրամահավաքի արդյունքը գերազանցում է ակնկալվող արդյունքը:  

Սպառման հեռանկարներ

Մոտ մեկ տարի հետո, երբ առաջին շահառուները կունենան պատրաստի արտադրանք, Semina Consulting-ի օգնությամբ դրանք վաճառքի կդրվեն Երեւանի ռեստորաններում, գինետներում ու սրճարաններում: Նախատեսվում է մեկ շիշ գինին վաճառել 2000-3000 դրամի սահմաններում:

Ինչ վերաբերում է արտահանմանը, այս փուլում ծրագրի հեղինակները դեռ վաղ են համարում դրա մասին խոսել:

«Ոչ թե որովհետեւ որակ չկա, այլ քանակն է քիչ,- ասում է Վահե Քեուշգուերյանը: -Հաշվեք յուրաքանչյուր շահառուի կողմից 2000-3000 շիշ: Դրա մեկ երրորդը, եթե ոչ մինչ կեսը, պետք է սպառվի հենց տեղում՝ զբոսաշրջիկների կողմից, իսկ մյուս կեսը՝ Երեւանի գինետներում եւ ռեստորաններում»:


Միաժամանակ, ծրագրի հեղինակները չեն բացառում, որ ժամանակի ընթացքում իրենց արդեն նախկին շահառուները կարող են ավելացնել արտադրության ծավալները եւ դուրս գալ արտաքին շուկա: Այդ հարցում եւս պատրաստ են աջակցություն տրամադրել:

«Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում նրանք չեն բավարարվի 2000-3000 շշով, կավելացնեն ծավալները եւ ինչու ոչ՝ կդառնան Semina-ի հաճախորդը»,- ասում է Անահիտ Գալստյանը:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 107043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai