Դավիթ Անանյան. Ակցիզային հարկի բարձրացումը սոցիալական խնդիր չի առաջացնի

04.07.2017 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Դավիթ Անանյան #ԵԱՏՄ #ակցիզային հարկ
Հայաստանում վերջին շրջանում գրանցվել է ծխախոտի ընդհանուր գների որոշակի բարձրացում՝ պայմանավորված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում հարկային եւ մաքսային համակարգերի ներդաշնակեցման, մասնավորապես, ակցիզային հարկի դրույքաչափերի մոտարկման գործընթացով: Այս կապակցությամբ Banks.am-ը զրուցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանի հետ:

- Պրն Անանյան, ի՞նչ է ենթադրում ԵԱՏՄ հարկային եւ մաքսային համակարգերի ներդաշնակեցումը: Կոնկրետ ո՞ր հարկատեսակներին է այն վերաբերում:

- Մինչեւ ԵԱՏՄ հարկային ներդաշնակեցմանն անդրադառնալը՝ կցանկանայի ներկայացնել, թե ընդհանրապես երկրների միջեւ հարկային համակարգերի համագործակցության ինչ տեսակներ կարող են լինել: Այս առումով գոյություն ունի երկու սկզբունք՝ միասնականացում (ունիֆիկացիա)՝ կառույցին անդամակցող երկրները սահմանում են մեկ միասնական հարկային օրենսդրություն, եւ ներդաշնակեցում (հարմոնիզացիա)՝ երկրները, պահպանելով իրենց ներքին օրենսդրական անկախությունը, փոխադարձ առեւտրի կամ ներսահմանային գործունեության առումով հարկման սկզբունքների, նորմերի, վարչարարության, դրույքաչափերի շուրջ որոշակի համաձայնություն են ձեռք բերում:

Այս ամենի նպատակը ԵԱՏՄ-ում ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է, որպեսզի մի երկրի ապրանքը մյուսում վաճառվելիս հարկվի այն նույն պայմաններով, ինչը կիրառվում է տեղական ապրանքի նկատմամբ՝ պահպանելու առողջ մրցակցությունն ու  ոչ խտրական վերաբերմունքը:

Ունիֆիկացիայի առումով ԵԱՏՄ-ում գործում է միասնական Մաքսային օրենսգիրքը, որն ուժի մեջ կմտնի արդեն 2018թ. հունվարի մեկից: Սա ԵԱՏՄ շրջանակում միասնականացման թերեւս միակ օրինակն է:

Ինչ վերաբերում է հարմոնիզացիային, ապա այն առավելապես վերաբերում է անուղղակի հարկերին՝ ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) եւ ակցիզային հարկին. միայն դրանք են, որ կարող են այս կամ այն չափով խոչընդոտել ապրանքների ազատ տեղաշարժը: ԵԱՏՄ պայմանագրով հստակ ամրագրված է, որ երկրներն այս հարկերի գծով պահպանելու են իրենց ազգային օրենսդրության անկախությունը, պարզապես ներսահմանային առեւտրի մասով նախատեսվում է ներդաշնակեցման գործընթաց:

- Այսինքն՝ անդամ երկրներում գործելու են անուղղակի հարկերի համանման դրույքաչափե՞ր:

- ԱԱՀ դրույքաչափերի ներդաշնակեցման խնդիր ընդհանրապես չկա, այս հարցը կարգավորվել է ԱԱՀ հարկման նշանակային երկրի գաղափարի ներդրման միջոցով: Այսինքն՝ ապրանքը որ երկրի շուկա մտավ, այդ երկրի օրենսդրությամբ էլ հարկվելու է, իսկ երկրներն ազատ են ԱԱՀ դրույքաչափերի սահմանման հարցում: Այդուհանդերձ, ԱԱՀ վճարման փաստաթղթավորման եւ վարչարարության առումով երկրները փոխհամաձայնություններ են ձեռք բերել եւ արդեն գործում է միասնական պրոցեդուրալ համակարգ:

Ինչ վերաբերում է ակցիզային հարկին, ապա այս հարցում կա մի փոքր նրբություն: Ի տարբերություն ԱԱՀ-ի, որն ապրանքի արժեքին ավելացվում է վաճառքի պահին, ակցիզային հարկը ներառվում է վաճառքի գնի մեջ, ինչն անհնարին է դարձնում նշանակման երկրում հարկման հնարավորությունը: Հետեւաբար՝ անհրաժեշտություն է առաջանում երկրների միջեւ սահմանել ակցիզային հարկի մոտ դրույքաչափեր:

Առավել զգայուն ենթաակցիզային ապրանքները ծխախոտային ու ալկոհոլային արտադրանքներն են, որոնց գծով որոշվել է սահմանել ակցիզային հարկի ինդիկատիվ դրույքներ եւ անդամ երկրների ազգային օրենսդրություններում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով ակցիզային հարկի դրույքաչափերը մոտեցնել այդ ինդիկատիվ դրույքներին:

ԵԱՏՄ շրջանակում կարեւորվում է նաեւ աշխատուժի ազատ տեղաշարժը, հետեւաբար՝ եկամտային հարկի առումով եւս գործում է որոշակի համաձայնություն, այն է՝ եթե եկամուտի հարկումը կատարվում է այն երկրում, որտեղ որ ծավալվում է աշխատանքային գործունեությունը, ապա հարկումը պետք է իրականացվի նույն դրույքաչափերով, որոնցով սովորաբար հարկվում է նման եկամուտը տվյալ երկրում:

Իսկ կորպորատիվ հարկերի (շահութահարկի) տեսանկյունից երկրները պահպանում են իրենց բացառիկ սուվերենությունը:

- Ինչպիսի՞ն են Հայաստանում հարկային դրույքները՝ ԵԱՏՄ մյուս երկրների հետ համեմատությամբ: Ինչպե՞ս է ընթանալու ներդաշնակեցման անցումային շրջանը:

- Հայաստանում ակցիզային հարկի դրույքաչափերը ցածր են եւ անգամներով զիջում են, օրինակ, Ռուսաստանին: Հետեւաբար, ծխախոտային եւ ալկոհոլային արտադրանքների ակցիզային դրույքաչափերն ինդիկատիվ դրույքին մոտեցնելու (ներդաշնակեցնելու) համար զգալի վայրիվերումներից խուսափելու նպատակով, առաջարկեցինք գոնե մեզ համար սահմանել այնպիսի կանոն, որը թույլ կտա ինդիկատիվ ցուցանիշին հասնել աստիճանաբար:

Որպես հիմնավորում՝ նշեցինք, որ պետք է հաշվի առնվի Հայաստանի բացառիկ դիրքն այն առումով, որ մենք ԵԱՏՄ միակ երկիրն ենք, որ անմիջական սահման չունի մեկ այլ անդամ երկրի հետ: Մեր երկրից արտահանվող ապրանքը մինչեւ մյուս անդամ երկրի հասնելն անցնում է երրորդ երկրի (օրինակ՝ Վրաստանի) տարածքով, ինչի պատճառով, օրինակ, մեր արտահանողները կրում են լրացուցիչ ծախսեր (տարանցիկ մաքսային ձեւակերպում, զգալի տրանսպորտային ծախսեր եւ այլն), որոնք ավելացնում են ապրանքի վաճառքի գինը եւ նվազեցնում նրա գրավչությունը մյուս երկրի շուկայում: Հետեւաբար՝ ակցիզային հարկի նվազ դրույքաչափերի առկայությունը ԵԱՏՄ որեւէ երկրի նմանատիպ արտադրանքների համար «վտանգավոր» մրցակցության չի կարող հանգեցնել:

Բանակցությունների արդյունքում Հայաստանի առաջարկն ընդունվեց եւ այն օրինակ դարձավ բոլորի համար: Սահմանվեց հարկի ինդիկատիվ ցուցանիշ եւ դրանից թույլատրելի շեղման որոշակի հնարավորություն (ամեն երկրի համար՝ առանձին չափով):

Օրինակ, 1լ 100%-անոց սպիրտի հաշվարկով ալկոհոլային խմիչքի համար ակցիզային հարկի ինդիկատիվ դրույքը 2022թ. համար սահմանվել է €9-ին համարժեք գումար (մեզ մոտ այն կազմում է շուրջ €3-ին համարժեք դրամ), Հայաստանին թույլատրվեց դրան հասնել աստիճանաբար՝ տարեկան 15% բարձրացման միջոցով՝ միաժամանակ սահմանվելով 40% դեպի ներքեւ շեղման հնարավորություն: Այսինքն՝ 2022թ. մենք կունենանք €5,4 դրույք՝ հայտնվելով ինդիկատիվ դրույքի թույլատրելի շեղման տիրույթում:

Այնպես ստացվեց, որ ներդաշնակեցման շուրջ բանակցությունները համընկան Հայաստանում Հարկային օրենսգրքի մշակման հետ, եւ մենք միանգամից առաջիկա 5 տարիների համար ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը ներառեցինք օրենսդրությունում: Այսինքն՝ այս տարվա հունվարի մեկից ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գծով ակցիզային դրույքաչափերը 15%-ով բարձրացվել են, եւ եթե նկատել եք որոշակի գների աճ, դա հիմնականում հենց այդ ներդաշնակեցման հետեւանք է: Նույն չափի բարձրացում կիրականացվի նաեւ առաջիկա 4 տարիներին:

- Քննարկվե՞լ է արդյոք ակցիզային հարկի բարձրացումը ՀՀ մասնավոր հատվածի հետ: Ծխախոտի եւ խմիչքի թանկացումը սոցիալական խնդիր չի՞ առաջացնի մեր երկրում:

- Մասնավորի հետ քննարկումներ, անշուշտ, եղել են: Ասել, թե բիզնեսը խանդավառությամբ է ընդունել այս որոշումը, սխալ կլինի, քանի որ, ըստ էության, դա հանգեցնելու է իրենց արտադրանքի թանկացման եւ ազդելու դրանց մրցունակության վրա: Սակայն քանի որ մեր ծխախոտներն ու ալկոհոլային խմիչքները հիմնականում արտահանելի են, մասնավորի վրա էական ազդեցություն չի սպասվում:

Ներքին շուկայում, այո, լինելու են որոշակի թանկացումներ, սակայն, մեր հաշվարկներով, միջին գնողունակությամբ քաղաքացու վրա այս թանկացումը չնչին է լինելու: Բացատրեմ՝ ինչու. որքան բարձր է սպիրտային խմիչքի հարգը, այնքան ակցիզային հարկն ավելի բարձր է, հետեւաբար միջին հարգի խմիչքների վրա ազդեցությունը քիչ է լինելու: Ինչ վերաբերում է ծխախոտին, ապա դրա թանկացումը կարող է նաեւ ծխելու դեմ պայքարի մաս դառնալ, սակայն, ի սկզբանե, նման նպատակ, բնականաբար, չի դրվել:

- Ըստ Ձեզ՝ տնտեսապես արդարացվա՞ծ էր Հայաստանի որոշումն անդամակցել ԵԱՏՄ-ին:

- Ժողովրդի մոտ միշտ հարց է առաջանում՝ «Ի՞նչ կլիներ, եթե չգնայինք ԵԱՏՄ անդամակցության ճանապարհով, այլ, օրինակ, ազատ առեւտրի պայմանագիր կնքեինք Եվրոպական միության հետ»: Նման համեմատություն կատարելիս պետք է հաշվի առնել, որ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն համադրելի կառույցներ չեն: ԵԱՏՄ կազմավորման հիմքում դրված է ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումը, այնինչ ԵՄ գաղափարախոսությունն այլ է: Այն պարզապես քաղաքական տարածք չէ, այլ միասնական տնտեսական տարածք, ունի միասնական արժույթ, Եվրոպական բանկ, արժեթղթեր, վարում է ընդհանուր դրամավարկային քաղաքականություն:

Մի կարեւոր հանգամանք էլ կա. ԵՄ կազմում ընդգրկվելը կամ ազատ առեւտրի համաձայնություն ձեռք բերելը դեռեւս չի նշանակում, որ երկրի առաջ բացվելու է այս շուկան: Եվրամիությունում սահմանված են ապրանքների եւ ծառայությունների բարձր ստանդարտներ, եւ այնտեղ ապրանք վաճառելու համար պետք է համապատասխանել դրանց: Հակառակ դեպքում, տվյալ երկրի արտադրանքն ազատ մուտք չի ունենա դեպի ԵՄ տարածք, մինչդեռ եվրոպական ապրանքները «կողողեն»  նոր շուկան, եւ տեղական արտադրանքի հետ պայքարում, ամենայն հավանականությամբ, հաղթող դուրս կգան:

Ըստ իս՝ եթե մենք շարունակեինք ԵՄ ասոցացման պայմանագրի շուրջ բանակցություններն ու  որոշակի ժամանակ անց դառնայինք դրա անդամ, հավանաբար Հայաստանը ողողված կլիներ ԵՄ երկրների արտադրանքով եւ մեր բաղձալի երազանքը՝ ունենալ արտաքին առեւտրի դրական հաշվեկշիռ, դժվար թե երբեւէ իրականանար. ես սա ասում եմ որպես տնտեսագետ: Իսկ Հայաստանի տնտեսության զարգացման միակ գրավականն արտահանելի տնտեսություն ունենալն է: Եվրամիությունում մեր ապագան այս առումով ես կհամարեի մշուշոտ:

Վստահեցնել, թե ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ կունենանք զարգացած արտադրություն, նույնպես չեմ կարող, սակայն գոնե առկա են դրա նախադրյալները: Այստեղ մեր ապագան ավելի տեսանելի է: Համոզված եմ՝ եթե պատշաճ ներքին ջանքեր գործադրենք, կկարողանանք օգտագործել 182-միլիոնանոց շուկայի պոտենցիալն ու նաեւ մեր բացառիկ դիրքի շնորհիվ կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ-ի եւ Եվրոպայի միջեւ: Ես չեմ գովերգում ԵԱՏՄ-ն, սակայն ապագայի առումով այն ավելի տեսանելի է:

Կարեւոր չէ, թե ԵԱՏՄ-ի ստեղծումն ի սկզբանե ինչ դրդապատճառներ է ունեցել, դրանք կարող են լինել նույնիսկ քաղաքական, սակայն դա մեզ չի խանգարում ծառայեցնել այն մեր տնտեսական շահերին: Հարկավոր է դուրս գալ հուզականության շրջանակից եւ կիրառել կառույցի ընձեռած հնարավորությունները:

Դավիթ Անանյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 127245
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai