MBA-ների ասոցիացիան մենեջմենթի գծով հետբուհական կրթության ոլորտի անկախ մարմին է: Այն նպատակաուղղված է միջազգայնորեն զարգացնել MBA ծրագրերի գործունեությունն ու որակի չափանիշները՝ ի նպաստ բիզնես դպրոցների, ուսանողների, շրջանավարտների եւ գործնական ոլորտում աշխատողների: Banks.am-ը զրուցել է Երեւանում Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, AMBA-ի (MBA-ների ասոցիացիա) ներքին գնահատողների թիմի անդամ Լեսլի Սզամոսիի հետ: - Ո՞ր ոլորտներից են Executive MBA-ի դիմորդները եւ մասնակիցները եւ ինչո՞ւ են որոշել միանալ հենց այս ծրագրին: Առհասարակ, ի՞նչ տարիքի անձիք են մասնակցում այս դասընթացներին:- Դիմորդներ ունենք տնտեսության բոլոր ոլորտներից (հեռահաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագործություն, բանկային գործ, մանրածախ վաճառք, պետական կառավարման համակարգ), ինչպես արտադրական, այնպես էլ ծառայություններ մատուցող կազմակերպություններից: Դիմորդների մոտ 30%-ը մարքեթինգի եւ վաճառքի մասնագետներ են, իսկ 20%-ը՝ ինժեներներ: Ուսանողների միջին տարիքը 30-35 է:- Որքանո՞վ է ուսանողների համար կարեւոր MBA աստիճանի ստացումը:- Անկեղծ ասած, ցանկացած մագիստրոսի կոչում կարեւոր է, այն արտացոլում է կրթության ոլորտում շարունակական առաջընթացը: MBA-ի աստիճանը կարեւոր է. դա նշանակում է, որ դիմորդը կառավարման եւ ղեկավարման ոլորտներում ստացել է միջազգային ստանդարտներին համապատասխանող կրթություն: M-B-A հապավումը պահանջված է ամբողջ աշխարհում: Օրեցօր ավելանում է տեղական եւ արտասահմանյան ընկերությունների թիվը, որոնք փնտրում են մենեջմենթի ոլորտում կրթական հաջողություններ գրանցած թեկնածուների: Լուսանկարը՝ Անձնական արխիվից - Ի՞նչ հեռանկարներ է այս ծրագիրն առաջարկում ուսանողներին: Արդյոք կապահովվե՞ն նրանք բարձր աշխատավարձերով, կունենա՞ն կարեւոր պաշտոններ զբաղեցնելու հնարավորություն եւ ավելի հավանական կդառնա՞ նրանց համար արտասահմանում աշխատանքի ընդունվելը:- Մեր ծրագիրն ուսանողներին առաջարկում է զարգացնել իրենց կարիերան ներկայիս աշխատավայրում (ինչը շատերին հաջողվել է անգամ դասընթացը լրիվ չավարտած), ինչպես նաեւ տեղափոխվել այլ ընկերություններ կամ հիմնել սեփական բիզնեսը: Որոշ ուսանողներ ստանում են բարձր աշխատավարձեր մինչեւ մեր ծրագրում ընդգրկվելը, սակայն ուսումնասիրությունները վկայում են, որ ուսանողներն ավելի հակված են արձանագրելու աշխատավարձի աճ ծրագրին մասնակցելուն եւ աստիճան ստանալուն զուգահեռ՝ նոր պաշտոնի անցնելու կամ գործատուի կողմից աշխատավարձի վերանայման շնորհիվ: MBA ուսանողների մեծ մասը փնտրում է բարձր օղակի, ղեկավարության ձգտող աշխատանք: Այս հեռանկարները ներքին եւ արտաքին լիցք են հաղորդում նրանց նպատակներին:Հատկանշական է, որ համատեղ գործունեության շնորհիվ այս ուսանողները կարողանում են էլ ավելի բարձրացնել իրենց որակավորումը՝ շփվելով ամբողջ Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տարբեր կազմակերպություններից նույն գաղափարներով ոգեշնչված մարդկանց հետ: - Ի՞նչ սկզբունքով են ընտրված Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի դասընթացները վարող դասախոսները (ըստ չափանիշների), գիտության եւ տնտեսության ո՞ր ոլորտներից են: Դասընթացները վարելու համար կա՞ արդյոք հատուկ որակավորում ունենալու պահանջ:- Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի բոլոր դասախոսներն ընտրված են գիտության եւ տնտեսության ոլորտում տվյալ դասընթացին համապատասխան ստացած որակավորման (ինչպես կրթական, այնպես էլ գործնական), ինչպես նաեւ գիտելիքի մատուցման իրենց եղանակի հանգամանալից ուսումնասիրության արդյունքում: Նրանց ընդգրկումը ծրագրում հիմնված է տեսականը գործնականի հետ համատեղելու կարեւորագույն ունակության, ինչպես նաեւ ներկա կառավարիչների հետ արդյունավետ կապ հաստատելու վրա։ Դասախոսների մեծ մասն ունի դոկտորական կոչում եւ կրթական ու գործնական ճանապարհ է անցել Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում: Բոլոր դասախոսներն ունեն առնվազն մագիստրոսի աստիճան, իսկ նրանց 75%-ն ունի գիտությունների դոկտոր-պրոֆեսորի կոչում։- Ի՞նչ արձագանքներ եք ստացել ուսանողներից: Հաջողվե՞լ է արդյոք նրանց գործնականում կիրառել ծրագրի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները: Այլ կերպ ասած՝ որքանո՞վ են այս դասընթացները կիրառելի: - Ուսանողների արձագանքն այս ծրագրին դրական է: Արդեն 20 տարի է, ինչ այն գործում է. այս ընթացքում շատ բաներ ենք սովորել եւ համապատասխանեցրել ենք ծրագիրը տարբեր երկրների տնտեսական եւ կրթական համակարգերի պահանջներին: Ուսանողները գնահատում են աշխարհահռչակ դասախոսներից գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ձեռք բերած հմտությունները տեղական միջավայրում ներդնելու իրենց հնարավորությունը: Շատերը պատմում են, թե ինչպես են կարողացել նոր գիտելիքների շնորհիվ դրական տեղաշարժ արձանագրել իրենց աշխատավայրերում: Լուսանկարը՝ Անձնական արխիվից Մեր ծրագրի հիմնական առավելությունը միջազգային գիտելիքը տեղական միջավայրում տրամադրելն ու այն գործնականորեն կիրառելու հնարավորությունն է: Ուսանողները նաեւ մեծապես գնահատել են կրթական ուիքենդի նպատակով Շեֆիլդ եւ Սալոնիկ այցելելը, իրենց տարածաշրջանային համակուրսեցիների հետ շփվելու, ինչպես նաեւ ցանկության դեպքում տվյալ ծրագիրն իրականացնող այլ քաղաքների (Սալոնիկ, Բուխարեստ, Երեւան, Բելգրադ, Սոֆիա եւ Կիեւ) դասընթացներին հաճախելու հնարավորությունը: - Ինչպիսի՞ն է այս ծրագրի մրցակցային դիրքը եվրոպական այլ երկրների համանման ծրագրերի շարքում: Ինչպե՞ս կգնահատեիք այլ երկրներում ուսուցանվող համանման ծրագրերը:- The Economist պարբերականի համաձայն՝ Շեֆիլդի MBA ծրագիրը 44-րդն է աշխարհի 1000 լավագույն բիզնես դպրոցների եւ 13-րդը` Եվրոպայի լավագույն բիզնես դպրոցների շարքում: AMBA-ի (MBA ծրագրերի ասոցիացիա) եւ AACSB-ի կողմից (Բարձրակարգ բիզնես դպրոցների կոլեգիայի ասոցիացիա) հավաստագրված լինելու փաստն ապահովում է տվյալ ծրագրի հաստատուն դիրքն աշխարհի առաջատար լավագույն բիզնես դպրոցների MBA ծրագրերի շարքում: Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը Երեւանում իրականացվում է համալսարանի միջազգային ֆակուլտետի՝ CITY քոլեջի միջոցով: Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ` հարցերն ուղղելով lshahzadeyan@city.academic.gr էլեկտրոնային հասցեին, զանգահարելով +37495 52 23 38 հեռախոսահամարով կամ այցելելով www.citycollege.sheffield.eu կայքը:Լեսլի Սզամոսիի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 143490