Banks.am-ը զրուցել է Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ, Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանի հետ:- Պրն Տուրյան, որքանո՞վ է ակտիվ Հայաստանի արժեթղթերի շուկան: Գրավի՞չ են արդյոք շուկայում առկա ներդրումային գործիքները Հայաստանի եւ դրսի ներդրողների համար: - Հայաստանի արժեթղթերի շուկայում ներկայում նկատվում է որոշակի ակտիվացում՝ պայմանավորված բանկային համակարգում դրամային իրացվելիության ավելցուկով, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի եւ պետական պարտատոմսերի եկամտաբերությունների նվազմամբ: Իր ազդեցությունը նաեւ ունեցել է պարտադիր պահուստավորման նորմատիվի փոփոխման արդյունքում բանկերի կողմից արտարժույթով արտահայտված պարտատոմսերի թողարկումը, ինչը ներդրողներին նոր հնարավորություններ է ընձեռում: Ցավոք, այս ամենը վերաբերում է հիմնականում պարտատոմսերի շուկային: Հաշվի առնելով զարգացած երկրների ֆինանսական շուկայում տոկոսադրույքների ցածր, որոշ դեպքերում՝ բացասական մակարդակը, մեզ մոտ արտարժույթով պարտատոմսերի թողարկումը եւ վերջիններիս գրավիչ դրույքները հանգեցնում են արտասահմանից ներդրողների մուտքին հայաստանյան շուկա: Նշված դինամիկայի պահպանման դեպքում դա կարող է բերել մեր շուկայում արտարժութային, մասնավորապես՝ դոլարով արտահայտված, գործիքների տոկոսադրույքների նվազմանը, որն իր հերթին կնպաստի վարկային ռեսուրսների մատչելիությանը: - Սովորաբար ներդրումային ծառայությունները՝ կախված հաճախորդներից, ունենում են առանձնահատկություններ: Ի՞նչ մոտեցումներ է կիրառում Արմսվիսբանկը՝ հաճախորդների պահանջմունքներին առավելագույնս համապատասխանելու համար: - Արմսվիսբանկն իր հաճախորդներին առաջարկում է ներդրումային ծառայությունների բավական լայն տեսականի: Ընդ որում, ստանդարտ բանկային ներդրումային պրոդուկտներից բացի՝ առաջարկում ենք բրոքերային, արժեթղթերի թողարկման, մարքեթմեյքինգի, պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումներին մասնակցության, ռեպո, սվոպ, ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն գործարքների կնքման ծառայություններ: Բրոքերային ծառայությունների փաթեթը ներառում է նաեւ արտերկրյա շուկաներում տերմինալների օգնությամբ գործարքների կնքման եւ մարժինալ (ֆինանսական լծակի օգնությամբ) գործարքների հնարավորությունը:Ընդ որում, ներդրումային ծառայությունները հարմարեցվում են կոնկրետ հաճախորդի պահանջներին, ինչը թույլ է տալիս անհատական մոտեցում կիրառել յուրաքանչյուրի համար:- Ո՞վքեր են բանկի ներդրումային ծառայությունների հիմնական սպառողները: Որո՞նք են առավել պահանջված պրոդուկտները:- Բանկի ներդրումային ծառայություններից օգտվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք, այդ թվում՝ այլ ֆինանսավարկային կազմակերպություններ, կամ, ինչպես ընդունված է վերջիններիս կոչել՝ ֆինանսական միջնորդներ: Ներկայում առավել պահանջված ներդրումային պրոդուկտները, իհարկե, պետական պարտատոմսերն են: Ի դեպ, հարկ է նշել, որ վերջին տարիներին բավական ակտիվացել են այս պարտատոմսերում ներդրումներ կատարելու ցանկություն հայտնող ֆիզիկական անձիք, ինչը բավական ոգեւորիչ է արժեթղթերի շուկայի նկատմամբ հետաքրքրության մեծացման տեսանկյունից: Կորպորատիվ արժեթղթերի շուկայում վերջին ժամանակներս նկատվող աշխուժացման արդյունքում բանկն ակտիվ համագործակցում է թողարկող կազմակերպությունների հետ՝ ինչպես նրանց արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխման, այնպես էլ բորսայական ցուցակումից հետո մարքեթմեյքերության ծառայությունների մատուցման գծով: Հաճախորդները շարունակում են օգտվել նաեւ արժեթղթերի միջազգային շուկաներում շրջանառվող բաժնետոմսերում, պարտատոմսերում եւ դեպոզիտար ստացականներում ներդրումներ կատարելու՝ բանկի առաջարկած հնարավորություններից: Բավական մեծ պահանջարկ են վայելում նաեւ ներմուծվող ոսկյա եւ արծաթե բանկային ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաեւ մետաղական հաշիվներում ներդրումները:Միջազգային արտարժութային շուկայում վերջին ժամանակներում նկատվող տատանողականության ավելացմանը զուգահեռ՝ շատ տնտեսվարողների մոտ ի հայտ է եկել արտարժութային ռիսկերից ապահովագրվելու օրեցօր աճող պահանջարկը, որի արդյունքում ներկայում բանկի մի շարք հաճախորդներ սկսել են օգտվել արտարժութային սվոփ, ֆորվարդ եւ ֆյուչերսային գործիքներից, այդ թվում՝ միջազգային շուկաներում:- Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խոչընդոտում ածանցյալ արժեթղթերի տարածմանը Հայաստանում: - Արմսվիսբանկը բանկային համակարգում թերեւս առաջինն էր, որը 2007-ից ի վեր իր հաճախորդներին առաջարկում է ներդրումներ կատարել ածանցյալ արժեթղթերում՝ իր իսկ ինտերնետային կայքէջում տեղադրելով արտարժութային ֆորվարդ եւ սվոփ գործիքների օրական գնանշումները: Մեծ ուրախությամբ կարող ենք փաստել, որ վերջին ժամանակներս հաճախորդների կողմից նկատվում է այս գործիքների նկատմամբ հետաքրքրության աճ, որը բերել է բանկի հետ կնքված ածանցյալ գործառնությունների ծավալների ավելացման: Իմ կարծիքով, սակայն, մեր երկրում դեռ կա ածանցյալ գործիքների վերաբերյալ գիտելիքների եւ տեղեկատվության մեծ բաց, որը թույլ չի տալիս պոտենցիալ ներդրողներին վստահորեն ներգրավվել այս գործառնություններում:Կարեն Տուրյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 42663