Լարիսա Լալայան. Հուսով եմ` ՏՏ ոլորտում պետական աջակցությունը կավելանա

10.04.2017 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#LSOFT #Լարիսա Լալայան

Տեղեկատվական տեխնոլոգիաները վերջին տարիներին դարձել են ժամանակակից բիզնեսի անբաժան մաս: ՏՏ-ն օգնում է բիզնեսին բարձրացնել գործունեության արդյունավետությունն ու մրցունակությունը շուկայում: Նոր տեխնոլոգիաների օգնությամբ բիզնեսն ավտոմատացնում եւ կատարելագործում է արտադրողական գործընթացները՝ կրճատելով ծախսերն ու զգալիորեն արագացնելով նոր արտադրանքի` շուկա դուրսբերման ցիկլը:

Այսօրվա դրությամբ ֆինանսական շուկայում ՏՏ-ի ներթափանցման առումով առաջատար են հանդիսանում բանկերը: Գործընթացների ավտոմատացումը զգալիորեն բարձր է հատկապես բանկային ոլորտում, որը պայմանավորված է հաճախորդի համար մրցակցային պայքարով եւ տրամադրվող ծառայությունների որակը բարձրացնելու ձգտումով:

Այդ ուղղությամբ հայկական բանկերի զգալի մասը համագործակցում է LSOFT ընկերության հետ, որը մասնագիտացած է ֆինանսական հատվածի համար ծրագրային ապահովման մշակման եւ սպասարկման ուղղությամբ: 2015թ. ընկերությունն արժանացել է Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի 2015» մրցանակին` որպես «Ֆինանսաբանկային հատվածում ՏՏ տեխնոլոգիաների ներդրման ոլորտում լավագույն ընկերություն»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար դերի, բիզնեսում դրանց կիրառման առավելությունների եւ արտասահմանյան ընկերությունների հետ խիստ մրցակցության մասին Banks.am-ին պատմել է LSOFT ընկերության տնօրեն Լարիսա Լալայանը:

 - Տիկին Լալայան, նորարարական ՏՏ նախագծերի մեծ մասը բաժին է ընկնում բանկային հատվածին: Ենթադրվում է, որ առանց առաջադեմ տեխնոլոգիաների՝ «ավանդական» բանկային բիզնեսը չի կարող արդյունավետորեն զարգանալ: Որքանո՞վ են բանկերը կախված նոր տեխնոլոգիաներից եւ ի՞նչ բիզնես ազդեցություն ունի գործընթացների ավտոմատացումը:

- Նորարարական տեխնոլոգիաների ներդրման առավելությունները գիտակցում են ավելի մեծ թվով բանկեր, եւ այդ համագործակցությունը կրում է երկկողմ բնույթ: Բանկային ոլորտը ոչ միայն ակտիվորեն ներդրումներ է կատարում ՏՏ ոլորտում եւ իրականացնում նորամուծություններ, այլեւ, իր հերթին, ստեղծում նորարարական մշակումների պահանջարկ՝ խթանելով ՏՏ ընկերությունների զարգացումը:

Շուկայի պահանջարկին զուգահեռ՝ փոխվում են բանկերի պահանջները ՏՏ ոլորտի նկատմամբ, եւ ավելի շատ պահանջված են դառնում նորագույն մշակումները, քանի որ դրանց օգնությամբ մենք լուծում ենք խնդիրների մի ամբողջ համալիր, ինչպիսիք են՝ բիզնես գործընթացների օպտիմալացումը, արտադրողականության եւ տվյալների մշակման արագության բարձրացումը: Որպես հետեւանք՝ բանկային ծախսերը կրճատվում են, եւ մրցակիցների նկատմամբ առավելություններ են ձեռք բերվում: Այսպես, այսօր հասուն կյանք են մուտք գործում Y կամ հազարամյակի սերնդի ներկայացուցիչները՝ մարդիկ, որոնք մեծացել են թվային տեխնոլոգիաների բուռն զարգացման եւ համացանցի սրընթաց տարածման ժամանակաշրջանում: Հենց նրանք են այսօր կազմում ժամանակակից հասարակության հիմնական սպառողական ուժը եւ հենց այս պոտենցիալ հաճախորդների համար էլ այսօր պայքարում են բանկերը:

- Այսինքն կարելի՞ է ասել, որ մրցակցային պայքարում տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի հաջողության կարեւորագույն գործոնն են:

- Այո: Անդրադառնալով Y սերնդին՝ նշեմ, որ հետազոտությունների համաձայն՝ այս սերնդի ներկայացուցիչները գերադասում են պլանավորել սեփական ֆինանսները` դիմելով առցանց տեխնոլոգիաների եւ ոչ թե մասնագետների օգնությանը: Միեւնույն ժամանակ, հազարամյակի ներկայացուցիչների 40%-ը, ըստ SpectremGroup-ի զեկույցի, կփոխանցի իր ֆինանսների եւ խնայողությունների կառավարումը ռոբոտներին: Եթե վերլուծենք բանկային հատվածը, կարելի է նկատել, որ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաներն արդյունավետ կերպով կիրառող բանկերը, իսկապես առաջ են անցել իրենց մրցակիցներից եւ ավելի արագ են շուկայում  ցուցադրում նոր արդյունքներ, որոնք գերազանցապես առանձնանում են հաճախորդների համար հարմարավետությամբ ու հասանելիությամբ:

Բնականաբար, նման մոտեցումը նպաստում է հաճախորդների հավատարմության աճին:

Գործընթացների ստանդարտացում ու ռեսուրսների օպտիմալ կառավարում, ծախսերի ու կոնկրետ աշխատակիցներից «կախվածության» կրճատում ու արագ որոշումների ընդունման դեպքում մարդկային գործոնի բացառում, սպասարկման հեռահար ուղիների զարգացում՝ այդ ամենին հնարավոր է հասնել ավտոմատացման ճանապարհով: Հենց դա էլ առաջարկում է LSOFT ընկերությունը:

Այսօր հաճախորդներն ավելի պահանջկոտ են դարձել սպասարկման որակի նկատմամբ եւ ավելի ընտրողաբար են մոտենում պրոդուկտներին ու ծառայություններին: Հետեւաբար, բիզնեսը պետք է ուշադիր լինի հաճախորդների կարիքների նկատմամբ եւ որպես գլխավոր մրցակցային առավելություն՝ ցուցաբերի հաճախորդամետ մոտեցում:

- Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկերի կապիտալի չափի հաշվարկման մեթոդաբանությունը փոփոխելու եւ կապիտալի կազմում ՏՏ ներդրումները չհաշվարկելու որոշումը բանկերի հեռանկարային ռազմավարության վրա:

 - Բանկային հատվածի ՏՏ բյուջեն, իսկապես, գնալով ավելանում է. բանկերը շարունակում են ակտիվորեն ներդրումներ կատարել այս ոլորտում: Կարծում եմ՝ նրանք այս տեմպը կպահպանեն նաեւ առաջիկայում`շարունակելով բարձրացնել արդյունավետությունն ու կրճատել ծախսերը: Խոշոր, շուկայում ակտիվ բանկերի ՏՏ բյուջեները կարող են կազմել մինչեւ ընդհանուր ծախսերի 35%-ը, ինչը զգալի ներդրում է, եւ, իհարկե, ցանկալի կլիներ դրանք հաշվարկել բանկերի կապիտալի ցուցանիշում:

Օրինակ, հեռահաղորդակցության ոլորտի վերլուծությամբ եւ խորհրդատվությամբ զբաղվող Ovum ընկերության փորձագետների հաշվարկներով՝ աշխարհի խոշորագույն բանկերի ՏՏ զարգացման բյուջեները զգալիորեն կավելանան եւ մինչեւ 2018թ. կհասնեն $150 մլրդ-ի: Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնել այն փաստը, որ ՏՏ-ին ուղղված ցանկացած ծախս, որպես կանոն, հետ է գնվում: Այսպես, օրինակ` ռուսաստանյան Սբերբանկի կանխատեսումներով՝ մինչեւ 2018թ. իր եկամուտների 30-35%-ը «կբերի» թվային բանկը:

Հայաստանյան բանկերը հետ չեն մնում համաշխարհային միտումներից եւ շարժվում են միեւնույն ուղղությամբ: Մեր շուկայի համար լիովին արդիական է հաճախորդների հեռահար սպասարկումը, որտեղ ապագայի բանկը դառնում է մոբայլ բանկը:

- Պատմեք, խնդրեմ, LSOFT -ի առաջարկած հիմնական ծրագրային պրոդուկտների մասին: Ոլորտի զարգացման ի՞նչ հիմնական միտումներ կարելի է առանձնացնել:

 - Հավատարիմ հաճախորդների բազան անընդմեջ ընդլայնելու համար ֆինանսաբանկային ոլորտը պետք է առաջարկի ավելի արագ, հարմարավետ ու պարզ պրոդուկտներ եւ ծառայություններ: Դրա համար անհրաժեշտ է գործընթացների ավտոմատացում:

LSOFT-ը մշակել եւ ներդրել է առցանց ռեժիմում աշխատող LSBank, LSLoan եւ LSLombard ավտոմատացված համակարգերը, որոնց կիրառումը հնարավորություն է տալիս կենտրոնացնել բանկերի, վարկային կազմակերպությունների եւ գրավատների աշխատանքը, ապահովել տվյալների մշակման առավելագույն օպերատիվություն եւ բարձրացնել աշխատանքային գործընթացների արդյունավետությունը: Միաժամանակ, նախատեսված է առանձին հաճախորդի պահանջներին հարմարեցման հնարավորություն: Ներկայում ընկերությունը զբաղված է ավտոմատացված բանկային նոր համակարգի մշակմամբ, որի նախնական տարբերակը հասանելի կդառնա 2017/2018 թթ. աշուն-ձմռանը:

Մշակվել են պրոդուկտներ նաեւ հեռահար բանկային սպասարկման ոլորտի համար, մասնավորապես՝ Ինտերնետ բանկինգ, Մոբայլ բանկինգ եւ SMS բանկինգ: Մշակվել է նաեւ պետական բյուջեի հսկման եւ իրականացման LSFinance ծրագրային համակարգը, որի շնորհիվ ամբողջությամբ ավտոմատացվել են ՀՀ եւ ԼՂՀ ֆինանսների նախարարությունների մեծ մասի գործունեությունը, այդ թվում՝ մշակվել եւ ներդրվել են պետական եւ տեղական մարմինների հեռահար սպասարկման Client-Treasury, ՀՀ եւ ԼՂՀ պետական, Երեւան քաղաքի տեղական բյուջեների ձեւավորման ավտոմատացված LSBudget համակարգերը:

Հիմնական միտումների թվում է բջջային տեխնոլոգիաների, CRM համակարգերի եւ ամպային լուծումների ներդրումը, որոնք հնարավորություն են տալիս ավտոմատացնել հաճախորդի հետ փոխհարաբերությունները, վաճառքների գործընթացը եւ այլն: Բանկերը նաեւ բարձրացնում են տեղեկատվական անվտանգության մակարդակը՝ կիբերհարձակումներից հուսալի պաշտպանություն ապահովելու նպատակով:

- Վերջին ժամանակներում LSOFT-ի իրականացրած խոշորագույն նախագծերից է տարբեր ծրագրային ապահովմամբ երկու բանկերի միավորումը: Արդյունքում, ընկերությունը հաջող աշխատանքի համար արժանացել է առանձնահատուկ շնորհակալագրի: Կարելի է ենթադրել, որ դա հեշտ խնդիր չէր:

 - Դրա հետ կապված կցանկանայի մեջբերել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին աշխատակից եւ Բոստոնի համալսարանի դասախոս Մարկ Ուիլյամսի խոսքը՝ «Ցո՛ւյց տվեք ինձ բանկերի հաջողված միաձուլում, եւ ես ցույց կտամ եւս 20-ը, որոնք ձախողել են»:

Երկու խոշոր բանկերի տեղեկատվական համակարգերի միավորումը, որն իրականացվել է ռեկորդային 2 ամսում, իսկապես ամբիցիոզ խնդիր էր, եւ LSOFT-ի թիմին հաջողվեց արդյունավետ իրագործել ինտեգրացիայի գործընթացը:

Այս նախագիծը կարեւոր էր նրանով, որ կոնսոլիդացման ունիվերսալ ալգորիթմ գոյություն չուներ, անհրաժեշտ էր հաշվի առնել միավորվող բանկերի առանձնահատկությունները եւ մշակել հաջողված ռազմավարական մոտեցում: Մեր թիմին հաջողվել է ոչ միայն միավորել այդ երկու բանկերի տվյալների բազաները, այլեւ ռեկորդային կարճ ժամանակահատվածում ներդնել անհրաժեշտ ծրագրային ապահովվածությունը՝ նոր պրոցեսինգը:

LSOFT-ը հայտնի է որպես հուսալի եւ կայուն գործընկեր, որին վստահում են բարձր կոմպետենտություն եւ նեղ մասնագիտացում պահանջող բարդ աշխատանքներ:

- Այսօր ընկերություններն ավելի բաց են աութսորսինգի, այդ թվում` արտասահմանյան գործընկերների նկատմամբ: Հայաստանյան ընկերություններն արդյոք կարո՞ղ են հավասարապես մրցակցել օտարերկրյա ընկերությունների հետ:

- Հայաստանյան շուկան, իհարկե, մեծ չէ, սակայն օտարերկրյա ընկերությունների հետաքրքրությունը նրա նկատմամբ առկա է: Արեւմտյան տեխնոլոգիաները բավական գրավիչ են, եւ հաջողության հասնելու համար մենք պետք է արժանապատիվ մրցակցենք համաշխարհային շուկայում: Հայաստանի ՏՏ ոլորտում լուրջ ներդրումներ են կատարվել, եւ մենք ականատես ենք լինում դրանց ակնհայտ դրական արդյունքներին:

Ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն՝ 2018թ. ծրագրվում է ապահովել $1 մլրդ շրջանառություն: Հուսով եմ` ՏՏ-ին եւ տեղական ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունը միայն կավելանա, քանի որ հետագա զարգացման ներուժ, անշուշտ, առկա է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարեկան աճը կազմում է 20−25%: Եվ հենց այդ պարագայում անհասկանալի է, որ պետական կառույցները դիմում են արտասահմանյան ընկերություններին այն ոլորտում, որը պետական մակարդակով հայտարարվում է ռազմավարական կարեւորություն ունեցող:

Մեր ընկերության գլխավոր առավելությունը պատվիրատուի հետաքրքրությունների հանդեպ կողմնորոշվածությունն ու ոլորտային առանձնահատկություններին ծանոթ լինելն է, որի հիման վրա հաճախորդների հետ համատեղ մշակում ենք ծրագրային լուծումների արդյունավետ սխեմաներ:

Հայաստանյան ընկերությունները, այդ թվում՝ LSOFT-ը, սովորել են լինել ավելի ճկուն եւ օպերատիվ արձագանքել արագ փոփոխվող շուկայական իրադրությանը:

Համագործակցության եւ պատվիրատուի ընտրության հարցում առաջին հերթին գնահատվում է իրագործվող նախագծի տնտեսական ազդեցությունը: Կարեւոր է նաեւ մշակողի եւ պատվիրատուի միջեւ սերտ համագործակցությունը: Դա թույլ է տալիս ավելի ճշգրիտ ձեւակերպել խնդիրը եւ արագ մշակել կամ փոփոխել նախագիծը: Միաժամանակ, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ նշել, որ համաշխարհային շուկայում չկան այնպիսի ֆինանսական լուծումներ, որոնք չեն կարող իրականացնել տեղական ընկերությունները:

Եւ, վերջիվերջո, դա տնտեսապես ավելի ձեռնտու է, քան արտասահմանյան տարբերակը: Այս գործոնների շնորհիվ հայաստանյան ընկերությունները հաջողությամբ «հաղթում» են օտարերկրյա մրցակիցներին: Հաշվի առնելով վերոնշյալը` հօգուտ արտասահմանյանի ընտրությունը պայմանավորված է ամեն ինչով, բայց ոչ օբյեկտիվ գործոններով:

LSOFT-ի զարգացման ռազմավարությունը ենթադրում է պատվիրատուների պահանջների եւ առաջարկների մշտական ուսումնասիրություն ու արձագանք, ծրագրային նոր լուծումների կիրառում: Մեզ հաջողվել է լավ հեղինակություն ձեռք բերել շուկայում, եւ մեր պատվիրատուները գիտեն՝ LSOFT-ին կարելի է վստահել:

Լարիսա Լալայանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 141061
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW