Banks.am-ը զրուցել է Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ, վարկավորման դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի հետ:- Պրն Հովհաննիսյան, վարկավորման ի՞նչ սկզբունքներ ունի Արմսվիսբանկը, որոնք առանձնացնում են նրան համակարգի մյուս բանկերից:- Արմսվիսբանկը կորպորատիվ բանկ է՝ մասնագիտացած բիզնեսի ֆինանսավորման ոլորտում: Մենք առաջարկում ենք ֆինանսավորման բազմազան տեսականի՝ սկսած ավանդական գործիքներից (վարկեր եւ վարկային գծեր՝ արդյունաբերության զարգացման, վերազինման, շրջանառու միջոցների համալրման նպատակով), վերջացրած ոչ ստանդարտ լուծումներով` առեւտրի ֆինանսավորում ակրեդիտիվների, երաշխիքների, ֆակտորինգի միջոցով, նախագծային ֆինանսավորում եւ այլն:Պատվերի ֆինանսավորումը մեր առանձնահատուկ պրոդուկտներից է: Դրա էությունն այն է, որ իրավաբանական անձ հաճախորդին տրամադրվում են կարճաժամկետ ֆինանսական միջոցներ՝ հիմք ընդունելով միայն պատվերի պայմանագրի առկայությունը: Արմսվիսբանկն ակտիվ «խաղացող» է նաեւ նախագծային ֆինանսավորման ոլորտում: Առեւտրային բանկերից շատերը վարկ տրամադրելիս բիզնեսից պահանջում են առնվազն 3-5 տարի անընդհատ գործունեության պատմություն: Մենք նման պարտադիր պայման չենք դնում հաճախորդի առջեւ. եթե առկա է հետաքրքիր ծրագիր, որը, մեր գնահատմամբ, նաեւ կենսունակ է, ապա պատրաստ ենք այն ֆինանսավորել՝ մանրամասն վերլուծելով հնարավոր ռիսկերը: - Ինչպիսի՞ն է մրցակցությունը Արմսվիսբանկի գործունեության սեգմենտում: - Վարկավորման կորպորատիվ հատվածում, ինչպես եւ ընդհանուր բանկային համակարգում, մրցակցությունը բավական սուր է: Յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպություն փորձում է գտնել իրեն առավել հարմար սեգմենտն ու «հիմնավորվել» այնտեղ: Մենք մասնագիտացել ենք կոնկրետ կորպորատիվ սեգմենտում: Եթե նկատել եք, ակտիվ գովազդային քաղաքականություն չենք վարում: Մեր հաճախորդները, որպես կանոն, մեզ մոտ մեկ անգամ սպասարկվելով, դառնում են մեր երկարաժամկետ գործընկերը, ավելին, հետագայում նաեւ գովազդելով մեր ծառայությունները` ներգրավում նոր հաճախորդներ: Ինչ խոսք, մրցակցություն կա, դրա արդյունքում է, որ անցած տարեվերջին նկատվում էր տոկոսադրույքների նվազման միտում, ինչը շատ ողջունելի երեւույթ է. այն հնարավորություն կտա հավելյալ եկամուտը թողնել բիզնեսներում եւ ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր:Մրցակցությանը դիմակայելու մեր հիմնական գրավականը համարում ենք աշխատանքի մեջ եւ հաճախորդների հետ հարաբերություններում պարկեշտությունը, ինչպես նաեւ օրվա եղածով չբավարարվելը: Մենք շարունակ աշխատում ենք ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ նույնիսկ այն դեպքերում, երբ հաճախորդները, ընդհանուր առմամբ, գոհ են, իսկ աննշան թերությունները տեսանելի են միայն մեզ: Բանկի ոչ մեծ չափը եւս մեր առավելություններից է. այն թույլ է տալիս լինել ճկուն որոշումներ կայացնելիս, հաճախորդների պահանջներին համապատասխան փոփոխել պրոդուկտները եւ նոր առաջարկներ ներկայացնել շուկայում:- Ի՞նչ դինամիկա է նկատվում Արմսվիսբանկի վարկային պորտֆելում, եւ ինչպիսի՞ն է իրավիճակը վատորակ վարկերի տեսանկյունից: - Արմսվիսբանկի վարկային պորտֆելն անցած տարեսկզբի համեմատ աճել է շուրջ 20%-ով: Ընդ որում, աճի դինամիկան մեզ մոտ եղել է տարիներ շարունակ:Խնդրահարույց վարկերի տեսանկյունից իրավիճակը կառավարելի է: Ցավոք, վերջին տարիներին պորտֆելի վատթարացում նկատվում է գրեթե ամբողջ համակարգում, ինչը, կարծում եմ, ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում բնական էր, եւ պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ պատճառներով: Մեր բանկում չաշխատող ակտիվների մակարդակը գտնվում է լրիվ կառավարելի եւ վերահսկելի միջակայքում, հետեւաբար՝ անհանգստանալու խնդիր չունենք: Պարզապես ժամանակի թելադրանքով մենք էլ ստիպված վարկ տրամադրելիս շատ ավելի լուրջ վերլուծություններ ենք իրականացնում, հնարավոր ռիսկերի բացահայտմանն ու չեզոքացմանն առավել ուշադրություն դարձնում, իսկ վարկի խնդրահարույց դառնալու նախանշանների դեպքում չենք թողնում, որ իրավիճակը հասնի անդառնալի կետի, փորձում ենք համաձայնության գալ հաճախորդի հետ, ավելի սերտ աշխատել եւ գտնել փոխշահավետ լուծումներ: Մենք գիտակցում ենք, որ ժամանակակից բիզնեսի պայմաններում ձեռնարկությունների մոտ հաճախ կարող են ծագել չնախատեսված խնդիրներ, ինչի արդյունքում գործարարները ստիպված են վերանայել իրենց ծրագրերը՝ նախապես համաձայնեցնելով դրանք հիմնական բիզնես գործընկերների հետ: Նման պարագայում բանկը պետք է աջակցի հաճախորդին, ոչ թե կարծրացած դիրք բռնի եւ անգամ խանգարի նրա գործունեությանը: Փորձը ցույց է տալիս, որ եթե հաճախորդի հետ գնում ես խիստ կոնֆրոնտացիայի ճանապարհով, ապա դա վնասում է երկու կողմին էլ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ժամանակի տեսանկյունից: Կարծում եմ` մեր հաճախորդները գոհ են մեզանից:- Կապիտալի նկատմամբ ԿԲ նոր պահանջին համապատասխանելու համար ՀՀ բանկերի մեծ մասը, այդ թվում` Արմսվիսբանկը, համալրել են կապիտալը: Վարկավորման ո՞ր ուղղություններով եք տեղաբաշխելու ներգրավված միջոցները:- Կապիտալի համալրումներն իրականության մեջ այն գումարը չեն, որ չիմանանք` ինչ անել դրանց հետ: Մեր տարեկան ծրագրով արդեն հստակ գիտենք, թե որ ոլորտում ենք տեղավորելու այդ միջոցները: Բանկի վարկավորման հիմնական ուղղություններն են արտադրությունը, արդյունաբերությունը, արտահանումը, էներգետիկան: Նախորդ տարիներին բավական դինամիկ զարգանում էր հիդրոէներգետիկան, որի ֆինանսավորման գործում մենք առաջատարներից էինք: Ներկայում ակտիվություն է նկատվում արեւային էներգիայի արտադրության ոլորտում, որտեղ եւս փորձում ենք ակտիվ լինել:Բավական արդյունավետ համագործակցում ենք միջազգային ֆինանսական կառույցների հետ եւ հույս ունենք լրացուցիչ միջոցներ ներգրավել:Ակտիվ ներդրումային գործունեություն է իրականացնում նաեւ մեր հիմնական բաժնետեր Վարդան Սիրմակեսը, որն արդեն բավական միջոցներ է տեղաբաշխել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:Ինչ վերաբերում է հետագայում բանկի վարկային քաղաքականության փոփոխությանը, ապա այդ հեռանկարը դեռեւս չի դիտարկվում եւ դժվար թե դիտարկվի առաջիկայում: Մենք մեզ հարմարավետ ենք զգում կորպորատիվ սեգմենտում, որտեղ ունենք կուտակած լուրջ փորձ եւ գիտելիքներ: Այս պահին բանկն աշխատում է նոր պրոդուկտների ստեղծման ուղղությամբ: Արդեն նախանշվում է կապիտալի ֆինանսավորման գործիքների ներդրումը, որն անգրավ ֆինանսավորման տեսակ է եւ իրականացվելու է` հիմնվելով միայն ընկերության կարողությունների եւ կապիտալի գնահատման վրա:Միաժամանակ աշխատում ենք քարտային ծառայությունների ներդրման ուղղությամբ, որի անհրաժեշտությունը եւս բխում է մեր կորպորատիվ հաճախորդների համալիր սպասարկման անհրաժեշտությունից:- Ի՞նչ արդյունքներ են ստացվել Վարդան Սիրմակեսի՝ Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրից: - Այս ծրագիրն ամբողջովին Վարդան Սիրմակեսի նախաձեռնությունն էր, թեեւ այս մասով նրան ակտիվ աջակցում էին ինչպես ՀՀ կառավարությունը, այնպես էլ մարզի ադմինիստրացիան եւ Գյումրիի քաղաքապետարանը: Նա առանձնացրել էր որոշակի դրամագլուխ, որը պետք է ուղղվեր Շիրակի մարզում առավել մատչելի պայմաններով կորպորատիվ վարկերի տրամադրմանը` նոր ձեռնարկությունների հիմնման ու աշխատատեղերի ստեղծման նպատակով: Անկեղծ ասած` արդյունքները մեզ չգոհացրին, ծրագիրը չգնաց այնպես, ինչպես կանխատեսում էինք: Մեր ստացած դիմումների մեծ մասն արդեն գործող բարձր տոկոսադրույքով վարկերը ցածրով փոխարինելու եւ ոչ թե նոր գաղափարներ իրագործելու նպատակ ուներ:Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց տվյալ ծրագրի շրջանակում 1-2 առողջ ծրագրեր առանձնացնել եւ ֆինանսավորել, որոնց արդյունքները հայտնի կդառնան արդեն այս տարի:- Ինչպիսի՞ն պետք է լինի ծրագիրը, որպեսզի Արմսվիսբանկն այն ֆինանսավորի: - Ֆինանսավորում ստանալու չափանիշները շատ են եւ քիչ թե շատ նման բոլոր բանկերում: Այլ հարց է, թե այդ չափանիշների հսկողներն ու վերլուծողները որքանով են պրոֆեսիոնալ մոտենում իրենց պարտականությունների կատարմանը: Հիմնական հարցադրումներն են՝ վարկի դիմում ներկայացնող անձն ունա՞կ է իրականացնել ծրագիրը, ունի՞ համապատասխան փորձ, գիտելիք, բավականաչափ խորը ուսումնասիրե՞լ է շուկան, հնարավոր ռիսկերը, ինչպիսի՞ն են նրա վարկային պատմությունը, շուկայում նրա մասին առկա տվյալները, բիզնես հեղինակությունը եւ այլն: Բնականաբար, կարեւոր են նաեւ այն ֆինանսական, տեխնիկական եւ մարդկային ռեսուրսները, որոնց տվյալ անձը տիրապետում է:Վերլուծվում է ֆինանսական բլոկը, գնահատվում հաճախորդի մենեջմենթի որակը, բիզնեսի հեռանկարը, գրավային ապահովությունը` կախված վարկի տեսակից: Ի դեպ, մեր մի շարք վարկատեսակներ ընդհանրապես առանց գրավային ապահովության են: Անգրավ ֆինանսավորում տրամադրելու համար բանկը հաճախորդին պետք է լավ ճանաչի, լիարժեք տիրապետի նրա ֆինանսական դրությանը, վերահսկի ֆինանսական հոսքերը: Մեր գրեթե բոլոր հաճախորդներն այսօր ունեն անգրավ ֆինանսավորման որոշակի սահմանաչափեր`ֆակտորինգի, օվերդրաֆտի, անձնական սպառողական վարկի եւ այլ տեսքով:- Ի՞նչ կանխատեսումներ եւ սպասելիքներ ունեք ընթացիկ տարվա համար, մասնավորապես` բանկի վարկավորման տեսանկյունից:- Սպասելիքները դրական են: Ես ինքս լավատես եմ, իմ գործընկերները` եւս, իսկ հաճախորդների մոտ դրական փոփոխություններն արդեն իսկ նկատելի են: Ընդ որում, այս միտումներն առկա են ամբողջ տնտեսությունում` նույնիսկ բանկին ուղղակիորեն չվերաբերող (մաքսային, հարկային եւ այլն) ոլորտներում: Նկատվում է որոշակի ակտիվություն նոր ներդրումային ծրագրերի ներկայացման տեսանկյունից, որոնց արդյունքները մինչեւ տարեվերջ շոշափելի կլինեն: Դրանց բարեհաջող իրականացման շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր, կավելանան ՀՆԱ-ն եւ արտահանումը: Անշուշտ, վերջին ամիսներին ներդրողների մոտ նկատվում է որոշակի զգուշավոր կամ սպասողական մոտեցում` կապված կառավարության կազմի փոփոխության եւ քաղաքական ընտրությունների հետ (որը բնական է), այդուհանդերձ, ես վստահ եմ, որ այդ երեւույթները ժամանակավոր են, եւ բոլոր նախադրյալները կան լավ տնտեսական տարվա համար:Գրիգոր Հովհաննիսյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 14316