Banks.am-ը զրուցել է Հարվարդ համալսարանի դասախոս, հրապարակային ելույթների փորձագետ Ալիսոն Շափիրայի (Allison Shapira) հետ:- Օրերս ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցների համար «հրապարակային ելույթ» թեմայով թրեյնինգ եք անցկացրել: Ի՞նչ եք կարծում՝ ծառայե՞լ է արդյոք այն իր նպատակին:- Կենտրոնական բանկն իր աշխատակիցների զարգացման գործում զգալի միջոցներ է ներդնում. այս ծրագիրը դրանցից մեկն էր: Վստահ կարող եմ ասել, որ ԿԲ անձնակազմի համար կազմակերպված երեքուկեսօրյա այս դասընթացն արդյունավետ էր: Մեր ունեցած այդ կարճ ժամանակահատվածում մենք առաջընթացի արձանագրեցինք: Մասնակիցների մոտ հրապարակային խոսքի բարելավումը նկատելի էր ելույթից ելույթ:Կարծում եմ` այն օգտակար կլինի մասնակիցների համար, որոնք կշարունակեն օգտագործել ծրագրի շրջանակում ձեռք բերած հմտությունները նաեւ հետագայում: - «Հրապարակային ելույթ» հասկացությունը մարդկանց մոտ տարբեր կերպ է ընկալվում: Ինչպե՞ս կբնորոշեք այս եզրույթը: - Հրապարակային ելույթ են համարվում բոլոր այն իրավիճակները, երբ տեղի է ունենում հաղորդակցում որեւէ լսարանի հետ` անկախ դրա չափերից: Հրապարակային ելույթի օրինակներ են շնորհանդեսները, համաժողովները, քննարկումները, ինչպես նաեւ շփումը գործընկերների, ընկերների, ընտանիքի անդամների հետ: Այդպիսի մի օրինակ է նաեւ մեր զրույցը:Կախված լսարանի մեծությունից, ազգային պատկանելիությունից եւ այլ առանձնահատկությունից` հրապարակային ելույթները կարող է տարբերվել: Այդուհանդերձ, գոյություն ունեն որոշակի մոտեցումներ, որոնք համընդհանուր են բոլոր իրավիճակների համար. ԿԲ անձնակազմին ներկայացրել եմ հենց այդ մոտեցումները: Մի բան հստակ է՝ հրապարակային ելույթ ունենալու հմտություններն անհրաժեշտ են գործնականում յուրաքանչյուրին: Կարեւոր չէ՝ որ երկրում եք ապրում, ինչ լեզվով եք խոսում, լրագրող եք, թե վիճակագրագետ: Այն կիրառվում է ինչպես մասնագիտական առաջընթացի բոլոր փուլերում, այնպես էլ անձնական կյանքում՝ ընտանիքի ու ընկերների հետ շփման ժամանակ: Յուրացնելով լավ հրապարակային ելույթ ունենալու հմտությունները` մենք դառնում ենք ավելի ինքնավստահ եւ հեշտությամբ կիսվում մեր մտքերով:Ալիսոն Շափիրան- Ինչպե՞ս որոշեցիք այցելել Հայաստան: Նախատեսո՞ւմ եք նոր դասընթացներ անցկացնել այստեղ:- Սա իմ առաջին այցն է Հայաստան: Հարվարդի Քենեդի դպրոցում ուսանելու տարիներից հայ ընկերներ ունեմ, որոնք էլ ինձ հրավիրեցին Հայաստան՝ տալով այս հիանալի հնարավորությունը:Նոր դասընթաց անցկացնելու կոնկրետ ծրագրեր դեռեւս չկան: Այնուամենայնիվ, հարմար առիթ լինելու դեպքում անպայման կրկին կայցելեմ Հայաստան: - ԿԲ-ում անցկացրած ժամանակահատվածում պետք է որ ծանոթացած լինեք հրապարակախոսության ոլորտում ՀՀ ներուժին: Ի՞նչ եք կարծում` հայերը լա՞վ հռետորներ են:- Բոլորն էլ ունեն լավ հռետոր դառնալու հնարավորություն: ԿԲ-ի հետ իմ գործակցության ընթացքում ես հանդիպել եմ շատ խելացի մարդկանց: Ինձ համար տպավորիչ էր նրանց հետաքրքրությունն ու նվիրվածությունն իրենց աշխատանքին, հայրենիքի նկատմամբ սերն ու այն խանդավառությունը, որով մոտենում էին իրենց գործին: Մարդկային այս որակներն իրենց հետ բերելով բեմ՝ նրանք, միանշանակ, հզոր հրապարակախոսներ կարող են լինել: ԿԲ-ում անցկացրած իմ փորձը ցույց տվեց, որ Հայաստանը մեծ ներուժ ունի այս ոլորտում:- Հրապարակային ելույթների փորձագետ լինելուց բացի, օպերային երգչուհի եք: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել ձեռք բերել այսքան տարբեր մասնագիտություններ: Արդյոք երգն օգնե՞լ է Ձեզ հաղթահարել հանրության առջեւ խոսելու վախը:- Իրականում երգն ու հրապարակախոսությունն ունեն որոշ նմանություններ: Երբ ես մտա այս նոր ասպարեզ՝ թողնելով երգչուհու իմ կարիերան, հասկացա, որ այն ամենը, ինչ սովորել եմ երգելու ընթացքում, կարող է կիրառվել նաեւ հրապարակային ելույթներում: Ես կարող եմ վստահ ու առանց վախի զգացումի կանգնել հանրության առաջ: Բացի այդ, երգելու ընթացքում ես սովորել եմ ճիշտ շնչել, ինչը իմ ձայնը դարձնում է ավելի հարուստ եւ հասցնում այն սենյակի բոլոր անկյունները: - Ստացվում է՝ ճիշտ շնչելն առանցքային նշանակությո՞ւն ունի հաջող ելույթի համար: - Միանշանակ: Նկատած կլինեք՝ երբ մենք նյարդային ենք կամ հուզված, մոռանում ենք կանոնավոր շնչել, ինչը դժվարացնում է խոսքի ճիշտ կառուցումն ու խոչընդոտում ասելիքի վրա կենտրոնանալը: Հետեւաբար, շատ կարեւոր է խոսքը սկսելուց առաջ նախապես կենտրոնանալ շնչառության վրա. այն կհանգստացնի մեր հոգեվիճակը, եւ նյարդերն այլեւս չեն կառավարի մեզ: - Ի՞նչ դեր ունի «մարմնի լեզուն» հրապարակային ելույթների ժամանակ:- Ժեստերն ու միմիկաներն իսկապես մեծ դեր ունեն հրապարակային ելույթներում: Անգամ երբ մենք լռում ենք, մեր մարմինը «խոսում» է մեր փոխարեն. շատ կարեւոր է, որպեսզի մարմինն ու բառերը նույն բանն ասեն: Հրապարակախոսությունը համարվում է ստացված, երբ ձայնով ասվածը հաստատվում է մարմնով: «Մարմնի լեզուն» նաեւ մշակութային առանձնահատկություններ ունի. նույն ժեստը տարբեր երկրներում տարբեր նշանակություն կարող է ունենալ: Այդ պատճառով օտար երկրում ելույթով հանդես գալուց առաջ հարկավոր է ծանոթանալ գոյություն ունեցող մշակութային տարբերություններին՝ անախորժություններից խուսափելու համար:Օրինակ, աչքերի մեջ նայելը տարբեր երկրներում տարբեր կերպ է ընկալվում: Որոշ մշակույթներում, հատկապես՝ Միջին Ասիայում, կինն ու տղամարդը երկար չեն նայում իրար: Հետեւաբար, երբ ես բեմի վրա եմ, աշխատում եմ խուսափել տղամարդկանց երկար նայելուց, քանի որ այն կարող է սխալ հասկացվել: Ալիսոն Շափիրան-Ի՞նչ առանձնահատկություններ ունի «մարմնի լեզուն» Հայաստանում:- Որքանով հասցրել եմ ուսումնասիրել, Հայաստանում «մարմնի լեզուն» շատ նման է արեւմտյան մյուս երկրներին: Այստեղ մարդիկ խոսելիս օգտագործում են իրենց ձեռքերը, հաճախ նայում են աչքերի մեջ, ժպտում: Գոյություն ունի թյուր կարծիք, թե հրապարակային ելույթներում պետք է սահմանափակել «մարմնի լեզուն»: Իմ նպատակն է օգնել մարդկանց բեմի վրա լինել այն նույն անձը, որը նրանք կյանքում են:- Լավ հրապարակախոս ծնվո՞ւմ են, թե՞ դառնում:- Պարտադիր չէ ի ծնե լավ հրապարակախոս լինել: Հրապարակախոսությունը վարպետություն է, ոչ թե տաղանդ: Այն նման է ֆուտբոլ խաղալուն կամ ջութակ նվագելուն. որքան շատ ես զբաղվում, այնքան ավելի լավ ես նվագում: - Ի՞նչ է պետք լավ հրապարակախոս դառնալու համար:- Նախեւառաջ, պետք է մեծ ցանկություն: Այս գործընթացը պահանջում է մեծ ջանքեր եւ ժամանակ: Պետք է համառություն եւ խանդավառություն՝ հրապարակային խոսքի բարելավման համար: Բացի այդ, պետք է ունենալ ասելիք, խոսելու նպատակ: Այն պետք է կարեւոր լինի քեզ համար, որպեսզի կարողանաս կարեւոր դարձնել նաեւ մյուսների համար:Պետք է ունենալ հավատ սեփական անձի եւ վստահություն՝ խոսելու սեփական իրավունքի նկատմամբ: Իմ նպատակն է օգնել մարդկանց գիտակցել, որ յուրաքանչյուր ոք ունի խոսելու իրավունք: - Ո՞ր երկրում են ամենալավ հռետորները:- Ես դասախոսություններ եւ դասընթացներ եմ վարում բազմաթիվ երկրներում՝ Ճապոնիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ուգանդայում, Արգենտինայում, Իսրայելում, Հյուսիսային Իռլանդիայում եւ այլ վայրերում: Դժվար է առանձնացնել մի երկիր, որտեղ ապրում են լավագույն հռետորները: Բոլոր երկրներում, որտեղ եղել եմ, հանդիպել եմ հրաշալի հրապարակախոսների: Լավ ելույթը որեւէ առնչություն չունի՝ որտեղ ես ապրում կամ ինչ լեզվով ես խոսում: Երբ մարդն ունի ասելիք եւ ջանասիրաբար աշխատում է խոսքի մատուցման վրա, նա միանշանակ կարող է դառնալ իրական հրապարակախոս: Տպավորիչ ելույթների հանդիպել եմ բոլոր այն երկրներում, որտեղ հասցրել եմ լինել:- Ի՞նչն ամենաշատը հավանեցիք Հայաստանում: - Կենացները: Դրանք հրապարակախոսության վառ օրինակ են: Կենացները մտերմացնում են մարդկանց, օգնում տոնել հաջողություններն ու գնահատել ունեցածը: Եվ, իհարկե, հայկական ծիրանը: - Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք ցանկանում են բարելավել հանրության առջեւ խոսելու իրենց ունակությունները:- Նախեւառաջ, պետք է ժամանակ գտնել պատրաստվելու համար: Երբեմն մենք ուղղակի կանգնում եւ հանպատրաստից բարձրաձայնում ենք մեր ասելիքը: Հարկավոր է գոնե 30 րոպե հատկացնել նախապատրաստվելուն՝ հայելու առաջ, ընկերների մոտ կամ ձայնագրման միջոցով:Հրապարակային ելույթից առաջ պետք է պատասխանել հետեւյալ հարցերին՝ ո՞րն է քո լսարանը, ի՞նչ նպատակ է հետապնդում քո ելույթը եւ ի՞նչն է քեզ ստիպում խոսել դրա մասին: Խոսելիս կարեւոր է հիշել շնչելու մասին: Ճիշտ շունչը ստեղծում է ճիշտ ձայն: Ալիսոն Շափիրայի հետ զրուցել է Սիրանուշ ՍիմոնյանըԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 5171