Արա Չալաբյան. Երեւանում կանցկացվի ներքին աուդիտորների գլոբալ հավաք

29.06.2016 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

«Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» (ՆԱԻ-Հայաստան) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերին Երեւանում կանցկացվի ՆԱԻ-Հայաստան երկրորդ միջազգային կոնֆերանսը: Միջոցառման, ինչպես նաեւ կառույցի՝ գլոբալ զարգացումներում ներգրավվածության շուրջ զրուցել ենք ՆԱԻ-Հայաստանի նախագահ, ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանի հետ:
 
- Պրն Չալաբյան, ի՞նչ մանրամասներ կարող եք ներկայացնել կազմակերպվող կոնֆերանսի մասին, որքանո՞վ է այն լինելու ներկայացուցչական մասնակիցների առումով:

- ՆԱԻ-Հայաստանի առաքելությունն է խթանել ներքին աուդիտ մասնագիտության եւ կորպորատիվ կառավարման զարգացումը ՀՀ տարածքում: Այս նպատակով պարբերաբար կազմակերպում ենք միջոցառումներ տարբեր ոլորտների մասնագետների շփման եւ մտքերի փոխանակման համար:

Այս տարի ձեռնամուխ ենք եղել ՆԱԻ-Հայաստան երկրորդ միջազգային կոնֆերանսի կազմակերպմանը, որը կկայանա սեպտեմբերի 15-16 Երեւանում՝ «Խթանելով փոփոխություններ» խորագրով: Պատիվ ունենք հյուրընկալել հայտնի բանախոսների՝ Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի խորհրդի նախագահին, ՏՏ ոլորտի աուդիտորների միջազգային ասոցիացիայի Բարսելոնայի գրասենյակի ղեկավարին, ՎիվաՍել-ՄՏՍ գլխավոր տնօրենին, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալին:

Կոնֆերանսին կմասնակցեն մասնավոր, հանրային եւ ֆինանսական հատվածի ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Հոլանդիայից, Ռումինիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, ԱՄԷ-ից, որոնք կխոսեն մասնավոր եւ հանրային ոլորտներում բարեփոխումների իրենց փորձի մասին:

Կոնֆերանսի համար ստեղծել ենք առանձին կայք (conf2016.iia.am), որտեղ ներկայացված են ծրագիրը, բանախոսները, գրանցման պայմանները եւ այլն: Գրանցվել կարելի է առցանց, մինչեւ հունիսի 30-ը կգործեն վաղ գրանցման զեղչեր ինչպես անդամների, այնպես էլ անդամ չհանդիսացող մասնակիցների համար:
 
- Դուք ԿԲ գլխավոր վերստուգիչն եք եւ նախագահում եք ՆԱԻ-Հայաստան հասարակական կազմակերպությունը՝ ի՞նչ արդյունքներ եք գրանցել այս ընթացքում, որքանո՞վ է հանրային աշխատանքը ձեզ օգնում աշխատանքային պարտականությունները կատարելիս:
 
- ՆԱԻ-Հայաստանի կառավարումն իրականացվում է անդամներից ընտրված Խորհրդի կողմից՝ հանրային հիմունքներով: Ներկայիս կազմում ընդգրկված է 9 անդամ, որոնք ներկայացնում են 6 կազմակերպություն: Կենտրոնական բանկի ներկայացուցիչները առանցքային դեր են խաղացել Ինստիտուտի կայացման գործում եւ շարունակում են հանդիսանալ շարժիչ ուժը: Դա հնարավորություն է տալիս միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնել ինչպես ընդհանրապես ներքին աուդիտի եւ կառավարման մշակույթ զարգացնող, այնպես էլ առաջավոր մոտեցումներ կիրառող հանրային հաստատություն:
 
Համոզված եմ, որ  Հանրային աշխատանքը թեեւ ժամանակատար է, սակայն թույլ է տալիս ընդլայնել առօրյա գործի ինչ-որ չափով նեղ շրջանակները, նոր գործընկերներ եւ կապեր ստեղծել եւ կուտակված փորձն ու գիտելիքը կիսվել հնարավորինս շատ համախոհների հետ: Նախորդ տարի նաեւ մեր ակտիվ աշխատանքի շնորհիվ Հայաստանում 97%-ով ավելացել է միջազգային որակավորում ունեցող ներքին աուդիտորների թիվը: Այս ամենը հնարավորություն է տալիս նաեւ հիմնական աշխատանքն ավելի բարձր մակարդակով իրականացնել, քանի որ տիրապետում ես համաշխարհային միտումներին:
 
Մեր փորձառությունը ցույց է տալիս, որ աշխարհն այսօր գլոբալ է եւ հասանելի նույնիսկ Հայաստանի պես փոքր եւ ինչ-որ չափով կտրված հետխորհրդային երկրի համար: Ներդնելով միտք եւ եռանդ՝ ընդամենը մի քանի տարվա ընթացքում մենք կարողացել ենք հասնել միջազգային ճանաչման եւ հավասարը հավասարի պես շփվել զարգացած երկրների մասնագետների հետ:

Վերջին մի քանի ամսում ես եւ իմ գործընկերներն առիթներ ենք ունեցել ելույթներ ունենալ Մոսկվայում, Բուդապեշտում, Կիեւում եւ Մինսկում: Բոլոր այս քաղաքներում ստացել ենք բազմաթիվ դրական արձագանքներ, ինչպես նաեւ փորձով կիսվելու առաջարկներ: Մասնավորապես, Ղրղըզստանի Կենտրոնական բանկը դիմել է մեզ իր ներքին աուդիտի գործառույթը գնահատելու խնդրանքով:

Մեզ ճանաչում են Հոլանդիայի, Գերմանայի եւ Եվրոպական կենտրոնական բանկերում, Արժույթի միջազգային հիմնադրամում որպես առաջավոր Ներքին աուդիտ ունեցող հաստատություն եւ օրինակ են բերում այլոց: Մենք ներգրավված ենք նաեւ ԱՄՆ-ում գործող Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի աշխատանքներում՝ ներկայացված լինելով կոմիտեներում եւ աշխատանքային խմբերում: Այս տարվա ապրիլին ստացել ենք հատուկ շնորհակալագիր Ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահի կողմից՝ Ինստիտուտի եւ ընդհանրապես ներքին աուդիտի մասնագիտության զարգացմանն ակտիվ աջակցելու համար:

Արա Չալաբյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 8910
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW