ՀՀ աուդիտորական շուկայում տիրող իրավիճակի, զարգացման հեռանկարների, «Աուդիտորական գործունեության մասին» նոր օրենքի եւ այլ հարցերի շուրջ Banks.am-ը զրուցել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանի հետ:- Պրն Գյուլբուդաղյան, օրերս Երեւանում ընթանում էր «Գրանթ Թորնթոն»-ի ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցիչների մասնակցությամբ սեմինար: Կներկայացնեք՝ ի՞նչ նպատակով էր այն կազմակերպվել, եւ ի՞նչ հարցեր են քննարկվել դրա շրջանակում:- «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ը եւ «Գրանթ Թորնթոն Հայաստանը» կազմակերպել էին սեմինար, որի նպատակն էր քննարկել «Գրանթ Թորնթոն»-ի մոտեցումներն ու համընդհանուր կիրառվող մեթոդները մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում:Ըստ մեր ընդհանուր ռազմավարության՝ մարդը համարվում է բարձրագույն արժեք, ուստի կարեւոր ենք համարում այս ուղղությամբ մշակել միասնական քաղաքականություն, ինչը կնպաստի տարածաշրջանում համագործակցության մակարդակի բարձրացմանն ու թույլ կտա ավելի մեծ հաջողություններ գրանցել:Սեմինարին մասնակցում էին մարդկային ռեսուրսների կառավարման գծով ղեկավարներ եւ ներկայացուցիչներ ԱՊՀ երկրներից, ինչպես նաեւ Մերձբալթյան երկրներից եւ Վրաստանից:- Ի՞նչ իրավիճակ է այսօր ՀՀ աուդիտորական շուկայում, ի՞նչ վերադասավորումներ են առկա: -Աուդիտի հայաստանյան շուկան, որտեղ ներգրավված է շուրջ 35 ընկերություն, վերջին տարիներին ցուցաբերում է կայուն աճի միտում: ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2012թ. աուդիտորական եւ խորհրդատվական ընկերությունների ընդհանուր հասույթը կազմել է 4,8 մլրդ դրամ, իսկ 2015թ. այն հասել է 6 մլրդ դրամի`ավելանալով շուրջ 25%-ով: Ուշագրավ է, որ այս տարիներին քանակական առումով ծառայությունների ծավալները նվազել են. եթե 2012թ. իրականացվել է 985 աուդիտ, ապա այդ ցուցանիշը 2015թ. կազմել է 657: Այնուամենայնիվ, գների աճի արդյունքում արձանագրվել է դրամային արտահայտությամբ աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների զգալի աճ: Աուդիտորական շուկան շարունակում է աճել եւ զարգանալ`ի հեճուկս տարբեր օրենսդրական փոփոխությունների:Ինչ վերաբերում է ընդհանուր շուկայում «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի ունեցած դերին, ապա, 2012թ. տվյալներով, ընկերությանը բաժին էր ընկնում շուկայի 27%-ը` շուրջ 1,3 մլրդ դրամ հասույթով, իսկ 2015թ. մենք զբաղեցնում ենք շուկայի 24%-ը` 1,5 մլրդ դրամ հասույթով: Ընկերությունը, ինչպես հասույթի մակարդակով, այնպես էլ հաճախորդների քանակով, շուկայի առաջատարն է արդեն երկար տարիներ:Վերջին տարիներին շոշափելի աճ են գրանցել նաեւ «Մեծ քառյակի» մյուս ընկերությունները: Սա, թերեւս, բացատրվում է նրանով, որ այս ընկերություններն իրենց գործունեությունը սկսել են փոքր մասշտաբներից, ինչի հետեւանքով նրանց ցուցանիշների աճն ավելի նշանակալի է երեւում տոկոսային արտահայտությամբ:Աուդիտորական շուկայում մրցակցային դաշտն «առողջ» է: Սրանից աուդիտորական եւ խորհրդատվական շուկան միայն շահում է, քանի որ մրցակցությունը նպաստում է որակի ավելի բարձր նշաձողի սահմանմանը:- Անդրադարձե՞լ է արդյոք վերջին շրջանի ՀՀ տնտեսության վատթարացումն աուդիտորական շուկայի, մասնավորապես, «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի գործունեության վրա:- Ինչպես արդեն նշեցի, «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ում, ինչպես ամբողջ աուդիտորական շուկայում, գրանցվել է ֆինանսական ցուցանիշների աճ: Այնուամենայնիվ, տնտեսության վատթարացումն իր բացասական ազդեցությունն է ունեցել այս շուկայի վրա՝ դանդաղեցնելով նրա աճի տեմպերը: Այլ հավասար պայմաններում այդ աճը կլիներ ավելի շոշափելի:Պետք է նշեմ, որ մեզ հաջողվել է հաղթահարել ՀՀ տնտեսության անբարենպաստ ազդեցությունը՝ գործունեություն ծավալելով նաեւ Հայաստանից դուրս: Վերջին տարիներին «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը հիմնել ենք գրասենյակներ Վրաստանում, Տաջիկստանում եւ Ղրղըզստանում, որտեղ արդեն ակտիվորեն գործում ենք: Բացի այդ, մեր աշխատակիցներն այստեղից ծառայություններ են արտահանում այլ երկրներ՝ ԱՄՆ, Դանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Մակեդոնիա եւ այլն: Որդեգրելով ճկուն քաղաքականություն՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը կարողացել է զարգանալ եւ պահպանել առաջատարի իր դիրքերը:- Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են արժանահավատ ՀՀ-ում գործող աուդիտորների եզրակացությունները, ինչպե՞ս կգնահատեք որակ/գին հարաբերակցությունը ոլորտում: - Կարող եմ վստահորեն ասել, որ աուդիտորական շուկայի առաջին 10 ընկերությունների (հասույթի ցուցանիշով) որակի հետ կապված, ընդհանրապես, խնդիր չկա: Վերջիններս մատուցում են աուդիտորական ծառայություններ՝ միջազգային չափանիշներին համաձայն: Այս ընկերությունները հիմնականում միջազգային են, ինչպես նաեւ կան մի քանի տեղական կազմակերպություններ: - Իսկ ինչո՞ւ են միջազգային ընկերություններն այստեղ գերիշխող:- Պատճառը, թերեւս, այն է, որ միջազգային ընկերությունները, ունենալով մեծ ցանց աշխարհի տարբեր երկրներում, որտեղ կիրառում են միեւնույն մոտեցումներն ու քաղաքականությունը եւ հանդես են գալիս մեկ անվանմամբ, պարտավոր են խստորեն հետեւել իրենց որակին, այլապես մի երկրում ծագած փոքր խնդիրն անգամ կարող է վտանգել նրանց միջազգային համբավը: Այս ընկերությունները մեծ ջանքեր եւ միջոցներ են ներդնում իրենց սահմանած որակի բարձր նշաձողը պահպանելու համար:- Որքանո՞վ է աուդիտորական ծառայությունը պահանջված Հայաստանում, ո՞ր ոլորտի ընկերություններ են ավելի հաճախ օգտվում «Գրանթ Թորնթոն»-ի ծառայություններից: - Աուդիտորական ծառայությունների հիմնական «սպառողներն» այն ընկերություններն են, որոնց համար օրենսդրությամբ սահմանված է պարտադիր աուդիտ անցնելու պահանջ: Դրանց թվում են ֆինանսական կազմակերպությունները (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ եւ այլն), բաց բաժնետիրական ընկերությունները, մի շարք պետական կազմակերպություններ: Մինչեւ վերջերս այդ պահանջը գործում էր նաեւ խոշոր ձեռնարկությունների համար, որը, սակայն, վերացվեց: Պարտադիր աուդիտ են անցնում նաեւ պետական որոշ կառույցներ ու ծրագրեր, որոնք գործում են պետական ֆինանսավորմամբ կամ միջազգային դրամաշնորհներով:Բացի պարտադրված դեպքերից, աուդիտի համար դիմում են մասնավոր հատվածի ընկերություններ, որոնք աուդիտ են անցնում իրենց կամքով կամ ներդրողների պահանջով: Ժամանակ առ ժամանակ աուդիտի համար դիմում են կազմակերպություններ, որոնք ունեն ինչ-որ խնդիրներ բաժնետերերի միջեւ: Ճիշտ է՝ այս դեպքերը բավական քիչ են, սակայն դրանք կան: - Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում:- «Աուդիտորական գործունեության մասին» նոր օրենքի ֆոնին խոշոր ընկերությունների պարտադիր աուդիտի հարցը կրկին քննարկման առարկա է դարձել: Քննարկվում է խոշոր ընկերությունների պարտադիր աուդիտ անցնելու պահանջի վերականգման հնարավորությունը, որը, ըստ իս, ավելի կարեւոր է հատկապես հանրային հետաքրքրություն (public interest) ներկայացնող այն ընկերություններ համար, որոնք աշխատում են հասարակության լայն շերտերի հետ:Միեւնույն ժամանակ, նոր օրենքով նախատեսվում է աուդիտորական պալատի ստեղծում, որին պարտադիր պետք է անդամակցեն աուդիտորական բոլոր կազմակերպությունները: Աուդիտորական պալատն իր վրա է վերցնելու մի շարք կարեւոր գործառույթներ, այդ թվում՝ աուդիտի լիցենզիայի տրամադրումը, որը պալատը պետք է իրականացնի ՀՀ կառավարության հետ համատեղ, ինչպես նաեւ որակի նկատմամբ վերահսկողության սահմանումը: Այս քայլը կնպաստի ոլորտի բարելավմանն ու կանոնակարգմանը:- Կարո՞ղ ենք ասել, որ աուդիտի ինստիտուտը Հայաստանում կայացել է:- Իհա՛րկե: Այդ ճանապարհին շատ կարեւոր քայլ եմ համարում աուդիտորական պալատի ստեղծումը:Այնուամենայնիվ, դեռեւս շատ անելիքներ կան ոլորտի բարելավման հարցում: Գործող օրենսդրությունում աուդիտի մասով առկա են անորոշություններ, որոնք, հուսով եմ՝ կվերացվեն «Աուդիտորական գործունեության մասին» նոր օրենքի ընդունմամբ: Բացի այդ, ոլորտում կա որակի վերահսկման խնդիր, ինչը կլուծվի աուդիտորական պալատի ստեղծմամբ:Աուդիտորական շուկայի զարգացումից մեր տնտեսությունը միայն կշահի: Թերեւս այստեղ է այն թաքնված պոտենցիալը, որը թույլ կտա ՀՀ-ում ավելացնել հարկերի վճարման ծավալներն ու կրճատել ստվերը:Աուդիտը ենթադրում է ոչ միայն հաշվետվությունների արժանահավատության ստուգում, այլեւ ի ցույց է դնում այն թույլ կողմերը, որոնց շտկումով էապես կբարձրանա ընկերության գործունեության արդյունավետությունը:- Ի՞նչ սպասելիքներ ունեք 2016-ից:- 2016թ. մեր ռազմավարությունն է՝ պահպանել աճի ներկայիս տեմպերը եւ ընդլայնել ծառայությունների ծավալները, որոնց հիմքերն արդեն ունենք. ընկերությունը խորհրդատվական ծառայությունների մատուցման խոշոր պայմանագրեր է կնքել Հայաստանում, ինչպես նաեւ Միջին Ասիայի մի շարք երկրներում:«Գրանթ Թորնթոն»-ի կողմից մատուցվող ծառայությունների լայն շրջանակը ներառում է աուդիտ, խորհրդատվական ծառայություներ, հարկային եւ իրավաբանական խորհրդատվություն: Նշեմ նաեւ, որ մտադրություն ունենք ընդլայնել մեր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը:Մեր նպատակն է մեր մատուցած ծառայությունների միջոցով աջակցել հաճախորդների եւ գործընկերների կենսակերպի բարելավմանը՝ կիրառելով մեր փորձն ու մասնագիտական գիտելիքները:Գագիկ Գյուլբուդաղյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 23645