Կարեն Եղիազարյան. Mobile Banking-ի հեղափոխությունից Հայաստանն անմասն չի մնա

22.06.2016 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Օրերս Երեւանում տեղի ունեցավ Պրոմեթեյ Բանկի Prometey Mobile հավելվածի շնորհանդեսը, որով ազդարարվեց հավելվածի գովազդային արշավի մեկնարկը: Հեռահար բանկային ծառայությունների եւ մոբայլ բանկինգի զարգացման հեռանկարների շուրջ զրուցել ենք Պրոմեթեյ Բանկի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանի հետ:

- Մեր օրերում տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ հաճախ չենք հասցնում մինչեւ վերջ գնահատել դրանց «հեղափոխական» դերը: Կարծես թե, նույնը կատարվում է Mobile Banking-ի հետ: Ի՞նչ կասեք այս առումով:

- Այսօր ամբողջ աշխարհում բանկային ոլորտը տրանսֆորմացվում է նոր եւ բոլորովին անճանաչելի ֆորմատի: Ոլորտի մասնագետները միակարծիք են՝ բոլորս այսօր ականատեսն ենք բանկային 3-րդ տեխնոլոգիական հեղափոխության, որն ամբողջությամբ փոխելու է բանկերի վերաբերյալ մեր պատկերացումները առաջիկա տարիներին, ինչից, բնականաբար, անմասն չի մնալու նաեւ Հայաստանը: Ժամանակին հեռագրային կապի ստեղծումը թույլ տվեց բանկերին ընդլայնվել եւ ստեղծել մասնաճյուղային ցանցեր, իսկ համակարգիչների եւ համակարգչային ցանցերի կիրառումը հիմք հանդիսացավ բանկային քարտերի, բանկոմատների եւ պրոցեսինգային կենտրոնների աշխատանքի համար:

Մոբայլ տեխնոլոգիաների ներթափանցումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ հաջորդ տասնամյակի երեխաներն ավանդական բանկային ծառայություններին կկարողանան ծանոթանալ միայն պատմության դասագրքերից:

Մեր գնահատմամբ՝ Հայաստանում եւս կան բանկային 3-րդ տեխնոլոգիական հեղափոխության համար բոլոր նախադրյալները: Ավելի քան 1,5 մլն մարդ, այն է՝ Հայաստանի բնակչության 50%-ը, օգտվում է ինտերնետից: Բջջային ծառայությունների ներթափանցվածության մակարդակը բարձր է 100%-ից, իսկ բջջային հեռախոսների 30%-ը սմարթֆոն է:

Ինչ վերաբերում է գլոբալ զարգացումներին, ապա ըստ հեղինակավոր միջազգային վերլուծաբանական կենտրոնների ուսումնասիրությունների՝ 2015թ. աշխարհում մոբայլ բանկինգից օգտվողների քանակը հատեց 1 մլրդ-ի սահմանը: Իսկ մոբայլ հավելվածների միջոցով բանկային հաշիվներին կատարված դիմումների քանակն առաջին անգամ գերազանցեց բանկերի բաժանմունքներում կատարված դիմումների քանակը:

Սպասվում է, որ 2020թ. մոբայլ բանկինգից օգտվողների քանակն աշխարհում կհատի 2 մլրդ-ի սահմանը:

- Ո՞ր երկրներն են առավել աչքի ընկնում հեռահար բանկային ծառայությունների, մասնավորապես՝ Mobile Banking-ի կիրառման տեսանկյունից:

- ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի զեկույցի համաձայն՝ 2015թ. ԱՄՆ-ում բջջային հեռախոսներ ունեցողների 43%-ն արդեն իսկ օգտվում էր բանկային մոբայլ հավելվածներից (2012թ.՝ 29%-ն էր, 2013թ.՝ 33%-ը, իսկ 2014թ.՝ 39%-ը): Մոբայլ հավելվածների շնորհիվ յուրաքանչյուր 3-րդ ամերիկացին կարիք չի զգացել այցելելու իր բանկ՝ վերջին 6 ամիսների ընթացքում:

Կանխատեսումների համաձայն՝ 2020թ. Միացյալ Նահանգների չափահաս բնակչության 81%-ն արդեն իսկ կօգտվի բանկային մոբայլ հավելվածներից:

Աշխարհի բնակչության 26%-ն արդեն օգտագործում է հեռախոսը բանկային ծառայություններին ծանոթանալու, ինչպես նաեւ դրանցից օգտվելու համար: Չինաստանում այդ մասնաբաժինը գերազանցում է 50%-ը: Հետաքրքիր է Քենիայի ֆենոմենը, որտեղ այդ ցուցանիշը գերազանցում է 80%-ը:

Ավելին՝ անկախ տարիքից, սպառողները սկսել են բանկերի հետ հարաբերություններում ավելի հաճախ օգտագործել մոբայլ հավելվածները, քան վեբ կայքերը: Դեռ 2013թ. չկար որեւէ երկիր, որի մասին կարելի էր այդպես արտահայտվել: Իսկ այսօր Չինաստանում վեբ կայքերից ինտերնետ-բանկ համակարգերով կատարվող գործարքների մասնաբաժինը 2 տարում 40%-ից նվազել է 25%-ի, մինչդեռ մոբայլ բանկինգի մասնաբաժինը 15%-ից աճել է՝ հասնելով 42%-ի:

Համեմատության համար նշեմ, որ Ռուսաստանում ինտերնետ-բանկ համակարգերից օգտվող հաճախորդների մասնաբաժինը կազմում է շուրջ 25%, իսկ մոբայլ բանկինգից օգտվողներինը՝ շատ ավելի պակաս: Հաճախորդների մեծամասնությունը դեռեւս գերադասում է բանկի հետ շփվել բաժանմունքներում: Գրեթե նույն պատկերը Հայաստանում է:

Իսկ Մեծ Բրիտանիայում, օրինակ, օրական ավելի քան 1 մլրդ ֆունտ է փոխանցվում՝ օգտագործելով բանկային մոբայլ հավելվածները:

Հատկանշական է, որ կարգավորող մարմինները եւս մասնակցում են զարգացումներին: Այսպես, 2016թ. Հնդկաստանի Կենտրոնական բանկը պահանջել է բոլոր բանկերից ապահովել մոբայլ բանկինգի գրանցման հնարավորություն` բանկոմատների միջոցով:

- Ստացվում է, Բիլ Գեյթսը մի բան գիտեր, երբ տարիներ առաջ կարծիք արտահայտեց, թե մարդկանց անհրաժեշտ են բանկային ծառայություններ, ոչ թե բանկեր: Սակայն հետաքրքրական է, որ Mobile Banking-ի ներդրմանը զուգահեռ Հայաստանում  շարունակվում է մասնաճյուղային ցանցի ընդլայնումը:

- Ինչպես ասում են, քարե դարն ավարտվել է ոչ այն պատճառով, որ վերջացել են քարերը: Թեեւ միանշանակ է, որ բանկերի մասնաճյուղերը հետզհետե զիջելու են իրենց դիրքերը, իսկ բանկային նոր տեխնոլոգիաների կիրառումը ամենամոտ ապագայում ստանալու է առավել մեծ տարածում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ դեռեւս մի փոքր վաղ է խոսել լիովին մասնաճյուղազուրկ բանկինգի հեռանկարների մասին Հայաստանում: Մասնաճյուղերը ներկա տեսքով դեռ բավականին երկար կծառայեն նախեւառաջ բարդ եւ բազմաքայլ բանկային գործարքներ իրականացնող հաճախորդների սպասարկման համար:

Ելնելով դրանից` հեռահար սպասարկման զարգացմանն ու առաջխաղացմանը զուգահեռ, մենք հետեւողականորեն ընդլայնում ենք նաեւ Պրոմեթեյ Բանկի մասնաճյուղային ցանցը՝ բանկի համար թիրախային նշանակություն ունեցող վայրերում: Ներկայում մենք ունենք 8 մասնաճյուղ Երեւանում եւ մեկական` Գյումրի, Վանաձոր եւ Աբովյան քաղաքներում: Այս տարի մեր երեւանյան մասնաճյուղերի ցանկը համալրվեց եւս մեկով՝ Կիեւյան մասնաճյուղով: Մոտ օրերս կտեղափոխենք մեր մասնաճյուղերից մեկը Թումանյան փողոց:

Մինչեւ տարեվերջ պլանավորվում է եւս մեկ մասնաճյուղի գործարկում Երեւանում:

Բայց եւ այնպես, վերադառնալով ձեր հարցին, կցանկանային նշել, որ արդեն իսկ ԱՄՆ-ում, կոնտինենտալ Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում բավականին հաջող գործունեություն են ծավալում բացառապես մոբայլ բանկերը` Fidor Bank, Bankmobile, Simple, GoBank, Number26, Hello Bank, Moven, Atom, Mondo Bank եւ այլն: Ի դեպ, անգլիական Mondo Bank-ի հետ տեղի ունեցածը փաստում է նաեւ հասարակության խոր հետաքրքրության եւ վստահության վերաբերյալ: Այսպես, Mondo Bank-ը բացարձակ ռեկորդ է սահմանել crowdfunding-ի պատմության մեջ՝ ընդամենը 96 վայրկյանում ներգրավելով ավելի քան 1 մլն ֆունտ՝ բանկի գործարկման համար:

- Այս ամենին էլ գումարվում են ոչ բանկային ֆինանսական ծառայությունները:

- Այո, հարյուրամյակներ շարունակ զուտ բանկային ոլորտ համարվող շուկա են ներխուժել նաեւ ոչ բանկ ֆինանսական ընկերությունները: Օրինակ, PayPal-ի հաճախորդների հաշիվներում կա ավելի քան $13 մլրդ: Եթե համեմատենք այս գումարը բանկային հաշիվների մնացորդների հետ, ապա PayPal-ը կարող էր զբաղեցնել 21-րդ տեղը ԱՄՆ խոշորագույն բանկերի շարքում: Նշեմ նաեւ, որ PayPal-ն ունի 184 մլն ակտիվ հաշիվ:

Մոբայլ վճարումների շուկա են ներխուժել նաեւ տեխնոլոգիական հսկաները՝ գործարկելով սեփական վճարային համակարգեր՝ Apple Pay, Android Pay եւ Samsung Pay:

Իսկ չինական WeChat մեսենջերի ավելի քան 600 մլն ակտիվ օգտատերեր արդեն իսկ կարողանում են կատարել կոմունալ եւ այլ վճարումներ հենց մեսենջերից: Ի դեպ, օգտագործողների ավելի քան 50%-ը մուտք է գործում մեսենջեր օրական 10 եւ ավելի անգամ: Համեմատության համար ասեմ, որ հավելվածների միջոցով Ռուսաստանում մեկ տարում կատարվող գործարքների գումարը շուրջ 10 անգամ զիջում է WeChat-ի օրական գործարքների թվին:
 
Հատկանշական է, որ ոչ բանկ ֆինանսական ընկերություններում պահվող դրամական միջոցները չեն համարվում բանկային ավանդ, եւ դրանց վերադարձելիությունը չի երաշխավորվում պետության կողմից:

- Նշվածը փաստում է լուրջ մարտահրավերների մասին, այդ թվում՝ հայաստանյան բանկերի համար: Այս համատեքստում՝ ի՞նչ ասելիք ունի Ձեր բանկը:

- Մեր օրերում մրցակցության մեջ հաղթում է ամենաարագը եւ ամենաճկունը, այլ ոչ թե ամենախոշորը կամ ամենամեծը: Հաղթում է նա, ով ամենաարագը կկողմնորոշվի միջավայրի փոփոխություններում: Այս առումով մենք մեր ընտրությունն արդեն կատարել ենք:

Մասնավորապես, դեռեւս 2012թ. ներդրեցինք հաշիվների հեռահար կառավարման Prometey Online համակարգը: Իսկ 2015թ. տարեվերջին գործարկեցինք Prometey Mobile մոբայլ հավելվածը iOS եւ Android հարթակների համար:

Անչափ կարեւորելով հեռահար համակարգերի կիրառմամբ գործառնությունների զարգացումը՝ հունիսի 1-ից բանկը կտրուկ նվազեցրել է Prometey Mobile եւ Prometey Online համակարգերից օգտվելու սակագները: Միաժամանակ, հեռահար ծառայություններից օգտվողների համար ներդրվել են մի շարք նոր հնարավորություններ, որոնց մեծ մասը՝ անվճար:

- Մի քանի օր է, ինչ ընթանում է Prometey Mobile-ի գովազդային արշավը՝ երգչուհի Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ: Ինչո՞վ էր պայմանավորված գովազդային արշավի դեմքի ընտրությունը: Ելնելով այս ընտրությունից՝ կարելի՞ է ենթադրել, որ Ձեր Mobile Banking-ի ծառայության թիրախային խումբը հիմնականում երիտասարդությունն է:  

- Իվետա Մուկուչյանի հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռեւս հինգ տարի առաջ՝ բանկի «Գյումրի» մասնաճյուղի բացման կապակցությամբ կազմակերպված տոնական համերգի շրջանակում: Այդ ժամանակից ի վեր նա մեր բանկի հաճախորդն է եւ լավ բարեկամը: Արշավի դեմքի ընտրության հարցում երկար մտորելու կարիք չենք ունեցել: Մեր ընտրությունը միանգամից կանգ առավ Իվետայի վրա, քանի որ նա լավագույն կերպով է ներկայացնում Mobile Banking-ի թիրախային սեգմենտը: Հաճախ է ճամփորդում, ունի շատ զբաղված առօրյա, միեւնույն ժամանակ վառ է, նորաձեւ եւ առաջադեմ:

Վստահ ենք, որ երգչուհու մասնակցությունն այս արշավին կօգնի մեզ մոբայլ ոլորտում ներգրավելու նոր, ժամանակակից ու առաջադեմ հայացքներ ունեցող մարդկանց, նախեւառաջ՝ երիտասարդությանը:

Ի դեպ, Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ մեր գովազդային հոլովակը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել. մեկ շաբաթում բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրանցվել է շուրջ 450 հազ. դիտում:

- Ինչպես նշեցիք, մրցակցության մեջ հաղթում է ամենաարագը եւ ամենաճկունը: Կարելի՞ է ենթադրել, որ Պրոմեթեյ Բանկում նոր գաղափարների իրագործումը սարերի ետեւում չէ:

- Չբացելով բոլոր փակագծերը՝ տեղեկացնեմ, որ մոտ ապագայում նախատեսում ենք գործարկել բանկի բոլոր ծառայությունների գծով online դիմումների ընդունման համակարգը:  Այն կգործի բանկի պաշտոնական կայքի միջոցով, մասնավորապես` online ռեժիմում կընդունվեն, կմշակվեն եւ ընթացք կստանան հաշիվների բացման, քարտերի ստացման, ավանդների ներդրման, վարկերի տրամադրման եւ այլ դիմումներ:

Նախատեսում ենք նաեւ առաջինը հայաստանյան բանկերից իրականացնել էլեկտրոնային փողի թողարկում:

Կարեն Եղիազարյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը

Դիտում՝ 8628
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW