Գեւորգ Պողոսյան. Խնդիրներն ավելի շատ են, քան ՓՄՁ-ները կարող են դիմակայել

21.06.2016 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի խնդիրների ու զարգացման խոչընդոտների, ինչպես նաեւ դրանց հնարավոր լուծումների շուրջ Banks.am-ը զրուցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գեւորգ Պողոսյանի հետ:

- Պրն Պողոսյան, տարբեր մակարդակներում անընդհատ խոսվում է ՓՄՁ-ների խնդիրների մասին. ինչո՞ւ է այդքան կարեւորվում այս ոլորտը, ո՞րն է դրա դերը ՀՀ տնտեսության զարգացման գործում:

- ՓՄՁ-ների դերը մեր իրականության մեջ անհնար է թերագնահատել: Այս ոլորտում է ընդգրկված ՀՀ ձեռնարկությունների շուրջ 80%-ը, որն ապահովում է զգալի թվով աշխատատեղեր:

Միաժամանակ, ՓՄՁ-ները, ունենալով քիչ ռեսուրսներ եւ լինելով փխրուն, իրենց գործունեության ընթացքում բախվում են բազմաթիվ խոչընդոտների, որոնք Հայաստանում, ցավոք սրտի, ավելի շատ են, քան այս ընկերությունները կարող են դիմակայել: Հետեւաբար, շատ կարեւոր է վեր հանել ՓՄՁ-ներին անհանգստացնող հիմնական խնդիրները եւ փորձել լուծում տալ դրանց՝ հատուկ մոտեցում ցուցաբերելով նրանց նկատմամբ:

- Որքանո՞վ է ՀՀ հարկային դաշտը նպաստավոր ՓՄՁ-ների համար:

- Պետք է փաստեմ, որ ՓՄՁ-ներին անհանգստացնող հիմնական խնդիրներն ավելի շատ կապված են հարկային վարչարարության, քան հենց հարկային դաշտի հետ: Գործարարները հազվադեպ են դժգոհում հարկային օրենսդրությունից, բարձր հարկային դրույքներից եւ այլ պայմաններից, իսկ վատ վարչարարությունը, երբ օրենսդրությունը կիրառվում է ոչ հավասարապես, շարունակում է մնալ ՓՄՁ-ների զարգացման կարեւորագույն խոչընդոտներից:

Հարկային օրենսդրությունում կան որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, այն սահմանում է բարենպաստ պայմաններ ՓՄՁ-ների համար: Այլ բան է, որ դրանք պատշաճ կերպով չեն կիրառվում:

ՓՄՁ-ները լավ տեղեկացված չեն իրենց իրավունքների եւ հնարավորությունների մասին: Ընկերություններն աջակցություն ստանալու ակնկալիքով հաճախ դիմում են իրենց տարածքային հարկային տեսչություններ, որտեղ նրանց ոչ մի կերպ չեն աջակցում: Օրինակ, շուրջ մեկ տարի է՝ ներդրվել է ընտանեկան բիզնեսի գաղափարը, որն էականորեն թեթեւացնում է ՓՄՁ-ների հարկային բեռը: Ցավոք, այս մասին շատերը տեղյակ չեն, իսկ տեղեկացվածներին, մեզ դիմած ՓՄՁ-ների պնդմամբ, շատ ժամանակ տեսչություններում «ապատեղեկացնում» են՝ համոզելով, որ իրենք չեն բավարարում ընտանեկան բիզնես համարվելու կատեգորիաներին:

Մեզ դիմած գործարարները նաեւ նշում են, որ հարկային տեսուչը կարող է զանգահարել ձեռնարկության ղեկավարին եւ պահանջներ դնել նրա առջեւ՝ առանց օրենսդրական հիմնավորումների: Այս դեպքերում օրենսդրության փոխարեն կիրառվում են ինչ-որ կարծրացած գաղափարներ եւ մոտեցումներ:

Շատ խնդիրներ կան նաեւ ստուգումների ինստիտուտում, երբ ստուգողներն ընդգծված խիստ վերաբերմունքով վախեցնում են ընկերություններին եւ խտրական վերաբերմունք ցուցաբերում նրանց նկատմամբ:

Այս ամենից խուսափելու համար տնտեսվարողը պետք է լավ տեղեկացված լինի: Իհարկե, որոշ դեպքերում դժվար է ընկալել օրենքները, սակայն այսօր գործում են հատուկ հաստատություններ՝ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակը, մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք պատրաստ են օգնել ՓՄՁ-ներին այդ հարցում:

- Իսկ ի՞նչ կասեք Հարկային նոր օրենսգրքի մասին:

- Հարկային նոր օրենսգրքի առավելությունն այն է, որ մեկ փաստաթղթով կարգավորվում է ամբողջ դաշտը. այլեւս անհրաժեշտություն չի առաջանում մի օրենքից գնալ մյուսը: Այսինքն, ըստ էության, բիզնեսի գործը հարկային օրենսգրքի ներդրմամբ պետք է հեշտանա:

Այնուամենայնիվ, նոր օրենսդրությունում առկա են մի շարք խնդիրներ: Երբ 2013-2014 թթ. ընթանում էին օրենսդրության մշակման քննարկումները, մենք հատուկ շեշտել էինք, որ շատ կարեւոր է հասարակական կազմակերպությունների, մասնագիտացված կառույցների եւ փորձագետների ներգրավումը հենց մշակման փուլում, ինչը տեղի չունեցավ:

Երկար լռությունից հետո հանկարծ հայտնվեցին հարկային օրենսգրքի նախագծեր, որոնք չէին համապատասխանում իրար եւ մշակված էին միակողմանի՝ զուտ պետական մտածելակերպով:

Նախագծի քննարկումներում շահագրգիռ բոլոր կողմերը չներգրավվեցին, եւ որոշ դրույթներ միանգամից «մտան» վարչապետի մոտ՝ շրջանցելով հանրային կարծիքը:

Նախատեսվում է, որ օրենսդրությունը ուժի մեջ կմտնի 2018թ.՝ ընդունվելով մինչեւ 2017թ.: Նախագծերն անընդհատ փոփոխվում են. այն նախագիծը, որ սկզբում հայտնվեց, եւ այն, որն ունենք այսօր, շատ տարբեր են: Ուստի գործարարները չեն հասցնում ծանոթանալ դրանց:

Բացի այդ, նոր օրենսգիրքը կարգավորում է ամողջ ոլորտը՝ սկսած հարկերի դրույքաչափերից, ժամկետներից, մինչեւ բոլոր տեսակի համընդհանուր մոտեցումներ ու վարչարարոսւթյուններ, ներառյալ՝ ստուգումները: Հետեւաբար դրա ուսումնասիրման համար անհրաժեշտ է շատ ժամանակ, որը չունենք:

Ընդհանրապես, մեր երկրում օրենքները շատ արագ են փոփոխվում, եւ բիզնեսը չի հասցնում հարմարվել դրանց, իսկ փոփոխությունների մասին ծանուցումը պատշաճ չի կատարվում:

- Հարկային նոր օրենսդրությունը նախատեսում է շահաբաժինների հարկում. արդյոք սա չի՞ պարունակում կրկնակի հարկման տարրեր:

- Այո, նոր օրենսդրությամբ սահմանվում է շահաբաժինների հարկում 5-10% չափով, այն դեպքում, երբ նախկինում 0% էր: Այստեղ շատ նուրբ տնտեսագիտական մոտեցում է պետք: Այն ուղղակիորեն չի ենթադրում կրկնակի հարկում, քանի որ հարկվում են տարբեր անձանց եկամուտներ:

Այդուհանդերձ, այն վատ կանդրադառնա հատկապես օտարերկրյա ներդրումների վրա՝ նվազեցնելով ՀՀ ներդրումային դաշտի գրավչությունը:

Ինչ վերաբերում է մեր տեղական ներդրողներին, ապա շահաբաժնի հարկումը վերջին հաշվով կնպաստի ստվերի ավելացմանը:

- Պրն Պողոսյան, որքանո՞վ են ֆինանսական ռեսուրսները հասանելի ՓՄՁ-ներին:

- Վարկերը շատ են ու կիրառելի, սակայն ձեռնարկությունների, հատկապես՝ ՓՄՁ-ների տեսանկյունից, դրանք անհասանելի են: Բիզնես վարկավորումը հիմնականում իրականացվում է գրավի պայմանով, ինչը փոքր ձեռնարկություններին հասու չէ:

Մյուս կողմից, վարկավորման պայմաններում բացակայում են այլընտրանքային մոտեցումները. բոլոր բանկերն առաջարկում են վարկեր նույն պայմաններով, որոնք հիմնականում բարձր տոկոսադրույքներով են:

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների կողմից ՓՄՁ-ներին տրամադրվող վարկերին, այստեղ կա մի նրբություն. իրենց պատկերացրած ՓՄՁ-ն լրիվ տարբերվում է մեր պատկերացրածից: Հայաստանյան ՓՄՁ-ները շատ փոքր են եւ համարժեք են այլ երկրների միկրո բիզնեսին, հետեւաբար տեղի է ունենում սխալ թիրախավորում:

ՓՄՁ-ների վերաբերյալ տարատեսակ պատկերացումներ կան անգամ մեր երկրի ներսում: Օրինակ՝ երբ հարկային մարմինները խոսում են ՓՄՁ-ների մասին, սովորաբար նկատի ունեն շրջանառության հարկի ոլորտում աշխատող ընկերություններին, այսինքն՝ 115 մլն դրամ եւ ցածր շրջանառություն ունեցող տնտեսվարողներին: Սակայն մեր օրենսդրությունը սահմանում է, որ 100 մլն դրամ շրջանառությամբ աշխատող ընկերությունն ընդամենը գերփոքր բիզնեսն է, իսկ միջին են համարվում մինչեւ 1,5 մլրդ դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունները, որն էլ համարվում է ՓՄՁ-ի շեմը:

- Իսկ ի՞նչ կասեք մենաշնորհների մասին, որոնցից ամենաշատը տուժում են հենց ՓՄՁ-ները:

- Հայաստանյան իրականության մեջ մենաշնորհի խնդիրն այնքան «պարզ ու թափանցիկ» է, որ մասնագիտական շրջանակում ու հասարակ մարդկանց մոտ շրջանառվում է միեւնույն մակարդակի տեղեկատվություն, միեւնույն ապրանքների անուններն ու գործարարները:

Բոլորն էլ հասկանում են, որ մենաշնորհը սկսում է հենց մաքսային սահմանից, ներմուծման փուլում, երբ տարբեր տնտեսվարողների նկատմամբ կիրառվում են տարբեր մոտեցումներ: Դրանցից ամենաակնառուն հսկիչ գներ հասկացությունն է, երբ փոքր ընկերությունների դեպքում դրանք համատարած կիրառվում են, իսկ մի շարք խոշորների դեպքում՝ ոչ: Բացի այդ, մի շարք գործարարներ ապրանքներ են ներմուծում այլ ապրանքների անվան տակ, ինչը ոչ հավասար մրցակցային դաշտ է ստեղծում սովորական ՓՄՁ-ների համար:

Այսպիսով, օրենքը հավասարապես չի կիրառվում բոլոր ընկերությունների համար, ինչը թույլ է տալիս որոշ գործարարաների գերիշխող դիրք ունենալ շուկայում:

Օլիգարխները պետք է իրենց ձեռքերը հեռու պահեն բոլոր այն ոլորտներից, որտեղ փոքր բիզնեսն ունի հետաքրքրություն եւ կարող է աշխատել: Դրանց թվում է գյուղմթերքի արտադրությունը, սպառողական ապրանքների ներմուծումն ու արտահանումը: Մեծ ընկերությունները պետք է կենտրոնանան ավելի գլոբալ նախագծերի վրա, որոնց համար փոքրերն անհրաժեշտ միջոցներ չունեն:

- Ինչպե՞ս կգնահատեք պետական գնումներում ՓՄՁ-ների մասնակցությունը, ի՞նչ խնդիրների են նրանք բախվում այս ոլորտում:

- Պետական գնումների համակարգը, ըստ իս, պետք է ուղղված լինի տեղական արտադրողի, ինչպես նաեւ ՓՄՁ-ների աջակցությանը: Եթե պետգնումների որոշակի մաս պարբերաբար բաժին հասնի փոքր բիզնեսին, դա նրան կտա աճելու դաշտ, ինչը վերջին հաշվով կհանգեցնի ընդհանուր տնտեսության զարգացմանը:

Այսօր անելիքները շատ են այս ոլորտում: Կարծում եմ՝ պետք է վերանայել օրենսդրությունը՝ պետական գնումներում առաջնայնությունը տալով տեղական արտադրողին եւ ՓՄՁ-ներին: Այստեղ, սակայն, առկա է հետեւյալ խոչընդոտը: Անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ Հայաստանը պարտավորվել է պետգնումներում հավասար «խաղի կանոններ» սահմանել միության անդամ երկրների տնտեսվարողների եւ հայրենական ձեռնարկությունների համար. այս հանգամանքը թույլ չի տալիս ՀՀ-ին նախապատվություն տալ տեղական արտադրողներին:

ԵԱՏՄ-ին անդամակցությունն առաջացրել է եւս մեկ խնդիր. ըստ ԵԱՏՄ պահանջի՝ պետգնումներին մասնակցելու համար ձեռնարկությունները պետք է ներկայացնեն ապրանքի ծագման երկրի սերտիֆիկատը, իսկ ՀՀ-ում այն տրամադրվում է միայն արտահանող ընկերություններին: Ստացվում է, որ օրենսդրական հակասության պատճառով ՀՀ ընկերություններն ավտոմատ կերպով զրկվում են գնումներին մասնակցելու հնարավորությունից: Այս առնչությամբ մենք պատրաստվում ենք դիմել պատկան մարմիններին:

- Իսկ ի՞նչ հեռանկարներ է բացում ԵԱՏՄ-ին անդամակցությունը հայաստանյան ՓՄՁ-ների համար:

- ԵԱՏՄ շուկային հարմարվելու եւ այնտեղ գործունեություն ծավալելու համար ժամանակ է պետք: Նոր շուկաներ, նոր մոտեցումներ, նոր օրենսդրություն. շատ դժվար է այս ամենը միանգամից ընկալել, հատկապես՝ ՓՄՁ-ի համար:

Մտնելով ԵԱՏՄ՝ ակնկալվում էր, որ մեր ընկերությունների, այդ թվում՝ ՓՄՁ-ների առաջ կբացվի մի հսկայական շուկա. այս առումով դեռեւս լուրջ ձեռքբերումներ չկան:

Ճիշտ է, մի քանի ՓՄՁ-ներ արդեն գրանցել են ԵԱՏՄ շուկա մտնելու հաջողված փորձ, սակայն այս միտումը համատարած բնույթ չի կրում:

- Ինչպե՞ս է ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակն աջակցում ՓՄՁ-ներին:

- Գործարարության աջակցման գրասենյակը ֆինանսավորվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից: Նրա նպատակն է ապահովել հարթակ, որտեղ պետական հատվածը կհանդիպի մասնավորի հետ: Մենք աջակցում ենք ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող եւ պետական-մասնավոր երկխոսության հարթակ հանդիսացող երկու խորհուրդներին՝ ՓՄՁ զարգացման եւ Տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդները, որտեղ ներգրավված են համապատասխան ոլորտի պետական ներկայացուցիչներ եւ հասարակական կազմակերպություններ:

Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդում քննարկվում են բոլոր այն փոփոխությունները, որոնք արվում են հարկային ստուգումների դաշտում: Մեր ձեռքբերումների թվում կարելի է նշել ռիսկերի վրա հիմնված ստուգումների ընթացակարգը, ստուգաթերթերի ներդրումը, ստուգումների ամենամյա ցանկի հրապարակումը:

ՓՄՁ զարգացման խորհրդում քննարկվում են այս ոլորտին առնչվող հիմնախնդիրները եւ ներկայացնում դրանք համապատասխան պետական մարմիններին: Մեր այս խորհրդում ժամանակին քննարկվել եւ լուծում է ստացել շրջանառության հարկի խնդիրը: Բացի այդ, մենք հասել ենք այնպիսի արդյունքների, ինչպիսիք են ընտանեկան բիզնեսի համար հատուկ պայմանների ապահովումը, ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումը եւ այլն:

Միաժամանակ, մեր մասնագետներն անվճար խորհրդատվություն են տրամադրում ՓՄՁ-ներին, պատրաստում ենք վիդեո դասընթացներ, կազմակերպում սեմինարներ, իրազեկման այցեր կատարում մարզեր:

Գեւորգ Պողոսյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոյանը

Դիտում՝ 7421
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW