Հունիսի 22-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցի «Բոլ» սրահում տեղի է ունենալու միջազգային ՏՏ-համաժողով, որի նպատակն է միավորել միջազգային, հայկական կայացած եւ սկսնակ ընկերություններին մեկ ընդհանուր նպատակի շուրջ․ինչպե՞ս բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի միջազգային ճանաչելիությունը՝ դարձնելով այն ներդրումների եւ աութսորսինգի կենտրոն: Միջոցառման հովանավորն ու կազմակերպիչն է «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերությունը, կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը: Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը զրուցել է «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության Նյու-Յորքի գրասենյակի ՏՏ ոլորտի գործընկեր Էմմա Առաքելյանի, «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության Մոսկվայի գրասենյակի գլոբալ ֆինանսական ծառայությունների գործընկեր, «Էրնսթ Ընդ Յանգ»-ի հայաստանյան գրասենյակի կառավարիչ գործընկեր Էրիկ Հայրապետյանի եւ ԱՊՀ երկրներում «Էրնսթ Ընդ Յանգ» տեխնոլոգիաների կիրառման պատասխանատու Տիգրան Աթայանի հետ: -Բազմաթիվ համաժողովներ եւ սեմինարներ են կազմակերպվում՝ քննարկելու Հայաստանի ՏՏ ոլորտը եւ դրա հեռանկարները: Ո՞րն է լինելու հունիսի 22-ին կայանալիք համաժողովի գլխավոր առանձնահատկությունը:Էրիկ Հայրապետյան: - Շատ ոգեւորիչ է, որ Հայաստանի ՏՏ համայնքն անցկացնում է այդքան մեծ թվով հանդիպումներ, քննարկումներ եւ համաժողովներ: Սա ինտենսիվ աճի, ոլորտի ընդլայնման եւ ձեւափոխման շատ դրական նշան է: Տեխնոլոգիաների համաշխարհային պատկերը շատ կտրուկ փոխվում է՝ մտնելով հեղափոխական փուլ, որը պայմանավորված է առաջադեմ միտումներով, մասնավորապես, ֆինանսական տեխնոլոգիաներով (առավել հայտնի որպես FinTech): Էրիկ ՀայրապետյանըՈւրախ եմ տեսնել, որ հայաստանյան ՏՏ ոլորտն այդ ալիքի կենտրոնում է եւ արձագանքում է այդ փոփոխություններին շատ առողջ ձեւով: Հունիսի 22-ին կայանալիք համաժողովը կազմակերպվում է որպես ներկայում ընթացող ՏՏ հեղափոխության արդյունք: Համաժողովը մեկ վայրում միավորելու է բոլոր առանցքային շահագրգիռ կողմերին՝ բիզնեսը, տեխնոլոգիաները, կառավարությունը, կրթության պատասխանատուներին եւ ներդրողներին՝ Հայաստանի ՏՏ ոլորտի ներկան եւ ապագան քննարկելու համար: Սրանք են համաժողովի օրակարգի հիմնական ուղղությունները.- Ցույց տալ Հայաստանի պատրաստակամությունը՝ ներգրավվելու ավելի մեծ ՏՏ աութսորսինգում եւ դառնալու ներդրումային շուկայի մասը՝ վերջին տասնամյակում գրանցած աճի հենքի վրա; - Ներկայացնել Հայաստանի ՏՏ ոլորտի հաջողությունները եւ տարբեր սցենարները՝ հայրենիքում ստեղծված ՏՏ ընկերությունները, Հայաստանում հիմնված միջազգային ընկերությունները եւ սթարթափերը;- Համաշխարհային խոշոր ընկերություններին (Deloitte, EY, KPMG, PwC, Grant Thornton, McKinsey) ներկայացնել ՏՏ աութսորսինգի ներկայիս վիճակը, հասկանալ միջազգային խոշոր ընկերությունների աութսորսինգային ռազմավարությունները; - Կրթության ոլորտի մասնագետների համար թիրախավորել պրակտիկայի թեման. ինչպես հասցնել այն միջազգային մակարդակի եւ ներդնել ուսանողական պրակտիկայի մշակույթը; - Հասկանալ ներդրողների հետաքրքրությունները եւ ակնկալիքները ՏՏ ոլորտից; - Պարզել, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ գլոբալ ՏՏ ներդրողների համար թիրախ դառնալու: - Ովքեր են մասնակցելու համաժողովին եւ ակնկալում եք, արդյո՞ք, անմիջական եւ արագ արդյունքներ: Էմմա Առաքելյան: - Համաժողովին ներկա կլինեն Հայաստանի վարչապետը, նրա տնտեսական հարցերով խորհրդականը, Կենտրոնական Բանկի, EY, Deloitte, KPMG, Grand Thornton, McKinsey ընկերությունների, բուհական համակարգի ներկայացուցիչներ, ՏՏ մասնագետներ, ներդրողներ Նյու-Յորքից, Եվրոպայից, հայաստանյան ավելի քան 150 ընկերություններ: Համաժողովի արագ արդյունքը կլինի այն, որ տեղական եւ միջազգային բիզնեսը կտեղեկանա, որ Հայաստանի ՏՏ ծառայությունները պատրաստ են ուժեղ մրցակից լինել համաշխարհային ՏՏ շուկայում: Երկրորդ արդյունքը կլինի այն, որ ՏՏ ընկերությունները կհիմնեն միջազգային չափանիշներին համապատասխանող պրակտիկայի ծրագրեր՝ մեծ խթան տալով ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստմանը: Մյուս անմիջական արդյունքը կլինի այն, որ մենք ցույց կտանք Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունների հաջողությունները եւ կնախաձեռնենք ավելի ռազմավարական եւ արդյունավետ համագործակցություն ՏՏ ընկերությունների, ՏՏ ընկերությունների եւ բիզնեսի, ՏՏ ընկերությունների եւ համալսարանների, բոլոր կողմերի միջեւ՝ընդգրկելով Հայաստանի կառավարությանը՝ առաջ տանելու այս ճյուղը:- Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի ՏՏ ոլորտը վերջին տարիներին շատ արագ է աճում: Ձեր կարծիքով, այս աճն արտացոլո՞ւմ է իրական ներուժը, թե՞ ավելին կարող է արվել: Տիգրան Աթայան: - Վերջին տարիներին Հայաստանի ՏՏ ոլորտի գրանցած աճն իսկապես տպավորիչ է: Նվաճումներից հատկանշականն այն է, որ աշխարհում Microsoft-ի 140 ինովացիոն կենտրոնների շարքում Հայաստանի կենտրոնը գտնվում է առաջատար եռյակում: Հայաստանում ՏՏ ոլորտը երկրի ամենադինամիկ զարգացող հատվածն է, որը տնտեսության միջին մակարդակից չորս անգամ արագ է աճում: Հաշվի առնելով ՏՏ ոլորտի աշխատուժի որակը եւ սթարթափերի ու FinTech ոլորտի հեղափոխությունը, կարծում եմ, որ Հայաստանի ՏՏ ոլորտը շատ ավելի մեծ ներուժ ունի եւ ավելին կարող է արվել: Հայաստանը կարիք ունի ներկայանալու այնտեղ, որտեղ կան անսահմանափակ հնարավորություններ: Խոսքը, մասնավորապես, Նյու Յորքի ներդրողների եւ խոշոր միջազգային ընկերությունների մասին է, որոնք ներգրավվում են FinTech ոլորտում եւ ՏՏ նորարարական լուծումներում: Հայաստանը կարող է առաջարկել առավել մասնագիտացված ՏՏ ծառայություններ, նորարարական աշխատուժ եւ բարձրորակ արդյունքներ: -Շատերն ասում են, որ Հայաստանի ՏՏ ոլորտը պետք է աութսորսինգից անցում կատարի հավելյալ արժեքով ապրանքներ եւ ծառայություններ ապահովող մոդելի: Պատրաստվու՞մ եք համաժողովին անդրադառնալ այս հարցերին: Տիգրան Աթայան: - Իհարկե, սա լինելու է քննարկումների առանցքային հարցերից մեկը: Ինչպես արդեն ասացի, Հայաստանի ՏՏ ոլորտը ունի ավելի մեծ ներուժ եւ այն կարող է ավելի հզոր դեր խաղալ նորարարության եւ մասնագիտացված ծառայությունների հարթակում: Շուկայի միտումն այն է, որ IT-աութսորսինգի մոդելը փոխվում է FinTech hեղափոխական շարժման շնորհիվ: Մենք արդեն տեսնում ենք անցումը դեպի ավելի մասնագիտացված եւ նորարարական ՏՏ-աութսորսինգ եւ ահա այստեղ է, որ Հայաստանը պետք է դրսեւորի իրեն: Այդ ծառայություններն ու ոլորտները հետեւյալն են. 1. Enteprise հավելվածներ (SAP, Salesforce, Hyperion, Cognos եւ այլն.), որոնք ապահովում են տվյալների միգրացիա, տվյալների ինտեգրում, ինտերֆեյսի ինտեգրում: 2. Տվյալներ եւ վերլուծություն (Python, MDM, Visualization եւ այլն):3. Թվային եւ օգտագործողի փորձառություն (Digital and User experience): 4. Վեբ դիզայն եւ վեբ-հավելվածներ:5. FinTech լուծումներ: 6. Բջջային հավելվածներ: -Ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկը մասնագետների՝ ինժեներների, ծրագրավորողների, դիզայներների պակասն է: Համաժողովին մասնակցելու են համալսարանների ռեկտորներ եւ դեկաններ՝ ի՞նչ եք պատրաստվում քննարկել նրանց հետ: Տիգրան Աթայան: - Համաժողովի օրակարգը հստակ շեշտ է դնում մարդկային ռեսուրսների հարցի վրա՝ որպես աճի ապահովման առանցքային գործոն: Համաժողովի ժամանակ Հայաստանի առաջատար համալսարանների ղեկավարության հետ քննարկումների գլխավոր թեման կլինի այն, թե ինչպես ուսանողների շրջանում պրակտիկայի անցկացման մշակույթը բարձրացնել միջազգային մակարդակի վրա: Ուսանողները իրական աշխատանքի փորձառություն կարող են ստանալ ուսման հենց առաջին տարվանից, ինչպես դա լինում է, օրինակ, Նյու Յորքում: -Ի՞նչ կարող էր անել Հայաստանի կառավարությունը՝ ՏՏ ոլորտի աճը խթանելու համար: Ի՞նչ պետք է եւ կարող է արվել արեւմտյան ՏՏ-հսկաներին Հայաստան բերելու համար: Էմմա Առաքելյան: - Ակնհայտ է, որ շուկայի այլ արմատական փոփոխությունների հետ մեկտեղ FinTech-ը եւս փոխում է ՏՏ-աութսորսինգի եւ ներդրումների ներդրումային ռազմավարությունները սթարթափերի համար: Էմմա ԱռաքելյանըՇատ արդյունավետ կլինի, եթե Հայաստանի կառավարությունը պարզեցնի կարգավորումները եւ հարկումը, ավելի շատ տեղական եւ միջազգային հնարավորություններ ստեղծել: - Կարո՞ղ է տարածաշրջանային մոտեցումը աճի հավելյալ գործոն դառնալ: Օրինակ, տեսնո՞ւմ եք Հայաստանի եւ Վրաստանի ՏՏ ընկերությունների միջեւ համագործակցություն հիմնելու հեռանկարներ:Էմմա Առաքելյան: - Խորապես համոզված եմ, որ համագործակցությունը բոլոր մակարդակներում՝ տեղական, տարածաշրջանային եւ համաշխարհային, այն ճանապարհն է, որով պետք է շարժվել առաջ: ՏՏ-հեղափոխության նորարարական բնույթը Հայաստանը կտանի ավելի մեծ բարձունքների, եթե մենք միավորենք մեր ուժերը: Մենք պետք է առավելագույնս օգտագործենք տարածաշրջանային եւ համաշխարհային աշխատուժը՝ մեր հետագա աճը խթանելու համար: Ինչպես արդեն նշեցի, Հայաստանը պետք է աճի ռազմավարություններ ունենա տարբեր ուղղությունների համար, այդ թվում՝ համագործակցություն տեղական (ավելի քան 400 ՏՏ-ընկերությունների միջեւ), տարածաշրջանային (Վրաստան, ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արեւելք եւ այլն) եւ համաշխարհային մակարդակներում: Tweet Դիտում՝ 6460