ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 30 մլրդ դրամի հասցնելու որոշման հետ կապված վերադասավորումները, բնականաբար, չեն կարող շրջանցել բանկ-հաճախորդ հարաբերությունները:Ուստի փորձել ենք միացման գործընթացներում արդեն իսկ ներառված բանկերից՝ Ինեկոբանկից եւ Հայէկոնաբանկից ճշտել, թե անցումային ինչ ընթացակարգ է գործում միացող բանկերի (համապատասխանաբար՝ ՊրոԿրեդիտ Բանկի եւ ԲՏԱ Բանկի) հաճախորդների գործող ավանդային, վարկային եւ այլ պայմանագրերի համար, եւ որքանով է այն ծախսատար եւ/կամ ժամանակատար հաճախորդների համար:Banks.am-ը դիտարկել է նաեւ հնարավոր սցենարը, թե ինչ ճակատագիր է սպասում այն բանկին, որը մինչեւ 2017թ. չի հասցնի իր ընդհանուր նորմատիվային կապիտալի չափը 30 մլրդ դրամի:Նորամուտ՝ առանց «անակնկալների» Banks.am-ի հարցմանն ի պատասխան Ինեկոբանկից հայտնել են, որ բանկում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի հաճախորդների տեղափոխությունը լինի առավելագույնս ավտոմատացված, այսինքն՝ հաճախորդը պարտավորված չլինի այցելել բանկ կամ ստորագրել լրացուցիչ փաստաթղթեր: «Կլինեն, իհարկե, դեպքեր, երբ անհրաժեշտություն կառաջանա հաճախորդի հետ քննարկել ծառայությունների որոշակի տարբերություններ եւ մանրամասներ, ինչի արդյունքում առաջարկված տարբերակներից նա կընտրի իրեն առավել նպատակահարմարը: Ավանդային եւ վարկային գործող պայմանագրերը նույնությամբ կտեղափոխվեն, եւ հաճախորդի համար ոչ մի ծախս, անհարմարություն կամ հետագա վնասներ տվյալ գործընթացը չի առաջացնի: ՊրոԿրեդիտ Բանկի գործող մասնաճյուղերում հաճախորդները կարող են ստանալ խորհրդատվություն իրենց ավանդների, վարկերի եւ այլ բանկային ծառայությունների վերաբերյալ»,- նշել են Ինեկոբանկում:Բանկերի ակնկալվող սահուն միացման մասին է վկայում նաեւ նրանց մասնաճյուղային ցանցերի միավորումը:Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել էր Ինեկոբանկի 11 նոր մասնաճյուղ: Ինեկոբանկում, մեկնաբանելով այս քայլը, Banks.am-ին հայտնել էին, որ ՊրոԿրեդիտի Բանկի մասնաճյուղերի նույն հասցեներում գրանցվել են Ինեկոբանկի մասնաճյուղերը՝ նպատակ ունենալով ազատել հաճախորդներին բանկերի ինտեգրման գործընթացում ծագող հնարավոր անհարմարություններից:Անդրադառնալով պայմանագրերի պայմաններին՝ Ինեկոբանկում նշել են, որ գործող պայմանագրերը կմնան անփոփոխ: Ինչ վերաբերում է սակագների անհամապատասխանությանը, ապա երկու բանկերի առաջարկած ծառայությունների ուսումնասիրության ընթացքում մշակվել են միասնական սակագներ, որոնք կգործեն նոր հաճախորդների եւ առկա հաճախորդների նոր՝ վարկային, ավանդային եւ մյուս պայմանագրերի դեպքում՝ բանկերի միացումից հետո: «Այս սակագները մրցակցային են, եւ կարծում ենք, որ ՊրոԿրեդիտ Բանկի հաճախորդները գոհ կմնան»,- ասել են Ինեկոբանկում:*****************Հայէկոնոմբանկում եւս նշել են, որ «մինչեւ գործող պայմանագրի ավարտը վարկերի եւ ավանդների տոկոսները կմնան անփոփոխ»: Նախատեսվում է, որ հետագայում Հայէկոնոմբանկը տոկոսները կհամապատասխանեցնի իր գործող սակագներին: Բանկում նաեւ վստահեցրել են, որ միացման գործընթացը ԲՏԱ Բանկի հաճախորդների համար լրացուցիչ անհարմարություն եւ ծախսեր չի առաջացնի: Օրենսդրական երաշխիքներ ավանդատուներինՀՀ Կենտրոնական բանկից Banks.am-ին հայտնել են, որ բանկերի միացման արդյունքում ձեւավորվող բանկը շարունակելու է իր բնականոն գործունեությունը` առանց որեւէ կերպ ազդելու բանկ-հաճախորդ հարաբերությունների վրա` ընդհուպ բանկերում ներդրված ավանդների երաշխավորման հարցում:Այս նպատակով կատարվել են մի շարք բարեփոխումներ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում` ուղղված միացող բանկերի ավանդատուների շահերի պաշտպանությանը: Այսպես, բանկերի միացման դեպքում միացող բանկերում առկա նույն ավանդատուին պատկանող ժամկետային ավանդները շարունակելու են երաշխավորվել որպես առանձին բանկային ավանդներ` մինչեւ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ցպահանջ ավանդները` միացման պահից սկսած 1 տարվա ընթացքում: «Ինչ վերաբերում է միացող բանկերի ընթացիկ գործունեությանը, ապա միացումները որեւէ խնդիր չեն առաջացնում ավանդատուների շահերի պաշտպանության եւ բանկային համակարգի կայունության տեսանկյունից»,- նշել են ԿԲ-ում:Լուծում կգտնվի ամեն դեպքումԿԲ-ի օգնությամբ դիտարկել ենք նաեւ հնարավոր այն սցենարը, թե ինչ կլինի, եթե բանկը մինչեւ 2017թ. ի վիճակի չլինի հասցնել իր ընդհանուր նորմատիվային կապիտալը պահանջվող 30 մլրդ դրամ սահմանաչափին:Ինչպես նշել են ԿԲ-ում, տեսականորեն այդպիսի իրավիճակում բանկերը հնարավորություն ունեն վերակազմավորվել որպես վարկային կազմակերպություն: Նշված ընթացակարգի շրջանակում նախատեսվում է, որ բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրում սահմանված ժամկետներում բանկը պարտավոր է կատարել բանկային ավանդի եւ բանկային հաշվի պայմանագրերով իր ստանձնած բոլոր պարտավորությունները կամ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան`դրանք փոխանցել այլ բանկ:Եթե, այնուամենայնիվ, բանկը որեւէ կերպ չկարողանա հասցնել իր կապիտալը 30 մլրդ դրամի եւ չվերաձեւակերպվի վարկային կազմակերպության, ապա այս դեպքում եւս հաճախորդները չեն տուժի:«Տվյալ դեպքում Կենտրոնական բանկը՝ որպես կարգավորող եւ վերահսկող մարմին, բանկի նկատմամբ կարող է կիրառել օրենքով սահմանված միջոցներ: Բայց եւ այնպես, նման հնարավոր գործընթացների արդյունքում սպառողները չեն տուժի»,- վստահեցրել են ԿԲ-ում:Սպասումները լավատեսական են Կենտրոնական բանկում նշել են, որ մինչեւ կապիտալի նորմատիվային սահմանաչափի բարձրացման մասին որոշման ընդունումը հարցը 2 տարի շարունակ քննարկվել է ինչպես առեւտրային բանկերի սեփականատերերի եւ ղեկավարների, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: «Ներկայումս Կենտրոնական բանկը որեւէ մտահոգություն չունի բանկերի կողմից կապիտալի համալրման հետ կապված` հաշվի առնելով սահմանված ողջամիտ ժամկետները, ինչպես նաեւ բանկերի այլընտրանքային գործողությունները»,- նշել են ԿԲ-ում: ԿԲ-ն ակնկալում է նաեւ, որ մոտ ժամանակներս բանկային համակարգում կլինեն միացման նոր գործընթացներ:Սիրանուշ Սիմոնյան Tweet Դիտում՝ 13739