Սեյեդ Ղոլամրեզա Մուսավի. Մելլաթ Բանկը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում

25.03.2016 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Իրանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների վերացումը դրական է անդրադարձել նաեւ հայաստանյան Մելլաթ Բանկի գործունեության վրա: Բանկը սկսել է ակտիվացնել իր քաղաքականությունը ինչպես մարքեթինգի, այնպես էլ հաճախորդներին տրամադրվող ծառայությունների ընդլայնման ուղղությամբ:

Բանկի գովազդային նոր քաղաքականության, կապիտալի համալրման, հետագա գործունեության եւ մի շարք այլ հարցերի շուրջ Banks.am-ը զրուցել է հայաստանյան Մելլաթ Բանկի գործադիր տնօրեն Սեյեդ Ղոլամրեզա Մուսավիի հետ:

- Պրն Մուսավի, ամիսներ անց ուժի մեջ կմտնի ԿԲ նոր որոշումը, ըստ որի՝ բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալը պետք է հասնի 30 մլրդ դրամի: Նախատեսո՞ւմ է արդյոք Մելլաթ Բանկը կապիտալի համալրում:

- Երբ ՀՀ Կենտրոնական բանկը որոշում ընդունեց, ըստ որի՝ բանկերի կապիտալը պետք է հասնի 30 մլրդ դրամի, իրանական Մելլաթ Բանկը, որը հայաստանյան Մելլաթ Բանկի միակ բաժնետերն է, որոշեց, որ մեր բանկը եւս պետք է համապատասխանի այդ պահանջին: Որոշվեց, որ պետք է իրականացվի կապիտալի համալրում՝ դարձնելու այս ցուցանիշը 30 մլրդ եւ ավելին: Այդպիսով, 2015թ. ընթացքում բանկի կանոնադրական կապիտալը 10 մլրդ դրամից աճեց մինչեւ 18 մլրդ:

Նախատեսում ենք, որ մինչեւ տարեվերջ բանկը կլուծի իր կապիտալի համալրման հարցը: Համալրումն իրականացվելու է մեր միակ բաժնետիրոջ կողմից՝ ներդրումների եւ չբաշխված շահույթի մեծացման հաշվին:

Հաշվի առնելով Իրանի Մելլաթ Բանկի ղեկավարության բարի կամքը մեր հանդեպ՝ մենք կշարունակենք գործել հայկական ֆինանսական շուկայում: Ավելին, Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու շնորհիվ Երեւանի Մելլաթ Բանկն Իրանի համար կարող է ճանապարհ բացել դեպի Եվրասիական տնտեսական միություն՝ ապահովելով նրա հասանելիությունն այս շուկային:

- Ի՞նչ հեռանկարներ է բացում Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումը Մելլաթ Բանկի համար:

- Իրանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների վերացումը, անշուշտ, դրականորեն կանդրադառնա բանկի գործունեության վրա: Այն կօգնի մեզ դրսեւորվել միջազգային հարաբերություններում:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ օրերս միացանք SWIFT միջազգային վճարային համակարգին եւ ուղարկեցինք մեր առաջին SWIFT հաղորդագրությունը՝ շնորհավորանք իրանական Ամանորի առթիվ:

Այսուհետ մեր հաճախորդներն ավելի հեշտությամբ կկարողանան օգտվել մեր ծառայություններից՝ իրականացնել եւ ստանալ փոխանցումներ արտասահմանից, ձեռք բերել վարկեր եւ այլն:

Միջազգային շուկա մտնելու մեր հաջորդ քայլը միջազգային քարտերի տրամադրումն է: Մի քանի բանկերի հետ արդեն բանակցություններ ենք վարում, որպեսզի կիրառենք այս ոլորտի նրանց փորձն ու տեխնոլոգիան:

Մելլաթ Բանկը մեծ դեր կարող է ունենալ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում: Այս պահին փորձում ենք գտնել իրավաբանական բոլոր այն անձանց, որոնք Իրանից ապրանք են ներմուծում Հայաստան, եւ բանակցել նրանց հետ՝ փոխանցումները մեր բանկի միջոցով իրականացնելու համար:

- Ի՞նչ ծրագրեր ունի բանկն ընթացիկ տարվա համար:

- Մելլաթ Բանկի կարեւորագույն նպատակը Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման մեջ դեր ունենալն է: Հայկական շուկայում գործունեության մի քանի տարիների ընթացքում բանկն իր շահույթը երբեք չի փոխանցել Իրան, այլ ծառայեցրել է այն իր կապիտալի համալրմանն ու Հայաստանում նոր ներդրումների իրականացմանը: Ստացված ամբողջ շահույթն ուղղվել է ՀՀ-ում գրանցված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վարկավորմանը, որոնք կազմում են բանկի հաճախորդների 80%-ից ավելին:

Բանկը մոտ ապագայում պատրաստվում է բացել իր երկրորդ մասնաճյուղը Հայաստանում, ինչպես նաեւ Վրաստանում. երկուսի գծով էլ ընթանում են նախնական ուսումնասիրություններ եւ հետազոտություններ: Մինչ այժմ մեր բոլոր վարկատեսակներն անշարժ գույքի գրավով են: Նոր մասնաճյուղի բացման հետ մեկտեղ բանկը կընդլայնի իր ծառայությունների ցանկը՝ առաջարկելով նոր վարկատեսակներ՝ գրավով եւ առանց գրավի, միջազգային վճարային քարտեր եւ այլն: Բացի այդ, 5-6 ամիս հետո բանկը կգործի նոր հասցեում:

Հուսով ենք, որ շուտով մեր բանկը եւս կկարողանա աշխատել բոլոր նորմալ բանկերի նման՝ հաճախորդներին տրամադրելով լիարժեք ծառայություններ եւ վերականգնելով համագործակցությունը մյուս բանկերի հետ:

Մելլաթ Բանկի հաջողությունը պայմանավորված է նաեւ տեղական մյուս բանկերի վերաբերմունքով եւ աջակցությամբ:

- Վերջերս Երեւանի կենտրոնում նկատեցինք Մելլաթ Բանկի գովազդային նոր վահանակները. արդյոք սա վկայո՞ւմ է բանկի մարքեթինգային քաղաքականության փոփոխության մասին:

- Վերջապես, մեր բանկն ունի իր առաջին գովազդը Հայաստանում (ժպտում է-խմբ.):



Մինչ այժմ բանկի ղեկավարությունը գովազդը համարում էր աննպատակահարմար, քանի որ պատժամիջոցների պատճառով մեր գործարքները խիստ սահմանափակ էին: Ճիշտ չէր լինի, եթե հաճախորդը, տեսնելով գովազդը, այցելեր բանկ, իսկ մենք չկարողանայինք իրականացնել նրան անհրաժեշտ գործարքները:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման շնորհիվ այսուհետ հանգիստ կարող ենք գովազդել մեր ծառայությունները:

- Ուսումնասիրելով Մելլաթ Բանկի հաշվետվությունները՝ նկատեցինք, որ բանկի շահույթը 2015թ. մոտ 3 անգամ աճել է նախորդ տարվա համեմատ: Ինչո՞վ է դա պայմանավորված:  

- 2014թ. եւ 2015թ. մեր գործունեության մեջ որեւէ էական փոփոխություն չի արձանագրվել: Ցուցանիշների այս տարբերությունը պայմանավորված է 2014թ. գրանցված ցածր շահույթով, որի պատճառը բանկի վարկերից մեկի դուրսգրումն էր, ինչն էլ ազդել էր շահույթի վրա: Իսկ 2015թ., բարեբախտաբար, նման դեպք չենք ունեցել:

Իրանական պատժամիջոցների վերացումը, կարելի է ասել, դեռեւս չի անդրադարձել մեր գործունեության արդյունքների վրա: Պատճառն այն է, որ թե՛ հայկական, թե՛ միջազգային բանկերը դեռ չեն հասցրել լիովին կողմնորոշվել Մելլաթ Բանկի հետ հարաբերություններում՝ չնայած որ արդեն հաշիվներ են բացում մեզ համար:

Սեյեդ Ղոլամրեզա Մուսավիի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 4614
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW