Էլիզաբեթ Հենի. «Բաց երկնքի» քաղաքականությունն իրական հաջողություն էր

17.06.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Banks.am-ի հարցազրույցը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրային հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Հենիի հետ:

- Այս տարվա մայիսին ՀՀ նախագահի` ԱՄՆ կատարած այցի ժամանակ Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրեցին Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA): Այս փաստաթղթի ստորագրման համար պահանջվեց շուրջ տասը տարի: Որո՞նք էին այդքան երկար բանակցությունների հիմնական պատճառները:

-Իրականում, չնայած Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի մասին խոսվում էր դեռեւս մի քանի տարի առաջ, բանակցություններն այդ ժամանակ դեռ չէին սկսվել: Դրանք մեկնարկել են միայն անցյալ տարի: Մենք սկսեցինք բանակցությունները, որովհետեւ Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերություններն արդեն այնքան էին հասունացել, որ այդ համաձայնագրի կնքումը կարող էր լրացուցիչ խթան հաղորդել մեր տնտեսական հարաբերություններին: Բուն բանակցային գործընթացը շատ արագ ընթացավ: Ուրախ եմ, որ մենք Հայաստանի հետ արդեն ունենք այդ համաձայնագիրը, եւ կարծում ենք, որ այն կհանգեցնի մեր երկկողմ տնտեսական հարաբերութունների խորացմանը:  

- Լուրեր էին շրջանառվում, թե համաձայնագրի կնքումը հետաձգվում էր Հայաստանում բիզնես միջավայրի հետ կապված խնդիրների պատճառով: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ճիշտն ասած, ձգձգման կամ հետաձգման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ փաստացի նման ծրագրեր չկային: Համաձայնագրի ստորագրման վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի` անցած տարվա հանդիպման ժամանակ, եւ ԱՄՆ առեւտրի ներկայացուցիչը, որն այդ համաձայնագրի մասով պատասխանատու կառույց է, սկսեց այդ հարցի շուրջ քննարկումները ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: Որոշակի ժամանակ պահանջվեց դրա համար, եւ բանակցությունները մեկնարկեցին:   

-Համաձայնագիրը նախատեսում է հայ-ամերիկյան առեւտրի եւ ներդրումների խորհրդի ստեղծում: Ի՞նչ խնդիրներ են դրված լինելու խորհրդի առջեւ, ինչպե՞ս է այն գործելու:  

- Այդ խորհրդի կազմում ներկայացված կլինեն ամերիկյան եւ հայկական կողմերը: ԱՄՆ-ը կներկայացնի ԱՄՆ Առեւտրի ներկայացուցիչը: Խորհուրդը կբանակցի եւ կհաստատի օրակարգը, որի շուրջ էլ կիրականացվեն համապատասխան աշխատանքները, մասնավորապես՝ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են առեւտրային եւ ներդրումային հարաբերություններում մոնիտորինգը, ներդրումների, առեւտրային հնարավորությունների, ներուժի ուսումնասիրությունը: Կդիտարկվեն նաեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերութունների զարգացման ճանապարհին առկա խոչընդոտներն ու արգելքները: Խորհրդի նիստերին ներգրավված կլինեն նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Երկու երկրների կառավարութուններն առանձին կխորհրդակցեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Խորհրդի նիստերը տեղի կունենան Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստերի հետ համատեղ:

- Մի քանի օր առաջ Հայաստանն ամերիկյան ընկերության հետ ստորագրեց «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված եւ լրամշակված պայմանագիրը: Այս գործարքը Հայաստանում ամերիկյան կողմի` երբեւէ կատարած ամենախոշոր ներդրումային ծրագիրն է: Կարո՞ղ ենք ասել, որ TIFA-ի կնքումը «կանաչ լույս» ծառայեց Որոտանի գործարքի համար:

- Ես այդպես չէի ասի, որովհետեւ «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը Հայաստանի կառավարության հետ բանակացություններ էր վարում շուրջ 3 տարի: Դա ամբողջությամբ առանձին գործընթաց էր ընկերության եւ կառավարության միջեւ, մինչդեռ TIFA-ն բանակցվել է ԱՄՆ Առեւտրի ներկայացուցչի գրասենյակի եւ ՀՀ կառավարության միջեւ: Այնուամենայնիվ, այս երկու համաձայնագրերն էլ փաստում են Հայաստանի մետ մեր առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման մասին: Մենք հույս ունենք, որ դրանք կարող են ամերիկյան ընկերությունների շրջանում լրացուցիչ հետաքրքրություն առաջացնել հայկական շուկայի նկատմամբ:  

- Ներկայում Հայաստանում գործում է ամերիկյան կապիտալով շուրջ 400 ընկերություն: Ի՞նչ եք կարծում՝ TIFA-ի ստորագրումից եւ Որոտանի հաջող գործարքից հետո դրանց թիվը կավելանա՞:

- Մենք հույս ենք, որ ե՛ւ Որոտանի գործարքը, ե՛ւ TIFA-ի ստորագրումը կավելացնեն Հայաստանի շուկայով հետաքրքրված ամերիկյան ընկերությունների թիվը: Որոտանի նման հնչեղ գործարքին, բնականաբար, շատ ներդրողներ էին ուշադրությամբ հետեւում՝ տեսնելու, թե հայկական շուկան ինչպես է ընդունում ամերիկյան ընկերություններին: Հանգամանքը՝ կգա՞ն արդյոք այստեղ ամերիկյան ընկերություններ, թե՞ ոչ՝ պայմանավորված է լինելու ՀՀ գործարար միջավայրով: Անհրաժեշտ են շահութաբեր բիզնես սկսելու տարբերակներ, որպեսզի ամերիկյան ընկերությունները գան եւ ներդրումներ անեն, եւ մենք պետք է կարողանանք գտնել այդպիսի ոլորտներ, ճյուղեր Հայաստանի տնտեսության մեջ, որոնց վրա կհրավիրենք ներդրողների ուշադրությունը:   


Էլիզաբեթ Հենին
Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնց բախվում է ամերիկյան բիզնեսը Հայաստանում:       

- Հայաստանն ունի շատ ուժեղ կողմեր: Այն ունի կիրթ, զարգացած աշխատուժ, մեծ փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Բազմաթիվ ամերիկյան ընկերություններ հաջողությամբ աշխատում են հայաստանյան ՏՏ ոլորտում: Սակայն Հայաստանը դեռեւս առերեսված է բազմաթիվ մարտահրավերների: Այն խոչընդոտները, որոնց հանդիպում են ամերիկյան ընկերություններն այստեղ, նույն արգելքներն են, որոնք առկա են մնացած բոլոր ընկերությունների դեպքում: Դա ենթադրում է հարկային եւ մաքսային վարչարարությունում թափանցիկության եւ կանխատեսելիության պակաս, շուկայում որոշակի կապեր ունեցող օղակների գերակշիռ դեր, որը խոչընդոտներ է ստեղծում շուկայում մրցակցության համար՝ չթողնելով ոլորտի մյուս ընկերություններին շուկա մուտք գործել: Ամերիկյան բիզնեսի համար ամենակարեւորը կանխատեսելիությունն է: Ամերիկացի գործարարներն ուզում են հստակ իմանալ՝ երբ եւ ինչքան պետք է վճարել, ցանկանում են վստահ լինել, որ խաղի կանոնները չեն փոխվի եւ հավասարապես նույնը կլինեն բոլորի համար: Տեխնիկական տեսանկյունից, Հայաստանում շատ լավ օրենքներ կան, առեւտրային եւ ներդրումային լավ ռեժիմներ են գործում, սակայն իրականության մեջ կարեւոր է, որպեսզի այդ օրենքները հավասարապես կիրառվեն:     

- TIFA-ի ստորագրումից հետո ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները կոչ են անում սկսել ՀՀ եւ ԱՄՆ-ի միջեւ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի բանակցությունները: Ե՞րբ հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները:
 
-Հայաստանի հետ կրկնակի հարկման բացառման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու ծրագրեր չկան: Այդպիսի համաձայնագրի բանակցություններ սկսվում են այն ժամանակ, երբ տվյալ երկրում գործող նշանակալի թվով ամերիկյան ընկերություններ դժգոհում են կրկնակի հարկման հետեւանքով զգալի կորուստեր կրելուց: Այդ ընկերությունները պետք է դիմում ներկայացնեն ԱՄՆ ֆինանսների նախարարություն՝ կրկնակի հարկման փաստի վերաբերյալ: Այս պահի դրությամբ նման բողոք չկա: Ուստի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հիմքեր չունի նման բանակցություններ սկսելու համար:

- Իմ վերջին հարցը վերաբերում է «բաց երկնքի» քաղաքականությանը: Չնայած այն հանգամանքին, որ այս քաղաքականության հայեցակարգն ընդունվել է շուրջ երկու տարի առաջ, տպավորություն կա, որ դրա իրականացումը շատ դանդաղ է ընթանում եւ Հայաստան եկող ավիաընկերությունների թիվը ոչ թե ավելանում, այլ պակասում է: Համաձա՞յն եք այս դիտարկման հետ:  

-Կարծում եմ՝ «բաց երկնքի» քաղաքականությունն իրական հաջողություն էր: Այն ոչ միայն ցույց տվեց Հայաստանի կառավարության ցանկությունն ու կարողությունը՝ իրականացնելու կարեւոր եւ մեծածավալ բարեփոխումներ, այլեւ տվեց իրական արդյունքներ: Երբ նայում ենք վիճակագրությանը, կարող ենք տեսնել, որ ուղեւորափոխադրումներն ավելացել են, թռիչքների քանակն ավելացել է, ավիատոմսերի գները նվազել են: Իրական օգուտներ եղել են, սակայն պետք չէ մոռանալ, որ այժմ տնտեսության համար բավական դժվարին ժամանակներ են: Մարդիկ նախկինի պես շատ գումար չունեն, նրանք նախկինի պես շատ չեն ճամփորդում, ուստի շատ դժվար է համեմատել ներկայիս ժամանակաշրջանը անցյալի հետ, երբ տնտեսական պայմաններն ավելի բարենպաստ էին: Բացի այդ, «բաց երկնքի» քաղաքականության մշակումից հետո երկրի քաղաքականության մեջ եւս նշանակալից փոփոխություններ եղան: Այն ժամանակ Հայաստանը պատրաստվում էր Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը: Փոխարենը Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը: Նախքան բիզնես ծրագրերի հետ կապված մեծ որոշում կայացնելը՝ մեծ թվով ավիաընկերություններ այժմ սպասում են ՝ հասկանալու, թե ինչ ազդեցություն կունենա ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը այս ոլորտի կարգավորող միջավայրի վրա: Սակայն, ավիաընկերությունները նման լուրջ որոշումներ կայացնում են նախապես մեկ կամ երկու տարի շուտ, ուստի դրանք դեռ սպասում են:

Բացի այդ, նման բարեփոխումները ժամանակ են պահանջում, եւ մեկ գիշերվա ընթացքում արդյունքներ չեն տալիս: Նոր կարգավորման շրջանակի վերաբերյալ օրինագիծը դեռեւս ՀՀ Ազգային ժողովում է, այն դեռեւս հավանության չի արժանացել: Սա դեռեւս ամբողջական գործընթաց չէ եւ վաղ է դատել արդյունքների մասին: Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում այս որոշումը կարող է միայն օգնել Հայաստանի տնտեսությանը:

Էլիզաբեթ Հենիի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Դիտում՝ 18049
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW