Տիգրան Ջրբաշյան. ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը կարող է ֆենոմենալ դեր խաղալ

19.05.2015 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Հայաստանն ու Միացյալ Նահանգները մայիսի 7-ին ստորագրեցին Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը (Trade and Investment Framework Agreement - TIFA)։ Երկար բանակցված այս փաստաթղթի ստորագրման համար մեծ աշխատանք են տարել ինչպես ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունները՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) եւ Ամերիկայի Հայկական Համագումարը, այնպես էլ Հայաստանում շուրջ 15 տարի գործող Ամերիկյան առեւտրի պալատը (The American Chamber of Commerce in Armenia - AmCham):

Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը Banks.am-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչ նոր հեռանկարներ կարող է բացել համաձայնագիրը հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերություններում:

- Պարոն Ջրբաշյան, այս համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել էին դեռեւս  տարիներ առաջ:  AmCham-ն ակտիվ աշխատանք է իրականացրել փաստաթղթի ստորագրման ուղղությամբ: Պատմեք, խնդրեմ, համաձայնագրի գաղափարի եւ բովանդակության մասին:  

- Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններն անցել են որոշակի փուլեր: Կողմերի միջեւ առաջին՝ Ներդրումների խրախուսման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել էր դեռեւս 1992թ.: Դրանից քիչ անց՝ նույն տարում, կնքվեց նաեւ առեւտրային հարաբերությունների վերաբերյալ համաձայնագիրը: 1996թ. ստորագրվեց երկկողմ ներդրումային համաձայնագիրը, որով Հայաստանում ամերիկյան ներդրումներն անցան ԱՄՆ-ի սահմանափակ, սակայն պետական աջակցության ներքո: Միացյալ Նահանգները մեծ աշխատանք են իրականացրել Հայաստանի՝ Առեւտրի Համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ: Կողմերի միջեւ առեւտրատնտեսական բնույթի վերջին պայմանագիրը կնքվել էր 2005թ.: Դրանից հետո մեր երկրների հարաբերությունները մտան մի փուլ, որտեղ հաջորդ, տրամաբանական քայլը պետք է լիներ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի կնքումը:

Համաձայնագրի կնքումը, փաստացի, պահանջեց տասը տարի: Դա ուներ տարբեր պատճառներ: Հայաստանը մի շարք ոլորտներում, հատկապես, մասնավոր սեփականության պաշտպանության, մաքսային ձեւակերպումների, առեւտրի խթանման միջոցների բնագավառներում բարեփոխումների իրականացման ընթացքի հետ կապված խնդիրներ ուներ, որոնք բարձրացվում եւ քննարկվում էին Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի (U.S.– Armenia Task Force) տարեկան նիստերի ժամանակ: Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատը եւս մասնակցում էր այդ նիստերին՝ բարձրացնելով առկա խնդիրները եւ փորձելով հասնել դրանց լուծմանը: Բանակցային գործընթացի վրա, բնականաբար, չէին կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանի եւ մեր տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաեւ այդ տարիների ընթացքում ԱՄՆ-ում կառավարության փոփոխությունը եւ այլ հարցեր:

- Ի՞նչ բնույթի փաստաթուղթ է TIFA-ն: Ի՞նչ է այն նախատեսում:

- Այն ֆորմալ փաստաթուղթ է, որը բովանդակային կետեր չի պարունակում եւ հենց այդ պատճառով էլ կոչվում է «շրջանակային համաձայնագիր»: TIFA-ն նախատեսում է մշտական հանձնաժողովի ստեղծում, որը գումարվող հանդիպումների ժամանակ պետք է անդրադառնա երկկողմ հարաբերությունների օրակարգի որոշակի հարցերի: Միացյալ Նահանգները նման շրջանակային համաձայնագիր կնքել են շուրջ 50 երկրի հետ, որոնց մեծ մասը Լատինական Ամերիկայի երկրներն են: Հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ն այս համաձայնագիրը երկկողմ ձեւաչափով կնքել է միայն Ուկրաինայի եւ Վրաստանի հետ: Հայաստանը դարձավ ԱՊՀ տարածքում երրորդ երկիրը, որը նման համաձայնագիր ունի ԱՄՆ-ի հետ:  Բազմակողմ ձեւաչափով, որը ենթադրում է ավելի թույլ համագործակցություն, ԱՄՆ-ը TIFA համաձայնագիր է կնքել նաեւ հետխորհրդային 5 երկրների՝ Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հետ:


Տիգրան Ջրբաշյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ի՞նչ է իրենից ներկայացնում TIFA-ն: Այն տիպային բնույթի համաձայնագիր է, որ նախադրյալներ է ստեղծում հետագա որոշումների համար: Համաձայնագրի կողմերն ընտրում են համագործակցության ոլորտներ, ձեւավորում հանձնաժողով, որը մշակում է հստակ առաջարկություններ եւ դրանց հիման վրա կայացնում որոշումներ: Հայաստանի հետ համաձայնագրի պարագայում ընտրվել են համագործակցության բավական լայն շրջանակներ: Կան հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի կողմից մի շարք երկրների հետ հարաբերություններում Արտոնությունների ընդհանուր համակարգի՝ GSP (Generalised scheme of preferences) կիրառմանը: Համաձայնագրով ստեղծվելիք հանձնաժողովի խնդիրներից մեկը լինելու է այս համակարգից օգտվող ապրանքատեսակների կոդերի ընդլայնման հարցը: Անդրադարձ է կատարվում նաեւ մտավոր սեփականության պաշտպանության խնդրին, որը համաձայնագրի կնքման խոչընդոտներից մեկն էր: Սա վերաբերում է հետեւյալին՝ Հայաստանում ամերիկյան ձեռնարկությունների կողմից ստեղծված մտավոր սեփականությունը ստանալու է նաեւ ԱՄՆ-ի պաշտպանությունը: Սա լուրջ խթան կարող է դառնալ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ամերկյան ընկերությունների ակտիվացման համար: Դրանց արտադրանքն այսուհետ պաշտպանված կլինի ԱՄՆ-ի օրենսդրությամբ:

Կարեւորում եմ նաեւ ներդրումների խրախուսման հնարավորությունները: Մասնավորապես, TIFA-ն նախատեսում է ամերիկյան պետական երկու կառույցների՝ Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի (Overseas Private Investment Corporation – OPIC) եւ ԱՄՆ-ի Ներդրումների եւ արտահանման բանկի (Export-Import Bank of the United States) գործառույթների ընդլայնումը Հայաստանում: OPIC-ը Հայաստանում գործում է 1996-ից: Այն երաշխավորում է ամերիկյան մեծ նախագծերի իրականացումը: Ex-Im Bank-ն իր հերթին ֆինանսավորում է ԱՄՆ-ի արտահանման նախագծերը:

Հայաստանում այս կառույցների գործունեության ակտիվացմամբ կխրախուսվեն մեր երկրում ամերիկյան ներդրումները:

Իրականում, TIFA-ից հետո Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դեռեւս պետք է կնքվեն մի քանի նոր համաձայնագրեր: Մենք շատ ենք կարեւորում կողմերի միջեւ երկակի հարկման վերացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Մինչ օրս ԱՄՆ-ի հետ մեր երկկողմ հարկային հարաբերություններում մենք, կարծես թե, աշխատում ենք դեռեւս ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած համաձայնագրով, որն իրականում չի արտացոլում երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը:

Կարեւորում ենք նաեւ Սոցիալական անվտանգության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, որով կարգավորվելու են Հայաստանում ամերիկյան ձեռնարկությունների աշխատակիցների հետ կապված խնդիրները: ԱՄՆ-ը նման համաձայնագիր է կնքել 24 երկրի հետ: TIFA-ով ստեղծվելիք հայ-ամերիկյան հանձնաժողովը պետք է աշխատի իմ նշած այս համաձայնագրերի կնքման ուղղությամբ:

- Կարո՞ղ ենք այսպիսով փաստել, որ TIFA-ի ստորագրմամբ հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունները մտնում են որակական նոր փուլ:

- Իրականում, TIFA-ն շրջանակային համաձայնագիր է, որը ստեղծում է ձեւաչափ եւ կանխորոշում այն ոլորտները, որտեղ պետք է աշխատենք: Թե ինչպիսի արդյունքներ կունենանք, մեծամասամբ պայմանավորված է կողմերի պատրաստակամությամբ: TIFA-ն մեզ ընձեռված հնարավորություն է: Թե որքանով մեր պետությունը եւ հայկական բիզնեսը պատրաստ կլինեն այն օգտագործել, պարզ կդառնա ապագայում: Այս պահին կարող ենք ասել հետեւյալը՝ մեզ ընձեռվել է  հնարավորություն, մեխանիզմ, որի ճիշտ եւ արդյունավետ օգտագործումը կախված է մեզանից:

- Հայաստանում բիզնես վարելու տեսանկյունից ի՞նչ խնդիրների մասին է բարձրաձայնում ԱՄՆ-ը:

- Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը նշում է բարեփոխումների, մաքսատուրքերի, կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման, մրցակցության հետ կապված խնդիրների մասին: Բացի այդ, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցությամբ փոփոխվում են Հայաստանի  առեւտրային գործառույթները: Խնդիրների ցանկը չի պակասել, պարզապես ԱՄՆ-ը շրջանակային համաձայնագրի կնքմամբ մեզ ընդառաջ քայլ է արել:

- Ձեր խոսքում արդեն նշեցիք այն ոլորտները, որտեղ կողմերը կարող են զարգացնել համագործակցությունը՝ ՏՏ ոլորտը, էներգետիկայի բնագավառը: Մյուս ո՞ր ոլորտներում է առկա հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման ներուժ:

- Հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերություների մասին խոսելիս մենք պետք է հաշվի առնենք մի քանի առանձնահատկություն, որոնցից ամենակարեւորն Ամերիկայում հայկական սփյուռքի դերակատարությունն է: TIFA-ի կնքման համար ԱՄՆ-ի հայկական երկու կազմակերպություններն իրականացրել են լոբբիստական մեծ աշխատանք: Հասկանալի է, որ ԱՄՆ-ում հայկական համայնքը լինելու է այս նախագծի հիմնական շահառուներից մեկը: Հայկական սփյուռքի գործարարները կարող են հանդես գալ տարբեր՝ տուրիզմի, հյուրանոցային բիզնեսի, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում: Պետք է հասկանալ, թե հայկական սփյուռքը որքանով է պատրաստ այս նախագծերին:

- Եթե այլ երկրների պարագայում TIFA-ն երկկողմ համաձայնագիր է, ապա Հայաստանի պարագայում այն կարծես թե եռակողմ գործընթաց է` Հայաստան-Սփյուռք-ԱՄՆ:

- Այո, շատ ճիշտ նկատեցիք: Հայաստանի հետ համաձայնագիրը, գուցե այն եզակի դեպքերից է, երբ համաձայնագրի ոչ պաշտոնական կողմ է հանդիսանում ԱՄՆ-ի հայկական համայնքը: Այսպիսով, ամերիկահայ գործարարների ներդրումների համար ավելի քիչ ռիսկային համակարգ է ձեւավորվում:


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ
ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին ստորագրում են համաձայնագիրը:
Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


- Ի՞նչ նոր հեռանկարներ է բացում այս համաձայնագիրը Հայաստանի տնտեսության համար՝ նկատի ունենալով նաեւ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին:

 - Հայաստանը միշտ էլ հայտարարել է իր կողմից որդեգրված բազմավեկտոր տնտեսական քաղաքականության մասին: Իհարկե, TIFA-ի շրջանակները հաշվի են առնելու Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները: Բարենպաստ բիզնես միջավայրի  բոլոր գնահատականներով եւ ցուցանիշներով՝ Հայաստանն այսօր ԵՏՄ-ում զբաղեցնում է առաջատարի դիրք: Հայաստանում բիզնես վարելն ավելի դյուրին է, քան ԵՏՄ անդամ մյուս երկրներում: Սա լավ հնարավորություն է տալիս մեզ: Պետք է փորձել պահպանել այս դիրքերը եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ բարելավելու մեր բիզնես միջավայրը: Օտարերկրյա ձեռներեցների համար այսօր տարբերություն չկա, թե որտեղ կգտնվի իրենց բիզնեսը՝ Ռոստովում, Մինսկում, Աստանայում, թե Գյումրիում: ԵՏՄ տարածքի այս կամ այն քաղաքում ձեռնարկություն ունենալու որոշումը պայմանավորված է լինելու այդ երկրում առկա հարկային, տրանսպորտային պայմաններով եւ ենթակառուցվածքներով:

TIFA-ի ստորագրումից հետո մեզ համար կարող են հետաքրքիր հեռանկարներ բացվել: Ամերիկյան բիզնեսը հարմարավետ կզգա Հայաստանի միջոցով ԵՏՄ տարածքում բիզնես վարելու հարցում: Սա արդեն նկատելի միտում է: Ամերիկացի գործարարները վերլուծում են իրավիճակը, ուսումնասիրում ցուցանիշները, կանխատեսումները եւ մեծ հետարքրքություն ունեն Հայաստանն օգտագործել որպես հարթակ՝ ԵՏՄ-ում բիզնես վարելու համար: Այս տեսանկյունից ստորագրված հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը կարող է դուրս գալ այլ մակարդակ: Այն կդառնա ոչ թե պարզապես ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ, այլեւ ԱՄՆ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ տնտեսական հարաբերությունների կարգավորման համակարգ, քանի որ ԵՏՄ-ին անդամակցող երկրներից Միացյալ Նահանգները երկկողմ ձեւաչափով շրջանակային համաձայնագիր է կնքել միայն Հայաստանի հետ:  Հենց այստեղ էլ պետք է փնտրել եւ օգտագործել հնարավորությունները:

Ես կարծում եմ, որ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրման պայմաններում Հայաստանի համար ստեղծվում է հնարավորությունների պատուհան: Եթե մենք կարողանանք ճիշտ դիրքավորել Հայաստանը՝ Ամերիկայի համար ԵՏՄ շուկա մուտք ապահովելու տեսանկյունից, ապա սա կլինի մեր կողմից իրագործված հնարավորություն: Թե որքանով դա մեզ կհաջողվի, կախված է մեզանից եւ մեր ներքին խնդիրները լուծելու կարողությունից: Այս հարցում ես մեծ հույսեր ունեմ: Եթե այս ամենին գումարում ենք նաեւ Իրան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, ապա Հայաստանի համար ստեղծվում է երկրների միջեւ կամուրջի դեր խաղալու ֆենոմենալ, պատմական հնարավորություն:

Տիգրան Ջրբաշյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Դիտում՝ 7354
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW