Տարածաշրջանում եզակի`ԿԲ այցելուների կենտրոնը

20.03.2015 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Դրամի նախատիպերից մինչեւ անկախ Հայաստանի թղթադրամներ. պատմության շրջափուլերով հայկական փողի ամբողջ ընթացքը կարելի է տեսնել Կենտրոնական բանկի (ԿԲ) այցելուների կենտրոնում: Այստեղ ստատիկ, թեմատիկ եւ ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով հնարավորություն է տրվում ծանոթանալ բանկի դերին, գործունեությանը հիմնական ուղղություններին, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականությանը, ֆինանսական համակարգի կարգավորմանը եւ ԿԲ այլ գործառույթներին:

ԿԲ աշխատակազմի ղեկավար Դավիթ Նահապետյանը Banks.am-ին պատմել է տարածաշրջանում եզակի եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոնի ստեղծման մասին, ներկայացրել այս տարիներին կատարած աշխատանքներն ու գործունեության մանրամասները:


Դավիթ Նահապետյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նա նշել է, որ Այցելուների կենտրոնի հայեցակարգը մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների կենտրոնական բանկերի փորձը, ինչպես նաեւ Հայաստանի առանձնահատկությունները:

«Բանկերին կից թանգարանների կամ այցելուների կենտրոնների հիմնական խնդիրը երկրի դրամաշրջանառության պատմության ներկայացումն ու կրթական ծրագրերի իրականացումն է: Նախքան կենտրոնի ստեղծումը, պարբերաբար այցեր էին կազմակերպվում Կենտրոնական բանկ: Կազմակերպվող այցերի հաջող փորձն էլ մեզ դրդեց ստեղծել առանձին կենտրոն»,- ասել է նա:

Կենտրոնի հիմնական թիրախը բարձր դասարանների աշակերտներն են, տնտեսագիտական թեքումով բուհերի ուսանողները:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Կենտրոնական բանկը շատ կարեւոր՝ ֆինանսական շուկայում շահերի պաշտպանության եւ ֆինանսական գրագիտության բարձրացման գործառույթներ ունի: Այդ շրջանակում կազմակերպվում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, թեմատիկ դասախոսություններ: Այսինքն՝ թիրախային խմբերը միայն աշակերտներով եւ ուսանողներով չեն սահմանափակվում. կենտրոնը բաց է ցանկացած այցելուի համար, որը հետաքրքրված է դրամանիշերի պատմությամբ»,- նշել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այցելուների գրանցումը կատարվում է կայքի միջոցով, որտեղ կարելի է նախապես ծանոթանալ ցուցադրությանը:

Գործունեության ընթացքում ԿԲ Այցելուների կենտրոնն ընդունել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին, համատեղ ծրագիր կա պաշտպանության նախարարության կրթական հաստատությունների հետ: Ծրագիրը կրում է «Մեկ օր կենտրոնական բանկում» խորագիրը: ՊՆ կրթական հաստատությունների սաները, ֆինանսական ծառայությունների ապագա սպառողները, ոչ միայն շրջայց են իրականացնում կենտրոնում, այլեւ դասախոսություններ են ունկնդրում՝ ֆինանսական համակարգի, բանկերի եւ այլ հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

Կենտրոնական բանկ այցելած պատվիրակություններն ու բարձրաստիճան հյուրերը եւս չեն շրջանցում Այցելուների կենտրոնը, որտեղ մեծ սիրով եւ հետաքրքրությամբ դիտում են ցուցադրությունը:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Մեծ հետաքրքրություն կա ԱՊՀ պետությունների կենտրոնական բանկերի կողմից.  նրանց հետաքրքրում է մեր փորձը: Ուշագրավ է հատկապես ինտերակտիվ հատվածը, քանի որ երբ աշակերտներն այցելում են կենտրոն, նրանք ոչ միայն լսողի դերում են, այլեւ՝ ակտիվ մասնակցի: Իրենք կարողանում են էկրանի վրա կառավարել գնաճը, ընդունել որոշումներ: Այցի ավարտին, ինտերակտիվ խաղի միջոցով, ստուգում են ստացած գիտելիքները»,- ներկայացրել է Դավիթ Նահապետյանը:  

2011թ. բացված կենտրոնում տարեկան մոտ 7500 այցելու է լինում, այս տարիների ընթացքում շուրջ 25 հազ. մարդ են ընդունել: ԿԲ պատմական շենքում տեղակայված  Այցելուների կենտրոնը նաեւ Հայաստանի մարզեր եւ Արցախ է հասել:

Մարզկենտրոններում 4 տարվա ընթացքում շուրջ 4000  մարդ է ծանոթացել հիմնական ցուցադրությանը:

«Կենտրոնական բանկի աշխատակիցները ներկայացնում են գործառույթները, իսկ սպառողների շահերի պաշտպանության կենտրոնի մասնագետներն անցկացնում են ֆինանսական գրագիտության վերաբերյալ դասախոսություններ: Առաջիկայում նախատեսում ենք այցելել Սյունիքի մարզ, ապա եւս մեկ անգամ լինել բոլոր մարզերում, քանի որ մարզաբնակների կողմից հետաքրքրություն կա»,- մանրամասնել է Դավիթ Նահապետյանը:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ցուցադրությունը ներկայացված է 24 ստատիկ վահանակներով, 2 ինտերակտիվ գոտիներով, որոնց մաս են կազմում դրամանիշերի ստուգման լաբորատորիան, բանկոմատը, մուլտիմեդիա խաղերը:

Կենտրոնում ներկայացվում է Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը, ՀՀ արժույթը, դրամանիշերի եւ թղթադրամների ստեղծման գործընթացը, դրամի պաշտպանական հատկանիշները, վճարահաշվարկային համակարգերը եւ վճարային քարտերը: Անդրադարձ է կատարվում միջազգային պահուստների կառավարմանը, ֆինանսական համակարգի կարգավորմանը եւ վերահսկողությանը:

Կենտրոնն ունի բաց գրադարան, խաղասրահ, կինոսրահ, վաճառասրահ:
Կինոսրահում այցելուները դիտում են ազգային դրամի պատմության եւ Կենտրոնական բանկի պատմության ու գործունեության մասին տեսաֆիլմեր, գների կայունությունը եւ ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմեր, ինչպես նաեւ թեմատիկ տեսահոլովակներ:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կենտրոնում առանձին վահանակներով ներկայացված են այնպիսի կարեւորագույն ենթակառուցվածքներ, ինչպիսիք են Ֆինանսական համակարգի հաշտարարը, ԱՔՌԱ վարկային բյուրոն, Ֆինանսական դիտարկումների կենտրոնը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:

Այցելուների կենտրոնը բաց է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ը: Մարդիկ նախօրոք ամրագրում են այցերը: Այցելուների յուրաքանչյուր խմբում կարող է ընդգրկվել առավելագույնը 25 մարդ: Այցելությունները կազմակերպվում են օրական երկու անգամ: Էքսկուրսիաներն իրականացվում են հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Այցելություններն անվճար են: Կենտրոնի տարածքը հարմարեցված է հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների համար:

Շարունակելի. Այցելուների կենտրոնում Banks.am-ի շրջայցն ու առավել ուշագրավ ցուցանմուշների պատմությունները կներկայացվեն նյութի 2-րդ մասում:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Դիտում՝ 8646
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW