Արթուր Մայսուրյան. Հայաստան-ԵՏՄ-ԱՀԿ՝ ինչպես են կարգավորվում հարաբերությունները
05.03.2015 | 00:00
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայություն

Մեդիամաքս-ի հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանի հետ
- Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդեն ստեղծվում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ Հայաստանի փոխգործակցության հարցերի աշխատանքային խումբ: Նշվում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունից եւ մաքսատուրքերի փոփոխությունից հետո Հայաստանը պետք է բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ, որոնք առնչվելու են այդ կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորությունների փոփոխմանը եւ վերանայմանը: Կմանրամասնեք, թե ի՞նչ հարցեր են լինելու բանակցությունների առանցքում:
- Հայաստանը ԱՀԿ անդամակցությամբ ստանձնել է բոլոր ապրանքների մաքսատուրքերի որոշակի սահմանաչափերը չգերազանցելու պարտավորություններ: ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանի ապրանքների մի մասի մաքսատուրքերը փոխվելով, գերազանցում են նշված սահմանաչափերը: ԱՀԿ ընթացակարգերի եւ ընդունված գործելակերպի համաձայն` մաքսատուրքերի փոփոխությունների վերաբերյալ երկկողմ բանակցություններ կընթանան միայն այն ԱՀԿ անդամների հետ եւ այն ապրանքատեսակների մասով, որոնց համար այդ երկրները կունենան բանակցային իրավունք եւ կներկայացնեն համապատասխան ցանկություն:
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ-ում մաքսատուրքերը զգալիորեն բարձր են, քան ԱՀԿ երկրներում, Հայաստանը ստիպվա՞ծ է լինելու ԱՀԿ մյուս անդամներին փոխհատուցում վճարել: Ինչպե՞ս է կարգավորվելու այդ հարցը:
- Բանակցելու իրավունք ունեցող եւ ցանկություն ներկայացրած ԱՀԿ անդամների հետ երկկողմ բանակցությունները պետք է ընթանան համապատասխան ապրանքների մաքսատուրքերի բարձրացման դիմաց փոխհատուցումների շուրջ` այլ ապրանքների մաքսատուրքերը իջեցնելու միջոցով հավասարակշռություն ստեղծելու նպատակով: Այս բանակցությունների ժամանակ «փոխհատուցումը» վերաբերվում է տարբեր ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացնելուն կամ իջեցնելուն:
- Ի՞նչ ձեւաչափով են ընթանալու բանակցությունները` ԱՀԿ-ի հետ բանակցելու է միայն Հայաստա՞նը, թե՞ գործընթացին ներգրավվելու է նաեւ ԵՏՄ-ն: Ե՞րբ է նախատեսվում սկսել բանակցությունները:
- ԵՏՄ-ն ԱՀԿ-ում ներկայացված չէ, այն դեպքում, երբ Հայաստանը հանդիսանում է ԱՀԿ անդամ: Մյուս կողմից, գործող մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությունները հանդիսանում են ԵՏՄ իրավասության հարց եւ ոչ` ԵՏՄ առանձին անդամների: Հետեւաբար, ԱՀԿ բանակցություններում ներկայացված կլինի Հայաստանը` որպես ԱՀԿ անդամ, եւ գործընթացում, ընդհանուր առմամբ, որեւէ ձեւաչափով ներգրավված կլինի նաեւ ԵՏՄ-ն` որպես հարցի առնչությամբ իրավասու կառույց:
Բանակցությունները սկսելու ժամկետը կսահմանվի ԱՀԿ քարտուղարությունում` կողմերի փոխհամաձայնությամբ:
Արթուր Մայսուրյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: