Crowdfunding-ը ֆինանսավորման մեխանիզմ է, որի տիրույթը համացանցն է, իսկ ֆինանսավորող կողմը՝ մարդկանց մի մեծ խումբ, որոնցից յուրաքանչյուրը պատրաստակամ է իր լուման ներդնել որեւէ գաղափարի կամ նախագծի իրագործման մեջ: Անցած տարվա դեկտեմբերին ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպությունը եւ «Ֆանդր.ամ» ընկերությունը գործարկել են Fundr.am հանրադրամային (crowdfunding) վեբ հարթակը, որտեղ ոչ եկամտաբեր կամ թեթեւ եկամտաբերություն ունեցող, բայց միաժամանակ կարեւոր ծրագրերը կյանքի կոչվելու հնարավորություն կստանան՝ բազմաթիվ մարդկանց տրամադրած գումարների միջոցով:Banks.am-ը զրուցել է Fundr.am-ի հիմնադիր եւ ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ-ի տնօրեն Գարեգին Գեւորգյանի հետ:-Տարեվերջին գործարկվեց Fundr.am հանրադրամային (crowdfunding) վեբ հարթակը, որտեղ, ինչպես հայտարարվել էր, ֆինանսավորմանը ներկայացվող ծրագրերը նախնական զտում (մոդերացիա) են անցնելու: Ի՞նչ չափորոշիչների պետք է համապատասխանեն ծրագրերը՝ հարթակում ներկայացվելու համար:- Իրականում հաշվի ենք առնելու ընդամենը երկու չափանիշ: Առաջինը՝ նախագիծը արժանահավատ լինի, այն է՝ բովանդակությունը եւ հայտարարությունը իրար համապատասխանեն: Երկրորդ չափանիշի համաձայն՝ ծրագիրը պետք է ունենա այնպիսի թիմ, որն ի վիճակի լինի տվյալ նախագիծն իրագործել: Այլ չափանիշներ չկան, քանի որ մենք չենք ցանկանում գնահատել նախագծերի կարեւորությունը եւ գրավչությունը, դա թողնում ենք հարթակի օգտագործողների հայեցողությանը: Այս ընթացքում մեզ դիմել են 4 նախագծի առաջարկով: Երկու նախագիծ չենք ընդունել, որովհետեւ համարել ենք, որ դրանք պատրաստ չեն: Ընդամենը հայտարարություններ էին, գաղափարներ, այլ ոչ թե նախագծեր: Եւս երկու նախագիծ շուտով կտեղադրվեն կայքում:Նշեմ, որ տարիների ընթացքում նախագծերը զտելու, «թացը չորից» տարբերակելու մեծ փորձ ենք ձեռք բերել: Այնպես որ, կարծում եմ, նախագծերի ընտրության գործընթացը մեզանից շատ ռեսուրսներ չի պահանջի: Հետագայում, երբ նախագծերի ավելի մեծ հոսք կունենանք, կստեղծենք առանձին թիմ, որը կզբաղվի միայն այդ հարցերով: - Կա՞ն հատուկ ուղղություններ կամ ոլորտներ, որոնց նախապատվություն եք տալիս ընտրության փուլում: Ակնհայտ է, որ այսօր ֆինանսավորման մեծ ակնկալիքներ ունեն ստարտափները, որքանո՞վ է Fundr.am-ը աջակցելու վերջիններիս: -Ուղղությունները մենք չենք ընտրում: Եթե կա հստակ նախագիծ, որը ենթադրում է մուտքեր (inputs), քայլերի հաջորդականություն, որոշակի արդյունք եւ մինչ այս պահն արված որոշակի գործ, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Այն նախագծերը, որոնք ընդամենը մեկ անհատի համար են արժեք ներկայացնում, օրինակ, դրամաշնորհները, կդրվեն առանձին բաժնում, եւ թող Fundr.am-ի համայնքը որոշի՝ ֆինանսավորե՞լ դրանք, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է ստարտափներին, ապա այն դեպքում, երբ նախագիծն ընդամենը գաղափարի փուլում չէ, եւ որոշակի գործ արդեն արվել է, ապա կարող է հարթակում իր տեղը գտնել: - Ծրագրերի ֆինանսավորման համար գոյություն ունի՞ սահման: Ասենք, հնարավո՞ր է $1 մլն բյուջեով նախագիծ ներկայացնել: -Իրականում սահմաններ չենք գծում, բայց, այնուամենայնիվ, պետք է իրատեսորեն մոտենալ հարցին: Հարթակը դեռ փոքր է, եւ այնտեղ այս պահին քիչ նախագծեր են ընդգրկված: Հետագայում, իհարկե, ցանկանում ենք տեսնել նման ծավալի ֆինանսավորում ստացող հաջողակ նախագծեր, բայց ներկայումս այդ համայնքը դեռ չկա: Ճիշտ է, այսօր կարող ենք նման բյուջեով նախագծեր տեղադրել, բայց շատ փոքր է հավանականությունը, որ ակնկալվող գումարը կհավաքվի: Այս պահի դրությամբ, ինչքան պահանջվող գումարը մեծ է, այնքան այն գտնելու հավանականությունը փոքր է, եւ հակառակը: Նախագծերը ներկայացնելիս օգտագործում ենք Kickstarter Crowdfunding հարթակի մոդելը. նախագծի հեղինակները նշում են այսպես կոչված հենակետեր (փուլեր): Հենակետերի քանակը կարող է լինել մեկ եւ ավելի: Օրինակ, առաջին հենակետը (պայմանական 500 հազ. դրամ) անցնելու պարագայում դրամահավաքի տվյալ փուլը հաջողված կհամարվի, գումարը կհատկացվի նախագծին, եւ կմեկնարկի հաջորդ փուլը: Սակայն յուրաքանչյուր հենակետի դեպքում հեղինակը պետք է նկարագրի, թե հավաքված գումարը կոնկրետ ինչի վրա է ծախսելու: -Ինչպե՞ս է կատարվելու ծրագրերի վրա ծախսվող գումարների վերահսկողությունը, արդյոք հարթակը պատասխանատո՞ւ է այդ գործառույթի համար: Ծրագրերի հեղինակները պարտավո՞ր են լինելու հաշվետվություններ ներկայացնել ձեզ եւ/կամ ֆինանսավորողներին: -Գումար հատկացնողները դա որպես նվիրատվություն են դիտարկում եւ վերադարձ չեն ակնկալում: Եթե նախագիծը հանկարծ չհաջողվի, դա չի նշանակում, որ դրա հեղինակին պետք է պատժել: Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ նախագծերը հաջողվեն, եւ հաշվետու լինեն իրենց ֆինանսավորողներին: Նախագծի հաջող իրականացման պարագայում գումար նվիրաբերողների համար նախատեսվում են նաեւ պարգեւատրումներ: Նախագիծն ինքն է ընտրում, թե ինչ պարգեւատրում կհատկացնի իրեն ֆինանսավորող համայնքին: Ինչ վերաբերում է մեզ ներկայացվող հաշվետվություններին, ապա թղթատարության հետեւից չենք ընկնի, սակայն նախագծերի հեղինակները պարտավոր են լինելու պարբերաբար թարմացնել կայքում տեղադրված տեղեկատվությունը: -Ինչպիսի՞ն է Fundr.am-ի կողմից միջնորդավճարների չափն ու գանձման մեխանիզմը: -Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Fundr.am-ը սկսնակ նախագիծ է, այս պահին միջնորդավճար չենք գանձում: Ստացվող ֆինանսավորումից որոշակի տոկոս որպես սպասարկման վճար բանկերը կգանձեն նվիրատուներից՝ դրամական փոխանցում կատարելու համար:-Ըստ կայքում տեղադրված հայտարարության՝ հնարավորություն եք տալիս ուրիշներին ներդրում կատարել հարթակի զարգացման գործում: Ի՞նչ սպասումներ ունեք այս առումով: -Այն ընկերությունները, որոնց արդեն դիմել ենք, ոգեւորված են եւ պատրաստ են աջակցել, սակայն սպասում են լավ նախագծերի: Մեկ-երկու հաջող փորձի պարագայում հարթակը կսկսի անհամեմատ ավելի լավ աշխատել: Հեշտ չէ, բայց այս պահին աշխատում ենք այդ ուղղությամբ:Այսօր արդեն մեր աշխատանքներում ներգրավում ենք կամավորների, որոնք պետք է նախագծերի հետ աշխատեն, եւ վերջիններիս պատրաստեն հարթակում ներկայանալուն: Fundr.am-ը ներկայում փնտրում է կամավորների, որոնք հետաքրքրված են աշխատել երեք մակարդակներում՝ փնտրել հետաքրքիր նախագծեր եւ բերել դրանք մեզ մոտ, օգնել մեզ նախագծերի նկատմամբ վերահսկողություն իրականացնել, իսկ երբ հարթակն ավելի ընդգրկուն դառնա՝ որոշ կամավորներ հնարավոր է աշխատանքի անցնեն մեզ մոտ: Մեր թիմը նպատակ ունի ստեղծել նախագծերի իրականացման համայնք, եւ մեզ համար շատ կարեւոր է նոր, հետաքրքիր եւ վառ նախագծերի ներկայացումը: Ցանկանում եմ բոլորին կոչ անել օգնել մեզ լավ նախագծեր բերել Fundr.am հարթակ: Գրանցվեք հարթակում, քանի որ որքան շատ լինի մասնակիցների քանակը, այնքան հարթակի գործունեությունը հաջող կընթանա: Գարեգին Գեւորգյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը Tweet Դիտում՝ 7120