Տիգրան Աչոյան. «Ուղեւորի համար «բաց երկինքը» դրական երեւույթ է»

02.02.2015 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

2013թ. հոկտեմբերին կառավարությունը հաստատեց ՀՀ մրցունակ եւ շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը եւ համապատասխան միջոցառումների ցանկը, որի արդյունքում ընտրվեց ավիափոխադրումների լիակատար ազատականացման մոդելն ու հայտարարվեց բաց երկնքի քաղաքականությանն անցնելու մասին:

Մեդիամաքս-ի թղթակիցը թեմայի վերաբերյալ զրուցել է ավիատոմսերի վաճառքով զբաղվող «Ավիատրանս» ընկերության գլխավոր տնօրեն, «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին տնօրեն Տիգրան Աչոյանի հետ:

 -Պարոն Աչոյան, ի՞նչ կտա Հայաստանի նման երկրին ավիացիայի ազատականացումն ու բաց երկնքի քաղաքականությունը:

- Բաց երկնքի քաղաքականության դեպքում բոլոր երկրների հետ պետք է ստեղծվեն իրավական հիմքեր: Երբ երկիրը հայտարարում է նման քաղաքականության մասին, գործընկեր երկրներին տեղեկացնում է, որ իրենց կառավարությունների միջեւ կնքված եւ խորհրդարաններում վավերացված միջպետական համաձայնագրերը, որոնք կանոնակարգում էին քաղաքացիական ավիացիայի բնագավառը, համարվում են ուժը կորցրած: Այնուհետեւ հրաժարվում է բոլոր սահմանափակումներից եւ ասում, որ ցանկացած երկրից ցանկացած ավիաընկերություն ցանկացած քանակության չվերթներով կարող է գալ Հայաստան:

Սա, սակայն, երկինքը միակողմանի բացել է նշանակում: Այլ հարց  է` դիմացի երկիրը քո հանդեպ երկինքը կբացի, թե ոչ: Որեւէ մեկն ասե՞լ է, որ ինքը Հայաստանի համար երկինքը բացում է: Պետական պաշտոնյանները, որոնք լիազորված եւ պատասխանատու են ոլորտի համար, ասելով, որ մենք վարում ենք բաց երկնքի քաղաքականություն, պետք է ազնիվ լինեն եւ ասեն, թե քանի երկիր է մեր հանդեպ բաց երկնքի քաղաքականություն վարում:

Հայաստանի կառավարությունը նման դիրքորոշում մշակեց, արվեց քայլ, երկինքը բացվեց, սակայն ունենք այն, ինչ ունենք: Գնահատական տալը` լավ է դա, թե վատ, միանշանակ չէ:

- Իսկ եթե գնահատելու լինեք` ելնելով տարբեր անձանց ու կառույցների շահերից:

- Բնականաբար, ոլորտում ներգրավված ամեն խումբ ունի իր շահերը: Օրինակ` ուղեւորը:

Ուղեւորի համար իր երկրի կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, դրական երեւույթ է: Շատ ավիաընկերությունների առկայության դեպքում կա մրցակցություն, որի արդյունքում կարող է լինել գների նվազեցում, ինչը բխում է ուղեւորի շահերից:

Օդանավակայանի համար եւս շահեկան է բաց երկնքի քաղաքականությունը.  օդանավակայանը ցանկացած երկրում հանդիսանում է բաց երկնքի քաղաքականության լոբիստներից մեկը:

Ինչ վերաբերում է ավիաընկերություններին, ապա օտարերկրյա ավիաընկերությունների համար, որոնք շահեր ունեն քո երկրում, դա միանշանակ ողջունելի քայլ է: Սակայն քո սեփական երկրի ավիաընկերությունը պետք է պայքարի, քանի որ այդ քաղաքականությունը սպառնում է տեղական ավիաընկերության լինելուն: Բաց երկնքի քաղաքականության պարագայում մրցունակ ավիաընկերություն ունենալը գրեթե անհնար է: Պարզ օրինակ. 2013-ի հոկտեմբերին ստեղծվեց Air Armenia-ն, որը 2014-ի հոկտեմբեր-նոյեմբերին որոշակի դժվարությունների հետեւանքով առժամանակ կասեցրեց թռիչքները:

Շատ եմ ուզում հավատալ, որ Air Armenia-ն կկարողանա լուծել իր խնդիրները, եւ մենք ավիաընկերություն կունենանք: Կարծում եմ, երկիրն անկախ իր չափից պետք է գոնե մեկ ավիաընկերություն ունենա:

Հարկերի առումով երկիրը գրեթե չի շահում եւ չի ստանում որեւէ նոր հարկային մուտքեր:  

Գալով երկրի շահերին` պետք է ասենք, որ  հնարավոր է տուրիզմի զարգացում: Տոմսերի գների նվազումը պետք է բերեր զբոսաշրջիկների թվի աճին, սակայն կարեւոր հանգամանք են նաեւ հյուրանոցների գներն ու ենթակառուցվածքները: Երկիրը շահում է անուղղակի ձեւով` տուրիզմի զարգացմամբ, զբոսաշրջիկների հետ եկող արժութային մուտքերով եւ այլն: Բաց երկնքի քաղաքականությունն ընդամենը ներգնա տուրիզմի զարգացման գործոններից մեկը կարող է դիտվել:

Ամեն դեպքում, պետք է նշել, որ մեկ տարին բավական քիչ ժամանակ է` գնահատելու ստացված արդյունքը: Փորձը ցույց է տալիս, որ բաց երկնքի քաղաքականության  դրական ու բացասական ազդեցությունները հավասարաչափ են:

-Ինչո՞ւ եք կարեւորում գոնե մեկ ազգային ավիափոխադրողի առկայությունը:

- Նախ, կա սուբյեկտիվ պատճառ: Ես եղել եմ Հայաստանի ազգային առաջին ավիափոխադրողի` «Հայկական ավիաուղիների» գլխավոր տնօրենը, միգուցե այն տարիներից իմ մեջ մտել է ազգային ավիափոխադրող ունենալու կարեւորությունը:  

Եթե մի կողմ թողնենք ազգային անվտանգությամբ պայմանավորված պատճառները, պետք է նկատենք, որ ազգային ավիափոխադրող ունենալը նաեւ երկրի իմիջի հարց է, այն կարող է շուկայի վրա ազդեցության լծակ հանդիսանալ: Ինձ համար միշտ կարեւոր է եղել շուկայի կանոնակարգված լինելը: Շուկան կառավարելի պահելու համար ցանկալի է, որ ավիացիոն իշխանությունը ունենա ազգային ավիափոխադրող: Հաշվի առնելով նաեւ տարածաշրջանային խնդիրները` ազգային ավիափոխադրողի առկայությունը ռազմավարական լծակ է պետության ձեռքում:

Տիգրան Աչոյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Դիտում՝ 4623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW