ԱՄՆ-ից Հայաստան. սեր` բիզնեսի հիմքում

24.12.2014 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Վարուժան Մուրադյանը մասնագիտությամբ հաշվապահ է: 20 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո որոշում է կայացնում՝ ընտանիքի հետ վերադառնալ Հայաստան: Այստեղ նա հիմնում է գինեգործական ընկերություն եւ անվանում այն «Վան Արդի», որը թարգմանաբար նշանակում է «Վանա արեւ»:

Հայրենադարձության ուղին նախընտրած Վարուժան Մուրադյանը Banks.am-ին պատմել է «արեւային» բիզնեսի հայաստանյան առանձնահատկությունների մասին:

- 20 տարի բնակվելով ԱՄՆ-ում եւ զբաղվելով հաշվապահությամբ՝ ի՞նչը Ձեզ ստիպեց վերադառնալ հայրենիք եւ գինու բիզնեսով զբաղվել:

- Ճիշտ է, ես 20 տարի բացակայել եմ, սակայն Հայաստանում ինձ նոր մարդ չեմ համարում: Վերադառնալու պատճառները տարբեր են՝ արժեքային համակարգի, ապրելաոճի, երեխաների ապագայի հետ կապված խնդիրներ: Տարբեր հանգամանքներ իրար գումարվեցին, եւ որոշումը կայացվեց: Ամեն ամառ այցելում էինք Հայաստան, որպեսզի երեխաները քիչ-քիչ հարմարվեին միջավայրին, եւ փոփոխությունը կտրուկ չլիներ: Իսկ շուրջ երկուսուկես տարի առաջ մշտական բնակություն հաստատեցինք այստեղ:

Առաջին մասնագիտությամբ հաշվապահ եմ եւ ԱՄՆ-ում հաշվապահության պետական բարձրագույն լիցենզիա ունեմ: Այնուամենայնիվ, կարծես մի բան պակասում էր, եւ դա ստեղծագործ աշխատանքով զբաղվելու պահանջն էր:  Իսկ ինչու գինի՞. որովհետեւ այն իմ երկարամյա հոբբին էր: Վստահ լինելով, որ հոբբին կարող է վերաճել բիզնեսի, առաջ եկավ հաջորդ հարցը. որտե՞ղ՝ Կալիֆոռնիայո՞ւմ, թե՞ Հայաստանում:  Ընտրությունը կանգ առավ Հայաստանի վրա: 



Հողատարածքը գնել եմ մինչեւ Հայաստանում վերջնական հաստատվելս: 7-8 տարի շարունակ պարբերաբար այցելելով հայրենիք՝ ուսումնասիրում էի հնարավոր տարբերակները: Մինչ այդ, գինեգործության ավանդույթներին եւ առանձնահատկություններին ծանոթացել եմ տարբեր երկրներում:

Գինեգործությունը համարում եմ ոչ թե մասնագիտություն, այլ ապրելակերպ՝ իմ, ընտանիքիս եւ ընկերներիս համար: Կարծում եմ, որակյալ գինի արտադրելու համար պետք է սեփական այգի հիմնել, եւ անմիջական մասնակցություն ունենալ խաղողի մշակման գործին: Այգին հիմնել ենք սրանից 4-5 տարի առաջ: Այն Աշտարակի Սասունիկ գյուղի մերձակայքում է: 7 հեկտար տարածքով այգում խաղողի 4-5 սորտեր են աճում:

- Որքա՞ն ժամանակ եք անցկացնում խաղողի այգում:

- Կախված է տարվա եղանակից: Լինում է, երբ առավոտից մինչեւ ուշ գիշեր այնտեղ եմ լինում: Ամենածանրաբեռնվածը բերքահավաքի շրջանն է, եւ դրան հաջորդող գինու մշակման փուլը: Օգոստոսի վերջից մինչեւ նոյեմբերի սկիզբ չափազանց զբաղված ենք լինում: Խաղողի այգուն կից գինետունն է, որտեղ մշակվում է գինին: Անձնակազմի թիվը կախված է կոնկրետ շրջանից: Այգու աշխատողներն առանձին են, գինետան աշխատողները՝ առանձին: Ինձ օգնում են նաեւ կինս եւ երեխաները:



-  Ներկայացրեք, խնդրում եմ, բրենդի ձեւավորման գործընթացը եւ սպառման շուկաները:

- Գինու առաջին խմբաքանակը շշալցվել է մոտ 4-5 ամիս առաջ: Վերջին 1-2 ամսվա ընթացքում փորձում ենք շուկա մտնել: Հիմա ներկայացված ենք բավական հայտնի ռեստորանային համակարգում, ինչպես նաեւ սուպերմարկետներում: Առաջին տարվա համար բավական հաջող գինի է ստացվել, ու շշալցված վիճակում որակապես ավելի է լավանում. վստահ եմ, որ գինին շշերի մեջ հնեցման մեծ ներուժ ունի: 

Այս պահի դրությամբ արտադրվել է շուրջ 17 հազ. շիշ գինի: Առանց շտապելու, յուրաքանչյուր տարի դրանց քանակը կավելացնենք: Կարծում եմ, որ միանգամից ավելացնելու դեպքում հնարավոր է որոշակի որակական կորուստ ունենանք:

Գնային քաղաքականության առումով չենք ցանկանում շատ ագրեսիվ լինել: Ցանկալի է, որ մարդիկ համտեսեն գինին  եւ ճանաչեն բրենդը:

Արտահանելու ծրագրեր միշտ էլ կան, կարող ենք արտահանել ԱՄՆ, բայց դրա վրա դեռ չենք  կենտրոնանում, քանի որ ցանկանում ենք տեսնել, թե հայկական շուկայում արտադրանքն ինչ ծավալով կարելի է սպառել: Հնարավոր է, այստեղ պահանջարկն այնքան մեծ լինի, որ արտահանելու կարիք նույնիսկ չլինի:

Գինեգործությունը երկարաժամկետ, բայց հաստատուն բիզնես է, եւ միանգամայն հնարավոր է, որ քո ներդրածը քո ժառանգները ստանան: Այն նաեւ արվեստ է, ապրելակերպ եւ տեւական արժեք, որ կարող ես թողնել քո ընտանիքին եւ հայրենիքին:



- Նշեցիք, որ ուսումնասիրել եք նաեւ այլ երկրների գինեգործական փորձը: Որո՞նք են այս համատեքստում Հայաստանում բիզնես վարելու առանձնահատկությունները: 

- Գինեգործական փորձը եւ բիզնես վարելու առանձնահատկություններըն, իմ կարծիքով, տարբեր երեւույթներ են:

Ուրարտու, Վանի թագավորություն, Արենի. մենք գինու արտադրության հսկայական անցյալ ենք ունեցել: Բայց, ցավոք, այսօր գինեգործության բնագավառում աշխարհին զարմացնելու ոչինչ չունենք: Համաշխարհային գինեգործությունն այսօր շատ ավելի առաջ է գնացել, քան հայկականը: Դրա փոխարեն Հայաստանում կենտրոնանում են կոնյակագործության վրա, որն էապես տարբերվում է գինեգործությունից:

Եթե խոսենք ֆրանսիական կամ իտալական գինիների բրենդի ձեւավորման մասին, ապա այդ գործընթացը տեւել է հարյուրամյակներ: Հայաստանն այսօր շատ ավելի կարճ ժամանակահատվածում կարող է նման արդյունքի հասնել: Դրա համար առկա են թե՛ անհրաժեշտ բնակլիմայական պայմանները, թե՛ բրենդի ձեւավորման համար անհրաժեշտ պատմությունը:

Նշեմ, որ ներկայումս ընթանում է հայկական գինու բրենդի ձեւավորման գործընթացը: Աշխատանքներում ներգրավված են ինչպես ոլորտում գործող անձինք, այնպես էլ պաշտոնական մարմինները: Նախատեսվում է ստեղծել գինիների հովանոցային բրենդ, որի անվան տակ հանդես եկող գինիները կհամապատասխանեն որոշակի չափորոշիչների: Սա կօգնի այդ գինիներն իրացնել նաեւ միջազգային շուկայում:

Շատ ուրախ եմ, որ այսօր Հայաստանում կան գինու բիզնեսի մի քանի խաղացողներ, որոնք օգտագործում են գինեգործության արեւմտյան փորձը, եւ մեխը դնում ազգային գինեգործության, մասնավորապես՝ հայկական սորտերի մշակման վրա: Այո, մենք կորցրել ենք անտիկ ժառանգությունը, բայց պետք է փորձենք գոնե հասկանալ, թե ինչպես են մեր նախնիներն այդ ոլորտում նման հաջողություններ գրանցել: Պետք է սկսել զրոյից, չնայած վստահ եմ, որ նման տեմպերով առաջ գնալու դեպքում, մոտ ապագայում հայկական գինեգործությունը հայտնի կդառնա աշխարհին:

Ինչ վերաբերվում է ֆինանսական հարցերին, ապա այո, ցանկացած բիզնեսում կա եկամտի ակնկալիք, սակայն գինի արտադրելիս դրանում պետք է պարտադիր նաեւ սեր դնես:



- Վերջերս Հայաստանը պաշտոնապես դարձավ Գինու եւ խաղողի միջազգային կազմակերպության անդամ: Որքանո՞վ այս անդամակցությունը կդյուրացնի ոլորտում գործելու կանոնները:

- Որեւէ միջազգային կազմակերպության անդամ դառնալը քիչ էական է տվյալ ոլորտի զարգացման համար: Զարգացումը տեղի է ունենում ներսում: Դրա համար հարկավոր է կառավարության, ոլորտում գործող անձանց ուշադրությունը եւ քայլեր ձեռնարկելու մղումը: Որոշակի դրական շարժ այս պահին կա: Էկոնոմիկայի նախարարությունը գինու արտադրության ոլորտի զարգացման համար առանձին ծրագիր ունի: Օրինակ, միջազգային ցուցահանդեսների մասնակցելիս ծրագրի շրջանակում ծախսերի որոշակի մասն ինքն է հոգում: Կան նաեւ մի շարք այլ ծրագրեր, բայց կարծում եմ, դրանք բավարար չեն, եւ անելիքները դեռ շատ են: 

- Լինելով հայրենադարձ գործարար՝ Հայաստանում ի՞նչ խոչընդոտներ կարող եք մատնանշել: 

- Խոչընդոտներ կան աշխարհի բոլոր երկրներում: Մի տեղ դրանք քիչ են, մի այլ տեղ՝ շատ: Այսօր Հայաստանի կառավարությունը պարտավոր է իր գործառույթներով ստեղծել առավել բարենպաստ եւ ազատ բիզնես միջավայր: Սակայն ի վերջո, միեւնույն է, ունենք այն, ինչ ունենք: Իմ կարծիքով, սփյուռքահայ գործարարն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի, թե ինչպես է կազմված բիզնես պլանը: Նա նաեւ պետք է հստակ հասկանա, թե ինչ բիզնես միջավայր է մուտք գործում, եւ որոնք են դրա առանձնահատկությունները: Շատ գործարարներ որպես խոչընդոտ նշում են մաքսային եւ հարկային պայմանները, սակայն անձամբ ես գոնե այդ հարցերում դժգոհելու տեղ առայժմ չեմ ունեցել:

Խոչընդոտներից կարող եմ նշել տեղեկատվության պակասը: Օրինակ, այլ երկրներում գինեգործության մասին վիթխարի տպագիր եւ առցանց գրականություն կա, ինչը չես կարող ասել Հայաստանի մասին: Ամենասկզբում, երբ պետք է պատկերացում կազմեի, թե այս պայմաններում խաղողի որ սորտերն է ավելի նպատակահարմար մշակել, գնացի Ագրարային համալսարան՝ թեմայի շուրջ հետազոտություններ գտնելու համար: Այնտեղ ինձ ձեռագիր երկուէջանոց ինֆորմացիա փոխանցեցին, որն, ի դեպ, հատված էր 50-60 տարվա հնություն ունեցող ուսումնասիրությունից: Հայաստանում գինեգործության ոլորտին վերաբերող հետազոտության հասանելի բազաներ չկան: 

Մյուս խնդիրը ենթակառուցվածքներն են: Իմ նպատակը ոչ միայն գինու գործարանի, այլեւ գինու տուրիզմի զարգացումն է: Ունենալով կապեր ԱՄՆ-ում՝ հնարավոր եմ համարում բիզնես պլան ներկայացնել, եւ ներդրումներ բերել Հայաստան: Բայց երաշխիք չունեմ, որ, օրինակ, իմ կողքի հողատարածքում չեն որոշի անասնապահական ֆերմա հիմնել՝ իր ամբողջ բույրային գամմայով: Չնայած վստահ եմ, որ Հայաստանը մսի արտադրությամբ ինքնաբավ դարձնելը նույնպես կարեւոր է, սակայն անհրաժեշտ է հողատարածքների գոտիավորում եւ տարանջատում իրականացնել: Այգեգործական, գինեգործական շրջանները պետք է առանձնացնել մնացած հողատարածքներից` գործընթացը ամրագրելով օրենքով:



Չկան նաեւ նորմալ ճանապարհներ: Խաղողի այգու մերձակայքում կարելի է տեսնել այնպիսի հսկայական աղբանոց, որի կողքով զբոսաշրջիկները կխուսափեն անցնել: Այդ դեպքում էլ ի՞նչ գինու տուրիզմի մասին կարող ենք խոսել: Համապատասխան կառավարական մարմինները պարտավոր են ուշադրություն դարձնել այս հարցերին:

- Հայաստանում գինեգործությամբ զրոյից զբաղվելը թա՞նկ հաճույք է:

- Թե՛ նվազագույն, թե՛ մեծ ծավալի կապիտալ ներդրումների պարագայում կարելի է որակյալ գինի ստանալ: Փաստ է, որ գինեգործության բիզնես կարելի է սկսել փոքր ներդրումներով եւս: Ուղղակի մեծ ներդրումների դեպքում կարելի է արդյունքը շատ ավելի շուտ տեսնել:

Ես օգտվել եւ շարունակում եմ օգտվել հայկական բանկերի վարկային ծառայություններից: Անկեղծ ասած, ԱՄՆ-ում սովոր էի շատ ավելի ցածր տոկոսների: Հայաստանում տոկոսները շատ բարձր են եւ ոչ բարենպաստ բիզնեսի զարգացման համար, բայց նորից՝ «ունենք այն, ինչ ունենք»:

Վարուժան Մուրադյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 6736
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW