Գիորգի Կադագիձե. «Հուզական պահվածքն» ամենամեծ խնդիրն է

16.12.2014 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Օրերս Հայաստան էր ժամանել Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գիորգի Կադագիձեն՝ մասնակցելու ՀՀ Կենտրոնական բանկի՝ Դիլիջանում կազմակերպած «Ապադոլարայնացման քաղաքականությունը եւ մարտահրավերները» թեմայով համաժողովին: Գիորգի Կադագիձեն համաձայնել է բացառիկ հարցազրույց տալ Banks.am-ին:

-Պրն Կադագիձե, ՀՀ նախագահը վերջերս նշել էր, թե Վրաստանի օրինակը բացահայտորեն մերժում է ենթադրությունները, թե հայկական դրամի արժեզրկումը Հայաստանի՝ ԵՏՄ-ին մոտալուտ անդամակցության արդյունք է: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ երկու հարեւան երկրների ազգային արժույթները գրեթե միաժամանակ արժեզրկվեցին:

 -Իրադրությունը չափազանց նման է: Մի կողմից՝ արդեն տեւական ժամանակ է՝ ամերիկյան դոլարի փոխարժեքը բարձր է մյուս արժույթների նկատմամբ: Մյուս կողմից՝ տարածաշրջանային գործոններն են ազդում՝ ռուս-ուկրաինական հակամարտություն, ՀՆԱ-ի անկում Ռուսաստանում եւ Ուկրաինայում, Եվրամիության երկրներում ցածր տնտեսական աճ: Իհարկե, այս բոլոր գործոնները վճարային հաշվեկշռի միջոցով իրենց ազդեցությունն են գործում եւ ավելի մեծ ճնշում գործադրում, ինչն էլ հանգեցնում է ազգային արժույթների արժեզրկմանը:

Արժույթները կարող են ե՛ւ արժեզրկվել, ե՛ւ արժեւորվել: Սա նորմալ է փոքր տնտեսությունների համար: Բայց արժեզրկման գործընթացում պետք է կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ ազգային արժույթի արժեզրկումը չանդրադառնա գների, ինչպես նաեւ սպասումների վրա:

- ՀՀ Կենտրոնական բանկը նոր քաղաքականության համատեքստում դեկտեմբերի 8-ից մինչեւ այս ամսվա վերջ կանոնավոր կերպով արտարժույթ է վաճառում: Ձեր գնահատականն այս նոր քաղաքականությանը: Ծրագրո՞ւմ եք մոտ ապագայում համանման ծրագիր կիրառել Վրաստանում:

- Դեռ 2010թ. Վրաստանում հայտարարեցինք աճուրդ, որի հաղթող էր ճանաչվում ամենամրցունակ առաջարկը: Արդյունքում պաշտոնական սակարկությունների միջին ցուցանիշը դառնում է պաշտոնական փոխարժեք: Մեր երկրում այդ քաղաքականությունն ունեցավ դրական ազդեցություն: Դրանից հետո Ազգային բանկի կողմից իրականացվող  միջամտության ծավալները նկատելիորեն նվազեցին, իսկ շուկայի մասնակիցներն ազատ գործելու հնարավորություն ստացան: Կարծում եմ՝ շատ առողջ գործընթաց է: Կարեւոր եմ համարում այն, որ Հայաստանի Կենտրոնական բանկը ճիշտ ժամանակին է սկսել այս քաղաքականությունը:

Կարճ եւ միջնաժամկետ հեռանկարում արժույթի տատանումները երկու ուղղություններով էլ կլինեն: Պետք է հիշել, որ վաղ արժեզրկմանը հաջորդում է արժեւորումը, ինչը բնութագրական է լողացող փոխարժեքի ռեժիմին:

Ազգային արժույթի տատանումների ժամանակ ամենամեծ խնդիրը բնակչության այսպես կոչված «հուզական պահվածքն» է, երբ բիզնեսը եւ ազգաբնակչությունը սկսում են իրենց խնայողություններն արտարժույթի վերածել: Դա միայն ավելացնում է ճնշումը եւ կարճաժամկետ հեռանկարում իրավիճակը վատթարացնում: Բայց, միեւնույն ժամանակ, հենց «հուզական պահվածքի» կրողներն են ամենաշատը տուժում ստեղծված իրավիճակում: Պատմությունը ցույց է տալիս, որ ամեն պարագայում այս երեւույթը նախընտրելի չէ որեւէ երկրում:
 
-Ձեր կարծիքով, արժութային տատանումներն ինչպե՞ս կարող են ազդել երկու երկրների միջեւ առկա առեւտրային հարաբերությունների վրա:

-Չեմ կարծում, որ արժութային տատանումները որոշակիորեն կազդեն մեր երկրների միջեւ առկա առեւտրային հարաբերությունների վրա: Եթե համեմատենք լարիի եւ դրամի փոխարժեքը, վերջինս այնքան էլ փոփոխության չի ենթարկվել: Նորմալ գործընթաց է, եւ այս ուղղությամբ մեծ մարտահրավերներ չեմ նկատում:

- Վրաստանի Ազգային բանկը 2010թ-ից սկսեց լարիզացիայի գործընթացը: Ի՞նչ արդյունքներ են տեսանելի դրա գործարկումից չորս տարի անց:

- Լարիզացիան գործընթաց է, որի ընթացքում ազգային արժույթի՝ լարիի տեսակարար կշռի աճ է նկատվում: Այս դեպքում մարդիկ նախընտրում են պահել իրենց խնայողություններն ազգային արժույթով՝ արտարժույթի փոխարեն: Սա վերաբերում է նաեւ վարկերին:

Արդյունքում, Վրաստանում առաջին անգամ հասել ենք մի կետի, երբ անհատների վերցրած վարկերի կեսից ավելին տեղական արժույթով են: Ինչ վերաբերում է արտարժույթին, ապա դոլարիզացիայի 75% սահմանագծից այն հասցրել ենք ընդամենը 60%-ի: Սակայն միաժամանակ պետք է հիշել, որ Վրաստանում չկա կապիտալի շարժի սահմանափակումներ, իսկ տեղական բանկերն ունեն նախընտրելի արժույթով վարկեր տրամադրելու հնարավորություն:

-Հայաստանում վերջերս հաճախ է խոսվում բանկերի խոշորացման նպատակահարմարության մասին: Արդյոք Վրաստանում է՞լ են մտածում նման գործընթաց սկսելու մասին:

-Ներկայում Վրաստանում 20 բանկ է գործում: Բանկային ոլորտում միավորման ակտիվ գործընթաց է տեղի ունեցել: Գործընթացի առաջին փուլը մեկնարկել է 90-ականների վերջին, երկրորդը՝ 2006-2008 թթ., իսկ երրորդ փուլը ներկայում է ընթանում: Վրաստանի ազգային բանկն աջակցում է այս գործընթացին, քանի որ արդյունքում բանկերը ծախքերի առումով ավելի արդյունավետ են գործում, ինչն էլ իր հերթին անդրադառնում է տոկոսադրույքների վրա: Մենք ողջունում ենք բանկային համակարգի խոշորացման եւ միավորման գործընթացը:

-Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում գործում են բանկեր, որոնք միջազգային բանկային խմբերի ներկայացուցիչներ են: Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր են դրանք խաղում տվյալ երկրի բանկային ոլորտի զարգացման հարցում:

-Անկասկած հզոր արտաքին ներկայությունը երկիր է բերում ոչ միայն կապիտալ եւ գումար, այլեւ արժեքավոր փորձ եւ, այսպես կոչված, «նոու-հաու»-ի հնարավորություն, ինչը շատ կարեւոր է գործընթացի կազմակերպման եւ փորձի տեսանկյունից: Վրաստանի առաջին եւ երկրորդ խոշորագույն բանկերը՝ «Վրաստանի բանկ»-ն ու «Թբիլիսիի բանկ»-ը, ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայում: Ստեղծվել է յուրօրինակ մի իրադրություն, երբ վրացական բանկային համակարգի կեսը ցուցակված է արտերկրում:

-Պրն Կադագիձե, Դուք կրթություն եք ստացել արտասահմանում: Հետաքրքիր է, որքանո՞վ է արտերկրում կրթություն ստանալն առաջնահերթություն եւ միտում Վրաստանի բանկային համակարգում աշխատողների համար:

-Վրացի բանկիրների մեծ մասը ներկայում արտերկրի համալսարանների շրջանավարտ է: Պատճառներից մեկը ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանում ստեղծված կրթության վատ պայմաններն էին. կրթական համակարգը ոչնչացված էր, իսկ գոյություն ունեցողը  մրցակցային չէր՝ Արեւմուտքում գործող կրթական հաստատությունների համեմատ:

Բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացումը եւս մեր առաջնահերթ նպատակներից է, հաշվի առնելով նաեւ հանգամանքը, որ այն հանգեցնում է խելացի որոշումների կայացմանը եւ խնայողությունների ավելացմանը: Սա եւս մեծ մարտահրավեր է, բայց այժմ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Զարգացող շուկաների, մասնավորապես՝ Վրաստանի եւ Հայաստանի համար որակյալ կրթությունը թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի:

-Թբիլիսիում մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. ցանկացած քայլափոխի կարելի է տարադրամի փոխանակման կետ տեսնել, երբեմն նույնիսկ կողք-կողքի գործող երկու-երեքը: Ինչո՞վ է պայմանավորված դրանց առատությունը Ձեր երկրում:

-Չգիտեմ, կարծում եմ՝ շուկան է դրան նպաստում: Զբոսաշրջությունը, որը մեր տնտեսության կարեւորագույն ոլորտներից է, վերջերս հսկայական աճ է գրանցել: Այնպես որ, տարադրամի փոխանակման կետերի կտրուկ ավելացումը կարող է կապված լինել զբոսաշրջիկների թվի ավելացման հետ: Իսկ ինչո՞ւ ոչ, եթե շուկան դրանից եկամուտ է ստանում: Առկա է չափազանց ազատականացված միջավայր, եւ մարդիկ օգտվում են այդ հնարավորությունից:

Գիորգի Կադագիձեի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 7554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW